Ձեր ուշադրութեան կը յանձնենք ճանչցուած քաղաքագէտ եւ վերլուծաբան, յաճախ վիճելի կեցուածքներու տէր ու մեկնաբանութեանց հեղինակ Իգոր Մուրադեանի՝ յատուկ «Իրաւունք de facto» թերթի համար կատարած հարցազրոյցը: Մուրատեանի զրուցակիցը Սանկտ Փեթերսպուրկ ապրող փիլիսոփայական գիտութիւններու թեկնածու, «Թոլիշ» թերթի գլխաւոր խմբագիր Ֆարմոնի Ֆարհադդին Աբոսզօդան է թալիշական ազգային շարժման առաջնորդներէն մէկը:
Ստորեւ այս զրոյցի բնագիրը ամբողջութեամբ՝ արտատպուած «Լրագիր» գործակալութեան կայքէն:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Պարոն Աբոսզօդա, գոյութիւն ունի՞, Ձեր կարծիքով, ձեւաւորուած թալիշական ազգային շարժում իր ծրագրով եւ կազմակերպական կառոյցներով:
ՖԱՐՄՈՆԻ ՖԱՐՀԱԴԴԻՆ ԱԲՈՍԶՕԴԱ (ՖՖԱ).- Թալիշական շարժումը ձեւաւորուել է արդէն վաղուց եւ ունի իր կազմակերպական կառոյցներն ինչպէս բուն Ադրբեջանում, այնպէս էլ նրա սահմաններից դուրս: Բայց այստեղ գոյութիւն ունեն որոշ նրբերանգներ, որոնք արժանի են ուշադրութեան: Խնդիրն այն է, որ, խօսելով շարժման մասին, շատերը ենթադրում են, թէ այն քաղաքական կազմակերպութիւն է՝ յստակ ուրուագծուած կառուցուածքով: Այսինքն քաղաքական կազմակերպութիւն նշանակում է մարդկանց խումբ, ովքեր որոշակի պարբերականութեամբ հաւաքւում են ինչ-որ շինութիւնում եւ իրականացնում որոշակի կազմակերպական կամ այլ աշխատանք: Ինչն էլ շատ ձեռնտու կը լինէր Ադրբեջանի պատժիչ մարմիններին, որոնց վերաբերմունքը թալիշական շարժման նկատմամբ լաւ յայտնի է, եւ դա, ի հարկէ, կը հեշտացնէր նրանց նկատմամբ վերահսկողութեան հնարաւորութիւնը:
Ելնելով դրանից՝ մենք ստեղծեցինք իր բնոյթով «անանուն շարժում», որի անդամներին հնարաւոր չէ պարզել: Այդ շարժումը կոչւում է «թալիշական ազգային շարժում», որը վերջին տարիների ընթացքում յաջող գործունէութիւն է ծաւալում Ադրբեջանի տարածքում ու նրա սահմաններից դուրս: Մինչ օրս Ադրբեջանի ազգային անվտանգութեան նախարարութեան աշխատակիցներն ամէնուր որոնում են այդ շարժման անդամներին եւ ոչ մի կերպ չեն կարողանում գտնել: Այդ իմաստով ուսուցողական էր իմ զրոյցը նրանց հետ հերթական հարցաքննութեան ժամանակ:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Դուք «Շաւնիշտ» թերթում հրապարակել էք Թալիշական ազգային շարժման (ԹԱՇ) յայտարարութիւնը, որի տակ ստորագրել է շարժման վարչութիւնը: Ո՞վ է հանդիսանում վարչութեան անդամ:
ՖՖՀ.- Չգիտեմ:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Ինչպէ՞ս չգիտէք: Եթէ նոյնիսկ Դուք չգիտէք, ապա ո՞վ գիտի:
ՖՖՀ.- Թալիշական ազգային շարժման գաղափարն իմն է, եւ նրա բոլոր փաստաթղթերը գրել եմ ես անձամբ: Սակայն այդ շարժումը գրանցում է ստացել Հոլանդիայում, այդ պատճառով ես տեղեակ չեմ, թէ ում անունն է արձանագրութեան մէջ:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Իսկ ովքե՞ր են այդ շարժման մասնակիցները, որի մասին Դուք խօսում էք:
ՖՖՀ.- Դա անանուն շարժում է, ուր յայտնի են միայն մի քանիսի ազգանունները: Մարդիկ, ովքեր ընդունակ են պաշտպանելու իրենց ցանկացած պայմաններում: Իսկ մնացածներին կարող էք որոնել, խնդրեմ, գուցէ ինչ-որ մէկին գտնէ՞ք:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Իսկ ինչպէ՞ս էք դուք ձեր ուժերի ստուգատես անցկացնում:
ՖՖՀ.- Լաւ հարց է: Ինքնստինքեան մենք պարբերաբար մոնիտորինգ ենք անցկացնում՝ մեր շարժման ուժերը ճշդելու համար:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Կոնկրէտ (աւելի յստակ-խմբ.) ինչպէ՞ս:
ՖՖՀ.- Ասենք՝ իշխանութիւնները թոյլ են տալիս հերթական յիմարութիւնը, եւ դա մեզ համար դառնում է իսկական մոնիտորինգ: Օրինակ, երբ ես ժամանեցի հայրենիք, իշխանութիւնները ցանկացան հանրահաւաք կազմակերպել իմ դէմ: Այդ հանրահաւաքին՝ իմ հայրենի Լիկում, մասնակցեց ընդամէնը 24 մարդ, հիմնականում կրթութեան եւ առողջապահութեան տեղական համակարգերի չինովնիկներ (պաշտօնեաներ-խմբ.): Իսկ Լանկոնում հանրահաւաքի «դուրս եկաւ» միայն 16 մարդ: Այդպէս մենք կարողացանք ստուգել մեր ուժերը եւ հասկանալ, որ թալիշներն աջակցում են մեր շարժմանը:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Սակայն ի՞նչ շարժում է դա, որի վարչութեան անդամներին նոյնիսկ դուք չէք ճանաչում:
ՖՖՀ.- Ես Ձեզ չեմ հասկանում: Եթէ Դուք վստահ էք, որ նման շարժում չկայ, ապա հանգիստ թողէք մեզ:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Բայց պրոբլեմը (խնդիրը-խմբ.), այնուամենայնիւ, գոյութիւն ունի:
ՖՖՀ.- Եթէ Դուք պրոբլեմ ունէք, նշանակում է շարժումն էլ գոյութիւն ունի: Ցաւօք, վերջին տարուայ ընթացքում ԹԱՇն աստիճանաբար յայտնուեց չգոյութեան մէջ եւ ներկայումս գտնւում է ազդեցութեան գործակալների լիարժէք վերահսկողութեան ներքոյ: Այդպիսին ենք մենք համարում թալիշական շարժման այն նախկին ակտիւիստներին (գործիչներուն-խմբ), որոնց գործողութիւններից որոշակիօրէն երեւում է յատուկ ծառայութիւնների կողմից նրանց կառավարուելու հանգամանքը: Այդպիսի գործողութիւնների արդիւնքում ԹԱՇն այսօր, գործնականում, ինքնամեկուսացուած է: Հաշուի առնելով դա, մենք այս տարուայ մայիսին ստեղծեցինք նոր կազմակերպութիւն՝ «Թալիշի վերածննդի շարժման» կազմկոմիտէ: Այս կազմակերպութեան ծրագիրն ու կանոնադրութիւնն արդէն պատրաստ են եւ ակտիւ (աշխոյժ-խմբ.) քննարկւում են մեր համախոհների շրջանում: Մօտ ժամանակներս մենք պատրաստւում ենք անցկացնել հիմնադիր կոնֆերանս (խորհրդաժողով-խմբ.):
Գոյութիւն ունեն նաեւ թալիշական այլ կազմակերպութիւններ: Մասնաւորապէս, թալիշական մշակոյթի վերածնման միջազգային ֆոնդը (հիմնադրամը-խմբ.), որը բաւականին յաջողութեամբ լուծում է իր առջեւ դրուած խնդիրները: Կան կազմակերպութիւններ թալիշական սփիւռքում, որոնք իրագործում են իրենց լոկալ (տեղական, տեղայնական-խմբ.) նպատակները: Մէկ տարի առաջ Մոսկուայում ստեղծուեց «Թալիշական սփիւռք» հասարակական կազմակերպութիւնը: Ցաւօք, այն թէկուզ գտնւում է Մոսկուայում, բայց նրա ղեկավարութեան անհետեւողական գործողութիւնները երբեմն զարմացնում են եւ մեզ իրաւունք տալիս ենթադրելու, որ այդ կազմակերպութիւնը կառավարում են այն նոյն ազդեցութեան գործակալները, ովքեր ինքնամեկուսացման յանգեցրին ԹԱՇը:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Ինչպիսի՞ն է թալիշական շարժման դերն Ադրբեջանի հասարակական-քաղաքական կեանքում, որքանո՞վ են դրական այդ գործունէութեան արդիւնքները միջազգային բեմահարթակում:
ՖՖՀ.- Չնայած Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների բոլոր ջանքերին, թալիշական շարժումը զարգանում է օրէցօր: Վերջին տարիներին մենք բուն Ադրբեջանում հրատարակել ենք տասնեակ թալիշերէն գրքեր: Անցեալ տարի լոյս տեսաւ ռուս-թալիշերէն երկհատոր բառարանը, որը ներառում է 82 հազար բառ: Այսօր ես աւարտել եմ աշխատանքը թալիշերէն-թուրքերէն բառարանի կազմման վրայ, աշխատում ենք նաեւ թալիշերէնի քերականութեան դասագրքի ստեղծման ուղղութեամբ, ինչպէս նաեւ ռուս-թալիշերէն զրուցարանի եւ «Թալիշական լեզուն նկարներում» դասագրքի վրայ: Օրերս լոյս կը տեսնի իրանցի գիտնական Խ. Ահմեդիի «Թալիշներ» գիրքը ռուսերէն: Մենք ստեղծել ենք նաեւ էլեկտրոնային գրադարան, որ կազմուած է թալիշերէն գրքերից եւ թալիշ ժողովրդին նուիրուած պարբերականներից: Խոչընդոտ է հանդիսանում ֆինանսական միջոցների անբաւարարութիւնն այս աշխատանքների թափը մեծացնելու համար:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հասարակական-քաղաքական կեանքին, ապա ինչպէս պաշտօնական իշխանութիւնները, այնպէս էլ տխրահռչակ ընդդիմութիւնն այնպիսի կեցուածք են ընդունել, թէ չեն նկատում մեզ: Թալիշները բացարձակապէս մեկուսացուած են երկրի քաղաքական եւ հասարակական կեանքի մասնակցութիւնից, մեզ պաշտօնապէս արգելուած է ստեղծել քաղաքական եւ այլ կազմակերպութիւններ ազգային հիմքի վրայ: Թալիշները կարող են մասնակցութիւն ունենալ միայն այլ քաղաքական կուսակցութիւնների ու կազմակերպութիւնների մէջ, մինչդեռ երկրում չկայ ոչ մի կազմակերպութիւն, որը պաշտպանէր ոչ թուրքական ծագում ունեցող ժողովուրդների իրաւունքներն այն դէպքում, երբ ինչքան ուզէք պանթուրքական կազմակերպութիւններ կան: Սակայն ընտրութիւնների ժամանակ նրանք, միեւնոյնն է, հարկադրուած են լինում դիմել մեզ, ինչպէս դա տեղի ունեցաւ 2003ին: Այն ժամանակ Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցութիւնների գրեթէ բոլոր ղեկավարներն աշխատում էին համագործակցել մեզ հետ:
Միջազգային բեմահարթակներում մենք կարողացանք անել գլխաւորը համաշխարհային հանրութեան ուշադրութեանը ներկայացնել ճշմարտութիւնը թալիշների մասին եւ ստիպել միջազգային կազմակերպութիւններին լրջօրէն զբաղուել թալիշական հարցով: Ափսոս, որ աշխարհն այսօր աւելի անհանգիստ է էներգետիկ պրոբլեմներով (ուժանիւթի խնդիներով-խմբ.), քան ժողովուրդների ճակատագրով:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Արդեօք թալիշական շարժման գաղափարներն աջակցութիւն ստանու՞մ են բուն Թալիշստանում, Բաքւում ապրող թալիշների շրջանում, Մոսկուայի եւ այլ վայրերի թալիշական սփիւռքում:
ՖՖՀ.- Այդ հարցն ինձ յաճախ են տալիս ինչպէս մեր բարեկամները, այնպէս էլ հակառակորդները, եւ ամէն անգամ ես հարկադրուած եմ պատասխանել հետեւեալ կերպ. մենք նորմալ մարդիկ ենք: Եթէ, Աստուած մի արասցէ, մեր ջանքերը չունենային կոնկրէտ արդիւնքներ, եւ եթէ մենք չզգայինք ու չտեսնէինք թէկուզ աննշան առաջընթաց մեր պայքարում, վաղուց արդէն կը թողնէինք դա եւ կը զբաղուէինք այլ գործերով: Աւելի կոնկրէտ այդ հարցին կարող ենք պատասխանել այսպէս. մի պահ պատկերացրէք մեր հայրենիքի Թալիշի, աշխարհագրութիւնը: Դա մի ինքնատիպ կաթսայ է, որտեղ իմ ժողովուրդը ստիպուած է ապրել եւ պահպանել իր ինքնատիպութիւնը, լեզուն, մշակոյթ, եւ սովորոյթները բազմաթիւ դարերի ընթացքում: Այդ ժողովուրդը վաղուց կը մեռնէր, եթէ իւրաքանչիւր թալիշի սրտում չլիներ ազատութեան ձգտումը: Նայենք պատմութիւնը. միայն վերջին 100 տարիների ընթացքում, 20րդ դարասկզբից ի վեր ե՛ւ Իրանում, ե՛ւ Ադրբեջանում բոլոր յեղափոխութիւնները սկիզբ են առել Թալիշից: Դա եւս մէկ ապացոյց է, որ թալիշ ժողովուրդը միշտ եղել է հաւատարիմ ազատութեան եւ անկախութեան իդէալներին:
Չափազանցութիւն չի լինի, եթէ նշեմ, որ բառացիօրէն իւրաքանչիւր թալիշ ինչպէս բուն Թալիշում, այնպէս էլ Ադրբեջանի այլ տարածաշրջաններում, գտնւում է յատուկ ծառայութիւնների յատուկ ուշադրութեան ներքոյ: Բաւարար է թէկուզ այն փաստը, որ Թալիշի երկրամասում ուժային կառոյցների ղեկավարների մէջ ոչ մի տեղացի չկայ, դա արդէն շատ բան է ասում: Ադրբեջանի իշխանութիւնները բոլոր հնարաւոր եւ անհնարին միջոցներով աշխատում են մէկընդմիշտ վերջ դնել թալիշական շարժմանը, բայց այն աջակցութիւն է գտնում թալիշ ժողովրդի կողմից: Բնականաբար, ոչ միշտ այն ակտիւութեամբ, ինչ ցանկալի է, բայց աջակցութիւնը միանշանակ է: Ադրբեջանական իշխանութիւնները դեռ անկախութեան արշալոյսին ծրագրեր էին մշակել Թալիշի երկրամասից թալիշ ժողովրդին դուրս մղելու ուղղութեամբ: Նրանք յուսով էին, որ տեղափոխուելով երկրի այլ տարածաշրջաններ՝ կենթարկուեն ուծացման: Բայց, որքան էլ տարօրինակ է, նրանց ջանքերը հէնց իրենց դէմ շուռ եկան: Դեռեւս մի տասը տարի առաջ Բաքւում եւ Ապշերոնեան թերակղզում հազուադէպ կարելի էր լսել թալիշերէն խօսք, քանի որ թալիշներն ուղղակի վախենում էին խօսել իրենց մայրենի լեզուով մայրաքաղաքի հասարակական վայրերում: Բայց այսօր ի՞նչ է կատարւում Բաքւում ու նրա արուարձաններում. ամէնուրեք թալիշներն ազատ խօսում են իրենց լեզուով առանց շուրջը նայելու: Այդ առումով, թալիշական շարժումն աւելի է աջակցութիւն գտնում Բաքւում եւ նրա շրջակայքում գտնուող թալիշների կողմից, քան բուն Թալիշի երկրամասում, որտեղ հսկողութիւնը համատարած բնոյթ ունի: Ապշերոնում բնակուող թալիշները միաժամանակ առանձնանում են բարձր ակտիւութեամբ, որովհետեւ իւրաքանչիւր քայլի բախւում են ծաղրանքի թալիշ ժողովրդի հասցէին, ինչն ինքնաբերաբար բողոք է առաջացնում իշխանութիւնների դէմ, որոնք հովանաւորում են թալիշ ժողովրդի նկատմամբ այդ կարգի գործողութիւնները:
Հարկ է ընդգծել եւս մէկ հանգամանք. մեր շարժման նկատմամբ թալիշ ժողովրդի վերաբերմունքի մէջ համոզուելու համար բաւական է որոշակի ժամանակ գտնուել նրանց միջավայրում: Երեքուկէս տարի ես ապրել եմ հայրենիքում, եւ դա ինձ համար բառացի դժոխք կը դառնար, եթէ չլինէր հայրենակիցներիս աջակցութիւնը: Եթէ միայն դուք տեսնէիք, թէ ինչպէս են փոխուել թալիշները, ինչպէս էին վառւում նրանց աչքերը, երբ մենք հարսանիքներում կենացներ էինք ասում թալիշերէն: Դրանից յետոյ նրանք ուղղակի հերթ էին կանգնում մայրենի լեզուով ելոյթ ունենալու համար: Միգուցէ Ձեզ համար դա դժուար է հասկանալ, բայց այսօր հէնց Բաքւում տեղի ունեցող բոլոր հարսանիքներում կարելի է լսել թալիշերէն երգեր, ինչն անհնար էր պատկերացնել հինգ տարի առաջ:
Ինչ վերաբերում է Մոսկուային եւ թալիշական սփիւռքի կենտրոնացման այլ վայրերին, պատկերացնել չէք կարող, թէ ինչ պայմաններում ենք հարկադրուած աշխատել Մոսկուայում: Ոչ պաշտօնական տուեալներով՝ Ռուսաստանի տարածքում այսօր ապրում է 500-800 հազար թալիշ: Բայց, որքան էլ տարօրինակ է, Ադրբեջանի յատուկ ծառայութիւններն այստեղ աւելի ակտիւ են աշխատում, քան բուն Ադրբեջանում: Յատկապէս Մոսկուայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում նրանք գործողութիւնների լիարժէք ազատութիւն ունեն այս ուղղութեամբ: Դրա պատճառները մեզ մինչեւ վերջ յայտնի չեն, բայց դա փաստ է: Նրանք թակում են իւրաքանչիւր թալիշի դուռը, սպառնում ու վախեցնում բոլոր նրանց, ովքեր ինչ-որ առնչութիւն ունեն թալիշական շարժման հետ: Անցկացւում են «բացատրական» զրոյցներ ցանկացած թալիշ մտաւորականի հետ, եթէ անգամ նա Ռուսաստանի քաղաքացի է: Բայց, չնայած դրան, մեր շարժումը գոյութիւն ունի եւ շարունակում է զարգանալ հէնց Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում գոյութիւն ունեցող թալիշական սփիւռքի շնորհիւ: Մենք ապրում ենք ու պայքարում հէնց մեր թալիշների ֆինանսական աջակցութեան շնորհիւ: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջեւ, ովքեր, չվախենալով հետապնդումներից եւ տեպրեսիաներից, շարունակում են աջակցել մեր շարժմանը բոլոր միջոցներով:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Ինչպիսի՞ն է Իրանի դերը թալիշական շարժման զարգացման մէջ: Գոյութիւն ունե՞ն շփումներ Իրանի թալիշ բնակչութեան հետ:
ՖՖՀ.- Բազմիցս գրել եմ թալիշական շարժման մէջ Իրանի դերի մասին: Մենք՝ իբրեւ Իրանի պատմական մասը, իրաւունք ունենք ակտիւ աջակցութիւն սպասելու Իրանից: Սակայն Իրանի իշխանութիւնների դիրքորոշումը քօղարկուած է եւ անհասկանալի հէնց մեզ համար: Իրանի ղեկավարութիւնը յայտարարում է, որ իրենք չեն ուզում թալիշների պատճառով փչացնել յարաբերութիւններն Ադրբեջանի հետ: Դրանով հանդերձ, նրանք ակտիւ օգտագործում են թալիշական խաղաքարտը՝ Ադրբեջանի իշխանութիւնների նկատմամբ ճնշում գործադրելու համար: Դեռեւս 2003ին, Թեհրանում բարձրաստիճան իրանական քաղաքական գործիչները պատմում էին ինձ, որ հոգեւոր առաջնորդը դեռ երեք տարի առաջ հրաման է արձակել Իրանում թալիշական նահանգ ստեղծելու մասին: Բայց, ինչպէս տեսնում էք, առայսօր ոչ մի փոփոխութիւն չկայ:
Ադրբեջանում եւ այլ երկրներում շատերն են կարծում, թէ հէնց Իրանում է ֆինանսաւորւում եւ աջակցութիւն ստանում մեր շարժումը: Ադրբեջանական ղեկավարութիւնը միջազգային հանրութեանը թալիշներին ներկայացնում է իբրեւ բացառիկ իսլամական ֆունդամենտալիստների (արմատական, ծայրահեղական-խմբ.), ինչը բացասական դեր է խաղում մեր նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքում: Բայց գործնականում այդպէս չէ, մեր շարժումը գաղափարախօսական չէ, այլ քաղաքական: Մեր սկզբունքները հեռու են գաղափարախօսական մարազմից (զարամախտ-խմբ.), եւ մենք բարեկամ ենք համարում այն մարդուն կամ պետութեանը, որը բոլորից շուտ եւ բոլորից աւելի է պատրաստ օգնելու մեր ժողովրդին իր հողի, իր իրաւունքների վերականգնման արդար պայքարում:
Իրանի այդպիսի վերաբերմունքը թալիշական հիմնախնդրին, իմ կարծիքով, այն պատճառով է, որ Իրանի ճակատագիրն ամենեւին էլ իրանցիների ձեռքում չէ: Կարող եմ ներկայացնել մի պատմութիւն, որը բնորոշ է Իրանի ճակատագրի նկատմամբ իրանցի չինովնիկի վերաբերմունքի առումով: Կազանում եւրասիական կոնֆերանսին մասնակցելու ժամանակ ես առաջին իսկ օրը ծանօթացայ տեղում Իրանի հիւպատոսի հետ, որը ելոյթ ունեցաւ այդ կոնֆերանսում: Նրան խնդրեցի մասնակցել կլոր սեղանին, որը նուիրուած էր լինելու Իրանում իսլամական յեղափոխութեան 30ամեակին: Նա խոստացաւ մասնակցել, եթէ կլոր սեղանը կազմակերպուի օրուայ առաջին կէսին: Յաջորդ օրն առաւօտից միջոցառումը սկսուեց, բայց նրա ստուերն անգամ չերեւաց: Իրանական թեմայով հետաքրքրութիւն ցուցաբերելու փոխարէն, մանաւանդ այնպիսի մի ժամանակ, երբ Իրանը լուրջ մարտահրաւէրների առջեւ է, հիւպատոսը կլոր սեղանի ուղարկեց պարսկերէնի ինչ-որ մի ուսուցչի: Վերջինս ելոյթ ունեցաւ միջոցառմանը եւ, փոխանակ շնորհակալութիւն յայտնելու միւս ելոյթ ունեցողներին Իրանի ճակատագրով մտահոգ լինելու համար, բաւական ինքնավստահ տեսքով, ինչը բնորոշ է իրանցի չինովնիկների մեծամասնութեանը, յայտարարեց. «դուք չէք գտնւում այդ համակարգի ներսում եւ իրաւունք չունէք քննադատելու այն»: Ի՞նչ կարելի է սպասել այդպիսի վերաբերմունքից յետոյ իրանցի չինովնիկից թալիշների ճակատագրի վերաբերեալ: Դուք կարող էք ասել, որ դա մասնաւոր դէպք է, բայց, ցաւօք, այդպիսի հազարաւոր փաստեր կան: Իսկ ինչ վերաբերում է Իրանում բնակուող թալիշներին, մենք նրանց հետ շատ սերտ շփումներ ունենք, եւ նրանցից շատերն աջակցում են մեր շարժմանը:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Ռուսաստանում որքանո՞վ է թալիշական շարժումն արժանանում ռուսական հասարակութեան, քաղաքական կուսակցութիւնների եւ պաշտօնական իշխանութիւնների աջակցութեանը:
ՖՖՀ.- Վերջերս ռուսական քաղաքական եւ հասարակական շրջանակներում զգացւում է ինչ-որ աշխուժութիւն թալիշների նկատմամբ վերաբերմունքի առումով: Շատերն են հետաքրքրւում եւ նոյնիսկ զարմանում, որ մինչ օրս չեն հետաքրքրուել այդ ժողովրդով: Վերջին շրջանում ես ունեցել եմ մի քանի հանդիպումներ ռուսական առաջատար քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների հետ: Դա յոյս է ներշնչում, որ մօտ ապագայում կը փոխուի նաեւ պաշտօնական իշխանութեան վերաբերմունքը: Մենք ակտիւ աշխատում ենք այդ ուղղութեամբ եւ մօտ ժամանակներս յոյս ունենք իրական արդիւնքի հասնել: Թէպէտ Ռուսաստանի իշխանութիւնների առումով ինձ յայտնի չէ ոչ մի փաստ, որ նրանք հրապարակայնօրէն հանդէս գային թալիշ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեամբ: Չնայած դրան, մեր գենետիկ եւ պատմական մօտիկութիւնը Ռուսաստանի հետ մեզ հիմք է տալիս յուսալու, որ նրա կողմից աջակցութիւն կը լինի: Ռուսաստանի ղեկավարութիւնը դեռեւս շարունակում է Ադրբեջանի հետ խաղալ «ռազմավարական գործընկերութեան խաղը»: Բայց մենք համոզուած ենք, որ սարերի յետեւում չէ այն օրը, երբ նրանք ամէն դէպքում կը հասկանան, որ այդ ամէնն ընդամէնը խաղ էր:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Որո՞նք են թալիշական շարժման խնդիրներն ու նպատակները: Դա թալիշ ժողովրդի սոցիալ-մշակութային իրաւունքների պաշտպանութի՞ւնն է, ինքնավարութեան հասնե՞լը, թէ՞ Ադրբեջանից անջատուելը:
ՖՖՀ.- Ես կարող եմ խօսել մեր կազմակերպութեան անունից, որի նպատակն է ինքնավարութիւնը Ադրբեջանի կազմում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մենք դեռեւս հաւատում ենք, որ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ մեզ շրջապատող աշխարհում վաղ թէ ուշ կը յանգեն այն իրողութեան ընկալմանը, որ հասել է մեր մէկուկէս միլիոնանոց ժողովրդին ինքնավարութիւն տրամադրելու ժամանակը: Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք հէնց այդ ուղղութեամբ: Ադրբեջանը մեր հայրենիքն է, այն մեր հայրենիքն է եղել հազարամեակներ առաջ, մինչեւ այդ հողի վրայ եկուորների յայտնուելը: Մենք մեր հայրենիքը չենք պատրաստւում որեւէ մէկին զիջելու, բայց դա չի նշանակում, որ մեր առջեւ չենք դնում այլ խնդիրներ: Եթէ Ադրբեջանում եւ աշխարհում լսելի չլինի ինքնավարութեան մեր պահանջը, ապա մենք պատրաստ ենք փոխելու մեր հայեացքներն իրերի դրութեան նկատմամբ:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Գոյութիւն ունե՞ն տարաձայնութիւններ, տարակարծութիւններ թալիշական շարժման մէջ: Ինչո՞վ են դրանք բացատրւում բնակութեան վայրո՞վ, կրթուածութեան աստիճանո՞վ, կրօնական զգացումներո՞վ, թէ՞ արտաքին քաղաքական կողմնորոշումներով:
ՖՖՀ.- Բնականաբար, այդպիսի տարաձայնութիւններ գոյութիւն ունեն: Մարդիկ տարբեր են, տարբեր են նրանց հայեացքները տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ: Մեր ժողովրդի իւրաքանչիւր ներկայացուցիչ Թալիշի ապագան տեսնում է իւրովի: Կան թալիշներ, որոնք Թալիշը դիտարկում են Ադրբեջանի ազերի-թուրքերի հետ յաւերժական միութեան մէջ եւ իրենց նոյնիսկ չեն պատկերացնում Ադրբեջանի կազմից դուրս: Դրան գումարած, նրանք գոհ են իրենց ներկայ կացութեամբ, բաւականին յարմարաւէտ են զգում իրենց այդ պայմաններում եւ թալիշական շարժման գլխաւոր նպատակը համարում են Ադրբեջանի շահերի պաշտպանութիւնը, բարեկամութիւնը շրջապատի հետ, եթէ անգամ շրջապատում դա չեն գնահատում:
Մեր շարժման մասնակիցների մեծ մասը, հիմնականում մտաւորականութեան ներկայացուցիչները, իր խնդիրն է համարում աշխատանքը մշակութային դաշտում: Այսինքն՝ թալիշերէն գրքերի հրատարակումը, մեր ժողովրդի լուսաւորումը: Նրանք չեն ցանկանում մասնակից լինել քաղաքական ակցիաների (ցուցական գործողութիւններու-խմբ.) եւ Ադրբեջանի իշխանութիւնների ռեպրեսիւ (բռնաճնշող-խմբ.) գործողութիւնների այսպիսի ծաւալման պայմաններում նոյնիսկ վախենում են մտնել քաղաքականութեան մէջ: Գոյութիւն ունի նաեւ արմատականների որոշակի հատուած: Մեր շարժման մասնակիցների բաւական ստուար մասը կրօնական մոլեռանդ է, որ Թալիշի ապագան տեսնում է միայն Իրանի կազմում: Նրանց կարգախօսն է՝ «նախ՝ կրօնը, ապա ժողովուրդը», եւ դա արդէն իսկ բացատրում է նրանց հայեացքները: Նրանց թւում կան Թալիշի շատ հայրենասէրներ եւ նրանք պատրաստ են ցանկացած պահի սրբազան պատերազմի ելնելու յանուն իրենց ժողովրդի: Բայց գոյութիւն ունեն Իրանի յատուկ ծառայութիւնների բազմաթիւ գործակալներ, ովքեր նախընտրում են աշխատել միայն Թեհրանի ցուցումներով: Կան նաեւ ռուսամէտ կողմնորոշում ունեցողներ, ովքեր հիմնականում բնակւում են Ռուսաստանի տարածքում, բայց ծագումով Թալիշից են: Ահա այսպիսի պայմաններում էլ թալիշական շարժումը շարունակում է իր պայքարը: Այդ պայքարը տեղի է ունենում մշտական թարմացման պայմաններում, ինչը շարունակւում է մինչ օրս:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ.- Ղարաբաղեան շարժման ամենասկզբում Բաքւում բնակուող թալիշները ծայրայեղ թշնամութեամբ ընկալեցին հայ ժողովրդի այս շարժումը: Նրանց պահուածքը հայերի նկատմամբ աւելի թշնամական էր ու ագրեսիւ (յարձակողական-խմբ.), քան Ադրբեջանի այլ ազգութիւն ունեցող բնակչութեան: Այդ վերաբերմունքը պայմանաւորուած էր էթնիկական կոմպլեքսո՞վ (բարդոյթով-խմբ.), Ադրբեջանին իրենց լօյալութիւնը (հաւատարմութիւնը-խմբ.) ստիպուած ապացուցելու ձգտումո՞վ, թէ՞ բացատրւում է որոշ քաղաքական նկատառումներով:
ՖՖՀ.- Դա ամէնից առաջ բացատրւում է նրանով, որ ինքնին ազգային ազատագրական շարժումն Ադրբեջանում այն տարիներին սկսուեց հէնց թալիշներից: Այդ շարժման առաջատար ջոկատը գտնւում է Լանկոնում՝ Թալիշի մայրաքաղաքում: Այնտեղ տեղի ունեցաւ խորհրդային իշխանութեան առաջին յեղաշրջումը 1990ին: Այն տարիներին բոլոր թալիշները հայրենասէրներ էին, «ադրբեջանցիներ» եւ պայքարում էին իրենց հայրենիքի անկախութեան ու նրա տարածքային ամբողջականութեան համար: Շատերը կարծում կամ համոզուած էին, որ բոլորս մի ժողովուրդ ենք եւ կարիք չկայ տարաբաժանել այն թուրքերի, թալիշների եւ այլոց:
Բայց այդ էյֆորիան (խանդավառութիւն-խմբ.) շատ արագ անցաւ, երբ թալիշները բախուեցին պանթուրքիզմի առաջին դրսեւորումներին: Թէպէտ գոյութիւն ունի եւս մէկ գործօն՝ հայրենիքի գործօնը: Բոլոր թալիշները համոզուած էին, որ Ադրբեջանն իրենց հայրենիքն է, եւ իրենք բնականաբար պէտք է ամէնից աւելի մտահոգուեն նրա ճակատագրով: Նրանցից շատերը հէնց ղարաբաղեան ճակատում համոզուեցին, որ Ադրբեջանում բնակուող այլոց համար այն բոլորովին էլ հայրենիք չէ, որովհետեւ հայրենիքը պէտք է պաշտպանել, ոչ թէ դիտարկել իբրեւ բարեկեցութեան աղբիւր: Եւ այսօր էլ ղարբաղեան ճակատ են ուղարկում հիմնականում թալիշներին, որովհետեւ միւսները եթէ ընդհանրապէս ծառայում են, ապա նախընտրում են ծառայել ինչ-որ տեղ՝ Թալիշի լեռներում, իրանական սահմանի վրայ, ուր հնարաւոր է կարողութիւն դիզել մաքսանենգութեամբ:
Երբ թալիշները հասկացան, որ Ադրբեջանը խլուած է իրենցից, հայրենիքն արդէն վաղուց փաստացի իրենց չի պատկանում, եւ որ իրենք սեփական հողի վրայ պատանդներ են, այն ժամանակ էլ սթափուեցին: Այնպէս որ, չի կարելի խօսել հայրենիքի կամ որեւէ մէկի նկատմամբ թշնամական վերաբերմունքի մասին: Պարզապէս թալիշները մտածել էին, որ պաշտպանում են եւ պարտաւոր են պաշտպանել իրենց հայրենիք Ադրբեջանը: