ԵՐԵՒԱՆ.- Ամերիկայի Միացեալ Նահանգներու Հայաստանի մօտ դեսպան Մարի Եովանովիչ Երեքշաբթի օր հանդէս եկած է յայտարարութեամբ մը, ուր փորձած է համոզել, որ նախագահ Օպամայի վարչակազմը նախորդ տարիներու համեմատ ոչ թէ նուազեցուցած, այլեւ աւելցուցած է Հայաստանին յատկացուելիք օժանդակութեան իր առաջարկած փաթեթը:
Ստորեւ կը հրապարակենք դեսպան Եովանովիչի սոյն յայտարարութիւնը՝ «Լրագիր» մամլոյ գործակալութեան կայքէջքէն առնուած.
«Ի պատասխան վերջերս Միացեալ Նահանգների կողմից Հայաստանին ցուցաբերուող օժանդակութեան մասին մի շարք լրատուամիջոցներում տեղ գտած հրապարակումներին` կ’ուզենայի յայտնել հետեւեալը.
Հայաստանին միջազգային օժանդակութեան ցուցաբերումը սկսուեց 20 տարի առաջ 1988թ. դեկտեմբերեան երկրաշարժից յետոյ, եւ այդ ժամանակուանից ի վեր Միացեալ Նահանգները յատկացրել է աւելի քան երկու միլիարդ դոլարի մարդասիրական օգնութեան ու զարգացման օժանդակութիւն, որն ուղղուել է Հայաստանի տնտեսական, սոցիալական ու կառավարման ոլորտներին: Օբամայի վարչակազմի ներկայացրած յայտում 2010 ֆինանսական տարում Հայաստանի համար պահանջուող գումարը (30 մլն դոլար) 25 տոկոսով աւել է 2009 ֆինանսական տարում Հայաստանի համար Բուշի վարչակազմի պահանջած գումարից (պահանջուել էր 24 մլն դոլար, իսկ Կոնգրէսն այդ գումարը կրկնապատկեց): Հայաստանին 2010 ֆինանսական տարում յատկացուելիք օժանդակութեան փաստացի ծաւալների մասին Կոնգրէսը դեռ որոշում չի ընդունել:
Ինչ վերաբերում է ֆինանսաւորման տրամադրմանը Լեռնային Ղարաբաղին, ապա բիւջետային յայտ Կոնգրէսին երբեւէ չի ներկայացւում, քանի որ բիւջետային գործընթացում այդպիսի մեխանիզմ նախատեսուած չէ: Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնութեան տրամադրման հարցը կարգաւորւում է աւելի ուշ` Կոնգրէսի ու Վարչակազմի միջեւ բիւջէի բանակցման ընթացքում:
Ռազմական օժանդակութեան մասով Վարչակազմի 2010 ֆինանսական տարուայ համար ներկայացրած յայտով Օտարերկրեայ ռազմական ֆինանսաւորման շրջանակում Հայաստանի համար պահանջուել է նոյնքան գումար, որքան 2009 ֆինանսական տարուայ համար: Նուազում չի եղել: Ադրբեջանի հետ կապուած աւելացումը պայմանաւորուած է խաղաղապահ ու ռազմածովային անվտանգութեան ասպարէզում ԱՄՆ գերակայութիւնների հետ, մասնաւորապէս` Կասպից ծովում տարածման եւ թմրադեղերի անօրինական փոխադրումների դէմ պայքարի հետ: Հայաստանի եւ Ադրբեջանի համար պահանջուող օժանդակութեան ծաւալները մանրակրկիտ քննութեան են առնուած ու կշռադատուած, որպէսզի բացասաբար չանդրադառնան տարածաշրջանում ռազմական հաւասարակշռուածութեան ու Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման վրայ. այնուհանդերձ, յարկ է նշել, որ իւրաքանչիւր երկիր ստանում է համապատասխան օժանդակութիւն, որը կը մեծացնի նրանց փոխգործակցելիութիւնն ու ռազմական պրոֆէսիոնալիզմը:
Միացեալ Նահանգները շարունակում է հաւատարիմ մնալ Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ իր վաղեմի գործընկերութեանը: Հայ ժողովրդին օգնելն եղել եւ մնում է բարձր առաջնահերթութեան խնդիր»: