ԳԱՅԵԱՆԷ ՄՈՒՐԱԴԵԱՆ*
Լոս Անճելըսի «Արշակ Տիգրանեան» վարժարանի շրջանաւարտների այս տարուան երկրորդ խումբը մայր հայրենիք այցելեց Յունիս 23ից Յուլիս 5:
Վարժարանի ուսուցչուհիներ օրիորդ Նանօր Մարգարեանի եւ տիկին Լուսինէ Ասատրեանի ղեկավարութեամբ, 22 շրջանաւարտներ մեծ կեանք մտնելուց առաջ երկշաբաթեայ շրջագայութեան նպատակով այցելեցին Հայաստան:
Հայրենի երկրի պատմամշակութային վայրերը չափազանց մեծ տպաւորութիւն թողեցին նրանց վրայ, յատկապէս՝ Սեւանայ լիճը, որն իր կապոյտ ջրերով ու Աղթամար թերակղզու բարձունքին թառած հնօրեայ վանքի պատկերով իրաւամբ գերեց նրանց: Նրանք հիացմունքով շրջեցին մայրաքաղաք Երեւանում, դիտեցին հայկական ճարտարապետութեան հինն ու նորը պարունակող հայակերտ Հիւսիսային պողոտան եւ Հանրապետութեան հրապարակը: Իւրաքանչիւրն իր մէջ հարազատ ու տաք մի մաս էր զգում: Նրանց կրակոտ ու կայտառ աչքերը կարծես ասում էին, թէ՝ «Այստեղ մենք տանն ենք», եւ թէ իրենց այստեղ վաղուց են սպասել:
Դէպի Արագածոտն մարզի Կարբի գիւղ ճանապարհն ընթանում է Արա լերան եւ քառագագաթ Արագածի համայնապատկերը աչքի առաջ ունենալով. չնայած «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» լեգենդի պատմութիւնը նրանց ծանօթ էր, սակայն տեսնելով լեռը եւ վերհիշելով լեգենդը ու բազում հարցերի պատասխաններ ստանալով՝ հպարտութեան զգացում ապրեցին:
Կարբի գիւղի դպրոցը 110 տարուան պատմութիւն ունի. այն արեւմտահայ գրող Վահան Թէքէեանի անունն է կրում 1989 թուականից:
Այցելութիւնը մեծ հետաքրքրութիւն առաջացրեց ամառուան արձակուրդները վայելող դպրոցի աշակերտների շրջանում. հաւաքուել էր ուսուցչական ողջ կազմը:
Դպրոցի վաստակաշատ տնօրէն Արսէն Օհանեանը հանգամանալից պատմեց պետական միջոցներով հիմնովին վերանորոգուած ու բարեկարգուած դպրոցի մասին: Խնամուած դասասենեակները այնքան հրապուրիչ թուացին, որ բոլորը դաս անելու ցանկութեամբ զբաղեցրին աթոռները: Պրն. Օհանեանը ջանասիրաբար ներկայացնում էր դպրոցի աշակերտների ուսումնական առօրեան: Յատկապէս տպաւորիչ էր ռազմական
պատրաստականութեան դասասենեակը, որը յագեցած էր նոր մեթոդական պիտոյքներով: Այստեղ ռազմական նախնական գիտելիքներ են ստանում տղաներն ու աղջիկները: «Թէքէեան»ցիները մասնակցեցին պարապմունքին: Իսկ դպրոցի համերգասրահում, ի պատիւ «Արշակ Տիգրանեան» վարժարանի շրջանաւարտներին, դպրոցի շքանշանակիր եռաձայն երգչախումբը կատարեց հայ դասական եւ ժամանակակից երգահանների ստեղծագործութիւններ:
Մթնոլորտը անմիջական ու հայկական էր, իսկ բաժանման պահը՝ մտերմիկ ու ջերմ:
* Հեղինակը Հայաստանի Թէքէեան մշակութային միութեան վարչութեան անդամ է
«ԱԶԳ»