Սեպտեմբերի 10ին, Լոս Անճելըսի Գլխաւոր հիւպատոսութիւնը կազմակերպել էր հանդիպում «Մերտինեան Հայ Աւետարանական», «Տեմիրճեան-Մարի Մանուկեան» դպրոցների աշակերտների եւ «Արմէնիա» միակայմ առագաստանաւի նաւապետ, գրող, հրապարակախօս Զօրի Բալայեանի ու նրա անձնակազմի միջեւ:
Հանդիպման նպատակն էր ծանօթանալ Սփիւռքի հայկական դպրոցների աշակերտներին եւ ուսուցչական կազմին, մօտիկից շփուել երեխաների հետ եւ լսել նրանց պատրաստուածութիւնը՝ հայրենքի, Լեռնային Ղարաբաղի, հայոց պատմութեան, հայ գրականութեան մասին:
Նշենք, որ Զօրի Բալայեանի եւ նրա անձնակազմին ուղեկցում էին համայնքում ճանաչուած ու սիրուած բժիշկ Սարգիս Մեսրոպեանը, Մայր հայրենքում ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղում ճանաչուած մեծ բարերարներ Վահէ եւ Վերոնիք Կարապետեանների դուստրը՝ Ճիլտա Կարապետեանը:
Առաջին հանդիպումը եղաւ «Մերտինեան Հայ Աւետարանական» դպրոցում, որտեղ հիւրերին մեծ ոգեւորութեամբ դիմաւորեցին դպրոցի տնօրէն դոկտ. Յովսէփ Ինճեճիկեան, վերապատուելի Ժոզէֆ Մաթոսեան, Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Աթիկեան, Ուսուցչական կազմը եւ դպրոցի աշակերտութիւնը:
Զրոյցի ընթացքում Զօրի Բալայեան երեխաներին պատմեց «Արմէնիա» նաւի ստեղծման գաղափարը, իր այցելութեան նպատակը, այնուհետեւ ներկայացրեց իր արհեստավարժ նաւի անձնակազմին՝ յանձինս Սամուէլ Կարապետեանի, Վահագն Մաթեւոսեանի, Սամուէլ Սարգսեանի, Մուշեղ Բարսեղեանի եւ Արմէն Նազարեանի:
Երեխաների համար Զ. Բալայեան գրատախտակին նկարեց «Սիսն ու Մասիս», «Յաւերժութեան» նշանը, Արցախը խորհրդանշող «Նանին ու Ապին» սիմպոլները:
Հանդիպման ընթացքում Զ. Բալայեանը երկխօսութեան մէջ մտաւ երեխաների հետ, հիացաւ նրանց պատրաստուածութեամբ, որի համար մեծ աշխատանք էր կատարել դպրոցի Ուսուցչական կազմը: Զ. Բալայեան խրախուսեց նրանց է՛լ աւելի աշխուժ աշխատանք կատարելու երեխաների հետ, նրանց է՛լ աւելի մօտիկից ծանօթացնելու հայ գրականութեանը, հայ մշակոյթին, հայոց պատմութեանը:
Հրաժեշտից առաջ Զօրի Բալայեանը դպրոցի գրադարանին նուիրեց իր հեղինակային գրքերից, ինչպէս նաեւ Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի «21րդ Դարի Բանակ» խորագիրով գիրքը:
«Մերտինեան Հայ Աւետարանական» դպրոցի աշակերտները եւ ամբողջ աշխատակազմը հրաժեշտից առաջ երգեցին Հայկական օրհներգը, որից յետոյ վերապատուելի Ժ. Մաթոսեան իր աղօթքով օրհնեց Զ. Բալայեանի եւ նրա անձնակազմին՝ մաղթելով առողջութիւն, խաղաղ նաւարկութեան ընթացք ովկիանոսում:
Այնուհետեւ հանդիպում տեղի ունեցաւ «Տեմիրճեան-Մարի Մանուկեան» դպրոցում, որտեղ նոյնպէս մեծ խանդավառութեամբ հիւրերին դիմաւորեցին դպրոցի տնօրէն Յակոբ Յակոբեան, Ուսուցչական կազմը եւ աշակերտութիւնը: Հայոց լեզուի ուսուցիչ Քոչարեանը, ի զարմանս ներկաներին, պատրաստել էր անակնկալ մը՝ մեծ պաստառի վրայ ցուցադրելով «Կիլիկիա» նաւը, նաւապետ Զօրի Բալայեանը եւ նաւի անձնակազմը:
Նշենք, որ այս դպրոցի աշակերտներին հետ էլ հաճոյքով զրուցեց Զ. Բալայեանը, թէպէտ երեխաները որոշ խնդիրներ ունէին հայերէն լեզուի հետ, սակայն, նրանք համակ ուշադրութեամբ հետեւում էին գրող-հրապարակախօսի մտքերին:
Այս դպրոցին Զ. Բալայեան նոյնպէս նուիրեց իր գրքերից: Դպրոցի ամբողջ կազմը հրաժեշտից առաջ շնորհակալութիւն յայտնեց «Արմէնիա» առագաստանաւի նաւապետին եւ նաւի արհեսատավարժ անձնակազմին՝ այցելութեան համար:
Տեղեկացնենք, որ երկու դպրոցներում էլ ընդունելութիւնն անցաւ մեծ խանդավառութեամբ եւ ոգեւորուածութեամբ: