ՊԱՔՈՒ.- Ատրպեճանական մամուլի գործակալութիւնը կը հաղորդէ, որ Ամերիկայի մէջ գործող ատրպեճանական եւ թրքական շարք մը կազմակերպութիւններ նամակ մը յղած են ԱՄՆի նախագահ Պարաք Օպամային՝ իրենց զօրակցութիւնը յայտնելով՝ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ արդար խաղաղութիւն մը ապահովելու ամերիկեան կառավարութեան ջանքերուն:
Նամակը ստորագրուած է ԱՄՆի Ազերի ցանցի, Ամերիկայի Թրքական միութեանց համախմբումի, Ատրպեճանա-ամերիկեան խորհուրդի եւ թուրք-ատրպեճանական շարք մը այլ կազմակերպութիւններու կողմէ:
«Անցեալ տարուան ռուս-վրացական ճակատումը շեխտակի դարձուց Հարաւային Կովկասի մէջ առկայ պատերազմի սպառնալիքը, որ կը բխի անլոյծ մնացած հակամարտութիւններէ, որոնք ծնունդ առած են վերջին քսան տարիներուն՝ իբրեւ հետեւանք Խորհրդային միութեան փլուզման: Վերջերս, քանի մը իրանցի պաշտօնատարներ բացայայտօրէն սպառնալիքներ կարդացին Ատրպէյճանի դէմ, որովհետեւ ան Պաքուի մէջ հիւրընկալած էր Իսրայէլի նախագահ Շիմոն Փերէզը: Նաեւ, ՄԱԿի չորս բանաձեւեր, որոնք կը պահանջեն ատրպեճանական գրաւուած տարաքծներէն հայկական ուժերու հեռացումը շատ քիչ բան կրցած են իրագործել տեղահանուած մէկ միլիոն ատրպէյճանցի փախստականներուն համար: Այս բոլորը հրատապ կը դարձնեն միջազգային հիմնական սկզբունքներու եւ մարդկային իրաւունքներու հիման վրայ կայուն խաղաղութեան հասնելու հարցը, որուն Դուք ալ անդրադարձած էք Ձեր վերջին յայտարարութեան մէջ, ուր կը խօսիք «Ղարաբաղեան հակամարտութեան մնայուն եւ դիմացող լուծումի մը մասին»», գրուած է նախագահ Օպամային ուղղուած նամակին մէջ:
Նամակը կը գնահատէ խաղաղութեան բանակցութիւններուն ԱՄՆի «յաւելեալ նեցուկը» եւ Ռուսիոյ «աճող մասնակցութիւնը», որոնց իբրեւ հետեւանք, Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահներու հանդիպումէն ետք, որոշ «թափ» մը ակներեւ դարձած է:
Նշենք, որ ատրպեճանական որոշ աղբիւրներ, ազերի ու թուրք կազմակերպութիւններու շարքին հաղորդած են, թէ հրէական կազմակերպութիւններ եւս իրենց ստորագրութիւնը դրած են այս նամակին տակ: Սակայն այս իրողութիւնը կարելի չեղաւ հաստատել:
Ադրբեջանն օգտագործում է հրեա ժողովրդին ու Իսրայելի անունը Հայաստանի դեմ
Ադրբեջանը կանխամտածված ներքաշում է Իսրայելին եւ աշխարհի հրեա հանրությանը Հայաստանի եւ հայկական սփյուռքի դեմ անհեթեթ եւ հրեականության շահերին որեւէ կերպ չառնչվող տեղեկատվական հակամարտության մեջ: Մասնավորապես, ադրբեջանական «1news.az» կայքն այսօր «Ադրբեջանական, թուրքական եւ հրեական լոբբիստական կազմակերպությունները դիմել են Բարաք Օբամային» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում ներկայացրել է մի շարք կազմակերպությունների ստորագրած հակահայկական դիմումի տեքստը:
«Հրեական սփյուռքի կազմակերպությունների» շարքում, ամենայն հավանականությամբ, նկատի է առնվել Կովկասի հրեաների մշակութային կենտրոնը Cultural Center of Caucasus Jews (CCCJ): Համենայն դեպս, հրեական պատկանելություն ենթադրող որեւէ այլ կազմակերպություն, մենք այդ ցանկում չգտանք:
Միաժամանակ, ինչպես NEWS.am-ին փոխանցեց Հայաստանի հասարակական ոլորտի ներկայացուցիչը, որը սերտ կապեր է պահպանում Հարավային Կովկասի, այդ թվում՝ Ադրբեջանի, հասարակական կազմակերպությունների հետ, Կովկասի հրեաների մշակութային կենտրոնը տեղակայված է Բաքվում եւ ընդգրկում է Ադրբեջանի մայրաքաղաքի մոտ մեկ տասնյակ բնակիչների՝ հրեաների կամ խառնածին՝ հրեա-ադրբեջանցիների:
«Օբամային ուղղված նամակը մաքուր տեղեկատվական բլեֆ է: Հրեական ոչ մի կազմակերպություն դա չի ստորագրել: Հրեաները, առավել եւս այդ համայնքի ազդեցիկ ներկայացուցչներն իրենց հարցերն ունեն Օբամային: Իսկ Ադրբեջանը տանը կառույցներ է բուծել, որ օգտագործի Իսրայելի անունը, հանդես գա հրեա ժողովրդի անունից՝ սեփական նպատակներին հասնելու համար»,- նշեց գործակալության զրուցակիցը, որը ցանկացավ գաղտնի մնալ:
Հիշեցնենք, որ մի շարք ադրբեջանական եւ թուրքական սփյուռքի կազմակերպություններ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակ էին հղել, որում Հարավային Կովկասի իրավիճակին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր էին բարձրացրել:
Այդ նամակը այսպես ասած, «համարժեք» պատասխանն էր Ամերիկայի հայկական համագումարի նամակի, որ հղվել էր ամերիկյան առաջնորդին՝ Թուրքիայի քաղաքականությանը գնահատական տալու խնդրանքով, եւ ըստ նամակի հեղինակների՝ Թուրքիան չի պատրաստվում կատարել «Ճանապարհային քարտեզի» պահանջները: Մասնավորապես, Ամերիկայի հայկական լոբբին վստահ է, որ Թուրքիան խուսափում է իր պարտավորություններից՝ հայ-թուրքական մերձեցումը կապելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ:
http://news.am/am/news/2084.html