«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
«Ազատ Արցախ» թերթի խմբագրի սիւնակին տակ ստորագրած Լէոնիտ Մարտիրոսեանի «Անիրական Մօտեցումների իրականութիւնը» վերնագրով այս գրութիւնը կը ներկայացնենք մեր ընթերցողներու ուշադրութեան, իբրեւ ամէնէն մօտիկ պաշտօնական դիրքորոշումը Արցախի իշխանութիւններուն:
Եւ այսպէս, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների փոխանցմամբ՝ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ներկայիս բանակցային գործընթացը տարւում է, այսպէս կոչուած՝ նորացուած Մադրիդեան սկզբունքների հիման վրայ։ Աւելին, միջնորդ երկրների ներկայացուցիչների կողմից չէ– չէ՝ ճեղքման համար իրական հնարաւորութեան յոյս էլ է յայտնւում, եւ նոյնիսկ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը բոլորովին վերջերս չի բացառել հիմնախնդրի լուծումը տեսանելի հեռանկարում։
Ի հարկէ, միջնորդների լաւատեսութիւնը չուրախացնել չի կարող, առաւել եւս՝ երբ նրանք խօսում են կարգաւորման գործընթացում բեկման հասնելու իրական հնարաւորութեան մասին։ Բայց այստեղ, որքան էլ հակասական թուայ, հէնց նրանց կողմից յայտարարուող իրականութեան իրական լինելու (բառախաղի համար ներեցէք) մասին հարցն է ծագում։ Որպէսզի յիշատակուած սկզբունքները «գործեն», այսինքն հիմք ծառայեն վերջնական լուծում որոնելու եւ, գլխաւորը՝ գտնելու համար, այլ պայմաններից բացի, ասենք՝ հիմնախնդրի բացառապէս խաղաղ լուծմանը կողմերի նուիրուածութիւնից եւ փոխզիջումների գնալու՝ նրանց պատրաստակամութիւնից բացի, պահանջւում է եւս մէկ ոչ նուազ կարեւոր պայման, այն է՝ կարգաւորման գործընթացի մասնակիցների կողմից Մադրիդեան փաստաթղթի դրոյթների համարժէք ընկալումը։ Այլ խօսքերով, նախքան վերը յիշատակուած սկզբունքների հիման վրայ պայմանաւորուել սկսելը, ե՛ւ կողմերին, ե՛ւ մոդերատորներին անհրաժեշտ է ճշգրտել, թէ ով ինչպէս է հասկանում եւ մեկնում Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկուած դրոյթների այս կամ այն ձեւակերպուածքը։ Հակառակ դէպքում մենք ռիսկ ենք անում կարապի, խեցգետնի եւ գայլաձկան մասին Կռիլովի յայտնի առակից վերցուած տեսարանի վկաները դառնալ, որոնք ցուցադրել են կողմերի ակնյայտ տարաձայնութեան դէպքում բազմաւեկտորութեան անարդիւնաւէտութիւնն ու ապարդիւնութիւնը (Իվան Կռիլովի յայտնի առակին մէջ Կարապը կառքը կը քաշէ դէպի վեր, խեցգետինը՝ ետեւ, իսկ գայլաձուկը՝ դէպի գետը, արդիւնքը կ՛ըլլայ այն, որ կառքը տեղէն չի շարժիր-Խմբ.)։
Պէտք է ասել, դրա նման մի բան, որը քաոսային բրոունեան շարժումն (աննպատակ, զիկզակ մոլեգնային շարժումներ, գլխաւորաբար փոքրագոյն իրերու-Խմբ.) է յիշեցնում, այսօր էլ մենք տեսնում ենք բանակցութիւնների ներկայիս մասնակիցների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի գործողութիւններում ու արարքներում։ Եւ դա բացատրւում է, մեր կարծիքով, ամէնից առաջ՝ բանակցութիւնների սեղանին գտնուող առաջարկութիւնները պաշտօնական Երեւանի ու Բաքուի կողմից տարբեր ձեւով հասկացուելու եւ մեկնաբանուելու հանգամանքով։ Ի դէպ, նոյնի՛սկ հայ հասարակութեան ներսում տարաձայնութիւններ կան նորացուած Մադրիդեան սկզբունքները հայ ժողովրդի համար ընդունելի լինելու հարցի վերաբերեալ։ Դա լիովին տեսանելի կերպով ցուցադրեց վերջերս Ստեփանակերտում տեղի ունեցած համահայկական համաժողովը՝ նուիրուած հայ–թուրքական յարաբերութիւններին եւ ղարաբաղեան հիմնախնդրին, որի մասնակիցների միասնական դիրքորոշումը այլընտրանքային դարձաւ Հայաստանի պաշտօնական իշխանութիւնների դիրքորոշման հանդէպ։ Բայցեւայնպէս, խօսքը հիմա դրա մասին չէ։
Խօսքն այն մասին է, թէ միջնորդները Երեւանի եւ Բաքուի հետ միասին ինչպէս են մտադիր առաջ շարժուել եւ, առաւել եւս՝ ճեղքման հասնել, եթէ բանակցող կողմերից իւրաքանչիւրը իւրովի է հասկանում առաջարկութիւնների էութիւնը։ Չխօսելով արդէն այն մասին, որ Բաքուն մինչ այժմ պարզորոշ պատասխան չի տուել այն հարցին, թէ նրա համար ընդունելի՞ են արդեօք Մադրիդեան սկզբունքները, եւ առաջուայ պէս շարունակում է հանդէս գալ ուժի դիրքից՝ սպառնալով վերսկսել պատերազմը։ Դա մի աւելորդ անգամ հաստատել են Ադրբեջանի նախագահի ելոյթները ռուսաստանեան հեռուստատեսութեամբ ու Անգլիայում՝ G8 գագաթնաժողովից յետոյ, որտեղ ուղղակիօրէն է ասուել հակամարտութեան ռազմական լուծման անթոյլատրելիութեան մասին, ինչպէս եւ Ռուսաստանի Դաշնութեան ղեկավարի հովանու ներքոյ Սերժ Սարգսեանի ու Իլհամ Ալիեւի մոսկովեան հանդիպման նախօրեակին։ Այդ ամէնն, ի հարկէ, չի ներշնչում այն լաւատեսութիւնը, որը միջնորդներն են տածում։ Բայց վերադառնանք բուն Մադրիդեան սկզբունքներին եւ Երեւանի ու Բաքուի կողմից դրանց մեկնութեանը։ Այսպէս, եթէ Երեւանը Ղարաբաղի կարգավիճակը կամքի ազատ արտայայտութեամբ որոշելու սկզբունքներով նախատեսուող հնարաւորութիւնը դիտում է որպէս պոզիտիւ (դրական-Խմբ.), ապա Բաքուն այդ դրոյթը մեկնաբանում է որպէս հանրաքուէն Ադրբեջանի ամբողջ տարածքում անցկացնելու պահանջ։ Ըստ որում, պաշտօնական Բաքուի դիրքորոշումը կայանում է այն բանում, որ ցանկացած լուծում պէտք է անպայման բացառի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի սահմաններից դուրս գտնուելու բուն հնարաւորութիւնը։ Իլհամ Ալիեւը բազմիցս յայտարարել է, որ «Ադրբեջանը երբեք անկախութիւն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղին», եւ ապրիորի (ի յառաջագունէ-Խմբ.) արդէն որոշել է, որ առաւելագոյնը, ինչին կարող է համաձայնել Բաքուն, այն է՝ Ղարաբաղին տալ «ամենալայն ինքնավարութիւն» Ադրբեջանի կազմում։ Եւ այսպիսի պայմաններում ինչպէ՞ս կարող են միջնորդները խօսել կամքի արտայայտման իրաւաբանօրէն պարտադիր ընթացակարգի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու մասին, եթէ Ալիեւը ջանում է բռնատիրել ԼՂՀ ժողովրդի իրաւունքին՝ միանձնեայ կերպով որոշելով, թէ ինչ կարելի է «տալ» Ղարաբաղին։ Բաքուի նման դիրքորոշումը նաեւ այն բանի արդիւնքն է հանդիսացել, որ կամքի արտայայտման ընթացակարգն ինքը յստակօրէն չի բնագրուած նորացուած սկզբունքներում, ինչը նրան թոյլ է տալիս միջնորդների մօտեցումը մեկնաբանել սեփական շահերի օգտին։ Այդ նոյն խառնաշփոթութիւնն է տիրում «Լեռնային Ղարաբաղ» բուն հասկացութեան հարցում, ինչն էլ իր հերթին է անորոշութիւն մտցնում այն դրոյթների հիպոթետիկ (ենթադրական) իրացման հարցում, որոնք վերաբերում են, մասնաւորապէս, զօրքերի դուրսբերմանը, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապի ապահովմանը։ Դատելով ամէն ինչից, միջնորդները Լեռնային Ղարաբաղի տակ Բաքուի փոխանցմամբ հասկանում են նախկին ԼՂԻՄը, ինչը խեղաթիւրում է հակամարտութեան էութիւնը եւ քամահրում նրա արդիւնքները։ Կարելի է շարունակել այն անկապակցուածութիւնների ցանկը, որոնք օբյեկտիւօրէն (առարկայականօրէն-Խմբ.) կը դժուարացնեն կարգաւորման գործընթացը, բայց, կարծում ենք, այսքանն էլ բաւական է։ Ստիպուած ենք սոսկ յիշեցնել միջնորդներին, որ այստեղ, ինչպէս բժշկութեան մէջ, արդիւնաւէտ բուժումը հնարաւոր է միայն ճիշտ ախտորոշման դէպքում։ Նորացուած Մադրիդեան սկզբունքների հրապարակումը, հնարաւոր է, նաեւ նպատակ է հետապնդել նախապէս շօշափել – ստուգել հասարակական կարծիքը հակամարտութեան մասնակից երկրներում։ Եթէ դա իրօք այդպէս է, ապա միջնորդներն իրենց նպատակներից մէկին արդէն ստոյգ հասել են՝ իմանալով Ղարաբաղի բնակչութեան կարծիքը։ Այդ կարծիքը ամենայն որոշակիութեամբ եւ գործնականում հասարակութեան բոլոր կառոյցների կողմից (ե՛ւ իշխանական, ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ ոչ կառավարական) ձեւակերպուել է սկզբունքների՝ վերջերս տեղի ունեցած քննարկումների ընթացքում։ Իսկ այդ կարծիքը կայանում է այն բանում, որ յիշատակուած սկզբունքները համահունչ են Ադրբեջանի դիրքորոշմանը եւ հենց այդ պատճառով ԼՂՀի համար անընդունելի են։ Բայց ամենագլխաւորն այդ կարծիքի մէջ կայանում է հետեւեալում. Լեռնային Ղարաբաղը ագրեսիւ (նախայարձակ, յարձակողապաշտ-ԽՄԲ.) Ադրբեջանի դէմ դաժան պայքարի արդիւնքում պաշտպանել է անկախ պետականութիւն ունենալու իր իրաւունքը, եւ հիմա հարցը այդ կարգավիճակի միջազգային իրաւաբանական ճանաչման մէջ է միայն։ Անկախ Բաքուի ֆանտաստիկ (երեւակայածին, անհաւատալի-Խմբ.) ցանկութիւններից եւ Երեւանի դիւանագիտական ռեւերանսներից (ապշեցնող քայլերէն-Խմբ.)։