ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի Ուղիղ մէկ Շաբաթ առաջ՝ Մայիսի 7ին Պրահայում «Արեւելեան գործընկերութիւն» գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որտեղ շարունակուեց լեռնայինղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ուղիների քննարկումը։ Պէտք է ասել, հանդիպման արդիւնքների վերաբերեալ լաւատեսական յայտարարութիւնները շատ էին, եւ նոյնիսկ կանխատեսումներ էին արւում շուտով հիմնախնդրի լուծման վերաբերեալ։
Մեկնաբանելով Պրահայի հանդիպման արդիւնքները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթիու Բրայզան յայտարարել է, որ նախագահները պայմանաւորուել են ղարաբաղեան կարգաւորման հիմնական հայեցակէտային գաղափարների վերաբերեալ։ «ԵԱՀԿ Մինսկի խմբում իմ համանախագահութեան ամբողջ ժամանակաընթացքում այդ հանդիպումն ամենաբովանդակալիցն է եղել ըստ քննարկուող հարցերի էութեան։ Նախագահները պայմանաւորուել են կարգաւորման բազային սկզբունքների բարդ հայեցակարգի հիմնական գաղափարների շուրջ»,- ասել է Մեթիու Բրայզան։ Նրան կրկնել է նրա ֆրանսիացի պաշտօնակից Բեռնար Ֆասիէն, ում խօսքերով, կողմերը պատրաստւում են ճեղքում կատարելու լեռնայինղարաբաղեան հակամարտութեան լուծման գործում։
«Առաջադիմութիւն կայ, եւ մենք պայմանաւորուածութիւնների պարբերական հերթագայման յոյս ենք դնում, որոնք ձեռք են բերուելու հետագայ շաբաթներին»,- գտնում է ֆրանսիացի դիւանագէտը։ Թէպէտ, խոստովանենք, մենք աւելի հակուած ենք հաւատալու նրա ուղղակի պետին՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշներին, ով ասել է, որ բանակցութիւններն անցել են լարուած իրադրութիւնում, եւ կողմերի միջեւ կան բազմաթիւ թերըմբռնումներ։ Պէտք է ասել, քաղաքական գործընթացները Հարաւային Կովկասում, ներառեալ նաեւ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը, վերջին ժամանակներս բաւականին ակտիւացել են։ Ու դեռեւս մինչ Պրահան էլ հեղինակաւոր քաղաքական ու պետական շատ գործիչների շուրթերից յայտարարութիւններ են հնչել ղարաբաղեան կարգաւորման գործընթացում ձեռք բերուած առաջընթացի մասին։ Բաւական է վերհիշել վերջերս Մոսկուայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որտեղ ե՛ւ Մեդվեդեւը, ե՛ւ Ալիեւը հակամարտութեան մօտալուտ լուծման յոյս են յայտնել։
Իսկ ի՞նչն է հիմք տալիս նման լաւատեսական կանխատեսումների համար։ Եթէ դատենք ըստ միջնորդների մեկնաբանութիւնների, ապա՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պատրաստականութիւնը փոխզիջումների։ Մասնաւորապէս, Իլհամ Ալիեւն առաջին անգամ խօսել է անվտանգութեան միջանցքի մասին, որը միացնում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, եւ նշել Ղարաբաղի բնակչութեան՝ այդ միջանցքն ունենալու կարիքը՝ որպէս նրա անվտանգութեան երաշխիք, Ղարաբաղի բնակչութեան «ինքնակառավարման ձեւով ինքնորոշման» իրաւունքի մասին։ Մեթիու Բրայզայի կարծիքով, դա շատ կարեւոր կառուցողական քայլ է, եւ նման կառուցողական փորձերը դրական ազդեցութիւն են ունենում բանակցութիւնների էութեան վրա։
Սակայն հարց է ծագում. իսկ ինչո՞ւմն է Ալիեւի կառուցողականութիւնը։ Այն բանո՞ւմ, որ նա ճանաչել է քաղաքական իրողութիւնները, ինչին նրան վաղուց են կոչ անում երկու հայկական կողմերը։ Ախր նա դա ճանաչել է որպէս անհրաժեշտութիւն, քանզի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցքը, նկատենք, արդիւնաւէտ կերպով գործում է ահա արդէն 17 տարի եւ՝ առանց Ադրբեջանի համաձայնութեան, իսկ ԼՂՀն վաղուց է արդէն ինքնակառավարուող։ Աւելացրած նաեւ, հազիւ թէ որեւէ մէկի համար գաղտնիք է մնում, որ, երեւութական զիջողականութիւն ցուցադրելով, խօսելով ինքնակառավարման ձեւով ինքնորոշման մասին, ադրբեջանական նախագահը մտապահում է իր «տարածքային ամբողջականութիւնը»։ Եւ այստեղ հազիւ թէ արժէ պատրանքներ փայփայել։ Այդ թւում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Աւելի շուտ, ադրբեջանական կողմի որոշ զիջողականութիւնը, որը գայթակղել է միջազգային միջնորդներին, պայմանաւորուած է տարածաշրջանում քաղաքական իրադրութեան փոփոխութեամբ՝ կապուած հայ-թուրքական յարաբերութիւնների նորմալացման (բնականոնացման-Խմբ.)հեռանկարների հետ, ինչն ընդունակ է թուլացնել Բաքուի բանակցային դիրքերը։ Բայց դեռ հարց է՝ Ադրբեջանն իր հնչեցրած փոխզիջումներից այն կողմ կը գնա՞յ, արդեօք։ Շատ կասկածելի է։ Այդ մասին է վկայում ադրբեջանական կողմի բացասական արձագանգը Պրահայի հանդիպման արդիւնքներին, որն աններդաշնակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ասածների ընդհանուր դրական տոնայնութեանը (շեշտը_խմբ.)։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովը նշել է, որ նախագահների հանդիպմանը լուրջ տեղաշարժեր չեն եղել։ Իր հերթին, նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հանդէս է եկել Մինսկի խմբի համանախագահների հասցէին ուղղուած խիստ դատապարտումներով՝ նրանց մեղադրելով գործընթացը ձգձգելու եւ Հայաստանի շահերը պաշտպանելու, իսկ Հայաստանին՝ ոչ կառուցողականութեան մէջ։ Իսկ կառուցողականութիւնը ադրբեջանական մեկնութեամբ նշանակում է ոչ այլ ինչ, եթէ ոչ Լեռնային Ղարաբաղի անվերապահ մտնելը Ադրբեջանի իրաւասութեան տակ։ Ինչպէս էլ որ լինի, բայց, ըստ համանախագահների պնդման, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները համաձայնութեան են հասել հակամարտութեան կարգաւորման բազային սկզբունքների գծով եւ իրենց երաշխաւորել երկու երկրների արտաքին նախարարութեան ղեկավարների հետ միասին աւարտել աշխատանքը մանրամասների վրայ։ Բայց, ինչպէս յայտնի է, սատանան հէնց մանրամասների մէջ է։ Սակայն, դատելով միջնորդների ասածներից՝ ոչ միայն։ Նրանց խօսքերով, դեռեւս չհամաձայնեցուած են մնում կարգաւորման չորս հիմնարար սկզբունքներ, որոնց թւում է, կարելի է չկասկածել, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Իսկ դա արդէն, նկատենք, մանրամաս չէ, այլ՝ կարգաւորման գործընթացի հէնց կվինտէսենցիան (էական մասը-Խմբ.)։ Եւ այստեղ արդէն առանց իր իսկ՝ Լեռնային Ղարաբաղի, չի լինի։ Այդ պատճառով հազիւ թէ կարելի է համաձայնել Մեթիու Բրայզայի պնդմանը այն մասին, թէ «լեռնայինղարաբաղեան հակամարտութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի անձնական գործն է»։
Հակամարտութեան էութեան նման ըմբռնումով եւ նրա կարգաւորման նկատմամբ նման վերաբերմունքով հազիւ թէ կարելի է վերջնական խաղաղ համաձայնագրի հասնել։
Եւ այն էլ լրջօրէն յուսալ հիմնախնդրի լուծում արդէն ամենամօտ ամիսներին։ Մինչեւ որ միջազգային ընկերակցութիւնը, ինչպէս նաեւ ներկայիս բանակցութիւնների մասնակիցները, ներառեալ միջնորդները, չգիտակցեն անվիճելի քաղաքական իրողութիւնը, այն է՝ ԼՂՀի գոյութիւնը որպէս պետական կազմաւորում եւ միջազգային իրաւունքի սուբյեկտ, որն ինքը պէտք է որոշի իր ճակատագիրը, անիմաստ է խօսել ոչ միայն մօտալուտ ժամկէտների, այլեւ հակամարտութեան հէնց վերջնական կարգաւորման մասին։
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցութիւնների հերթական փուլը ենթադրաբար տեղի կ՛ունենայ Սանկտ Պետերբուրգում, Յունիսի սկզբին։ Չնայած կարգաւորմամբ զբաղուողների լաւատեսութեանն ու որոշ շտապողականութեանը, ստիպուած ենք յոռետեսօրէն վերաբերուել այդ հանդիպմանը էական տեղաշարժերի եւ մօտ ապագայում հիմնախնդրի լուծման գործում առաջադիմութեան հասնելու հնարաւորութեանը։
Մայիս 14, 2009