Սփիւռքի հարցերի նախարութիւն կազմաւորելու հարցի շուրջ ուզում եմ յայտնել մի քանի մտահոգիչ նկատառումներ: Գանք փոքր ինչ հեռուից, որովհետեւ մի շարք հարցեր սերտօրէն փոխկապակցուած են: Մենք շատ լուրջ սխալ թոյլ տուեցինք դեռ 1991 թուականին, երբ հռչակելով Հայաստանի անկախութիւնը, մենք մեզ չհռչակեցինք Առաջին հանրապետութեան ժառանգորդն ու իրաւայաջորդը եւ, չպէտք է զարմանալ, երբ այսօր տեղի են ունենում զանազան թիւրիմացութիւններ: Օրինակ՝ շուքով նշում ենք Սարդարապատի հերոսամարտի 90ամեակը, բայց խուսափում ենք ըստ արժանւոյն գնահատել Առաջին հանրապետութեան պատմաքաղաքական նշանակութիւնը: Աւելին՝ խորհրդային դաստիարակութիւն ստացած մեր պաշտօնեաները խուսափում են տալ Արամ Մանուկեանի եւ միւս նուիրեալների անունները, վախենում են ասել, որ 72 հազար քառակուսի քիլոմեթր տարածք ունեցող երկիրն ունի իրաւայաջորդներ եւ նրանց զաւակներն ու թոռները իրաւունք ունեն ստանալու Հայաստանի քաղաքացիութիւն: 10 տարուայ ծանր կռիւներից յետոյ միայն հնարաւոր եղաւ ընդունել երկքաղաքացիութեան մասին օրէնք եւ այլ: Սրանք մեր երկրի եւ հասարակութեան ծանր հիւանդութիւններն են եւ պէտք է յաղթահարուեն:
Հիմա՝ աւելի կոնկրէտ. Սփիւռքի հարցերի պետական կառոյց ձեւաւորելուց առաջ, եկէք պարզենք՝ ի՞նչ կոնցեպտուալ (հայեցակարգային) մօտեցումներ ունենք աշխարհասփիւռ հայութեան խնդրում: Կարող եմ վստահաբար ասել՝ ոչ մի: Ինձնից լաւ գիտէք, որ Հայաստան-սփիւռք համաժողովներ ու նմանատիպ շոուներ ենք կազմակերպում, որտեղ խօսւում է ամէն ինչի մասին, բայց որեւէ կոնկրէտ որոշում չի կայացւում, եւ դա այն պարզ պատճառով, որ պետութիւնը Սփիւռքի հարցում չունի մշակուած հայեցակարգ: Կան երկրներ, որոնք իրենց սփիւռքը յատուկ գուրգուրելու խնդիր չունեն, նրանց նպատակները այլ են: Օրինակ՝ Չինաստանը Մերձաւոր Արեւելքի երկրներից մի քանիսը եւ այլն: Մեր պարագայում՝ պէտք է նախ պարզել, թէ որո՞նք են արտերկրի հայութեան հարցերը. դրանք կրթական են, եկեղեցական, թէ միջհամայնքային, իսկ գուցէ տեղ-տեղ նաեւ՝ քաղաքական: Հարցեր կան, օրինակ, ասենք, Աւստրալիայում լիբանանահայերի եւ իրաքահայերի յարաբերութիւններում, որոնք մեզ համար բնականաբար, չեն կարող ունենալ շատ լուրջ նշանակութիւն:
Մեր օրակարգային հարցը՝ Սփիւռքի կազմակերպումն ու հայապահպանութիւնն է, եւ այս առումով ինչ կարող ենք, պէտք է անենք, պէտք է բարենպաստ պայմաններ ստեղծենք այս խնդիրների լուծման համար:Մեր բուն նպատակը արտերկրում ապրող մեր ազգակիցներին Հայաստանի հետ կապելն է: Հայրենադարձութիւնը շատ լայն հասկացութիւն է եւ կարող է իրականացուել բազմաթիւ ձեւերով՝ ներդրումներով, ժամանակաւորապէս այստեղ ապրելով կամ աշխատելով, երեխաներին Հայաստանում կրթութեան տալով: Հայրենադարձութիւնը՝ ներգաղթը չէ, սրանք տարբեր հասկացութիւններ են, ուրեմն, կան հարցեր, որոնք պէտք է լուծուեն Հայաստանում: Մենք, յանձինս Սփիւռքի, գործ ունենք բարդ հանրութեան հետ, որոնց մի մասի ներքին պայմանները դրդում են հայրենադարձութեան: Ներկայումս Իրաքից եւ Իրանից մեծ թուով հայեր գալիս են Հայաստան եւ նոր ստեղծուող Սփիւռքի հետ կապերի նախարարութեան պարտականութիւնն է տէր կանգնել այդ մարդկանց՝ աշխատանքով ապահովել, լեզուա-կրթական հարցերը լուծել եւ այլն: Ես ուզում եմ խորհրդարանի ուշադրութիւնը հրաւիրել մէկ այլ հարցի վրայ եւս, որի մասին ակնարկեցի ելոյթիս սկզբում: Կան ազգեր, որոնց գաղութների մասնակցութիւնը իրենց պետականութեան կայացման գործում եղել է չնչին, օրինակ՝ լեհերը, յոյները, իռլանդացիները եւ այլն: Մեր պարագայում՝ ճիշտ հակառակն է, սփիւռքահայութիւնն է պահպանել պետականութեան գաղափարները, զինանշանը, օրհներգը եւ այլն, ուրեմն, այս նախարարութեան գործառոյթները պէտք է յենել առաւել ընդգրկուն հիմնադրոյթի վրայ, ինչը որ արել են Իսրայէլում, ունենալով համանման խնդիրներ: Առաջարկում եմ՝ ՀՀ կառավարութեան ներկայացուցիչներին փոխել մօտեցումը եւ «Սփիւռքի հարցերի» չէզոք անուանումը փոխարինել «Սփիւռքի հետ կապերի եւ հայրենադարձութեան նախարարութիւն» անուանմամբ, քանզի հէնց այդպիսի հարցեր լուծելու է կոչուած նոր կառոյցը: