Ադրբեջանի նախագահի անուան շուրջ օրերս առաջացած կոռուպցիոն սկանդալը միակը չի եղել: Այն նախապատմութիւն է ունեցել, որին 2003ին անդրադարձել է ադրբեջանցի լրագրող Ռասիմ Նուրիեւը՝ «Մոնիտոր»ում հրապարակուած իր յօդուածում: Ներկայացնում ենք՝ ամբողջութեամբ:
«Ադրբեջանում նախագահական քարոզարշաւը զարդարուել է եւս մէկ սկանդալով: Այս անգամ խօսքը բազմահազար միլիոնների հասնող կաշառքների մասին է, որոնք 1997-1999 թուականներին ստացել են երկրի բարձրագոյն իշխանութիւնները: Մի քանի օր առաջ Սէուլում ձերբակալուեց Շուէյցարիայի քաղաքացի Հանս Բոդմերը, ով «Ֆոն Մէյ եւ գործընկերներ» ընկերութեան աշխատակիցն է եղել:
Նա նաեւ մեր երկրում այդքան յայտնի եւ սկանդալային դարձած Վիկտոր Կոժենիի գործով առանցքային ֆիգուր (դէմք-Խմբ.) է համարւում: Բոդմերին, ով մեղադրւում է Օտարերկրեայ կոռուպցիայի հակազդման մասին օրէնքը խախտելու համար, ձերբակալել են ԱՄՆ դատական իշխանութիւնների հարցման արդիւնքում: Սպասւում է, որ որոշ անհրաժեշտ փաստաթղթային ձեւակերպումներից յետոյ Հարաւային Կորէայի իշխանութիւնները Բոդմերին կը փոխանցեն ամերիկեան արդարադատութեանը:
Այն, որ Վիկտոր Կոժենիի հետ կապուած սկանդալը վաղ թէ ուշ կը բացայայտուի, պարզ էր: Նախորդ տարուայ ողջ ընթացքում ամերիկեան արդարադատութիւնը հետեւողականօրէն փորձում էր բացայայտել այդ գործը եւ նոյնիսկ գործով անցնող հիմնական կասկածեալին էր գտել: Աւելին, երկրի բարձրագոյն ղեկավարութիւնը արտասահմանեան ճանապարհորդութիւններ չէր կատարում, իսկ Հէյդար Ալիեւին ցուցմունքներ տալուց փրկեց միայն ԱՄՆ Պետքարտուղարութիւնը՝ խնդրելով ամերիկեան դատարանին «անձեռնմխելիութիւն բարեկամ երկրի ղեկավարի համար»:
Բոդմերի ձերբակալութեան հետ մէկտեղ աղմկահարոյց սկանդալը խոշոր չափերի հասաւ: Ամերիկեան մամուլում այն արդէն ստացել է «ազերգէյթ» անուանումը, ինչպէս ժամանակին «ուոթերգէյթն» էր: Նիւ Եորքի Դաշնային դատարանը երկար ժամանակ է, ինչ հետաքննում է գործը, եւ Բոդմերի դէմ առաջադրուած մեղադրանքով սկանդալը նոր երանգներ է ստացել: Հէնց նա է եղել առանցքային ֆիգուրը, ով 1997-1999 թուականներին տասնեակ միլիոնների հասնող ԱՄՆ դոլարներով կաշառք է տուել Ադրբեջանի բարձրագոյն իշխանութիւններին՝ մեր երկրում սեփականաշնորհման գործընթացին մասնակցելու համար:
Մեր ձեռքի տակ է Օգոստոսի 5ին Բոդմերի գործով կազմած թիւ 03CR947 մեղադրականը, որը կազմել է քննիչ Մարկ Մենդելսոնը եւ ստորագրել Նիւ Եորքի շրջանային դատախազ æէյմս Կոմբին: Այդ 25 էջանոց փաստաթղթում ամենայն մանրամասնութեամբ, օրերի նշումով նկարագրւում է շուէյցարացի իրաւաբանի «կոռուպցիոն յանցաւոր գործունէութիւնը»:
Հետաքննութեան վարկածով, Հանս Բոդմերը 1990ականների վերջերին մի քանի արեւմտեան ընկերութիւնների կողմից ստեղծուած կոնսորցիումի ներկայացուցիչն է եղել: Իսկ կոնսորցիումի նպատակն էլ եղել է մասնակցել Ադրբեջանի պետական նաւթաարդիւնահանման ընկերութեան (ԱՊՆԸ) մասնաւորեցման գործընթացին եւ ձեռք բերել դրա հսկիչ փաթեթը: Այդ ընկերութիւնների որոշ մասը՝ Oily Rock Group Ltd-ն եւ Minaret Group Ltd-ն, գրանցուած են Վիրջինեան կղզիներում եւ նրանց գործունէութեան հիմնական վայրը նշուած է Բաքուն:
Սակայն մեղադրական եզրակացութեան մէջ առաւել սկանդալային է (զգայացունց-Խմբ.) «ադրբեջանական կառավարական շրջանակները» բաժինը: Այնտեղ առանց որեւէ յստակ անուն նշելու յիշատակուած են չորս բարձրաստիճան չինովնիկներ, ովքեր կաշառք են ստացել: Նրանց պաշտօնները փաստաթղթում նշուած է եղել հետեւեալ կերպ՝ «Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտօնեայ», «Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան գլխաւոր դէմք», ինչպէս նաեւ՝ «Պետգոյքի պետական յանձնաժողովի երկու բարձրաստիճան պաշտօնեայ»:
Քանի որ տեքստում նրանցից մէկը բնութագրւում է մարդ, ով Ադրբեջանում «իրաւունք ունի վերջնական որոշում կայացնել մասնաւորեցման վերաբերեալ», իսկ երկրորդը՝ «ԱՊՆԸի մասնաւորեցման գործընթացի վրայ մեծ ազդեցութիւն ունեցող», ապա պարզից էլ պարզ է, թէ ովքե՞ր են այդ մարդիկ: Աւելին, Արեւմուտքում արդէն այդ մասին բացէիբաց են յայտարարում. դրանք Ադրբեջանի նախագահ Հէյդար Ալիեւն ու նրա որդին, ԱՊՆԸի նախկին փոխնախագահ, վարչապետ Իլհամ Ալիեւն է:
Մեղադրական եզրակացութեան մէջ Ադրբեջանի ղեկավարութեանը կաշառք տալու տարբեր ձեւեր են նկարագրւում, այդ թւում միլիոնաւոր դոլարներով, այն էլ՝ կանխիկ, որոնք Ցիւրիխից Բաքու են հասցրել մասնաւոր ինքնաթիռներով, բաժնետոմսերի, թանկարժէք նուէրների եւ այլ թանկ ծառայութիւններ մատուցելու միջոցով: Նման ծառայութիւն է համարուել նաեւ այդ չինովնիկներից մէկի որդու ուսում ստանալը ամերիկեան համալսարաններից մէկում:
Ամերիկեան դատարանի որոշումը պայթեցրեց իրավիճակը: Մարդկանց շարքում, որոնց նկատմամբ մեր նախագահը կիրառում էր ազնիւ ճանապարհով փող կորզելու 100 միջոց, պէտք է լինէր մէկը, որ գնար մինչեւ վերջ: Վիկտոր Կոժենին այլ ճանապարհ չունէր, քան մինչեւ վերջ բացայայտէր այն խորամանկութեան մեխանիզմը, որտեղ ինքը յայտնուել էր:
90ականներին Ադրբեջանում յայտնուած այս չեխ ձեռնարկատէրը (Նկատի ունի Կոժենիին) արագօրէն կողմնորոշուեց, թէ ինչ պէտք է անել: Նա ընկերացաւ կառավարութեան բարձրաստիճան չինովնիկների, մասնաւորապէս՝ Հէյդար Ալիեւի ժառանգ Իլհամ Ալիեւի հետ: Աւելին, վերջինիս դստեր խնդրանքով, նա կազմակերպել է Backstreet boys ամերիկեան յայտնի խմբի այցելութիւնը Ադրբեջան:
Մասնաւոր զրոյցներից մէկի ժամանակ Կոժենին համաձայնութեան է եկել, որ իր բաքուեցի հովանաւորների աջակցութեամբ մասնակցի ԱՊՆԸի մասնաւորեցման գործընթացին: Դրա անուան տակ էլ նա կարողացաւ հարիւրաւոր միլիոն դոլարներ հաւաքել ամերիկեան տրաստային հիմնադրամներից: Այդ գումարներով նա ձեռք բերեց 2 միլիոն մասնաւորեցման կտրօն եւ 4 միլիոն արժեթուղթ, որով օտարերկրեայ ներդրողներին հնարաւորութիւն է տրւում մասնակցել մասնաւորեցման գործընթացին:
Սակայն ադրբեջանական կառավարութիւնը մտքափոխուել է եւ որոշել է չմասնաւորեցնել ԱՊՆԸ, թէպէտ Մասնաւորեցման ծրագրի համաձայն, այն պէտք է արուէր մինչեւ 2001 թուականը: Այդպիսով, Վիկտոր Կոժենիի թանկարժէք փաստաթղթերը փոշիացան: Բայց Կոժենին այդքանով չի սահմանափակուել, եւ ներդրողների խմբի հետ միասին, դատական հայցով դիմել է նիւեորքեան դատարան՝ քննութիւն անցկացնելու համար:
Ահա եւ արդիւնքը. նախագահական քարոզարշաւի նախօրէին Ադրբեջանի նախագահի երկու թեկնածուները յայտնուեցին միջազգային մեծ սկանդալի մէջ:
Հիմնական վկային ձերբակալելով՝ ամերիկեան արդարադատութիւնը հասկացնում է, որ գործընթացը վերջնական փուլ է մտնում: Տարօրինակ դրութեան մէջ է յայտնուել Սպիտակ տունը: Ամերիկայի գործադիր իշխանութիւնը արդէն իր ընտրութիւնն արել է եւ նախապատուութիւնը տուել է Ադրբեջանում նախագահի պաշտօնը հօրից որդուն անցնելուն: Եւ դա այն ամէնին հակառակ, որ ամերիկեան հասարակական կարծիքը դէմ է եղել դրան: Այժմ Սպիտակ տունը ստիպուած է բացատրել, թէ ինչո՞ւ է իր ընտրութիւնը կանգ առել այն դէմքերի վրայ, ովքեր ԱՄՆում դատական գործընթացի մէջ կարող են ներգրաւուած լինել:
Իրադարձութիւնների հետագայ ընթացքը հետեւեալ կերպ է երեւում. փորձագէտները, ովքեր գիտեն ամերիկեան արդարադատութեան սկզբունքները, ենթադրում են, որ Բոդմերը լիարժէք ցուցմունքներ կը տայ: Նրա մեղքը կատարուածի մէջ շատ քիչ է: Նրան կ՛առաջարկուի «գործարք արդարադատութեան հետ», այսինքն՝ կասկածեալին կ՛առաջարկուի համագործակցել դատարանի հետ, աւելի վտանգաւոր յանցագործին յայտնաբերելու համար:
Այն, որ մեղադրական եզրակացութեան մէջ «Ադրբեջանական կառավարական շրջանակները» բաժնում չինովնիկների յստակ անուններ չեն նշւում, խօսում է այն մասին, որ վկաներից ոչ մէկը ցուցմունք չի տուել, որ ինքն անձամբ կաշառք է տուել այդ անձանց: Բոդմերի ցուցմունքները կարող են իրավիճակն արմատապէս փոխել: Արդիւնքում, միանգամից մի քանի ադրբեջանցի քաղաքացիներ կարող են հետախուզուել ամերիկեան դատական իշխանութիւնների կողմից: Եւ եթէ նոյնիսկ դրանց շարքում իշխող ընտանիքի անդամներից չկան, ապա այդ հետախուզումը կարող է յանգեցնել նրան, որ ձերբակալուածներից որեւէ մէկը նրանց դէմ ցուցմունք կը տայ, որովհետեւ բոլորին է յայտնի, որ ադրբեջանական կոռուպցիոն համակարգի վերին մասում կանգնած են իշխող ընտանիքի անդամները: Բայց ցանկացած պարագայում, ամերիկեան արդարադատութիւնը դեռ շատ կը փչացնի Ալիեւների ընտանիքի անդամների կեանքը:
Շշմեցուցիչ է այն, թէ ինչպէ՛ս է ադրբեջանական հանրութիւնն ընդունում նման տեղեկութիւնը: Եթէ Արեւմուտքում այդ տեղեկութիւնը տեղ գտաւ հանրայայտ պարբերականներում՝ միանգամից մի քանի հրապարակումների շարքով, ապա մեր երկրում այդ փաստին անդրադարձաւ միայն ընդդիմադիր մամուլը: Թէպէտ այն փաստը, որ ֆինանսական մեքենայութիւնների մէջ մեղադրւում է Ադրբեջանի առաջին դէմքը եւ նրա հնարաւոր յետնորդը, ցոյց է տալիս, թէ ինչքա՛ն խորութեամբ է արմատներ գցել կոռուպցիայի վիրուսը ադրբեջանական հասարակութեան մէջ:
Այսօր հասարակութեան առողջ հատուածը որոշակի վճռական քայլերի է սպասում ամերիկեան արդարադատութիւնից՝ չտեսնելով ազգային խայտառակութեան խորութիւնը, որ վաղը կոռուպցիայի մէջ մեղադրանքով կարող է ձերբակալուել պետութեան ղեկավարը:
«Ազերգէյթ»ը դեռ նախնական փուլն է անցել, բայց իր խնդիրն արդէն իսկ կատարել է. ցոյց է տուել աշխարհին, թէ ինչպիսի՛ երկրում ենք մենք ապրում (նկատի ունի Ադրբեջանը) եւ ովքե՛ր են կառավարում մեր երկիրը: «Ուոթերգէյթ-ը յանգեցրեց նրան, որ նախագահ Նիքսոնը հրաժարական տուեց: Բայց այն, ինչում մեղադրւում էր Նիքսոնը, մանկական խաղեր են այն մեղադրանքի համեմատ, որում մեղադրւում են մեր երկրի ղեկավարները: Ցաւօք, մենք ուժ չունենք, իսկ նրանք՝ խիղճ, որպէսզի իրավիճակից դուրս գալու համար ելքեր գտնուեն եւ չխայտառակեն երկիրը»:
ՌԱՍԻՄ ՆՈՒՐԻԵՒ
«ՄՈՆԻՏՈՐ», 20/09/2003