ԴՈԿՏ. ԳԷՈՐԳ ԽՐԼՈՊԵԱՆ
Հայը, Հայաստանում թէ արտերկրում, դարեր շարունակ կարողացել է յաղթահարել ահաւոր աղէտներ, հաստատել իր ինքնութիւնը եւ գոյատեւել իր իմացական կարողականութեան, ստեղծագործական ջանքերի եւ մշակութակերտական միտումների պատճառով: Նրա այդ ազգային յատկութիւնը չեն կարողացել չէզոքացնել նոյնիսկ հայի նկատմամբ գործադրուած թուրքական ցեղասպանութիւնն ու հայերի զանգուածային արտագաղթը: Այս ճշմարտութեան հաստատումն էր բժիշկներ Գրիգոր եւ Սրբուհի Տէր Յովհաննիսեանների անուան «Կարաւան» ակադեմիայի պարախումբի Ապրիլ 26, 2009ին՝ Գլէնդէյլի «Ալեքս» թատրոնում ունեցած փայլուն ելոյթը:
Ազգային հպարտութեամբ եմ արձանագրում այն իրողութիւնը, որ այսօր ամերիկահայ կեանքում գնալով մեծանում է երաժշտական, պարային, մարմնամարզական, ճատրակի, սպորտի եւ նման այլ խմբերի ցանցը: Դրանք իրականացնում են ազգային, քաղաքական, դաստիարակչական, մասնագիտական, ընկերային բնոյթի լուրջ առաքելութիւն եւ էապէս նպաստում ազգային արժէքների միջազգայնացման ու միջազգայինի ազգայնացման:
Այդպիսով նրանք շարունակում են իրականացնել Մեսրոպ Մաշտոցի պատգամը, որը առաջադրում էր՝ ուժեղ ազգ կերտելու, մարտնչող մշակոյթ դարբնելու, ուծացման դէմ պայքարելու համար անհրաժեշտ է ոչ միայն զարգացնել սեփական աւանդոյթները, այլեւ իւրացնել համաշխարհայինը՝ առանց կորցնելու սեփական դիմագիծը ու կուլ գնալու օտարին: Ոչ նուազ հաճելի է հաստատել, որ ամէն մի հայ կառոյց այդ ծրագիրը իրականացնում է իւրովի: Ինքնատիպութեան այդ միտումը ընդգծուած է «Կարաւան» ակադեմիայի գործունէութեան ծրագրերում:
Ապրիլ ամիսը հայ մարդուն վերապրել է տալիս ոչ միայն թուրքերի կողմից կազմակերպուած մեր ազգի ցեղասպանութեան ահաւոր ողբերգութիւնը, այլեւ հաստատում է Մեծ Եղեռնը յաղթահարած հայ ժողովրդի ապրելու, ստեղծագործելու, յարատեւելու աննկուն կամքը: Այս կեցուածքով «Կառաւան»ը համերգային իր ծրագիրը բացեց «Տէր Ողորմիա»ով: Պրենի Հոնարչեանը մեծ վարպետութեամբ լուծեց Ռուբէն Նիկոլեանի մշակած դէպի յաւերժութիւն տանող քորիոգրաֆական (պարարուեստի-Խմբ.) տպաւորիչ պատկերներըՇուրջ երեք ժամ տեւող հարուստ ծրագիրը ըմբոշխնող հանդիսատեսը համոզւում է, որ գեղարուեստական ղեկավար Ռուբէն Նիկոլեանը, նրա տեղակալ Էդգար Նիկոլեանը եւ միւս պարուսոյցները՝ Կարինէ Գալուստեանը, Պրենի Հոնարչեանը, ձգտել են խմբի անդամներին ոչ այնքան սովորացնել պարային շարժումների մեխանիկական կատարումը, որքան նրանց մէջ արմատաւորել իւրաքանչիւր պարի կառոյցի բաղադրամասերի իմաստաւորուած մեկնաբանութիւնը: Պարողը ոչ միայն շարժումներ է կատարում, այլեւ ապրում է իւրաքանչիւրի նրբութիւնը եւ ըմբռնում է ստեղծագործութեան խորքը: Պարուսոյցները տուեալ սկզբունքով են ղեկավարւում նոյնիսկ մանուկներին պարել սովորեցնելիս: Այս նպաստում է, որ հանդիսատեսը կարողանայ նկատել ու զգալ իրարանման ու տարբերակուող կտորների նրբութիւններն ու էութիւնը: Այդ ճանապարհով նա գնահատում է ծրագրի ողջ գեղարուեստական հարստութիւնը:
Ծրագրի գլխաւոր նպատակներից է նաեւ բացայայտել ու ապացուցել պարային պլաստիկայի (ճկունութեան-Խմբ.), կերպարների, պատկերների ոգեղենութիւնը, հոգեւոր խորքը: Այդ ճշմարտութիւնն է յայտարարում «Կարաւան» ակադեմիան հենց սկզբից: Պարային շարժումները այն նիւթական արտայայտչամիջոցներն են, որոնց մէջ խտացուած են դարերի ընթացքում մշակուած ժողովրդական հոգեւոր եւ իմացական փորձառութիւնը: Տեղին է յիշել, որ պարարուեստը առաջացել է որպէս պաշտամունքի եւ աշխատանքային գործունէութեան համադրուածք: Մարդը դեռ իր պատմութեան արեւածագին, իր աշխատանքային գործունէութիւնն ու աղօթքը արտայայտել է շարժումների, մարմնի պլաստիկայի միջոցով: Այս երեւոյթը խորացել ու զարգացել է քաղաքակրթութեան հոլովոյթին զուգահեռ: Այսօր պարարուեստը հոգեւոր մշակոյթի ինքնատիպ տեսակ է: Քանի այն հոգեւոր է, ապա աղերս ունի ինչպէս տեղական ու ազգային առանձնայատկութիւնների, այնպէս էլ յաւիտենականութեան եւ համամարդկային իրականութեան հետ:
Ծրագիրը տպաւորիչ է նաեւ իր բազմազանութեամբ: Այնտեղ ներկայացուել են ինչպէս ազգային, այնպէս էլ այլ ժողովուրդների պարերը (ամերիկեան, վրացական, կելդական, իռլանդական, յունական, գնչուական, հնդկական, մոլդովական եւ այլն): Այնտեղ ցուցադրւում է ոչ միայն պարային ժողովրդական ոճը, այլեւ դասական բալետի, արդիական բալետի հնարքները ու դրանց համադրութիւնը հանդիսացող ինքնատիպ միջոցները: Ծրագիրը ընդգրկում է ինչպէս յուզական, զգացական, վիպական ու առասպելական բնոյթի, այնպէս էլ կորովի, աշխոյժ ու մարտական պատկերաւորումներ: Այն տալիս է նաեւ մենակատարական ու խմբային համարներ, երգի ու պարի համադրութիւններ:
Արժանի բարձր գնահատականը պէտք է մատուցել Ա. Մուշխամբարեանին՝ իր նորաձեւած բարձրաճաշակ զգեստների համար: Դրանք զգալիօրէն նպաստեցին ծրագրի գեղարուեստական արտայայտչականութեան: Նուազ դեր չունեցան նաեւ Արա Գէորգեանի եւ Անդրանիկ Մուրադեանի երաժշտական մշակումները:
Հիմնաւորուած է «Կարաւան» ակադեմիայի ղեկավարութեան այն մտադրութիւնը, որով ձգտում է որպէսզի ծրագիրը արտացոլի նաեւ հաստատութեան ուսուցման ծրագիրն ու ընթացքը: Այն արտացոլում է, թէ ինչպէ՛ս է աճել պարարուստի աշխարհ նոր մուտք գործած մանուկը, իր առաջին քայլերից մինչեւ վարպետութիւն: Ակադեմիայի գեղարուեստական ղեկավար Ռուբէն Նիկոլեանը, նրա տեղակալ Էդկար Նիկոլեանը, պարուսոյցներ Կարինէ Գալուստեանը եւ Պրենի Հոնարչեանը կարող են արդարացիօրէն հպարտանալ, որ իրենց յաջողուել է պատրաստել այնպիսի վարպետ մենակատարներ, ինչպիսիք են Ռիտա Ալաջաջեանը, Հելէն Մանասեանը, Անդրէա Մարտիրոսը, Լիլիան Յակոբեանը, Յովհաննէսեան Նատալին, Անի Ռշտունին, Մարի Ռշտունին, Սուզաննա Սարգսեանը, Էդուին Սարգսեանը, Սելինա Շաւագեանը, որոնք իսկապէս առինքնեցին հանդիսատեսին: Իսկ հանդիսատեսը իր խորին երախտագիտութիւնն է յայտնում բժիշկներ Գրիգոր եւ Սրբուհի Տէր Յովհաննիսեանների անուան «Կարաւան» ակադեմիայի ողջ անձնակազմին՝ իրեն գեղարուեստական մեծ հաճոյք պատճառելու եւ մեր նոր սերունդի գեղագիտական դաստիարակութիւնը նախանձելի բարձրութեամբ իրականացնելու համար: