Ամէն տարի, Նոր Տարուայ եւ Սբ. Ծննդեան հոգեպարար տօների առիթով, «Շամլեան» Ազգ. Վարժարանի բարձր դասարանների աշակերտները այցելում են Միշըն Հիլզ քաղաքում գտնուող «Արարատ» տարեցների տունը եւ իրենց պատրաստած գեղարուեստական ծրագրով տօնական բարձր տրամադրութիւն են ստեղծում այնտեղ բնակուող մեր պապիկների ու տատիկների համար:
Այս տարի եւս, Դեկտեմբերի 18ին վարժարանի 7րդ եւ 8րդ դասարանների Հայկական ակումբի 50 աշակերտ-աշակերտուհիներ իրենց հայերէնի ուսուցիչների եւ ծնողների առաջնորդութեամբ այցելեցին «Արարատ» տուն, ուր երգերով, պարերով ու գեղարուեստական հակիրճ ծրագրով ուրախութեան յուզումնախառն, անմոռանալի պահեր ստեղծեցին մեր տարեց պապիկների ու տատիկների համար, նրանց մօտ վերարթնացնելով իրենց թոռնիկների սիրոյ եւ յարգանքի քաղցր յիշատակները: Գեղարուեստական ծրագրի բացումը կատարեց Հայկական ակումբի պատասխանատու եւ հայերէնի ուսուցչուհի Անի Պէրպէրէանը, որը վարժարանի տնօրէնութեան, ուսուցչական կազմի եւ աշակերտութեան կողմից շնորհաւորեց տարեց պապիկների ու տատիկների Նոր Տարին եւ Սբ. Ծնունդը, մաղթելով նրանց առողջութիւն եւ արեւշատութիւն: Այնուհետեւ աշակերտները կատարեցին Նոր Տարուայ եւ Սբ. Ծննդեան խմբական երգեր ու ասմունքներ: Յատկանշական էր 8րդ դասարանի ութ աշակերտների հայկական պարը, որը ձեւաւորել էր վարժարանիս նախկին աշակերտուհի Սօնա Կէօքկէօզեանը:
Գեղարուեսատական ծրագրից յետոյ, աշակերտները մօտեցան պապիկներին ու տատիկներին, ծանօթացան նրանց հետ, շնորհաւորեցին նրանց Ամանորն ու Սբ. Ծնունդը եւ նրանց յանձնեցին իրենց պատրաստած եւ նկարազարդած տօնական շնորհաւորական գեղեցիկ բացիկները: Շուրջ երեք ժամ տեւած այցելութիւնից յետոյ, աշակերտները վարժարան վերադարձան կէսօրին ժամը 12ին:
ԴՊՐՈՑԻ ԹՂԹԱԿԻՑ