Ռ. ԿՈՐԻՒՆ
Իւրաքանչիւր ամսուան առաջին Հինգշաբթի երեկոյեան, Կալիֆորնիոյ Հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) գրական դռնբաց նիստ է գումարւում Գլէնդէյլի հանրային գրադարանի սրահում, հանդիպում են գրողներ—գրասէրներ: Նրանք գալիս են մօտիկ—հեռու քաղաքներից գրական նիստերի, նոր գրքի քննարկմանը ներկայ գտնուելու, կամ նոյնիսկ իրենց ստեղծագործութիւններից ընթերցելու համար, ի միոյ բանիւ իրենց գրական ծարաւին յագուրդ տալու նպատակով։
Յունիսի 4ի երեկոյեան ժամի 7ին, ԿՀԳՄի հերթական հանդիպում էր։ Միութեան նախագահ բանաստեղծ Գրիշ Դաւթեան բացումը կատարելով՝ տեղեկացրեց նոր գրքի քննարկման մասին։
Գիրքն էր «Ազատութիւն, որը լուսաւորում է աշխարհը, Ամերիկա», հեղինակ՝ Նիկոլայ Ստեփանեան (Անրի Բայրոն)։ Ան սեղմ տողերի մէջ ներկայացրեց գիրքը, ապա գրքից կարդաց հեղինակի կենսագրութիւնը, այնուհետ ամպիոն հրաւիրեց գրական զեկուցաբեր, բանաստեղծ Գէորգ Քրիստինեանին, որը իր գրախօսական նախաբանով այսպէս սկսեց. «Եթէ գրականութիւնը կեանքն է, ապա՝ կեանքը մի քիչ աւելի է, քան գրականութիւնը, արուեստը ընդհանրապէս։ Կեանքի ամէն մի երեւոյթ կարող է դառնալ գրական նիւթ։ Այս երեկոյի մեր գրական նիւթը, թեման, խորհուրդը ամերիկեան «ֆենոմէնն» է, ազատութեան խորհրդանիշ արձանն է։ Կոլոմբուսի յայտնաբերումը, այն էլ շատ ուշ, բայց ասես երէկ էր, որ լոյս աշխարհ եկաւ այս զարմանալի մայր ցամաքը, ամենաետին աշխարհայայտնութիւնը, որը շուտով, շատ շուտով առասպելի հերոսի նման հզօրացաւ եւ հաւակնութիւն ունի համարուելու աշխարհի կենտրոնը»։
Այնուհետեւ զեկուցաբերը անդրադարձաւ գրքի պատմական—գրական արժէքներին՝ իր խօսքն այսպէս եզրակացնելով. «Գիրքը գրուած է հրաշալի, պատկերաւոր հայերէնով, յուզական լիցքով, ճշմարտութեան խորհուրդով եւ հմուտ ամերիկագէտի զգաստ մտքով։ Ողջունում եմ մեր հայրենակից մտաւորական հեղինակին, որից կարելի է սովորել Ամերիկայի ազատութիւնն ըմբոշխնելու այս պատեհութեան համար»։
Զեկուցաբերին յաջորդեցին տեսակէտների արտայայտութիւններ գրքի եւ հեղինակի մասին։
Արմէն Աճէմեանը կարդաց իր հակիրճ եւ բովանդակալից գրութիւնը՝ վեր հանելով գրքի արժանիքները եւ հեղինակի շնորհները։
Հեղինակը միաժամանակ գեղանկարիչ է. սրահում ցուցադրւում էին նրա գեղանկար պաստառները, որոնք գրաւեցին դիտողների ուշադրութիւնը եւ արժանացան դրուատանքի։
Գրող Կիմա Կիրակոսեան, բանաստեղծներ Ալբերտ Գրքաշարեան եւ Գարուշ Հարեանց, մանկագիր Ֆիրա Ակեան իրենց գնահատանքի խօսքն ասացին հեղինակին եւ արժեւորեցին նրա հրատարակած գիրքը՝ ներկաներին խորհուրդ տալով անպայման կարդալ այն։
Հեղինակը շնորհակալութիւն յայտնեց ԿՀԳՄի վարչութեան, բոլոր արտայայտուողներին եւ խօսեց գրքի ծագման շարժառիթի մասին։ Ապա տեղի ունեցաւ հիւրասիրութիւն: