ԵՐԵՒԱՆ.- ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը Մայիս 27ին, Երեւանի մէջ հրապարակած է յայտարարութիւն մը, ուր կը յայտնէ.
«Քննարկելով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման մէկամեայ գործընթացը եւ այդ ասպարէզում ստեղծուած ներկայ կացութիւնը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինը գտնում է, որ այսպէս կոչուած՝ ֆուտբոլային դիւանագիտութիւնը, ըստ էութեան ձախողուել է: Մենք հաստատում ենք՝
– Մինչեւ այժմ կարգաւորման գործընթացը ծառայել եւ ծառայում է բացառապէս Թուրքիայի շահերին: Մի կողմից Թուրքիան միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղում է իր ներքին խնդիրներից եւ երեսպաշտօրէն հանդէս է գալիս իբրեւ հարեւանների հետ բնականոն յարաբերութիւններ հաստատելու կողմնակից, միւս կողմից՝ միջազգային ասպարէզից քայլ առ քայլ դուրս է մղւում հայկական օրակարգը:
– Կոպտօրէն խախտելով պայմանաւորուածութիւնները՝ Թուրքիան փաստօրէն չի հրաժարւում նախապայմաններից: Աւելին, նա փորձում է պայմաններ թելադրել Արցախեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում՝ բացայայտ կանգնելով Ադրբեջանի թիկունքին եւ գլխիվայր ներկայացնելով հայ-ադրբեջանական հակամարտութեան ընթացքը:
– Թուրքիայի կողմից ներկայացուող նախապայմանները իրենց բնոյթով ոչ միայն անընդունելի են, այլեւ՝ անօրինական: Դրանք վիրաւորում են մեր ազգային արժանապատուութիւնը եւ վտանգում հայկական երկու պետութիւնների ու մեր ժողովրդի ապագան:
– Իրականութիւնն այն է, որ Թուրքիան շարունակում է իր հակահայկական քաղաքականութիւնը՝ միաժամանակ փորձելով մոլորեցնել միջազգային հանրութեանը: Ակնյայտ է, որ իր կողմից փակուած սահմանի բացումը Թուրքիայի միջազգային պարտաւորութիւնն է եւ չի կարող ծառայել իբրեւ Հայաստանին նախապայմաններ թելադրելու լծակ կամ միջոց:
– Այս շրջափուլում Հայաստանը եւ հայութիւնը պարտաւոր են ապացուցել, որ Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում էլ կարող են առաջադրել քաղաքական ու տնտեսական բարձր նպատակներ ու իրականացնել դրանք՝ տարածաշրջանում դառնալով հաշուառելի գործօն ու զարգացած պետութիւն, առանց զիջելու մեր համազգային շահերը:
Մեկնելով այս հաստատումներից՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահին կոչ ենք անում վերանայել իրականացուող քաղաքականութիւնը եւ կասեցնել ընթացող բանակցութիւնները:
Մենք գտնում ենք, որ Հայաստանը պէտք է առաջնորդուի հետեւեալ մօտեցմամբ. երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւնները կարգաւորելու, առկայ խնդիրները լուծելու ճանապարհի մեկնակէտը Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման անյապաղ վերացումն է եւ միջազգային պրակտիկայում կիրառուող ընդհանուր կարգով դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը»: