ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
Թերթը չի կարող արձակուրդի գնալ։ Հիմնականում այս նիւթն էր արծարծւում «Ասպարէզ» օրաթերթի Օգոստոստի 11ի համարի «Արձակուրդի օրերուն» խորագրով յօդուածում, որի հրատարակման համար յայտնում եմ իմ շնորհակալութիւնն ու ուրախութիւնը։
Ուղիղ երկու տարի առաջ, 2007 թուականի Օգօստոսի 28ի համարում լոյս տեսած «Գնում ենք արձակուրդի» խորագրով իմ յօդուածում, նոյն հարցն էի բարձրացրել՝ հայաստանեան ու սփիւռքահայ մի շարք թերթերի հրատարակումը ամառուան ընթացքում դադարեցուելու կապակցութեամբ։
Ինչպէս նշել էի այդ յօդուածում, թերթի աշխատակիցները միշտ էլ կարող են տարուան ցանկացած եղանակին, խմբագրութեան արտօնութեամբ արձակուրդի գնալ (դա իրենց աշխատանքային ու մարդկային իրաւունքն է), բայց ո՛չ թերթը։ Լինելով զանգուածային լրատուամիջոց՝ մամուլը հասարակութեան առջեւ կրում է լուրջ պատասխանատուութիւն՝ մշտապէս պատնէշի վրայ մնալու եւ ընթերցողների հետ հետեւողականօրէն հաղորդակցելու յանձնառութեամբ։ Մամուլի, ձայնասփիւռի, հեռուստատեսութեան, մի խօսքով՝ զանգուածային լրատուամիջոցների դերը ես նմանեցնում եմ այնպիսի էական ծառայութիւնների ու սպասարկութիւնների դերին, ինչպիսիք են՝ հիւանդանոցները, ոստիկանութիւնը եւ ջրամատակարարման ու ելեկտամատակարարման հաստատութիւնները։ Բժիշկները, բուժքոյրերը, հիւանդապահները կարող են տարուայ ընթացքում հերթով արձակուրդի գնալ, բայց ո՛չ հիւանդանոցը։ Ոստիկանները՝ նմանապէս, բայց ո՛չ ոստիկանութիւնը։ Ահա թէ ինչու, Լոս Անջելոսում լոյս տեսնող «Los Angeles Times», Ուաշինգտոնում հրատարակուող «Washington Post», Փարիզում հրատարակուող «Le Monde», Լոնդոնում հրատարակուող «Guardian» եւ նման շատ ու շատ միջազգային թերթեր, կառչած մնալով իրենց պատասխանատուութեան լրջութեանը՝ երբեք ու երբեք չեն մտածում արձակուրդի գնալ եւ երկու կամ աւելի շաբաթով դադարեցնել թերթի հրատարակումը։ Իսկ դա չի նշանակում, որ այդ թերթերի աշխատակիցները, ընդհուպ մինչեւ խմբագիրները, արձակուրդի չեն գնում։ Գնո՛ւմ են, քանի որ բոլորս էլ երկար աշխատելուց յոգնում ենք եւ կարիքն ենք զգում վերաթարմանալ, արձակուրդի գնալ եւ կամ առնուազն տանը մնալ եւ աշխատանքի չներկայանալ։ Դա բնական երեւոյթ է։
Այդուամենայնիւ, հայկական իրականութեան մէջ դժբախտաբար պատկերը տարբեր է։ Երեւանում, արդէն իսկ որոշ թերթեր վայելում են «ամառային արձակուրդը», այսինքն՝ լոյս չեն տեսնում։ Պարզապէս մէկտողանոց գրութեամբ եւ առանց ընթերցողների ներողամտութիւնը խնդրելու, յայտարարել են, թէ եկող օրերին լոյս չեն տեսնելու, քանի որ թերթի աշխատակազմը գնում է արձակուրդի…։ Նոյնն են արել նաեւ սփիւռքահայ որոշ թերթեր, որոնք եւս գնացել կամ որոշել են առաջիկայ օրերին գնալ մէկ կամ երկու շաբաթուայ արձակուրդի…։ Այդ թերթերի պատասխանատուներից ոմանք իրենց քայլը արդարացնում են նրանով, թէ՝ դա ինչ որ չափով հաւասարակշռում է նաեւ թերթի նիւթական բացը։ Այսինքն՝ այդպիսով դրամ է խնայւում։
Հաստատելով հանդերձ, որ գտնւում ենք տնտեսական խիստ մտահոգիչ ու դժուարին պայմաններում, չեմ կարծում, որ հայկական որեւէ թերթի մէկ կամ երկու շաբաթուան լոյս չտեսնելը կարող է մեծապէս նպաստել տնտեսական իրավիճակի բարելաւմանը կամ խոշոր խնայողութիւն ապահովել թերթի համար։ Ի դէպ, հայկական թերթերը, մանաւանդ Սփիւռքում, ե՞րբ են տնտեսական բարւոք վիճակ ունեցել. մշտապէս նիւթական բաց արձանագրելով՝ մաքառել ու տառապել են, իսկ եթէ կարողացել են գոյատեւել, ապա դա եղել է ի գին բազում զոհողութիւնների ու նուիրաբերումների։ Հիմա էլ, քիչ թէ շատ, նոյնն է կացութիւնը։ Շատ բան չի փոխուել։
Իսկ ինչ վերաբերում է ընթերցողներին, ապա նրանցից շատերը տարուայ միւս բազմազբաղ եղանակների համեմատութեամբ, ամառուայ ընթացքում աւելի շատ ազատ ժամ են ունենում թերթելու օրուայ լրագրերը եւ կարդալու տպագրուող յօդուածները։ Հետեւաբար, ամառուայ ընթացքում թերթերի էջերը կարող են նոյնչափով յագեցուած լինել բազմազան յօդուածներով ու նիւթերով, որչափով որ յագեցուած են լինում տարուայ միւս եղանակներում։ Այլ խօսքով, պատասխանատուութեան գիտակցութեամբ հրապարակ իջած թերթի համար դադար ու արձակուրդ չի կարող լինել։
Ահա թէ ինչու, շնրհակալութեամբ ու ուրախութեամբ եմ ողջունում «Ասպարէզ»ի այն յայտարարութիւնը, թէ՝ «Յարգելով ընթերցողներուն ու բաժանորդներուն շարունակականօրէն ծառայելու իր պարտաւորութիւնը», թերթը որոշել է ամառուայ նոյնիսկ ամենատօթ ու այրող օրերին «ներկայանալ իր ընթերցողներուն՝ ջանալով պահել նաեւ էջերու նոյն ծաւալը»։