Որպէս կին քաղաքական գործիչ յուզականութեամբ ու զգացականութեամբ առլեցուն, դիւրահաղորդ եւ համեստ բնաւորութեամբ՝ Ռուզան Առաքելեանը խուսափեց շատ խօսել ինքն իր մասին, բաւարարուեց՝ ներկայացնելով իրեն որպէս հրապարակախօս, բազմաթիւ գրքերի եւ յօդուածների հեղինակ, «Երկիր միտիա» հեռուստաալիքի գլխաւոր խմբագիր եւ ՀՀ Ազգային ժողովի անդամ:
Ռուզան Առաքելեանը Հայոց Մեծ Եղեռնի 93րդ տարելիցի ոգեկոչման Նոր Չուղայի յանձնախմբի հրաւէրով՝ Նոր Չուղա ժամանեց եւ Ապրիլի 24ի երեկոյեան բանախօսական ելոյթ ունեցաւ Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան բեմից: Այդ երեկոյ յարգելի բանախօսը մեծ ու խոր տպաւորութիւն թողեց ունկնդրի վրայ. դա էին վկայում ծափողջոյնների ընթացքում եւ այնուհետեւ եղող սրտաբուխ արտայայտութիւնները: Նա մտքերը սիրելի ունկնդրի եւ թերթիս ընթերցողների սեփականութիւնը դարձնելու նպատակով՝ «Ալիք» կազմակեր-պեց այս հարցազրոյցը, որը տալիս ենք ստորեւ:
ՀԱՐՑՈՒՄ.- Հայաստանի նախագահական ընտրութիւնների կապակցութեամբ կը խնդրէի փոխանցել Ձեր տեսակէտը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Սովորաբար, նախագահական ընտրութիւնները գնահատւում են երկու փուլով, որոնցից առաջինն է նախընտրական շրջանը՝ պաշտօնական մէկամսեայ քարոզչութեան ժամանակը, բնականաբար՝ օրէնքի սահմանում, իւրաքանչիւր թեկնածու հանդէս է գալիս իր ծրագրերով, որտեղ արդէն ընտրողները լուրջ պատկերացում ունեն թեկնածուների, նրանց նպատակների եւ ծրագրերի մասին, որով եւ ընտրողը կարողանում է կողմնորոշուել. այստեղ չէի ուզի ընկալուի, որ սա դաշնակցականի միտք է, բայց պիտի ասեմ, որ Հ.Յ.Դ.ի թեկնածուի քարոզչութիւնը գնահատուեց ամենաբարձրը, ե՛ւ մեր թեկնածուի խօսքն էր ընկալւում լաւ, ե՛ւ բովանդակային եւ՛ ներկայացման իմաստով, որովհետեւ երբեւէ չպատահեց իր հակառակորդների հանդէպ անյարգալից արտայայտութիւն կամ քաղաքականութեան մէջ նրանց ուժերի, կամ կենսագրութեան թերագնահատում. խօսւում էր միայն Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացի, անցեալի սխալների մասին, եւ մենք կարողացանք ներկայացնել նաեւ այսօրը՝ առանց բարեկրթութեան սահմաններն անցնելու. այս բոլորը, բնականաբար, բխում էր նաեւ մեր թեկնածուի ծրագրից, որն իր բովանդակութեան մէջ ներառում էր համազգային խնդիրներ՝ ե՛ւ գերակայ, ե՛ւ Հայաստանի ներկայ կացութիւնը բարելաւուող, ե՛ւ ապագան մատնանշող. դա գնահատւեց Հ.Յ.Դ.ի ընդդիմադիր լրագրողների, եւ օտարերկրեայ դիտորդների կողմից եւս: Վահան Յովհաննիսեանը այդ մէկ ամսուայ ընթացքում կարողացաւ շահել շատ մեծ զանգուածների, յատկապէս՝ մտաւորական խաւի համակրանքը, այն քաղաքացիների, որոնց համար կարեւոր է ազգային գաղափարախօսութիւնը, հայրենիքի ապագան: Սակայն, պիտի աւելացնեմ, որ նախընտրական շրջանը այդպէս չեղաւ մեր հակառակորդների համար, յատկապէս Լեւոն Տէր Պետրոսեանի, որն ընթացաւ թշնամանք սերմանելու, յարձակողական ու սպառնալիքների մթնոլորտներում եւ, ընդհանրապէս, Լեւոն Տէր Պետրոսեանի վերադարձը այն մարդկանց համար, որ այն տարիներում կորած էր համարւում արժէքային համակարգը, ընկալուեց շատ վատ: Քարոզարշաւը մեծ հնարաւորութիւն տուեց մեզ, որ իսկապէս հիմնովին ներկայացնենք մեր ծրագրերը՝ նախագահի թեկնածուի միջոցով, եւ թեկնածուի ծրագրերը արդէն Դաշնակցութեան ծրագրերն ու գերակայ խնդիրներն էին, որ մենք կարողացանք տեղ հասցնել:
Հ.- Ին՞չ գնահատական էք տալիս Մարտի 1ին Հայաստանում տեղի ունեցած յետընտրական դէպքերին:
Պ.- Ես չեմ ուզում ուղղակի գնահատական տալ այդ կապակցութեամբ, բայց այն, ինչ ասացի, Մարտի 1ը ուղղակի դրա շարունակութիւնն էր, նախընտրական շրջանում, Լեւոն Տէր Պետրոսեանի՝ նախկին իշխանաւորների վարքագիծը, ի հարկէ՝ ոչ Մարտի 1ի ձեւերով, բայց ինչ-որ բան ենթադրելու առիթ էր տալիս, որովհետեւ եթէ թշնամանքը գնալով ու գնալով աւելի է ուժգնանում՝ հասնելով կուլմինացիոն (ամենաբարձր) ինչ-որ մի կէտի, արդէն ենթադրւում են բախումներ. եւ ես կարծում եմ, թէ ափսոս, օրուայ իշխանութիւնները, կանխազգալով հանդերձ, չէին պատկերացնում այն, ինչը որ տեղի ունեցաւ. սա գուցէ իրենց սխալն էր, որովհետեւ որեւէ պետութիւն չի կարող ունենալ ազգային անվտանգութիւն, եւ այդ ազգային անվտանգութիւնը անպատրաստ լինի դիմակայել երկրում տեղի ունեցող բախումները: Ամենացաւալին ու ողբերգականն այն էր, որ տեղի ունեցան զոհեր, եւ ես կարծում եմ՝ Մարտի 1ը իր ամբողջ էութեամբ պատճառ դարձաւ Հայաստանի ոչ միայն հեղինակութիւնը գցելու, այլ՝ զարգացման գործընթացը վտանգելու: Այն, ինչը տեղի ունեցաւ Մարտի 1ին, խօսում է այն մասին, թէ Հայաստանում քաղաքական գործիչների որպէս պատմութիւն կայացնելու ուղղութեամբ դեռ շատ անելիքներ կան, եթէ որեւէ քաղաքական գործիչ իր երկրի պետականութեան գաղափարը իր մէջ չի կրում, չի դողում այդ երկրի պետականութեան համար, նա իրաւունք չունի յաւակնել դառնալ այդ երկրի ղեկավարը, եւ Հայաստանում քաղաքական միտքը, դրա ձեւաւորումը որպէս պատմութիւն եւ գիտութիւն դեռեւս շատ հեռու է, քաղաքականութիւն կայ Հայաստանում, կան քաղաքական գործիչներ, բայց նրանք յաճախ չգիտեն, որ միայն անձ չեն, որ երկրում իրենց անձնական համակրանքներով ու հակակրանքներով ստեղծեն իրավիճակներ, քաղաքական գործիչները, պատմութիւն ստեղծող անհատներ են, պատմութեան անիւը շրջող անհատներ, եւ իրենք պարտաւոր են իրենց վարքագծով, իրենց ապրած կեանքով ու մտայնութեամբ սերունդներին յետագիծ թողնել, պատմութեան տեսակ թողնել, եւ այդ տեսակների մէջ ամենակարեւորը պետականութեան զգացումն է: Մենք հազարամեակներ դեռ չենք սովորել մեր մէջ ապրում դարձնել պետութեան զգացողութիւնը, հետեւաբար՝ տեղի ունեցան Մարտի 1ի դէպքերը. մենք ժամանակին արձագանգեցինք, հանդէս եկանք յայտարարութիւններով եւ կարծում եմ՝ ճշգրիտ էր Դաշնակցութեան կողմից գնահատւած իրավիճակը, եւ հետագայ գործընթացները յանգեցրեցին նրան, որ Հ.Յ.Դ.ն վեր կանգնելով այն բոլոր խնդիրներից, որոնց նկատմամբ վերապահումներ ունէր, կարողացաւ այս օրուայ համար կայացնել ճիշդ որոշում, լինել իշխանութիւնների կողքին: Ընտրուել է նախագահը եւ որեւէ մէկը իր անձն ընդունի կամ չընդունի, մեր երկրի նախագահն է, մենք պարտաւո՛ր ենք յարգել, մենք պարտաւո՛ր ենք այնքան ժամանակ իր կողքին լինել, քանի դեռ նա իր արարքով որեւէ սխալ բան չի արել մեր ազգային գերակայ խնդիրների լուծման գործընթացի մէջ: Պիտի աւելացնեմ նաեւ, որ մենք հէնց այնպէս չենք գնացել կանգնել իշխանութիւնների կողքին, մենք ներկայացել ենք լուրջ փաստաթղթով, որը ոչ միայն քաղաքական դաշտում ընդունուեց, այլ նաեւ արտաքին աշխարհում, եւ ոչ պարզապէս՝ որպէս Հ.Յ.Դ.ի կողմից ներկայացուած. վերջերս Սթրազպուրկում կայացած գիտաժողովում Եւրոխորհրդի կողմից առաջարկուած փաստաթղթի իւրաքանչիւր կէտը կարծես Դաշնակցութեան առաջարկածն էր, որը խօսում է այն իրողութեան մասին, որ մեր ընկերը, որ յաւակնում էր հանրապետութեան նախագահ դառնալ, իմ ասած քաղաքական գործիչը, իր դասական իմաստով իր մէջ կայացրել է, որովհետեւ նա վեր կանգնեց այն բոլոր մանրուքներից, որ կարող էր որեւէ մէկը իր այդ քուէներով պարտութիւնը համարել պատճառ եւ համագործակցութիւն չցուցաբերել: Մենք այսօր մեր պատրաստակամութիւնն ենք յայտնել իշխանութիւնների հետ մեր երկրի ձեռքբերումները շարունակել, թոյլ չտալ, որ որեւէ մէկը խաթարի մեր քաղաքական հաւասարակշիռ վիճակը՝ թոյլ չտալով, որ մեր ազգային գերակայ խնդիրը՝ Ղարաբաղի խնդիրը եւ Հայաստանի անվտանգութեան խնդիրը խաթարի որեւէ քաղաքական գործիչ՝ իր անձնական ցանկութիւններին ու երազանքներին յագուրդ տալու համար:
Ես հաւատում եմ, որ ամէն ինչ արուելու է, որ մարտիմէկէան դէպքերը, որ ստեղծեցին ինչ-որ մի մթնոլորտ՝ մեր հասարակութեան շրջանում, կարողանալու ենք մեր ժողովրդի գիտակցութեանը հասցնել այն բոլոր խնդիրները, որ վերում ասացի, եւ թշնամանքը դուրս բերել մեր հասարակութեան միջից, հակառակ պարագայում՝ որեւէ դրական քայլ կարող է անօգուտ լինել:
Հ.- Իսկապէս, հէնց նոյնիսկ անձնական հետաքրքրութիւնից ելած՝ շատ են հարցումները՝ վարչապետի ընտրութիւն, Թուրքիայի հետ յարաբերութիւններ, կոալիցիոն եւ… իսկ դուք ի՞նչ կը ցանկանայիք աւելացնել:
Պ.- Կը ցանկանայի ասել, որ նորընտիր նախագահը արդէն իր առաջին քայլերից յոյս է ներշնչում. նախագահի կողմից վարչապետի նշանակումը բաւական լաւ ընկալուեց հասարակութեան եւ ժողովրդի կողմից. ես շատ եմ կարեւորում քատրային քաղաքականութիւնը, եւ եթէ նախորդ նախագահների ընթացքում թերացումներ են եղել, անշուշտ խօսքը փոքր թերացումների մասին չէ. դրա գլխաւոր պատճառներից մէկը եղել է ոչ-ճիշդ քատրային քաղաքականութեան հետեւանքով: Այսօր արդէն կարծես հասկացուել է այդ սխալի էութիւնը եւ լուրջ ուշադրութիւն է դարձւում դրան. կարեւոր է, որովհետեւ մասնագէտ մարդն է, որ պիտի կառավարի այս կամ այն ոլորտը: Եթէ դա արւում է անձնական կամ ընկերական յարաբերութիւններից մղուած, գործը անյաջողութեան կը մատնուի:
Հ.- Վերջում խնդրում եմ՝ պատմէք Նոր Չուղայի համայնքից Ձեր ունեցած տպաւորութիւնների մասին:
Պ.- Իմ տպաւորութիւնները շատ զգացական են, սկսած այն ժամանակուանից երբ եկայ եւ վերադարձայ, միշտ հաճոյքով եմ յիշել: Այս համայնքը ինձ համար միշտ առանձնայատուկ է եղել. միակ համայնքներից է, որ մինչ օրս էլ պահում է իր կենսունակութիւնը, սակայն փոխուել են պայմանները: Մեր առջեւ կանգնած մարտահրաւէրները որպէս համայնքում ապրող ժողովրդի՝ աւելի են բարդացել՝ ազգային ինքնուրոյնութիւնը պահելու, լեզուն պահելու եւ մշակոյթը երրորդ-չորրորդ սերունդներին փոխանցելու իմաստով: Իսկ այստեղ ազգասիրութիւնը պահելու իմաստով աշխատանքները շատ ակնառու են, եւ ես ուզում եմ շնորհակալ լինել իմ բոլոր հայրենակիցներին, ովքեր իսկապէս ջանք ու եռանդ չեն խնայել իրենց զաւակներին հայ մեծացնելու ուղղութեամբ: Իրանահայ երիտասարդների հայեացքը միշտ դէպի Հայաստանն է, եւ դա ապացուցում է, որ ճշգրիտ է եղել դաստիարակութեան ընթացքը, եւ ինձ համար որպէս Հայաստանից եկած հիւրի, յատկապէս կին քաղաքական գործչի հաճոյք է, որ այստեղի կանայք, երբեմն նոյնիսկ իրենց նիւթական զրկանքների հաշուին, իրենց ժամանակի հաշուին, կարողանում են ամէն ինչ անել, որ իրենց զաւակները ազգային մեծանան, որի համար ես շատ ուրախ եմ ու մաղթում եմ յաջողութիւններ: