Օրուան խորհուրդը փոխանցող ՄԱՐԻԷԹԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ «Ազգ»ի աշխատակից է, նիւթն ալ առնուած է «Ազգ»էն: Թէ՛ պատմական նկարագրութիւնը եւ թէ օրուան իմաստը պատշաճօրէն ներկայացուած են այստեղ:
Միակ յաւելումը, որ կ’ուզենք կատարել, այն ուրախալի երեւոյթն է, որ Շուշիին ազգովին սկսած ենք աւելի յաճախ անդրադառնալ, սկսած ենք մամուլով աւելի շատ գրել Շուշիի դիմագրաւած խնդիրներու մասին: Յաւելեալ ուշադրութիւնը յոյս կը ներշնչէ յաւելեալ աշխատանքի, ներդրումներու:
Այս բոլորի ուղղակի կամ անուղղակի մղիչը Արցախի նոր ղեկավարութեան որդեգրած առաւել յանձնառու դիրքորոշումն է հայոց հինաւուրց քաղաքին հանդէպ: Անշուշտ՝ խիստ ողջունելի:
Ստորեւ Մարիէթայի գրութիւնը ամբողջութեամբ:
Շուշիի ազատագրումը 1992 թուականի Մայիսի 8ին բեկում մտցրեց ղարաբաղեան ճակատում, վստահութիւն հաղորդեց հայ ազատամարտիկին, ամրապնդեց հաւատը սեփական ռազմական յաղթանակների հանդէպ, ԼՂՀ ազատագրումը դարձրեց անշրջելի, մինչդեռ Շուշիի ազատագրումից յետոյ բարոյապէս կոտրուած ատրպէյճանցին այդպէս էլ չկարողացաւ ուղղել իր մէջքը:
Ով 1991ի եւ 1992 թուականի առաջին ամիսներին եղել է Ստեփանակերտում, շատ լաւ պատկերացնում է, թէ ինչ սարսափ էր, երբ Շուշիի կողմից սկսւում էր ռմբակոծութիւնը, ինչպէս էին սարսափից սպիտակած մայրերը երեխաներին արագ իջեցնում ներքնայարկեր, ինչպէս էին ծերերը մի կերպ իրենց թոռների յետեւից պատսպարւում նոյն գետնայարկերում: Ինքս 1992 թուականի ձմրանը, երկու տասնեակի հասնող ղարաբաղցի կանանց եւ երեխաների հետ, վերարկուով մի քանի գիշեր անցկացրել եմ ներքնայարկերից մէկում. մի քանի գիշերը ոչինչ, բայց մարդիկ ամիսներով քնում էին այդպէս՝ Ստեփանակերտը կրակի տակ էր. «Գրադը խփում ա» բառերից երեխաները պարզապէս սարսափահար էին լինում: Թէ որքան հիւանդութիւններ են առաջացել նրանց մէջ այդ ռմբակոծութիւնների սարսափի պատճառով՝ ոչ ոք չի հաշուել, իսկ ըստ «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի կայքէջի՝ 1991 թուականի Նոյեմբերից մինչեւ 1992 թուականի Մայիսի սկիզբը Շուշիից, Չանհասանից, Քեօսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրայ արձակուել է 4740 արկ, որոնցից 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից: Այդ ընթացքում զոհուել է 100ից աւելի, վիրաւորուել է 300ից աւելի խաղաղ բնակիչ, աւերուել են նրանց բնակավայրերն ու հասարակական նշանակութեան կառոյցները: Շուշին ատրպէյճանցիները դարձրել էին ռազմական յենակէտ, որտեղից յոյս ունէին գրաւել Ստեփանակերտն ու ողջ Լեռնային Ղարաբաղը:
Մինչեւ Շուշիի ազատագրման բաղձալի օրը Ստեփանակերտում ջուր եւ հաց գտնելը դժուարին խնդիր էր, ամէն դրսից եկողի պայուսակում եթէ մի քանի հաց գտնուէր, ամենալաւ նուէրն էր համարւում: Ստեփանակերտցիները մի տասը օրուայ համար հաց էին թխում իրենց վառարանների վրայ, եթէ, ի հարկէ, մի գոգնոց ալիւր գտնում էին, իսկական պատերազմական ժամանակի պէս դրանից ընտանիքի անդամներին օրական հասնում էր մի կտոր, աւերուած տների բնակիչները ջուրը դոյլերով կրում էին մեծ մասամբ ինքնահոս աղբիւրներից:
Շուշիի ազատագրումն, իսկապէս, հայերիս համար շատ կարեւոր էր՝ Ստեփանակերտի եւ Ղարաբաղի անվտանգութիւնը դրանից էր կախուած, բացի այդ, դա քննութիւն էր. մենք հասկացանք, որ ինքներս կարող ենք մեր խնդիրները լուծել, ինքներս կարող ենք դառնալ ռազմական իրավիճակ թելադրողը, պաշտպանել մեզ: Մենք ունեցանք մեր յաղթած հերոսներին, հարուստ մշակութային եւ պատմական դերակատարում ունեցող հայկական հնագոյն Շուշին նորից հայկական դարձրինք, ազատեցինք Ղազանչեցոնց եկեղեցին անհաւատ ոգորումներից: Ու արժէ Շուշիի ազատագրման օրն ամէն տարի յիշել՝ թէ ինչպէս եղաւ, կրկնել այնքան, մինչեւ այդ պատմութիւնը չիմացող հայ չմնայ, պատմել այնտեղ կռուած, նաեւ զոհուած հերոսների մասին, ինչը չենք անում, քչերս գիտենք նրանց անունները:
Մինչեւ Շուշիի ազատագրումը՝ 1992ի Յունուարին տեղի էին ունեցել Քարինտակի ինքնապաշտպանութիւնը, Խոջալուի ազատագրումը, մի շարք այլ յաջող գործողութիւններ, սակայն դա չէր կասեցնում Շուշին ռազմակենտրոն դարձրած ատրպթյճանցիներին այնտեղից շարունակելու Ստեփանակերտի եւ շրջակայ բնակավայրերի հրետակոծումը, այդ պահին Շուշիի ազատագրումը դառնում էր թիւ 1 խնդիր:
Շուշին ազատագրելու գործողութիւնը սկսուեց Մայիսի 8ի լոյս 9ի գիշերը, ժամը 2:30ին, Քիրսի դիրքերը եւ Լաչին-Շուշի ճանապարհի վերահսկումից յետոյ: Գործողութիւնը ղեկավարում էր ինքնապաշտպանութեան ուժերի հրամանատար Արկատի Տէր Թադեւոսեանը (Կոմանդոսը): Յարձակման ճակատային գիծը 25 քմ. էր: Ատրպեճանական կողմը շատ աւելի էր զինուած ու մեր զինուորներից աւելի ստուարաթիւ էր՝ մերոնց զինուժը ինքնապաշտպանական ուժերի 1200 մարտիկներն էին: Յարձակումը նախատեսուած էր նախապէս Մայիսի 4ին, բայց տարբեր պատճառներով յետաձգուել էր: Հայկական կողմը խնդիր ունէր Շուշիի բարձունքներում շրջանաձեւ դիրքեր գրաւած հակառակորդին ջախջախել Լիսագոր, Չանհասան, Կարագեաւ բնակավայրերում եւ Շուշիի մատոյցներում, ազատագրել Բերդաձորը, ապա յարձակման անցնել 4 ուղղութիւններով՝ Շուշի, հիւսիսային, հարաւային (Լաչինի), Քեօսալարի, նաեւ Ստեփանակերտի կողմից: Յաջող աւարտը փաստօրէն Մայիսի 8ի երեկոյեան արդէն կանխորոշուեց, երբ մերոնք բոլոր ուղղութիւններով նպաստաւոր դիրքեր գրաւելով՝ արդէն Շուշիի մատոյցներում էին կռւում: Երեկոյեան յատկացուած միջանցքով ատրպէյճանցիք հեռացան: Մայիսի 9-ի առաւօտեան Շուշին ազատագրուած էր: Հայերն ունեցան 57 զոհ, ատրպէյճանցիք՝ 250ից աւելի եւ բազմաթիւ վիրաւորներ:
Սա համարւում է փայլուն մարտական գործողութիւն՝ նուազագոյն կորուստներով, կայծակնային արագութեամբ: ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտն ու նրա շրջակայ բնակավայրերն ազատուեցին մահաբեր ռմբակոծութիւններից, դրան յաջորդեց Լաչինի միջանցքի բացումը, որը ԼՂՀ ապաշրջափակման եւ Հայաստանի հետ փոխադրական կապ ունենալու սկիզբն էր:
Այսօր արդէն տօնում ենք Շուշիի ազատագրման 16րդ տարեդարձը: Գուցէ տօնին ընդունուած չէ, այնուամենայնիւ հարկ կայ ասելու, որ անցած 16 տարիներին մենք ցանկալի մակարդակով չենք զարգացրել Շուշին, նրա բնակչութեան եւ այնտեղ ապրելու ցանկութիւն ունեցող այլ մարդկանց համար չենք ապահովել տանելի պայմաններ, անգամ չենք մշակել Շուշիի համակողմանի զարգացման ծրագիր, ինչպէս որ Քաշաթաղի դէպքում է. այսինքն՝ կորցրել ենք թանկագին ժամանակը, որը պէտք է օգտագործէինք Շուշին Ստեփանակերտին համարժէք քաղաք դարձնելով: Չենք արել՝ հիմա ենք անելու, պարտաւոր ենք, այլապէս յետոյ եկող սերունդը մեզ չի ների:
2007 թուականին մշակուած Շուշիի նոր գլխաւոր յատակագիծն ուրուագծում է, որ 2020 թուականին Շուշին դառնալու է մշակոյթի եւ տուրիզմի հայկական առաջատար կենտրոններից մէկը: Այս տարուայ Յունուարին տեղի ունեցած Շուշի-Բեթղէհեմ հեռուստակամուրջը ներդրումային խոստումների եւ հանգանակութիւնների 5, 7 մլն. տոլարի համարժէքը հաւաքեց: Շատ չէ, բայց էլի մեկնարկային գումար է: Սակայն Շուշին պէտք է վերականգնուի ոչ թէ եւ ոչ միայն բարեգործութեամբ, այլեւ պետական ծրագրով, Շուշին վերականգնելը ռազմավարական նշանակութեան գործ պէտք է դիտուի զոյգ հայկական պետութիւնների համար:
Շուշիում մի քանի գործ արդէն կատարուել է՝ բացուել են ժամանակակից կինոթատրոն, արուեստի կենտրոն, տպարան, ամրացուել է հանրայայտ բերդապարիսպը: Սակայն Շուշիի մի քանի հազար բնակիչներն այսօր իրենց կենցաղը կարգաւորող լուրջ ծրագրերի իրականացման կարիք ունեն, այլապէս Շուշին այդպէս էլ կը մնայ չվերականգնուած: 2006 թուականին ստեղծուած «Շուշիի վերածնունդ» հիմնադրամը եւս շատ խնդիրների լուծման խոստումներ ունի:
Բայց այսօր տօն է, վերադառնանք տօնի խորհրդին, որ բոլորիս մէջ հպարտութեան եւ հայրենիքի զգացումն է արթնացնում: