Իր շահեկանութեան համար ամբողջութեամբ կը ներկայացնենք Ազգային ժողովի Հ.Յ.Դ. խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեան ելոյթը՝ ժողովներ, հանրահաւաքներ, երթեր եւ ցոյցեր կազմակերպելու մասին Հայաստանի Հանրապետութեան օրէնքի փոփոխութիւններու քննարկման ընթացքին:
Մարտի 17ին օրէնքի փոփոխութիւնը ձեւակերպուեց այն կերպ, որ ակամայից բոլոր նրանք, ովքեր կողմ էին հրատապ, լարուած իրավիճակում արտակարգ նիստ հրաւիրելուն, աւտոմատ կերպով (ինքնաբերաբար-«Ա.») դարձան օրէնքի համահեղինակ, ինչը դեռ այն ժամանակ շատերի տարակուսանքը յարուցեց: Շատերը դժուարանում էին ըմբռնել, թէ ինչո՞ւ են օրէնքը պաշտպանողները, տուեալ դէպքում՝ նաեւ Դաշնակցութիւնը, փորձում փոփոխութիւններ մտցնել օրինագծում:
Այն ժամանակ է, որ թոյլ տրուեց սխալը, ինչի մասին մենք ասում էինք: Բայց քանի որ մեզանում մարգարէն միշտ դրսից է, մեր խօսքը տեղ չհասաւ, եւ այսօր փորձ է արւում շտկել այն, ինչ առաջարկում էինք դեռ Մարտի 17ին: Ասեմ նաեւ, որ օրինագիծը քննարկուել է կոալիցիայում, եւ գործընկերութեան պարտաւորութեամբ մենք պաշտպանելու ենք օրէնքի փոփոխութիւնները: Եւ ուզում ենք շեշտել.
Մարտի 17ը յետքայլ էր ժողովրդավարութիւնից մեր երկրում, եւ դա չլինելու դէպքում գուցէեւ Եւրոխորհրդի 1609 բանաձեւն աւելի մեղմ լինէր: Այն էլ է հասկանալի, որ այդ յետքայլը մեր կողմից կատարուեց պարտադրուած, հանգամանքների ճնշման տակ, վատթարից խուսափելու նկատառումից ելնելով: Այսպիսով՝ այն, ինչ մենք անում ենք հիմա, վերադարձ է մինչեւ Մարտի 17ի «սթաթուս քօ»ն, մինչեւ հարցի կարգաւորման նախկին եղանակը:
Օրէնքի 6րդ յօդուածի շուրջ այդ օրերին կաբինետներում (գրասենեակներու մէջ-«Ա.»), միջանցքներում եւ այլուր ծաւալուեցին կրքոտ բանավէճեր: Մենք պնդում էինք, որ այն քննութիւն չի բռնի: Մեր պնդումները յաջողութիւն չունեցան, եւ միայն հիմա դրանք արտացոլուեցին փոփոխութիւնների տարբերակում, ինչը մեզ ընդհանուր առմամբ բաւարարում է: Սակայն դա չի նշանակում, որ մինչեւ փոփոխութիւնները առկայ վիճակը մեզ բաւարարում է: Օրէնքն իր ամբողջութեամբ լրամշակման եւ կատարելագործման կարիք ունի, եւ ես յորդորում եմ բոլոր խմբակցութիւններին՝ աշխատել այս ուղղութեամբ:
Այո, երկրում վիճակը կայունացնելու մտահոգութեամբ, մենք ժամանակ շահեցինք, բայց արդեօ՞ք շահեցինք հարցերը կարգաւորելու դաշտում: Մեծ ու փոքր հանրահաւաքներ էլի եղան ու հնարաւոր է՝ դեռ լինեն, եւ դժուար է ասել, թէ այստեղ նուաճումներ ունենք: Վենետիկի յանձնաժողովի եզրակացութիւնների մէջ, որի լիարժէք եւ պաշտօնական թարգմանութիւնը այս պահին իմ ձեռքի տակ չկայ, ասւում է հետեւեալը. «Այնքան ժամանակ, քանի դեռ հանրահաւաքները խաղաղ ընթացք ունեն, դրանք չպէտք է ցրուեն ուժային կառոյցների կողմից: Իսկ եթէ ցրելը դառնում է անհրաժեշտ, ապա միթինկի կազմակերպիչները եւ մասնակիցները յստակ ու բարձրաձայն պէտք է ասեն ոստիկանութեան սպասուող միջամտութեան մասին»: Ես չգիտեմ՝ մեր օրէնքում ինչ-որ կերպ սա արտացոլուա՞ծ է, թէ՞ ոչ:
Կարծում եմ՝ արտացոլուած չէ: Յաջորդը. նախ՝ փաստաթղթում ասւում է, որ 3-5 օրերի ընթացքում հաւաքի իրաւունք ստանալը յետքայլ է, եւ դա կ’ունենայ երկու հետեւանք. առաջին՝ միջոցառման կազմակերպիչները մերժուելու դէպքում կ’ունենան առնուազն 48 ժամ՝ դիմելու դատարան՝ իրենց անհամաձայնութիւնը պաշտպանելու համար, եւ երկրորդ՝ եթէ իշխանութիւնները չեն զգուշացրել կազմակերպիչներին 72 ժամուայ ընթացքում, որ արգելում են, ապա միջոցառումը կարող է տեղի ունենալ այնպէս, ինչպէս նշուած է դիմումի մէջ:
Հարց է ծագում՝ այդ դէպքում էլ ի՞նչ 48 ժամուայ ընթացքում դատարան տալու մասին է խօսքը, եւ արդեօ՞ք մենք այս ամէնը ճիշդ ենք ընկալում: Ինչեւիցէ, մեր խմբակցութիւնը, ելնելով օրէնքը առաւել կատարելագործուած տեսնելու մտահոգութիւնից, կողմ է քուէարկելու փոփոխութիւններին:
Եւ վերջում ուզում եմ կրկին յիշեցնել, որ մենք յաճախ փորձում ենք գտնել հետեւանքների պատասխանները եւ անտեսում ենք այն, որ հայաստանեան ընտրութիւններում, լինեն դրանք պառլամենտական թէ նախագահական, միեւնոյն է, տրամաբանական թուաբանութիւնը միշտ չէ, որ գործում է: Օրինակ՝ կան մի քանի փոխկապակցուած բաներ՝ ժողովրդի համակրանքը, քուէատուփում յայտնուած քուէները, այդ քուէների պատկերը հաշուելուց յետոյ եւ ամենավերջում՝ իշխանութիւնների ձեւաւորումը: Այս չորս երեւոյթները Հայաստանում փոխկապակցուած չեն: Եւ այսօր ինչքան քուէ ու կողմնակից ունի կոալիցիան՝ չենք կարող հաշուել պարզ թուաբանութեամբ: Դա կը հաշուենք մի քանի ամիս յետոյ, եթէ կոալիցիոն համաձայնագրի մէջ ամրագրուած նպատակադրումները կատարուեն: