ՌԱՖՖԻ Կ. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Երեւան: Վաշինգտօնում, Բրիւսէլում, Մոսկուայում եւ այլուր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը, վարչապետ Էրդողանը, արտգործնախարար Դաւութօղլուն եւ միւսներն ի սկզբանէ կողմնակից են եղել, որ Հայաստանի հետ իրենց երկրի յարաբերութիւնների բնականոնացումը եւ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հանգուցալուծումը միատեղուեն ընդհանուր մի քաղաքական օրակարգի մէջ:
Ես համաձայն եմ:
Նորանկախ Հայաստանի, թւում էր՝ հասուն քաղաքականութիւնը, որին ես աջակցում էի իբրեւ երկրի առաջին արտգործնախարար, եւ որը դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում էր առաջարկում առանց նախապայմանների, այս «խաղի» արդէն 18րդ տարում կարելի է հռչակել մեռելածին:
Տարօրինակ էր, բայց սպասուած, որ Անկարայում առաւել փորձառու կառավարութիւնը՝ փոխանակ վերջնականապէս ճանաչի օսմանեան-երիտթուրքական իր նախնիների պատասխանատուութիւնը 1915թ. Մեծ եղեռնի եւ Հայրենազրկման համար կամ նուազագոյնը պաշտօնական (աննախապայման) յարաբերութիւններն օգտագործի դրանից ածանցուող խնդիրները քննելու ու լուծելու նպատակով, սկզբից եւեթ առաջադրեց միակողմանի մի շարք պահանջներ: Հիմնական պայմաններին՝ ա) Հայաստանի միջազգային բառապաշարից Ցեղասպանութեան եւ դրա ամրագրման բացառումը, եւ բ) թուրք-հայկական դէ ֆակտօ սահմանի վաւերացումը, որը պարտադրուած էր 1921թ. քեմալա-բոլշեւիկեան դաւադրավճռով, որոշ ժամանակ անց աւելացաւ գ) հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազատութեան, յետստալինեան ապագաղութացման ու ինքնիշխան պետականութեան համար Լեռնային Ղարաբաղի մղած օրինական պայքարի բաքուամէտ հանգուցալուծումը:
Անցեալում ուժերի երկկողմ անհամաչափութեանը միացել է նաեւ դիւանագիտական վարքագծի ժամանակակից անհամաչափութիւնը, որն ընդգծւում է Թուրքիայի կողմից շարունակուող ոչ հարեւանավայել շրջափակմամբ: Սա վերջնականօրէն անհնար է դարձնում, որպէսզի այլեւս ժամկէտանց մեթոդաբանութեամբ կամրջուի թուրք-հայկական ջրբաժանը:
Այս հաշուով Թուրքիան ճիշտ է: Ուստիեւ ողջ պատմութեան մէջ առաջին անգամ եկէք ամէն ինչ բերենք ու դնենք սեղանի վրայ եւ դարբնենք համընդգրկուն մի նախագիծ, որը մեզ կը տանի դէպի խաղաղութիւն, բարգաւաճում եւ ընդհանուր անվտանգութեան համարձակ մի նոր ապագայ՝ կողմերի եւ լայն տարածաշրջանի համար:
Այս խիզախ մանրակերտը, որը կը պահանջի միջազգային հանրութեան կառուցողական աջակցութիւնը, պէտք է լուծում ու «փակում» տայ օրակարգում գտնուող առանցքային մի շարք կէտերի.
1) Ժողովրդավար վարկ վայելող շրջանային առաջատարի իր յաւակնութիւններն ի կատար ածելու համար Թուրքիան պէտք է առերեսուի յիշողութեան գզրոցում գտնուող իր գլխաւոր մեղքի հետ, յաղթահարի տասնամեակներ ձգուող մերժողականութիւնը եւ յետպատերազմեան Գերմանիայի հիմնարար, բայց, աւաղ, դեռ եզակի օրինակով իր սեփական «յեղափոխական ուղին» ուրուագծի դէպի ճանաչում ու զղջում, փոխհատուցում ու ամբողջացում: Սա կարող է իրականանալ ազգայնամոլ օրէնքների վերացմամբ, պատմութեանն արժանին մատուցելով ու կրթութիւնը ճշմարտութեամբ օժտելով, ներկայիս Արեւելեան Թուրքիայում մշակութային անծայրածիր ժառանգութեան համալիր գոյքագրմամբ, ապաեւ՝ վերականգնումով եւ դրա հայկական ինքնութեան տօնախմբմամբ, ինչպէս նաեւ ձեռնարկելով ու կեանքի կոչելով տունդարձի նախաձեռնութիւնը, որով կ՛երաշխաւորուի Ցեղասպանութիւնից մազապուրծ վերապրողների ու հայրենազրկուածների ժառանգների կամաւոր վերադարձի իրաւունքը դէպի հայոց բնօրրան:
2) Թուրքիայի եւ Հայաստանի հանրապետութիւնների միջեւ ճշգրիտ սահմանազատումը հրամայական է. արդեօ՞ք դա այն դէ իւրէ (իրաւական-Խմբ.) սահմանն է, որը 1920թ. Նոյեմբերին յստակեցուեց եւ վճռուեց ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնի նախագահական կնիքով, թէ՝ այն դէ ֆակտօ (իրողական-Խմբ.) սահմանը, որը մնաց 1921թ. ռուս-թուրքական յանցագրով հայոց հայրենի ժառանգութեան առիւծի բաժինն ուզուրպացնելուց (գրաւելէ-Խմբ.) յետոյ: Ինչպիսի՞ն է ներկայում թուրքական բռնազաւթման տակ գտնուող պատմական հայրենիքի իրաւական կարգավիճակը, եւ արդեօ՞ք Հայաստանն ունի դէպի ծով ինքնիշխան ելքի իրաւունք: Այս կապակցութեամբ՝ եւ սոյն հարցերին պատասխանելու համար կողմերի դիւանագիտական բարի կամքի բացակայութեան պայմաններում, իրենց դիրքորոշումների ու մտավախութիւնների հաւանական արտայայտիչը կը լինի Արդարադատութեան միջազգային դատարանի հարկադիր իրաւասութեան իրենց ընդունումը:
3) Նոյնը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւններին: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շահերի գերակայութիւնը յաճախ իշխում է օրէնքի գերակայութեան վրայ, ուր արեւմտեան երկրների մեծամասնութիւնը յաղթահարել է տարածքային ամբողջականութեան սկզբունքի նկատմամբ հերթապահ նախապատուութիւններն ու ճանաչել Կոսովոն, ինչպէս դա արեցին նաեւ Ռուսաստանի Դաշնութիւնը եւ մի քանի այլ երկրներ Աբխազիայի պարագայում: Միջազգային օրէնքի, Մոնտեւիդէոյի դաշնագրի, Արցախի անկախութեան հանրաքուէի ժամանակ ուժի մէջ եղած խորհրդային օրէնսդրութեան ներքոյ՝ նրա ինքնիշխանութեան իրաւական հիմունքները նոյնքան ուժեղ են, եթէ չասենք աւելի պատկառազդու, քան վերոնշեալ օրինակները: Կոսովոյի եզակիութեան sui generis պատճառաբանումն օգտագործւում է իբրեւ շողշողուն պիտակ, որն իրականում մատնում է մի կեղծ զանազանում՝ առանց, սակայն, ճշմարիտ որեւէ տարբերութեան: Եթէ օրէնքների եւ իրաւունքների գերակայութիւնը կարեւոր է բոլոր այն երկրների համար, որոնք ճանաչեցին Կոսովոն կամ Աբխազիան, ապա նրանք անմիջապէս պէտք է գործի անցնեն եւ ճանաչեն ԼՂՀը՝ նրա սահմանադրական սահմաններով: Եւ Հայաստանն ու Թուրքիան պէտք է առաջնորդեն այս ուղին:
4) Իսկ ինչ վերաբերում է «Բռնագրաւուած» տարածքների եւ փախստականների վերադարձի հռետորաբար հաւաքուող քարոզչական միաւորներին, ապա Արցախի դէմ ադրբեջանական ձախողուած նախայարձակ պատերազմի սոյն հետեւանքների «գործը» փակուած է: Եւ այն փակուած կը մնայ մինչեւ կամ քանի դեռ. ա) Թուրքիան իր վերահսկողութեան տակ գտնուող հայկական գաւառները չազատի բռնազաւթումից եւ թոյլ չտայ, որ ցեղասպանուածների ժառանգներն իրականացնեն ազգային օջախ վերադառնալու իրենց իրաւունքը եւ բ) Ադրբեջանը վերջ չդնի Շահումեանի, Գետաշէնի ու Նախիջեւանի հայկական տարածքների բռնազաւթմանը եւ չհատուցի 2005թ. Դեկտեմբերին æուղա կոչուող մշակութային հրաշքի վայրագ ու վաւերագրուած ոչնչացման համար, վերադարձի իրաւունք եւ հատուցում չտրամադրի Արցախից ու Ադրբեջանից 400 հազար հայ փախստականներին, չճանաչի Արցախը եւ դրանով մեկնարկ չտայ վերջինիս հետ պաշտօնական բանակցութիւններին, որպէսզի աւարտին հասցուեն սահմանի կարգաւորման ու զատման, առեւտրի ու կապի, խաղաղութեան ու հանրային ապահովութեան դրոյթները:
Սրանք սոսկ մի քանի առաջնային խնդիրներ են, որոնք հարկաւոր է ներառել պաշտօնական Անկարայի վաղուց ի վեր առաջադրած (փոխկապուածութեան) օրակարգում: Եթէ նրա այս յամառ պահանջն այլ բան չէ, քան հատուածապաշտական թոյլ քամի կամ քաղաքական պատասխանատուութիւնից փախուստ տալու եղանակ, ապա ժամանակը հասունացել է, որպէսզի բոլոր իրերը դրուեն սեղանին, քաղաքակրթօրէն ներկայացուեն նախընտրելի նախապայմանները եւ յետապայմանները եւ որոշուի, թէ որ հարցերը կարող են հիմնալուծուել դիւանագիտութեամբ եւ որոնք են պահանջում դիմել դատական միջազգային ատեանների օգնութեանը: Ինքնին այս գործընթացը՝ առանց կանխորոշելու դրա արդիւնքների արդիւնաւէտութիւնը, կարող է ե՛ւ կողմերին, ե՛ւ նրանց գործընկերութեանը տանել աննախադէպ բնականոնացման յոյսի ու նրանց ժողովուրդների միջեւ երկար սպասուած հաշտութեան հեռանկարի:
Քաղաքականութիւն ստեղծողների եւ վերլուծողների համար հաւասարապէս ի գիտութիւն. ճանապարհը դէպի ժողովրդավարական արժէքների ու համաշխարհային անվտանգութեան նորդարեայ համայնքի մէջ տարածաշրջանային սերտաճում, դէպի Կովկաս, Կենտրոնական Ասիա եւ Աֆղանստան, դէպի էներգետիկ աղբիւրների ապահովում ու ռազմավարական այլ առաջնահերթութիւններ ուղղակի անցնում է վաղուց անպատկան մնացած, սակայն այսօր տեկտոնիկ դարձած հինաւուրց Հայաստանի «մահադաշտերով»: Եթէ ապագան իմաստաւորուելու իրաւունք ունի, ապա ՆԱՏՕին որեւէ անդամակցութիւն, աշխարհաքաղաքական որեւէ մեծամտութիւն կամ էլ չափաւոր իսլամական որեւէ ցուցադրականութիւն չեն կարող կանխել «ռենեսանսի» (զարթօնքի-Խմբ.) եւ «ռէալպոլիտիկի» վերջնական ներդաշնակութիւնը:
(Quid pro quo կը նշանակէ համահաւասարութեան վրայ հիմնուած փոխանակում)