Հայաստանի Մէջ Կը Նկատուի ՄԻԱՎ/ՁԻԱՀի Դէպքերու Աճի Միտում
«ԱՍՊԱՐԷԶ».- Ստորեւ կը հրատարակենք մեր աշխատակից Րաֆֆի Տուտագլեանի հարցազրոյցը՝ բժշկական գիտութիւններու դոկտոր, փրոֆ. Սամուէլ Գրիգորեանի հետ:
ՐԱՖՖԻ ՏՈՒՏԱԳԼԵԱՆ.- Ինչպիսի՞ն է ՄԻԱՎ/ՁԻԱՀի իրավիճակը Հայաստանի հանրապետութիւնում:
ՍԱՄՈՒԷԼ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Հայաստանի հանրապետութիւնում մարդու իմունային անբաւարարութեան վիրուսով (ՄԻԱՎ-HIV) վարակուածութեան դէպքերի արձանագրումը սկսուել է 1988 թուականից:
1988ից մինչեւ 2009ի Մայիսի 31ը Հայաստանի հանրապետութիւնում գրանցուել է ՄԻԱՎ վարակի 745 դէպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակով հիւանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 548 մարդ (73.6%), իգական սեռի ներկայացուցիչների մօտ արձանագրուել է վարակի 197 դէպք (26.4%): ՄԻԱՎ վարակի 16 դէպք (2.1%) է արձանագրուել երեխաների մօտ:
ՄԻԱՎով վարակուածների շուրջ 59%ը 25-39 տարիքային խմբում է: Հայաստանի հանրապետութիւնում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (49.8%) եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (41.9%): Սրանցից բացի, Հայաստանում արձանագրուել են մօրից երեխային, արեան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դէպքեր:
ՄԻԱՎ վարակով հիւանդներից 337ի մօտ (կին՝ 78, երեխայ՝ 7) ախտորոշուել է ՁԻԱՀ, ընդ որում, 83ի մօտ՝ 2008թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցուել է ՄԻԱՎ/ՁԻԱՀով հիւանդների մահուան 179 դէպք: Մահացածների թւում կան 29 կին եւ 3 երեխայ:
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակուածները եղել են տղամարդիկ, ընդ որում նրանց մեծամասնութիւնը ժամանակաւոր բնակուել եւ հաւանաբար ՄԻԱՒով վարակուել է Ռուսաստանի Դաշնութիւնում ու Ուկրաինայում: Բացի այդ՝ բոլոր ՄԻԱՎ վարակով հիւանդ տղամարդկանց մեծամասնութիւնը (57.6%) նոյնպէս թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթէ բոլոր կանայք վարակուել են սեռական ճանապարհով (98.9%):
ՄԻԱՎ վարակի դէպքերի առաւելագոյն թիւն արձանագրուել է մայրաքաղաք Երեւանում՝ 337 դէպք, որը կազմում է բոլոր գրանցուած դէպքերի 45.2%ը: ՄԻԱՎ վարակի գրանցուած դէպքերի թուով երկրորդ տեղում Շիրակի եւ Լոռու մարզերն են՝ 9.9%:
ՄԻԱՎ/ՁԻԱՀի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշուարկային տուեալներով հանրապետութիւնում կայ 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:
ՐԱՖՖԻ ՏՈՒՏԱԳԼԵԱՆ.- ՄԻԱՎ վարակ դէպքերի արձանագրման հարցում այսօր ի՞նչ միտում է նկատւում. դրանք աճու՞մ, թէ նուազում են:
ՍԱՄՈՒԷԼ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Ընդհանուր առմամբ վերջին տարիներին նկատւում է արձանագրուող դէպքերի թուի աճ: ՄԻԱՎ վարակի դէպքերի թուի աճը պայմանաւորուած է լաբորատոր ախտորոշման հնարաւորութիւնների ընդլայնմամբ եւ ՄԻԱՎի վերաբերեալ հետազօտութիւնների հասանելիութեան մեծացմամբ, նաեւ ՄԻԱՎի վերաբերեալ կամաւոր խորհրդատուութեան եւ հետազօտութեան համակարգի ստեղծմամբ: Արդիւնքում աճել է հետազօտութիւնների թիւը եւ բարելաւուել է ՄԻԱՎ վարակի յայտնաբերումը:
Արձանագրուած ՁԻԱՀի դէպքերի թուի աճը պայմանաւորուած է ՁԻԱՀի եւ ՁԻԱՀ-ինդիկատորային հիւանդութիւնների լաբորատոր ախտորոշման հնարաւորութիւնների ընդլայնմամբ: ՁԻԱՀի ախտորոշման բարելաւումը պայմանաւորուած է նաեւ բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀի վերաբերեալ գիտելիքների մակարդակի աճով՝ շնորհիւ ՁԻԱՀի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՁԻԱՀի ԿՀԿ) կողմից անցկացուած սեմինար-վարժանքների:
ՄԻԱՎ/ՁԻԱՀի արձանագրուող դէպքերի թիւն աճել է նաեւ այն պատճառով, որ վերջին տարիներին աւելացել է արդէն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով եւ հիւանդութեան կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հոսքն ԱՊՀ երկրներից դէպի Հայաստան:
ՐԱՖՖԻ ՏՈՒՏԱԳԼԵԱՆ.- ՄԻԱՎ վարակի կանխարգելման ուղղութեամբ ի՞նչ աշխատանքներ են այսօր իրականացւում ՀՀում:
ՍԱՄՈՒԷԼ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- ՄԻԱՎ/ՁԻԱՀի ոլորտում իրականացուող միջոցառումների թւում են ոլորտի օրէնսդրական դաշտի բարեփոխումներին ուղղուած աշխատանքները, որոնց շնորհիւ օրէնքը համապատասխանեցուել է մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտում գործող միջազգային ղեկավարող սկզբունքներին: Մասնաւորապէս զգալիօրէն կրճատուել են ՄԻԱՎի վերաբերեալ պարտադիր հետազօտման ենթակայ խմբերը, ուժը կորցրած է ճանաչուել երեք ամսից աւելի ժամկէտով ՀՀ մուտքի արտօնագիր ստանալու համար դիմած օտարերկրեայ քաղաքացիների, ինչպէս նաեւ քաղաքացիութիւն չունեցող անձանց կողմից պարտադիր ՄԻԱՎի վերաբերեալ հետազօտման հաւաստագիր ներկայացնելու մասին յօդուածը, վերացուել է ՀՀ տարածքում գտնուող օտարերկրեայ քաղաքացիների եւ քաղաքացիութիւն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎի առկայութիւնը հաստատելուց յետոյ՝ նրանց ՀՀից վարչական վտարման ենթարկելու մասին դրոյթը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀի ազգային ծրագրի շրջանակներում, 2005ից ՄԻԱՎ վարակով հիւանդ ՀՀ քաղաքացիներին տրամադրւում է անվճար հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում, իրականացւում է բուժման մոնիտորինգ, մօրից երեխային ՄԻԱՎի փոխանցման կանխարգելիչ բուժում եւ յետկոնտակտային կանխարգելում: Ներկայումս ՀՀում ՀՌՎ բուժում ստանում են բոլոր դրա կարիքն ունեցողները, որոնք տուել են իրենց համաձայնութիւնը: Մօրից երեխային ՄԻԱՎի փոխանցման կանխարգելում, այդ թւում կանխարգելիչ ՀՌՎ բուժում տրամադրւում է ՄԻԱՎ վարակ ունեցող բոլոր յղի կանանց: ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնուած բոլոր երեխաներն ապահովւում են ՀՌՎ օշարակներով եւ կաթնախառնուրդներով:
ՁԻԱՀի ԿՀԿի նախաձեռնութեամբ, 2002թ. հիմնուել եւ գործում է «Վստահութեան հեռախօս» ծառայութիւնը՝ ՄԻԱՎի նկատմամբ խոցելի խմբերի եւ ընդհանուր ազգաբնակչութեան համար:
ՐԱՖՖԻ ՏՈՒՏԱԳԼԵԱՆ.- Ինչպէ՞ս էք գնահատում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ուղղութեամբ իրականացուած միջոցառումների արդիւնաւէտութիւնը:
ՍԱՄՈՒԷԼ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Ընդհանուր առմամբ, մինչ օրս իրականացուած նպատակաուղղուած համալիր միջոցառումների շնորհիւ, հնարաւոր է եղել մեր երկրում կասեցնել համաճարակի հետագայ զարգացումը, հասնել հիմնական խոցելի խմբերում ՄԻԱՎի տարածման տեմպերի նուազեցման եւ կայունացման: Սակայն արձանագրուած յաջողութիւնների հետ մէկտեղ, ի յայտ են եկել նոր խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Անվիճելի է, որ ձեռք բերուած արդիւնքների կայունութեան գլխաւոր նախապայմանը դրանց շարունակականութեան ապահովումն է: ՄԻԱՎ վարակի կանխարգելումը պէտք է լինի տեւական, անընդհատ գործընթաց. այն չի կարող ընդհատուել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, մարմնավաճառութեան, թմրամոլութեան առկայութեան, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատեւութեան պատճառով: Իրականացուող միջոցառումների անընդհատութիւնն ապահովելու համար, անհրաժեշտ են համապատասխան միջոցներ, պետական աջակցութեան ընդլայնում: Այս առումով անգնահատելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀին հակազդման ազգային ռազմավարութիւնների իրագործման հարցում՝ միջազգային կազմակերպութիւնների աջակցութիւնը: Միաժամանակ, կարիք կայ ընդլայնելու գործող ծրագրերը, մեծացնելու դրանց աշխարհագրական ծածկոյթն ու ծրագրերում ընդգրկուած շահառուների թիւը: Սա եւս պահանջում է համապատասխան ֆինանսական միջոցներ: 2009թ. Սեպտեմբերին աւարտւում է ՁԻԱՀի, տուբերկուլոզի եւ մալարիայի դէմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհի ժամկէտը: Թէեւ 2009-2015թթ. ընկած ժամանակահատուածի համար շարունակական մեխանիզմով ֆինանսաւորման առաջարկը Գլոբալ հիմնադրամի կողմից հաստատուել է, սակայն հիմնադրամի քաղաքականութեան համաձայն, 10%ով (մօտ 2.8մլն ԱՄՆ տոլար) առաջարկուել է կրճատել յատկացումները, ինչն առաջացրել է լրացուցիչ միջոցների հաւաքագրման անհրաժեշտութիւն:
ՐԱՖՖԻ ՏՈՒՏԱԳԼԵԱՆ.- Ինչո՞վ կարող է աջակցել Սփիւռքը ՀՀում ՄԻԱՎ/ՁԻԱՀին հակազդման գործում:
ՍԱՄՈՒԷԼ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- ՄԻԱՎ/ՁԻԱՀին հակազդման ազգային ծրագրի իրականացման մէջ ներգրաւուած են բազմաթիւ պետական, հասարակական եւ միջազգային կազմակերպութիւններ: Ծրագրի իրականացմանն աջակցում են ՁԻԱՀի, տուբերկուլոզի եւ մալարիայի դէմ պայքարի Գլոբալ հիմնադրամը եւ մի շարք այլ կազմակերպութիւններ: ՁԻԱՀի ԿՀԿն օգնութիւն է ստացել սարքաւորումների, ենթակառուցուածքների, դեղամիջոցների, լաբորատոր եւ բժշկական նիւթերի, պարագաների ձեւով: Այնուհանդերձ, տրամադրուած միջոցները ժամանակի ընթացքում սպառւում են, սարքաւորումները՝ բարոյապէս ու ֆիզիքապէս մաշւում եւ չեն բաւարարում բոլոր կարիքները:
ՄԻԱՎ/ՁԻԱՀի կանխարգելման եւ բուժման ոլորտի առկայ ենթակառուցուածքները կարիք ունեն զարգացման, լաբորատոր սարքաւորումները՝ համալրման: Անհրաժեշտ դեղամիջոցների, բժշկական նշանակութեան ապրանքների ձեւով տրամադրուած օգնութիւնը ողջունելի կը լինի եւ կը թեթեւացնի ազգային ծրագրի բեռը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Կանխարգելման, համաճարակաբանական հսկման, բուժման ոլորտի մասնագէտները, բժիշկները եւ հոգեբանները կարիք ունեն կարճաժամկէտ վերապատրաստումների՝ միջազգային հեղինակութիւն եւ փորձ ունեցող հաստատութիւններում: Նշուած կարիքները բաւարարելուն ուղղուած՝ Սփիւռքը ցանկացած աջակցութիւն կարող է նպաստել ՀՀում ՄԻԱՎ/ՁԻԱՀի համաճարակին արդիւնաւէտ հակազդմանը: