ԱՐՏԱԿ ՄՈՒՐԱԴԵԱՆ
Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտօնը հանրապետութեան բարձրագոյն պաշտօններից է: Նրա հիմնական առաքելութիւնն աշխատակազմի գործունէութեան ղեկավարումն ու կազմակերպումն է: Բայց՝ ոչ միակը: Այս պաշտօնը զբաղեցնող անձն ունի նաեւ գործադիրի ու տարածքային կառավարման մարմինների գործունէութեան վրայ ազդելու լծակներ: Մասնաւորապէս, նա համակարգում է նախագահի վերահսկողութեան ծառայութեան եւ գլխաւոր ռազմական տեսչութեան գործունէութիւնը: Այստեղ աւելորդ է նկարագրել այն դերը, որն ունի վերահսկողութեան ծառայութիւնը հանրապետութեան սոցիալ-տնտեսական գործընթացների վրայ: Իսկ գլխաւոր ռազմական տեսչութիւնը վերահսկում է պետութեան կարեւորագոյն օղակը՝ բանակը: Բացի այդ, նախագահի աշխատակազմի ղեկավարն իրաւունք ունի մասնակցելու կառավարութեան նիստերին, այդ թւում՝ դռնփակ: Սովորաբար այս պաշտօնը զբաղեցնող պաշտօնեան մշտապէս մասնակցում է գործադիրի աշխատանքներին եւ արդիւնքները ներկայացնում հանրապետութեան նախագահին:
Նախագահական նստավայրի երկրորդ դէմքը օժտուած է նաեւ տարբեր պետական օղակների վրայ ազդելու գործուն լծակներով: Օրինակ վերահսկում է նախագահի հրամանագրերի, կարգադրութիւնների կատարման ընթացքը, թերացումներ յայտնաբերելու դէպքում տալիս համապատասխան յանձնարարականներ եւ հրահանգներ: Բացի այդ, նախագահի աշխատակազմի ղեկավարը նաեւ իրաւունք ունի պետութեան տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներից ու պաշտօնեաներից պահանջելու փաստաթղթեր եւ անհրաժեշտ նիւթեր: Այս պաշտօնեան կարող է առաջարկներ փոխանցել կառավարութեանը եւ վարչապետին, յանձնարարականներ տալ նախարարներին, տարածքային ու հանրապետական կառավարման մարմինների ղեկավարներին: Ճիշդ է, այս գործառոյթով նա օժտւում է միայն նախագահի յանձնարարականով, բայց ինքը՝ լիազօրութիւնն էական լծակ է գործադիրի հետ յարաբերութիւնները կառուցելու ժամանակ:
Սակայն սրանք չեն այս պաշտօնի իրական բնորոշիչները: Գաղտնիք չէ, որ մեր իրականութիւնում գրեթէ օրինաչափութեան է հասնում օրէնքներով հաստատուած պաշտօնական լիազօրութիւնների եւ տուեալ պաշտօնեայի իրական ազդեցութեան միջեւ ահռելի տարբերութեան առկայութիւնը:
Իրականում աշխատակազմի ղեկավարը համարւում է հանրապետութեան առաջին դէմքին ամենամօտ կանգնած պաշտօնեաներից, ոչ միայն ի պաշտօնէ, այլեւ միջանձնային յարաբերութիւնների առումով՝ իր բոլոր առաւելութիւններով եւ թերութիւններով հանդերձ: Անցած տարիների փորձը ցոյց է տալիս, որ առաւելութիւնները կարծես թէ աւելի շատ են…
Այս պաշտօնը զբաղեցրած Ալիք Յարութիւնեանը ներկայում Հանրային հեռուստառադիոընկերութեան խորհրդի նախագահն է, Արմէն Գէորգեանը՝ փոխվարչապետ: Ժամանակին, ճիշդ է, կարճ ժամանակով, բայց նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտօնն է զբաղեցրել նաեւ գործող նախագահը՝ Սերժ Սարգսեանը: Ի հարկէ, ինչպէս մեր իրականութեան միւս ոլորտներում, այստեղ նոյնպէս լինում են բացառութիւններ: Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտօնը լքելուց յետոյ, Արտաշէս Թումանեանը այդպէս էլ պետական որեւէ բարձր պաշտօն չզբաղեցրեց: Նրան հնարաւորութիւն չընձեռուեց նաեւ ստեղծել սեփական կուսակցութիւնը:
Աշխատակազմի ղեկավարի պաշտօնի կարեւորութիւնը մատնանշելու համար ընդգծենք, որ հանրապետութեան Անվտանգութեան խորհրդի անդամների սահմանափակ կազմում ընդգրկուած է նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Նկատենք, որ այս պաշտօնին չի տրւում նաեւ քաղաքական բովանդակութիւն, չնայած այն համարւում է քաղաքական պաշտօն: Այս աթոռը զբաղեցնողները երբեք հանդէս չեն եկել քաղաքական որեւէ դիրքորոշմամբ, յաճախ էլ ընդհանրապէս քար լռութիւն են պահպանել:
Արեւմտեան աշխարհի երկրներում պատկերն այլ է: Այստեղ նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդիսանում է նախագահի եւ իշխող քաղաքական ուժի գաղափարախօսութեան կրողն ու մարմնաւորողը:
ԱՄՆի նախագահի աշխատակազմի ղեկավարն ակտիւ դերակատարութիւն ունի նախագահի գործունէութեան մէջ: Նրա հիմնական գործառոյթը նախագահի այցերը եւ հանդիպումները կազմակերպելն ու նախագահի կապը կոնգրէսի հետ ապահովելն է: Այս պաշտօնը զբաղեցնողին տրւում է որոշակի մարտավարութեան եւ քաղաքական գծի ուղղուածութեան կրողի իմիջ: Այսինքն՝ նա համարւում է ԱՄՆ նախագահի որդեգրած քաղաքական գծի առաջամարտիկը: Այսպէս, 2006 թ.ի Մարտի 28ին æորջ Բուշի աշխատակազմի ղեկավար Էնդրիւ Քարդը հեռացաւ իր պաշտօնից միայն նրա համար, որ նախագահը որոշել էր իր քաղաքական վարքագծում փոփոխութիւններ մտցնել:
ԱՄՆը լուրջ նշանակութիւն է տալիս պետական այս ինստիտուտին: Երկրի փոխնախագահը նոյնպէս ունի աշխատակազմի ղեկավար՝ բաւականին լայն լիազօրութիւններով: 2007թ.ին մեծ դատական գործընթաց սկսուեց նրանցից մէկի՝ Լիւիս Լիբի նկատմամբ, որը մեղադրւում է Իրաքում ԱՄՆ դեսպանատանը աշխատող գաղտնի գործակալի անուան մասին մամուլում արտահոսքի պատճառ լինելու մէջ: Նրան սպառնում է երկարատեւ ազատազրկում եւ 1.3 միլիոն դոլարի տուգանք:
Գերազանց երեւակայութիւն ունենալու դէպքում էլ դժուար է պատկերացնել, որ Հայաստանում հնարաւոր է նման գործընթաց: Մեզ մօտ ամենավատը, որ կարող է սպառնալ նման պաշտօնեային, մեկուսացումն է քաղաքական գործընթացներից:
Ռուսաստանի Դաշնութիւնը (ՌԴ) նոյնպէս նշանակութիւն է տալիս այս պաշտօնին: Ինչպէս Հայաստանում, այնպէս էլ ՌԴում գործող նախագահները ժամանակին զբաղեցրել են աշխատակազմի ղեկավարի պաշտօնները: Ռուսաստանում նոյնպէս Անվտանգութեան խորհրդի 12 անդամների թւում կայ նախագահի աշխատակազմի ղեկավարը: Պատահական չէ, որ Դմիտրի Մեդվեդեւի՝ նախագահի պաշտօնը ստանձնելուց յետոյ կատարած առաջին կադրային քայլը եղաւ իր աշխատակազմի ղեկավարի նշանակումը: Այս տարուայ Մայիսին այդ պաշտօնում նշանակուեց Սերգեյ Նարիշկինը, որը համարւում է սանկտպետերբուրգեան կենսագրութիւն ունեցող պաշտօնեայ: Հայաստանի եւ ՌԴի միջեւ յաճախ են կազմակերպւում այս պաշտօնեաների մակարդակով հանդիպումները: Մասնաւորապէս, 2005 թ.ին Դ. Մեդուեդեւը հէնց այս պաշտօնում հիւրընկալուեց Արտաշէս Թումանեանին:
Ժամանակն է, որպէսզի Հայաստանում նոյնպէս նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտօնին տրուի ինստիտուցիոնալ բնոյթ ու որոշակի գործառոյթներ: Վերջին տարիներին նրան տրուած միակ յաւելեալ գործառոյթն այն է, որ նա ի պաշտօնէ համակարգում էր «Լինսի» հիմնադրամի ծրագրերը, ինչը, սակայն, Ա. Գէորգեանն իր հետ տարաւ կառավարութիւն: Եւ ընդհանրապէս, հանրապետութեան հիմնական պաշտօնների քաղաքական իմաստաւորումն աւելի կանխատեսելի կը դարձնէր կադրային մարտավարութիւնը, եւ քաղաքական գործընթացներն էականօրէն կը զարգանային նպաստելով դրանց նկատմամբ հասարակութեան վստահութեան մեծացմանը: