«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
Այսօր (անցեալ Շաբաթ օր-Խմբ.) Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի հովանու տակ իր աշխատանքն սկսեց «BRIDGE ARTSAKH» տնտեսական համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանի արդիւնաբերողների եւ ձեռներէցների միութիւնը եւ «Մաստեր» միջազգային ներմիասնացման աջակցութեան կենտրոնը։ Լեռնային Ղարաբաղում որպէս համաժողովի պաշտօնական գործընկեր է հանդէս գալիս Արցախի ներդրումային հիմնադրամը։ Քննարկուող թեման է՝ «Պետութիւնը եւ բիզնէսը. երկխօսութիւնից՝ գործընկերութեան»։ Համաժողովին մասնակցութեան յայտեր են ներկայացրել աւելի քան 300 պատուիրակներ։
Համաժողովի թեման ինքն արդէն ենթադրում է հրատապութիւն եւ արտակարգ լուրջ վերաբերմունք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սոցիալ–տնտեսական հիմնախնդիրների նկատմամբ։ Հարկ է նշել, որ նման ներկայացուցչական համաժողով Լեռնային Ղարաբաղում անցկացւում է առաջին անգամ։ Իսկ դա նշանակում է, որ հետաքրքրութիւնը ԼՂՀի տնտեսական կեանքի նկատմամբ, ինչպէս նրա իշխանութիւնների, այնպէս էլ բիզնէս-շրջանների, մասնաւորապէս՝ Հայաստանի, ներկայացուցիչների կողմից անսահմանօրէն աճել է։
Յանուն արդարութեան հարկ է նկատել, որ Լեռնային Ղարաբաղի սոցիալ–տնտեսական զարգացման հարցերը նախկինում էլ գտնուել են ԼՂՀ ղեկավարութեան ուշադրութեան կենտրոնում։ Դա իր արտայայտութիւնն է գտել, ի թիւս այլոց, նաեւ ղարաբաղեան տնտեսութեան մէջ արտասահմանեան ներդրումներ ներգրաւելու գործում։ Բայց եթէ համեմատաբար վերջերս Լեռնային Ղարաբաղի կենսակարգաւորման մէջ հիմնական նպատակը կայացել է այն բանում, որ վերականգնուի պատերազմից աւերուած տնտեսական համալիրը, ապա այժմ, ԼՂՀ պետական ինստիտուտների ամրապնդմամբ, ամբողջ հասակով ծառացել է տնտեսութեան առաջընթաց զարգացումը, ներդրումային մակարդակի բարձրացումն ապահովելու հարցը։ Իսկն ասած, առանց երկարատեւ ներդրումների ոչ մի պետութիւն լիարժէք կերպով զարգանալ չի կարող։ Բացառութիւն չի կազմում եւ Լեռնային Ղարաբաղը։
Երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղը յայտնի պատճառների բերումով արտաքին աշխարհում համարուել է ռիսկի գօտի, ինչը, բնականաբար, արգելակել է արտասահմանեան ներդրումների ներհոսքը հանրապետութեան տնտեսութեան մէջ։ Այդ ճեղքուածքը մասամբ լցնում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի ամենամեայ հեռուստամարաթոնները նշանակալի չափով նպաստել են սոցիալ–տնտեսական շատ հիմնախնդիրների լուծմանը։ Թուարկենք դրանցից մի քանիսը։ Ամէնից առաջ, դա նախկինում գործնականապէս գոյութիւն չունեցած լիարժէք սոցիալական եւ արտադրական ենթակառուցուածքի, մասնաւորապէս՝ ճանապարհների, դպրոցների եւ բժշկական հիմնարկների, գազի եւ ջրատար համակարգերի եւ այլնի ստեղծումն է։ Սակայն, պէտք է խոստովանել, կապիտալի նման կարգի ներդրումները, չնայած իրենց հայրենասիրական բնոյթին, չեն կարող երկարատեւ հեռանկարում նպաստել տնտեսական համալիրի զարգացմանն ու սոցիալ–տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։ Դա էլ հասկանալի է, քանի որ տնտեսութիւնը խստապահանջ կատեգորիա է, որը ենթադրում է փոխշահաւէտութիւն եւ տնտեսական ներուժի մշտական մեծացում։ Եւ այդ պատճառով անցումային շրջանում, որի մէջ գտնւում է Լեռնային Ղարաբաղը, անսահմանօրէն աճում է պետական կառոյցների դերը ներդրումային ծրագրերի անընդմէջութեան եւ կայունութեան ապահովման գործում։
Ներկայիս տնտեսական համաժողովը, որին մասնակցում են ինչպէս Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտօնական կառոյցներ, այնպէս էլ առանձին արտասահմանեան ու հայրենական գործարարներ, նպատակ ունի շահագրգիռ անձանց ծանօթացնել ԼՂՀի բիզնէս–միջավայրի առանձնայատկութիւններին ու գրաւչութեանը, որը, պէտք է խոստովանել, չնայած արտաքին քաղաքական ասպեկտների հետ կապուած դժուարութիւններին, բոլոր անհրաժեշտ նախադրեալներն է ստեղծում ազնիւ, լիարժէք եւ փոխշահաւէտ գործարարութիւն վարելու համար։
Ամենեւին պատահական չէ, որ համաժողովում քննարկուող թեմաների ընդգրկումը չափազանց լայն է Լեռնային Ղարաբաղի տնտեսութեան համար պահանջուածութեան առումով։ Բերենք դրանցից մի քանիսը. ժամանակակից բիզնէսը, նրա խնդիրներն ու հեռանկարները, ֆինանսական գործիքները բիզնէս վարելու գործում, տրանսպորտային համակարգի զարգացումը, շինարարական ոլորտի հնարաւորութիւնները, գիւղատնտեսութեան հրատապ խնդիրները եւ այլն։
Չնայած ներկայացուած թեմաների որոշ ակադեմիականութեանը, դրանք բոլորն էլ ինչոր ընդհանրութիւն ունեն. դա քննարկումների կիրառական բնոյթն է, որը ենթադրում է համաժողովում հնչեցուած գաղափարների հետագայ գործնական իրացման միտում։ Սոսկ մնում է յուսալ, որ ներկայիս համաժողովը չի սահմանափակուի մեն–միայն հռչակումներով եւ իսկապէս կը դառնայ Լեռնային Ղարաբաղի սոցիալ–տնտեսական զարգացման նոր փուլի սկիզբը։ Ուզում ենք հաւատալ, որ ԼՂՀ տնտեսութեան մէջ կատարուած ներդրումները կարելի կը լինի լիիրաւ կերպով անուանել ներդրումներ հայրենասիրութեան մէջ։