ԱԼՖՐԵԴ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ
«Ասպարէզ»ի յարգարժան խմբագրութիւն,
Թերթի «Օրը Օրին» բաժնում ծանօթացայ «Բացայայտ պատասխաններ» յօդուածում առաջադրուած հարցերին, որոնց ցանկանում եմ պատասխանել:
Սակայն, ցանկանում եմ ասել հետեւեալը.
1988-1993 թուականներին (մինչեւ ԱՄՆ տեղափոխուելը) եղել եմ Համազգային Շարժման ակտիւ (աշխոյժ-Խմբ.) ու գործուն մասնակիցներից մէկը: Շատ լաւ գիտեմ թէ ինչպէս եւ ինչ գնով են ձեռք բերուել Հայաստանի վերանկախացումն ու Արցախի անկախութիւնը: Եւ ահա այսօր, Հայաստանի ներկայ իշխանութիւնը ցանկանում է աճուրդի դնել մեր ժողովրդի պատմական անցեալը, անկախութիւնն ու գալիք ապագան: Հայաստանի ղեկավարութեան դիրքորուշումը հայ-թուրքական յարաբերութիւնների ձեւաւորման հարցում ունի յետ-կոմունիստական, եւ յետ-մարքսիստական մօտեցում, եւ ինչ որ տեղ շատ է նմանւում անցեալ դարի 20ական թուականներին Հայաստանում եւ նրա շուրջը տեղի ունեցող իրադարձութիւններին, երբ իմ տարաբախտ ժողովուրդը կանգնած էր երկմտանքի առջեւ, լինել թէ չլինելու առջեւ: Պատմութիւնը նորից է կրկնւում՝ այս անգամ մէկ ուրիշ «դեմոկրատացած» ձեւաչափով: Սակայն, մէկ բան պէտք է պարզ հասկանալ, որ ներկայիս Թուրքիան դեռ շատ հեռու է ժողովրդավար պետութիւն լինելուց եւ տարօրինակ է, որ Հայաստանի ներկայ ղեկավարութիւնը չի ցանկանում ընդունել այս տարրական իրողութիւնը: Այսօր, Թուրքիայի ղեկավարութիւնը «դեմոկրատիա» է խաղում միայն ու միայն իր եւ իր արիւնակից «ադրբեջանցիների» շահերից ելնելով: Կարծում եմ սխալուած չեմ լինի եթէ ասեմ, որ 2009 թուականի Օգոստոսի 31ի ամօթալի «արձանագրութիւնը»՝ հայ-թուրքական յարաբերութիւններու մասին, եթէ ստորագրուի Հայաստանի կառավարութեան եւ նախագահի կողմից, ապա դա հաւասարազօր է ազգային դաւաճանութեան, եւ հայ ժողովուրդին թիկունքից դաւադրաբար հարուածելու իրողութեան, որը յետագայում ճակատագրական նշանակութիւն կարող է ունենալ Հայաստանի եւ նրա ապագայ սերունդի համար:
Արձանագրութիւնը ատորագրելու դէպքում համայն հայութիւնը լիակատար իրաւունք կ՛ունենայ նախագահին ուղղելու հետեւեալ խորիմաստ թեւաւոր խօսքերը. «Եւ դո՞ւ, Բրուտոս»: Այս խօսքերը դարեր առաջ ասել է Հին աշխարհի հզօր տիրակալներից մէկը՝ Յուլիոս Կայսրը: Այն ուղղուած է եղել իր դաւաճան որդուն՝ Բրուտոսին: Տայ Աստուած, որ դա տեղի չունենայ:
Զարմանալին այն է, որ ինքը, Հայաստանի նախագահը, լինելով Ղարաբաղցի եւ յանուն Ղարաբաղի անկախութեան պայքարողների կազմակերպիչներից մէկը, ցանկանում է գլուխ խոնարհել կեղծաժպիտ Թուրքիայի առջեւ, մոռանալով մեր պայքարը եւ իր զինակից ազատամարտիկներին, որոնք իրենց կեանքի ու արեան գնով պաշտպանեցին Շարժումն ու նրա նպատակների իրագործումը:
Լիովին պաշտպանում եմ ՀՅԴ կուսակցութեան դիրքորոշումն ու ձեռնարկած միջոցառումները հայ-թուրքական յարաբերութիւնների հարցում: Եւ, եթէ Աստուած կամենար, որ ես այսօր լինէի Հայաստանում, ապա անվերապահօրէն կը կանգնէի նրանց կողքին, ում համար կեանքից էլ թանկ է մեր ժողովրդի մղած պայքարը ի սէր Հայաստանի եւ Արցախի Անկախութեան:
* * *
Այժմ ցանկանում եմ պատասխանել «Ասպարէզ» թերթի «Բացայայտ պատասխաններ»ին,
1- Ո՛չ: Ընդունելի չէ, քանի որ 1915-23 թուականներին իրօք տեղի է ունեցել 20րդ դարի առաջին ցեղասպանութիւնը՝ Հայոց Ցեղասպանութիւնը, որը ընդունուել եւ դատապարտուել է աշխարհի շատ երկրների՝ քսան կառավարութիւնների կողմից: Հայոց Ցեղասպանութեան իրողութեան մասին կան շատ փաստացի վաւերագրեր, գրուել են բազմաթիւ պատմական, փաստագրական, գիտական աշխատութիւններ եւ ուսումնասիրութիւններ՝ ինչպէս հայ, այնպէս էլ օտար պատմաբանների, ցեղասպանագէտների կողմից:
Հաստատուածը վերահաստատելու կարիք չկայ: Թուրքիայի առաջարկութիւնը դիւանագիտական հերթական խաղ է աճպարարութեան: Հարկաւոր է զգուշանալ:
2- Ո՛չ: Քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյութիւն ունեցող սահմանները ընդունելի չեն, քանի այն գծուել է կամայականօրէն՝ ելնելով 1921 թուականի Մարտի 16ին Սովետական Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքուած Ղարսի պայմանագրէն: Այսօրուայ դրութեամբ, Ղարսի պայմանագիրը ոչ մի իրաւական եւ իրաբանական հիմք չունի եւ, որ կարեւոր է, Հայաստանը Ղարսի պայմանգրում չի ներկայացուած որպէս պետութիւն եւ բանակցող կողմ: Այդ պայմանգրի տակ չկայ Հայաստանի կառավարութեան ստորագրութիւնը, ուստի այն հակասում է ներկայ գործող բոլոր միջազգային օրէնքներին: Ուրեմն այն վաւերացուած չէ:
3- Ո՛չ: Հայաստանի շրջապատման հարցը ոչ մի կապ չունի Արցախի հիմնահարցի հետ: Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետութեան շրջափակման հարցը պէտք է քննուի առանձին, ելնելով Հայաստանի եւ Թուրքիայի շահերից գործող միջազգային օրէնքներին խիստ համապատասխան:
4- Ի հարկէ, Թուրքիայի «Արձանագրութիւնում» Հայաստանը ներկայացուած է ոչ իրաւահաւասար վիճակում եւ հանդէս է գալիս որպէս «պատժուող» կողմ, իր կատարած ո՞ր «մեղքի» համար, յայտնի չէ:
5- Ո՛չ: Հայ-թուրքական Արձանագրութեան ստորագրման ու վաւերացման դէպքում, Հայաստանը աստիճանաբար կը կորցնի իր անկախ պետականութիւնը, դրա հետ միասին՝ ազգային դիմագիծն ու դարաւոր մշակութային արժէքները, ի վերջոյ կը դառնայ Թուրքիայի կցորդ, Կովկասում գոյութիւն ունեցող տնտեսական «բարգաւաճ» նահանգ կիսագաղութային իրաւական վիճակով:
Հայութիւնը, թէ՛ Հայաստանում, թէ Սփիւռքում, ընդհանրապէս դէմ չէ հայ-թուրքական փոխյարաբերութիւնների բնականոնացմանը: Սակայն, այդ յարաբերութիւնները պէտք է խարսխուեն առանց որեւէ նախապայմանների, առանց Ցեղասպանութեան եւ Հայ Դատի ուրացման: Եւ այդ յարաբերութիւնները պէտք է գործեն խստիւ պահպանելով գործող միջազգային իրաւական նորմերը եւ օրէնքները:
Միայն այս դէպքում հնարաւոր կը լինի բանակցութիւնների նստել Թուրքիայի հետ կլոր սեղանի շուրջը: