Նոյեմբերի 2ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների կողմից Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ հռչակագրի ստորագրումը Ղարաբաղի տարբեր շրջանակներում սկսում է քննարկման լուրջ առարկայ դառնալ: Մեր հարցերին պատասխանում է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:
ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԷԼԵԱՆ.- Պարոն Իշխանեան, ինչպէ՞ս կը մեկնաբանէիք վերոնշեալ հռչակագրի ընդունումը:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Ի հարկէ, չեմ կարծում, որ այդ հռչակագիրը ինչ-որ առումով էական ու առանցքային նշանակութիւն կարող է ունենալ: Իմ անձնական կարծիքով՝ հռչակագրի ընդունումը առանց Ղարաբաղի մասնակցութեան էական չէ, քանի որ այստեղ նաեւ զուգահեռներ են անցկացւում զինադադարի փաստաթղթի ստորագրման հետ, ու եթէ փորձենք յիշել, ապա այնտեղ Ղարաբաղի մասնակցութիւնը կար, իսկ այստեղ՝ ոչ:
Ուզում եմ շեշտել, որ Ղարաբաղը միշտ պէտք է լինի բանակցութիւնների լիիրաւ մաս: Այո, Հայաստանը Ղարաբաղեան հարցում, Ղարաբաղի համար երաշխաւոր է, բայց ցանկացած փաստաթղթի ստորագրում՝ լինի դա հռչակագիր, թէ պայմանագիր, պէտք է լինի Ղարաբաղի մասնակցութեամբ: Այդ առումով հռչակագիրը բացասական եմ գնահատում, իսկ մի քանի կէտեր՝ կապուած հակամարտութեան խաղաղ կարգաւորման սկզբունքների, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծման հետ, դրական եմ համարում:
ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԷԼԵԱՆ.- Իսկ ինչպէ՞ս էք վերաբերւում արդէն վաղուց շրջանառուող ազատագրուած տարածքների վերադարձման խնդրին:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Բազմիցս նշել ենք Դաշնակցութեան տեսակէտը, որ այդ տարածքները ազատագրուած, պատմական հայկական տարածքներ են, նաեւ՝ անվտանգութեան գօտի, եւ վերադարձման որեւէ խնդիր չպիտի լինի: Դժբախտաբար, Հայաստանի գործող իշխանութիւնների կողմից փորձւում է տարածքների զիջման շրջանակներում հասարակական կարծիք ստեղծել: Մենք ընդհանրապէս զիջում կամ փոխզիջում հասկացողութիւնը երբեւէ չենք դիտում որպէս տարածքների վերադարձման հարց: Այստեղ նաեւ լուրջ անելիքներ ունեն ԼՂՀ իշխանութիւնները՝ ձեւաւորելու հասարակական կարծիք կամ հրապարակաւ ներկայացնելու, որ մեր կեցուածքը տարածքներ չզիջելու առումով անփոփոխ է: Այս ուղղութեամբ մինչեւ հիմա լուրջ քայլեր չեն ձեռնարկուել: Հասարակութեան շրջանում պէտք է ամենօրեայ քննարկումներ կազմակերպուեն ու համապատասխան տեսակէտ ձեւաւորելու ուղղութեամբ քայլեր ձեռնարկուեն: