Իսրայէլի պաշտպանութեան նախարարութեան հրատարակչութիւն, 1979
(Գրքի հեղինակը՝ Ռիշոն Լեցիոնի ծնուած, աւարտել է թուրքական սպայական դպրոցը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է մորեխների ոչնչացման գործողութեանը: Նրա տեսած հայերի կոտորածն այնքան է ազդել նրա եւ ուրիշների վրայ, որ նրանք հիմնեցին ՆԻԼԻ կազմակերպութիւնը, որն աշխատում էր թուրքերի դէմ՝ յօգուտ անգլիացիների):
Իսրայէլում հրեաների մեծամասնութիւնը, ինչպէս «հին Եիշուվ»ը (բնակչութիւն), այնպէս էլ նոր ժամանածները, պահպանում էին ոչ թուրքական քաղաքացիութիւնը, որը պաշտպանում էր հրեաների իրաւունքները «կապիտուլացիաների» համակարգի համաձայն, իրաւունքներ՝ տրամադրուող Օսմանեան կայսրութեան կողմից օտարերկրեայ քաղաքացիներին փոխառութիւնների դիմաց, որոնք Թուրքիան ստանում էր եւրոպական տէրութիւններից՝ թուրքական խարխլուած կայսրութիւնը պահպանելու համար:
Պատերազմի ընթացքում թուրքական իշխանութինները չէին կարող համաձայնել այն բանի հետ, որ Իսրայէլում էին գտնւում թշնամական երկրներից տասնեակ հազարաւոր օտարերկրեայ քաղաքացիներ (քանի որ ժամանածները, հիմնականում, Թուրքիայի դէմ պատերազմող Ռուսական կայսրութիւնից էին): Թուրքերը պահանջեցին հրեաներից կամ ընդունել օսմանեան քաղաքացիութիւնը, կամ լքել Իսրայէլը: «Բիլիումը» եւ այլ հիմնադիրներ առաջին Ալիայի, գլխաւորուած՝ Էլիեզէր Բեն-Եհուդայի կողմից, կոչով դիմեցին հրեաներին՝ ընդունելու օսմանեան քաղաքացիութիւն: Սակայն շատ քչերը միայն արձագանքեցին այդ կոչին, քանի որ մեծամասնութիւնը վախենում էր, որ նրանք, ովքեր ընդունել էին քաղաքացիութիւնը, հետագայում կը զօրակոչուէին թուրքական բանակ, իսկ ո՞վ, եթէ ոչ հրեաները, վախենում էին այն ժամանակ բանակ զորակոչուելուց: Մարդիկ գերադասեցին արտաքսուել Իսրայէլից, միայն թէ չմեկնել բանակ:
1915թ. մարտի վերջին ուրբաթներից մէկի ժամանակ շուրջ 10.000 հրեաներ արտաքսուեցին Իսրայէլից, որոնց Եաֆայի նաւահանգստում նստեցրեցին չէզոք երկրների՝ Իտալիայի, ԱՄՆ-ի եւ այլոց նաւերը: Արտաքսումն իրականացւում էր մեծ դաժանութեամբ: Արտաքսուածները թողեցին իրենց ողջ ունեցուածքը, կանայք եւ երեխաները նետուեցին նաւերի մէջ: Պատկերը ծանր էր եւ ճնշող:
Ավշալոմ Ֆայնբերգը, որը ներկայ էր արտաքսմանը, մեկնեց Երուսաղէմ՝ մորեխների դէմ պայքարի վարչութիւն եւ դիմեց Ահարոն Ահարոնսոնին՝ ապստամբութիւն բարձրացնելու պահանջով, քանի որ հրէական բնակավայրերը գտնւում էին ոչնչացման եզրին: Ավշալոմը նշեց, որ հրեաների արտաքսումն իրականացուած է, իր կարծիքով, գերմանացիների խոր-հրդով: «… Մենք պէտք է օգնենք անգլիացիներին եւ ֆրանսիացիներին՝ յաղթելու պատերազմում,- ասաց Ավշալոմը,- քանի որ եթէ, Աստուած մի արասցէ, գերմանացիները յաղթեն, մեր երկիրը, համաձայն գերմանական «Դրանգ նախ Օսթեն» (Ճեղքում դէպի Արեւելք) կարգախօսի, կը դառնայ գերմանական գաղութ: Գերմանիան չունի բնակավայրեր, երկրում կայ համարեա 85 միլիոն բնակչութիւն, որը բնակութեան համար տարածքներ է փնտրում: Գերմանիայի նպատակների շարքում է գտնւում Իսրայէլը, որը նրանք արդէն սկսել են բնակեցնել տաճարականների քողի ներքոյ»:
ՀԱՅԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
…Մեր ճամբորդութեան երկրորդ օրը մենք Եփրատում մի դիակ տեսանք: Զարմացանք, սակայն մեզ ուղեկցող զինուորները հանգստացրեցին մեզ, ասելով, որ դա հայի դիակ է:
Մեզ յայտնի դարձաւ, որ մօտակայքում՝ Եփրատի միւս ափին, Հայաստանից այստեղ արտաքսուած հայերի ճամբար կայ: Մեր ընկեր Շիրինեանի դէմքը գունատուեց եւ նա համոզեց մեզ՝ անցնել Եփրատը եւ այցելել հայկական ճամբարը:
Մենք տեսանք ճամբար մի քանի հարիւր մարդկանց համար, որոնք ապրում էին ձեռքի տակ եղած նիւթերից պատրաստուած հիւղակներում: Տարածքը մաքուր էր եւ հիւղակները կանգնեցուած էին ուղիղ գծերով: Մենք անցանք հիւղակների մօտով եւ նայեցինք՝ ինչ է կատարւում ներսում: Այնտեղ տեսանք կանանց եւ երեխաների: Նայելով հիւղակներից մէկի մէջ՝ Շիրինեանը տեսաւ իր հօրաքոյրներից մէկին, որն իրեն պատմեց, որ բոլոր տղամարդիկ սպանուած են եւ մնացել են միայն կանայք եւ երեխաները:
Շիրինեանը չգիտէր՝ ինչ է պատահել իր ժողովրդի հետ: Ապշած՝ նա սկսեց հեկեկալ իր հօրաքրոջ ուսին, սակայն Եակով Բախարը եւ ես քաջալերեցինք նրան եւ ասացինք, որ պէտք է կատարենք մեր վրայ դրուած պարտականութիւնները: Մենք շարունակեցինք մեր ճանապարհը եւ որքան աւելի էինք առաջ գնում, այնքան աւելի շատ ջրում լող տուող հայերի դիակներ էինք տեսնում:
Վեց օր ճանապարհից յետոյ հասանք Դէյր էզ Զօր՝ այդ շրջանի կարեւոր քաղաքը եւ այնտեղ ներկայացանք քաղաքի զինուորական տեսուչին՝ չէրքէզ գնդապետ Ահմէդ բէյին: Ներկայացրեցինք նրան փաստաթղթերը եւ շարադրեցինք մեր ուղեւորութեան նպատակները: Իմ ընկեր Եակով Բախարը կացարան ստացաւ, իսկ ես եւ իմ ընկեր Շիրինեանը ձերբակալուեցինք: Հետագայում մեզ այցելած Եակով Բախարը բացատրեց, որ մենք ձերբակալուած ենք այն պատճառով, որ հայ ենք: Պարզուեց, որ տեսուչը վախենում էր, որ ես նոյնպէս հայ եմ, քանի որ կարդացել էր իմ անունը՝ Էիտան՝ գրուած թուրքերէն (այն ժամանակ դեռեւս արաբերէն տառերով), երբ «ի» տառը գրւում է երկու կէտ ներքեւում, իսկ «տ» տառը գրվում է նույն կերպ, սակայն երկու կէտը վերեւում՝ ստացուելով «Էթեան՝» բացարձակ հայերէն հնչողութեամբ անուն: «Ինչքան որ ես փորձեցի ամէնը բացատրել պետին,- ասաց Բախարը,- համոզել նրան ես չկարողացայ: Ուստի հեռագիր եմ ուղարկել պետին Դամասկոս»: Երկու օր ես կալանաւորուած էի, մինչեւ Դամասկոսից ինձ ազատելու հեռագիրը չեկաւ: Մեր ընկեր Շիրինեանի ճակատագիրն ինձ անյայտ է մինչ այսօր:
Դէյր էզ Զօրում, որը զինուորական կենտրոն էր, կար զինուորական հիւանդանոց, որը ղեկավարում էր հրեայ բժիշկ Բեդդորը եւ որտեղ կար Ադատտո ազգանունով հրեայ դեղագործ: Այնտեղ մեզ յայտնի դարձաւ, որ Ահմէդ բէյը չէրքէզական ջոկատների հրամանատարն էր, որոնք մոբիլիզացուած էին՝ հրեաներին ոչնչացնելու համար: Իրենց ընդարձակ տանը մեզ ընդունած բժիշկն ու դեղագործը պատմեցին, որ բոլոր հայ տղամարդիկ սպանուել են դեռեւս Անատոլիայի իրենց տներից դէպի այստեղ բերող ճանապարհին, իսկ գեղեցիկ կանայք եւ աղջիկները թողնուել են բէդւինների քմահաճոյքին:
Այն բանից յետոյ, երբ ստացանք ձիեր եւ ուղեկցութեան համար զինուորներ, Եակով Բախարը շարունակեց ճանապարհը Մոսուլ, իսկ ես ուղեւորուեցի իմ շրջան՝ Խաբուռ գետի երկայնքով: Գիշերը՝ մինչ ճանապարհ ընկնելը, մենք լսեցինք ահաւոր, աղեկտուր կանացի ճիչեր: Հայկական ճամբարը մէկ կիլոմետր հեռաւորութեան վրայ էր գտնւում այն տնից, որտեղ որ մենք ապրում էինք: Ճիչերը շարունակւում էին ողջ գիշեր: Մեր հարցին՝ ինչ է տեղի ունենում, մեզ ասացին, որ մայրերից վերցնում էին զաւակներին, որպէսզի ուղարկէին երեխաներին հանրակացարաններ եւ շարունակէին իրենց ուսուցումը: Սակայն առաւօտեան, երբ ճանապարհ ընկայ եւ հատում էի Եփրատ գետի կամուրջը, ես ապշած էի՝ տեսնելով արիւնից կարմրած գետի ջուրը եւ ջրի երեսին լող տուող գլխատուած մանկական դիակները: Տեսարանն ահաւոր էր, իսկ մենք ի վիճակի չէինք օգնել:
Երեք օր ձիով գնալուց յետոյ ես ժամանեցի Միջագետք, որտեղ ահաւոր ողբերգութեան ականատեսը դարձայ: Այդ տեղում իրար կողք երկու ճամբար կար՝ հայկական եւ չէրքէզական: Չէրքէզները «զբաղուած» էին հայերին ոչնչացնելով: Չէրքէզական ճամբարում էին հաւաքուել նաեւ արաբական շէյխերը, որոնք գեղեցիկ հայ աղջիկներից իրենց համար կանայք էին ընտրում: Ինձ երկու հայ կանայք դիմեցին, տուեցին իրենց լուսանկարները — խնդրեցին, որ եթէ ես երբեւէ Հալէպ գնամ եւ գտնեմ իրենց ընտանիքներին (մեծ հարցականի տակ է, արդեօք կենդանի են մնացել իրենց ընտանիքները), ապա ես պէտք է բարեւեմ նրանց:
Չէրքէզական սպան, նկատելով, որ ես խօսում եմ երկու հայուհիների հետ, հրամայեց ինձ լքել այդ վայրը, սակայն ես մնացի նայելու՝ ինչ է արուելու հայերի հետ: Չէրքէզ զինուորները հրամայեցին հայերին չոր խոտ հաւաքել եւ այն դարսել բարձր բուրգով. դրանից յետոյ ձեռք ձեռքի կապեցին բոլոր հայերին, ովքեր կային այնտեղ, համարեա հինգ հազար հոգի, նրանց շուրջ, ինչպէս շրջանի մէջ, տեղադրեցին չոր խոտի բուրգերը եւ այրեցին այդ խոտը, այդ կրակի բոցը բարձրանում էր երկինքն ի վեր՝ կրակում ողջակիզուած դժբախտների ճիչի հետ միասին: Ես փախայ այնտեղից, քանի որ չէի կարող դիտել այդ ահաւոր տեսարանը: Ես հարուածեցի ձիուս, որպէսզի նա ամբողջ ոյժով սլանար եւ երկժամեայ խելայեղ արշաւումից յետոյ դեռեւս լսում էի դժբախտների ճիչերը, մինչեւ դրանք էլ դադարեցին: Երկու օր անց ես վերադարձայ այդ տեղը եւ տեսայ հազարաւոր մարդկանց այրուած դիակներ:
Եկայ Սանջէր սարերի մօտ, որտեղ բնակւում էին եզդիները: Սարերի ստորոտում՝ հիւսիսում գտնուող Ուրֆա քաղաքի ճանապարհին, տեսայ հայերի եւս մի քանի զանգուածային կոտորածներ: Մարդիկ դժբախտ էին՝ ընդհուպ մինչեւ խելագարում յուսահատուած: Մի տան մէջ տեսայ ուտելիքի կաթսայի մէջ սեփական երեխային եփող հայուհու: Բոլոր ճանապարհները ծածկուած էին սպանուած հայերի դիակներով:
ԵԲՐԱՅՈՒՀԻՆ ՇԷՅԽԻ ՎՐԱՆՈՒՄ
…Ես գնացի դեպի շէյխի վրանը եւ, ի ուրախութիւն ինձ, հանդիպեցի այնտեղ աշխատանքային ընկերոջս՝ Եակով Բախարին…
Կէս գիշերին, երբ հացկերոյթն աւարտուեց, շէյխը գնաց իր վրանը եւ մենք մնացինք խարոյկի մէջ կրակը պահող փոքրիկ տղայի ընկերակցութեամբ: Եակով Բախարը եւ ես ֆրանսերէն էինք խօսում: Ես պատմեցի նրան՝ ինչ էր պատահել ինձ հետ Ուրֆայում եւ հայկական կոտորածների մասին, որոնց ես ականատես էի եղել ճանապարհին, իսկ նա ինձ պատմեց Մոսուլի շրջանում իր աշխատանքի մասին: Այդպէս մենք նստել եւ խօսում էինք մինչ ուշ գիշեր, եւ յանկարծ երեխան, որին մենք բէդւին էին համարում, ասաց մեզ ֆրանսերէն, որ նա եւ իր մայրը հայեր են եւ ցեղի առաջնորդը փրկել է նրանց ոչնչացումից: Իր մայրը դարձել է շէյխի կինը, իսկ ինքն օգնում է հիւրեր ընդունել: Երեխան շարունակեց եւ պատմեց մեզ, որ ցեղի առաջնորդն ունի այլ՝ հրեայ կին, վերցուած Անատոլիայի Կեսարիա քաղաքի ընտանիքից: Նրա ամուսնուն սպանել էին, իսկ շէյխը վերցրել էր նրան իր մօտ:
Մենք ցնցուած էինք, լսելով դա, եւ հարցրեցինք տղային՝ հնարաւոր է հանդիպել այդ կնոջ հետ: Չնայած կեանքի համար վտանգին՝ երեխան ծածուկ մտաւ վրան, որտեղ եբրայուհին էր: Վրանի բոլոր բնակիչները քնած էին, եւ կինը կարողացաւ այնպէս դուրս գալ, որ ոչ մէկը չնկատեց դա: Նա 25 տարեկան էր եւ չափազանց բարետես: Նա պատմեց, որ իր ազգանունը Բիրամ է՝ բնորոշ թուրքական: Ընտանիքն ապրում էր քաղաքի հայկական թաղամասում, եւ երբ այնտեղից տեղահանել էին հայերին, նա, իր ամուսինն ու երեխան, տարուել էին նրանց հետ՝ չնայած բոլոր բողոքներին: Իր ամուսինն ու երեխան սպանուել էին, իսկ իրեն փրկել էր արաբ շէյխը՝ վերցնելով նրան կնութեան: Մենք խոստացանք հոգալ նրա մասին:
… Երկու շաբաթ անց ես ուղեւորուեցի արեւմուտք՝ Եփրատի ուղղութեամբ եւ շտապեցի վերադառնալ Դէյր էզ Զօր: Փոստի մեջ, որն սպասում էր ինձ այնտեղ, ես գտայ Կոստանդնուպոլսից (Թուրքիայի գլխաւոր քաղաքի) ռաբբի Խաիմ Նահումի նամակը, ով խնդրում էր ինձ այլեւս չխառնուել տիկին Բիրամի գործերին, քանի որ նա կապուած էր հայերի սպանութեան հետ, իսկ դա ռազմական գաղտնիք էր: Դրանից զատ՝ ի պատասխան նամակիս՝ ուղարկուած իմ կողմից գերմանական ռազմական փոստի միջոցով, որում ես պատմել էի ամէնի մասին, ինչ տեղի էր ունեցել հայերի հետ, ստացայ նամակ հօրեղբօրս աղջկանից՝ Ցիլիից, ով սովորում էր Բեռլինում: Ես ետ ստացայ իմ նամակը՝ խնդրանքի յաւելումով՝ այլեւս չգրել նրան այդպիսի բաներ եւ զգուշանալ գերմանական փոստից, քանի որ նամակները կարող են բացուել գրաքննութեան կողմից:
Դէյր էզ Զօրում ես ապրում էի դեղագործ Ադատտոյի մօտ, որն ունէր հինգ հայ կին, որոնց հետ նա ամուսնացել էր՝ նրանց կեանքը փրկելու համար: Նա պատմեց, որ ռազմական հիւանդանոցում աշխատում են երեսունից աւել հայ կանայք, որոնք այդպիսով փրկուել էին մահուանից բժիշկ Բեխորի կողմից:
Ես պէտք է նշեմ, որ իմ՝ Միջագետքում գտնուելու ողջ ժամանակ, ես չէի կարող ուտել չքնաղ ձուկը Եփրատից, որը ես շատ էի սիրում՝ յիշելով, որ այդ ձկներն սնուել են սպանուած հայերի, այդ թւում նաեւ փոքր երեխաների, դիակներով: Ճիշտ նոյն կերպ չէի կարող սեռական յարաբերութիւններ ունենալ չքնաղ հայ աղջիկների հետ, որոնց ինձ առաջարկում էին բժիշկ Բեխորը եւ դեղագործ Ադատտոն:
Դեռես Դամասկոսում գտնուելիս՝… ես փոխանցեցի Իոսիֆ Լիշանսկու հետ իմ զեկույցը հայկական կոտորածի մասին…
Երբ մենք վերադարձանք փորձառական կայան, այդժամ ես մնացի Սառայի հետ: Նա ինձ պատմեց, որ իմ զեկոյցը հայկական կոտորածի մասին, որը նա փոխանցել էր Եգիպտոս (անգլիացիներին Ի.Ս.), մեծ տպաւորութիւն էր գործել:
…Սիրիայի եւ Իրաքի հիւսիսով իմ ուղեւորութիւնների ընթացքում սեփական աչքերով տեսել եմ հայ ժողովրդի ոչնչացումը, հետեւել եմ մարդասպանների գազանութիւններին, տեսել եմ երեխաների կտրուած գլուխներ եւ անմեղ մարդկանց ողջակիզում, որոնց միակ մեղքն այն էր, որ հայ էին: Ես նաեւ դժոխային տանջանքներից եմ անցել բանտում, իսկ իմ թանկագին եղբայր Նէէման եւ նրա ընկեր Իոսեֆը սպանուել են: Բայց, չնայած դրան, ես ինքս ինձ հետ լիովին անկեղծ չեմ լինի, եթէ գրի չառնեմ այն, ինչ որ կայ սրտումս. ես խղճում էի թուրքերին, որոնք արեւելքում այդքան ստորացել էին՝ իրենց իշխանութեան վերջում գերմանացիների հետ համագործակցութեան պատճառով: Թուրքերը գործել են հայերի դաժանագոյն կոտորածը գերմանացիների խորհրդով, իսկ իրականացրել այն՝ չէրքէզների՝ մոլեռանդ մուսուլմանների ձեռքերով: