Այսօրուան «Ասպարէզ»ով հրապարակած ենք Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմաշունչ մէկ նոր ելոյթը՝ արտասանուած Նոր Տարուան առիթով:
Ատրպէյճանի կողմէ ռազմական սպառնալիքի այս հերթական դրսեւորման առթիւ, շահեկան կը նկատենք հրատարակել մասնագիտական ակնոցով կատարուած հետեւեալ վերլուծումը, զոր առած ենք «Փանորամա» լրատուական ծառայութեան կայքէջէն:
Վերլուծումը կը ներկայացնենք որոշ յապաւումներով:
Ռուսական «Նեզաւիսիմաեյա գազետա» թերթը՝ «Դիպկուրիեր» յաւելուածում այսօր (Դեկտեմբեր 28, 2009) ծաւալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը: Յօդուածաշարում քննարկուել են հակամարտութեան պատմութեան, խնդրի լուծման ուղղութեամբ անցնող տարուայ ընթացքում ձեռնարկուած քայլերին ու գործընթացներին վերաբերող հարցեր, ինչպէս նաեւ՝ ներկայացուել են կանխատեսումներ միջնաժամկէտ ու կարճաժամկէտ կտրուածքով:
«Նեզաւիսիմաեյա գազետա»ն թեմայի շուրջ հրապարակել է ընդհանուր առմամբ վեց յօդուած, որոնք հեղինակել են Եուրի Ռոքսը («Նեզաւիսիմաեյա գազետա» թերթի մեկնաբան, Ռուսաստան), Ալեքսանդր Ռարը (քաղաքագէտ, Արտաքին քաղաքականութեան գերմանական խորհրդի Ռուսաստանի եւ ԱՊՀ ծրագրերի ղեկավար, Գերմանիա), Դաւիթ Բաբայեանը (քաղաքագէտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուական վարչութեան պետ, Լեռնային Ղարաբաղ), Ռասիմ Մուսաբեկովը (քաղաքագէտ, Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, Ադրբեջան), Բորիս Նաւասարդեանը (վերլուծաբան, Երեւանի մամուլի ակումբի նախագահ, Հայաստան) եւ Ալեքսանդր Խրամչիխինը (Քաղաքական եւ ռազմական վերլուծութիւնների ինստիտուտի փոխտնօրէն, Ռուսաստան):
Եուրի Ռոքսն իր յօդուածում՝ «Ղարաբաղեան փխրուն խաղաղութիւն», անդրադառնում է անցնող տարուայ ընթացքում Սերժ Սարգսեանի ու Իլհամ Ալիեւի ունեցած հանդիպումներին եւ նշում, որ տարուայ ընթացքում վեցերորդ եւ վերջին անգամ նախագահները հանդիպել են Նոյեմբերի 22ին Միւնխենում, որը միւս բոլոր հանդիպումների նման որեւէ տեսանելի գործնական տեղաշարժի չյանգեցրեց, բայց եւ՝ չխանգարեց նախագահներին «կրկնել հերթապահ խօսքերն այն մասին, որ իրենք բաւարարուած են կայացած բանակցութիւններով»: Հեղինակի դիտարկմամբ՝ աւելի ուժեղ լաւատեսական շեշտադրումներ ունէին Մինսկի խմբի միջնորդների յայտարարութիւնները, որոնք եւս նորութիւն չեն եւ ընդամէնը տպաւորութիւն ստեղծելու միտում ունեն:
Այս փուլում հակամարտութեան կողմերի դիրքորոշումների անհամատեղելիութիւնը ռուս մեկնաբանը բացատրում է բանակցութիւնների արանքում ընկած ժամանակահատուածում հնչող յայտարարութիւններով. «Պաքուից՝ անհնար է հարիւրաւոր տարիներ սպասել, ընդունակ ենք իրավիճակը հանգուցալուծել ուժով: Երեւանից՝ ուժի կիրառման փորձի դէպքում համարժէք պատասխան կը հետեւի, ժամանակն է Լեռնային Ղարաբաղին բանակցութիւնների մասնակից դարձնել»:
Նշելով, որ բանակցային գործընթացն, ըստ էութեան, անցնող տարում առաջընթաց չի ունեցել՝ Եուրի Ռոքսը նկատում է, որ միեւնոյն ժամանակ ներկայիս իրավիճակն իր առանձնայատկութիւններն ունի: «Խօսքը Մադրիդեան սկզբունքների մասին է, որոնք որոշ վերապահումներով, բայցեւայնպէս կարող են բանակցութիւնների հիմք ծառայել: Այսօրուայ դրութեամբ դրանց շարքում գլխաւորներն են եւ որոնց կատարումն են պնդում միջնորդները՝ Ղարաբաղի յետաձգուած կարգավիճակ, որը սահմանուելու է հանրաքուէի (ռուսերէնում կիրառուել է «ռեֆերենտում» տերմինը) հիման վրայ, փախստականների վերադարձ, ԼՂՀի շուրջ գտնուող, այսպէս կոչուած, անվտանգութեան գօտի համարուող, շրջաններից մի քանիսի փոխանցումն Ադրբեջանի իրաւասութեանը, խաղաղապահ զօրակազմի տեղակայում», գրում է հեղինակն ու շարունակում. «ոչ մի գերբնական, անիրականանալի բան չկայ: Սակայն միջնորդների առաջարկներն ուսումնասիրելիս՝ որոշ հարցեր են առաջանում: Յատկապէս՝ տարածքների վերադարձման մասով: Հինգ շրջանները արեւելեան կողմից են վերադարձուելու՞:
Ենթադրենք: Այդ դէպքում ի՞նչ անել Քելբաջարի ու Լաչինի շրջանների հետ: Քելբաջարի շրջանը Ղարաբաղի ջրի սնուցողն է, իսկ Լաչինի շրջանն ապահովում է ԼՂՀի կապը Հայաստանի հետ: Եւ երբ հայկական կողմն այս կապակցութեամբ յայտարարում է, որ ստիպել իրեն, առաջին հերթին, այդ շրջանները յանձնել, նշանակում է՝ ստիպել հրաժարուել Ղարաբաղի անկախութեան գաղափարից, չի սխալւում: Եւ ընդհանրապէս, ո՞ւր մնացին փոխզիջումներն, առանց որոնց անհնար է լուծել ցանկացած հակամարտութիւն: Երեւանն, այսպիսով, իրավիճակը բերում է լուծման հետեւեալ սխեմայով (ուրուագիծով-Խմբ.). ԼՂՀ անվտանգութեան գօտուց հինգ շրջանների վերադարձ (բայց ոչ՝ Լաչինն ու Քելբաջարը, որոնք՝ նշուեց, կենսական կարեւոր գործառոյթներ են իրականացնում)՝ ԼՂՀի նկատմամբ Ադրբեջանի յաւակնութիւններից հրաժարուելու դիմաց, իսկ Լաչինի ու Քելբաջարի շուրջ յետագայ բանակցութիւններ: Բաքուին այս սցենարը (բեմագիր, այստեղ՝ տարբերակ-Խմբ.), բնականաբար, չի բաւարարում: Ստացւում է, որ ադրբեջանական կողմի առաջարկած փոխզիջումն այն է, որ ինքը, հնարաւոր է երբեւէ համաձայնի ԼՂՀ հարցով հանրաքուէ անցկացնել: (Չի կարելի չէ՞ փոխզիջում համարել էներգետիկ նախագծերին Հայաստանի միանալուն համաձայնելը:) Սակայն Ադրբեջանի սահմանադրութիւնն արգելում է առանձին շրջանում հանրաքուէի անցկացումը:
Այն կարող է լինել միայն համաժողովրդական, այսինքն՝ ադրբեջանական պետութեան ողջ տարածքում: Արժէ՞ խօսել այն մասին, որ դրա արդիւնքները կանխորոշուած են թէ՛ հիմա, թէ՛ դարեր անց: Բաքուի առաջարկած «միասնական պետութեան տարածքում Լեռնային Ղարաբաղի լայն ինքնավարութիւնը եւ արդէն առկայ հայկական պետականութեան հետ ցանկացած փոխկապակցումները» հայկական կողմի համար ընդունելի չեն, որոնք այդ համատեքստում բերում են Հէյդար Ալիեւի՝ թուրք-ադրբեջանական յարաբերութիւնների վերաբերեալ յայտնի թեզը՝ «մէկ ազգ՝ երկու պետութիւն»: Ինչո՞ւ ժամանակակից Ադրբեջանի հիմնադիր-հօր բանաձեւը կիրառելի չէ ԼՂՀի ու Հայաստանի համար՝ նշում են Ստեփանակերտից՝ ընդգծելով բանակցութիւնների սեղանի շուրջ իրենց վերադարձի անհրաժեշտութիւնը: Կամ արաբական պետութիւնների բազմազանութիւնը եւ այլն: Հարցը կրկին մտնում է հակամարտութեան կարգաւորման սկզբունքի առաջացրած փակուղին՝ պետութեան տարածքային ամբողջականութեան շրջանակներում ժողովուրդների ինքնորոշման իրաւունք»:
Այնուհետեւ հեղինակը ներկայացնում է միջազգային իրաւունքի երկու հիմնարար սկզբունքներն ու դրանք ներառող փաստաթղթերը եւ ամփոփում. «սոսնձել այս երկու «պոստուլատներն» (առանցքային սկզբունքներ-Խմբ.) ու կիրառել գործնականում հնարաւոր չէ»:
…
Ադրբեջանցի փորձագէտ Ռասիմ Մուսաբեկովն իր յօդուածում՝ «Ռուսական ակցենտը (շեշտը-Խմբ.) ղարաբաղեան գործընթացում», յորդորում է Մոսկուային՝ դադարել սեփական շահերի հաշուին սպասարկել Հայաստանի շահերը: Իր յօդուածում ադրբեջանցին փորձում է Մոսկուային բացատրել, թէ որն է Ռուսաստանի շահը: Այս ինքնահաւան տօնն (շեշտը, ոճը-Խմբ.) արդէն իսկ դժուարացնում է Ռասիմ Մուսաբեկովի տեքստի (բնագրի-Խմբ.) ընթերցանութիւնը: Ուստի բաւարարուենք միայն մի մէջբերմամբ՝ ցոյց տալու համար, թէ ինչ են հասկանում Բաքւում հակամարտութեան լուծում ասելով:
Առաւել յագեցած ու հիմնաւորուած է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան վարչութեան պետ, քաղաքագէտ Դաւիթ Բաբայեանի յօդուածը՝ «Յետդարձի անհնարինութեան կէտ»: Նա, մասնաւորապէս նշում է, որ ցանկացած բարդ հակամարտութեան յաղթահարման համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ՝ գլոբալ ու տարածաշրջանային դերակատարների համախմբուած մօտեցում, ինչպէս նաեւ՝ հակամարտութեան կողմերի պատրաստակամութիւնը՝ կարգաւորելու այն: Դաւիթ Բաբայեանը նշում է, որ այս երկու պայմանների շուրջ ղարաբաղեան հակամարտութեան դէպքում կոնսենսուս (համախոհութիւն-Խմբ.) չկայ:
Արցախցի փորձագէտը մանրամասնում է իր այս փաստագրումը՝ ներկայացնելով հակամարտութեան կարգաւորման գործընթացում ընդգրկուած կողմերի ընկալումների ու ձգտումների տարբերութիւնները: Անդրադառնալով հակամարտութեան կողմերին՝ հեղինակը նշում է. «Ադրբեջանը պահանջում է վերադառնալ 1988 թուականի իրավիճակին, այսինքն՝ Ադրբեջանական ԽՍՀի տարածքի վերականգմանը, եւ կատեգորիկ (բացարձակ-Խմբ.) կերպով մերժում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքը: Տեսանելի ապագայում այս դիրքորոշումը չի փոխուի: Այստեղ առանցքային բաղադրիչն այն է, որ Ադրբեջանում տակաւին չի աւարտուել ադրբեջանական ժողովրդի ձեւաւորման գործընթացը, որը բաղկացած է բազմազան էթնիկական տարրերից՝ կազմուած թիւրքական, իրանական ու կովկասեան էթնոսներից: Օրինակ՝ համախմբուած ապրող լեզգիների, թալիշների ու աւարների զբաղեցրած տարածքը կազմում է մօտ 16 հազար քկմ. (Ադրբեջանի 1/5րդը), իսկ նրանց թիւը գերազանցում է 1.5 միլիոնը: Այս իրավիճակում Բաքուի համար անընդունելի է ԼՂՀի ճանաչումը եւ անգամ Ղարաբաղին ինքնավարութեան տրամադրումը, ինչն անընդունելի է նաեւ Ղարաբաղի համար: Երկու դէպքում էլ՝ ապագայում ինքնուրոյնութիւն կամ անկախութիւն կը պահանջեն նաեւ համախմբուած ապրող ազգային փոքրամասնութիւնները: 1988 թուականին վերադարձը՝ ինչպէս կարգավիճակի, անյպէս էլ տարածքի առումով, բացարձակապէս անընդունելի է նաեւ հայ ժողովրդի համար: Հայկական պետականութեան անվտանգութիւնն ինչպէս Արցախում, այնպէս էլ Հայաստանում, անհնար է ապահովել նախկին ինքնավար օկրուգի (մարզի-Խմբ.) վարչական սահմաններում: Բաւական է յիշեցնել, որ օրինակ, նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից դուրս գտնուող Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում են սկիզբ առնում նախկին ԼՂԻՄ ջրային ռեսուրսների 85 տոկոսը, Հայաստանի ջրային ռեսուսրների 80 տոկոսը զբաղեցնող Սեւանայ լճի փրկութեան երաշխիք հանդիսացող Արփա եւ Որոտան գետերը: Ինչպէս խորհրդային ժամանակներում, այնպէս էլ հակամարտութեան ակտիւ փուլում (1988-1994) Ադրբեջանը Ղարաբաղի նկատմամբ ջրային տեռորն ակտիւօրէն է կիրառել»:
Պատերազմի հնարաւորութեան ու հետեւանքների մասին դիտարկումները ներկայացրել է ռազմական փորձագէտ Ալեքսանդր Խրամչիխինը: Վերջինիս յօդուածը ներկայացնում ենք ամբողջութեամբ:
«Զինուած են, հետեւաբար՝ վտանգաւոր. Ադրբեջանն ու Հայաստանը միմեանց նկատմամբ առաւելութիւն չունեն» (այս է յօդուածի վերնագիրը-Խմբ.)
ԽՍՀՄ փլուզումից յետոյ Հայաստանը, Ադրբեջանը եւ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, հիմնականում, ստացան նախկին Խորհրդային բանակի «իրենց» բաժինը, այսինքն՝ վերցրեցին այն, ինչ գտնւում էր իրենց տարածքում: Ադրբեջանում տեղակայուած բաւականին հզօր աւիացիոն (օդային-Խմբ.) խմբաւորման միայն չնչին մասը յաջողուեց տեղափոխել Ռուսաստան:
ԽՍՀՄ փլուզումից յետոյ Ադրբեջանը ստացաւ 436 տանկ, 558 ՀՄՄ (Հետեւակի մարտական մեքենայ), 389 ՀԶՄ (Հետեւակի զրահապատ մեքենայ), 388 հրետանային համակարգ, 63 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ: Իսկ Հայաստանը 1993 թուականի սկզբին ունէր ընդամէնը 77 տանկ, 150 ՀՄՄ, 39 ՀԶՄ, 160 հրետանային համակարգ, 3 ինքնաթիռ, 13 ուղղաթիռ: Ի հարկէ, միեւնոյն ժամանակ, ԼՂՀ զինուած ուժերը դարձան «գորշ գօտի»: Ղարաբաղը ստացաւ Խորհրդային բանակի (նախկին 366դր մհգ) որոշակի մաս (թէեւ չնչին), որոշակի տեխնիկա էլ նրան փոխանցեց Հայաստանը:
Չնայած այն բանին, որ ԼՂՀ ԶՈՒ թուակազմը ստոյգ յայտնի չէր, որեւէ կասկած չկայ, որ ղարաբաղեան պատերազմի սկզբում Ադրբեջանը հսկայական առաւելութիւն ունէր Հայաստանի ու Ղարաբաղի զինուած ուժերի նկատմամբ: Առաւել եւս, որ Հայաստանի ԶՈՒ մի մասը գործի էր դրուել Թուրքիայի հետ սահմանի պաշտպանութեանը, որը լիակատար աջակցութիւն էր ցուցաբերում Բաքուին, եւ միայն Հայաստանի տարածքում ռուսական զօրքերի ներկայութիւնը կանխեց նրա ուղղակի միջամտութիւնը հակամարտութեանը:
Չնայած առաւելութեանը, Ադրբեջանն այդ պատերազմում ծանր պարտութիւն կրեց: Հայկական վերահսկողութեան տակ անցաւ ոչ միայն ԼՂԻՄ գրեթէ ողջ նախկին տարածքը, այլեւ նրան յարող շրջանները: Ղարաբաղեան ուժերի կողմից վերահսկուող տարածքը ստացուեց պաշտպանուելու համար խիստ համախմբուած եւ յարմար: Ակտիւ ռազմական գործողութիւններից յետոյ անցած 15 տարիների ընթացքում այդ տարածքի սահմանը (ըստ էութեան՝ շփման գօտին) հիանալի ամրապնդուած է, ինչին շատ է նպաստել տեղանքի լեռնային ռելիեֆը:
90ականների սկզբի պատերազմում կողմերը նշանակալի կորուստներ կրեցին: Հայաստանը խոստովանեց T-72 տիպի 52 տանկի, 54 Հմմ-ի, 40 Հզմ-ի, 6 ականանետի կորստի փաստը: Ղարաբաղի կորուստները, բնականաբար, անյայտ էին: Ադրբեջանը կորցրեց 186 տանկ (160 T-72 եւ 26 T-55), 111 ՀՄՄ, 8 ՀԶՄ, 7 ինքնագնաց հրետանային սարք, 47 ականանետ, 5 համազարկի ռէակտիւ համակարգեր, 14-16 ինքնաթիռ, 5-6 ուղղաթիռ: Բացի այդ, որպէս խափանուած տեխնիկայ դուրս են գրուել 43 տանկ, 83 ՀՄՄ, 31 ՀԶՄ, 1 ինքնագնաց հրետանային սարք, 42 ականանետ, 8 համազարկի ռէակտիւ համակարգեր:
Միեւնոյն ժամանակ, հայերից գրաւել են 23 տանկ, 14 ՀՄՄ, 1 ԻՀՍ, 8 ականանետ: Միւս կողմից՝ Ադրբեջանի կորցրած տեխնիկայի մեծ մասը կամ լիովին սարքին, կամ չնչին վնասուածքներով գրաւուել են հայկական ուժերի կողմից, յետագայում ներառուել Հայաստանի ու ԼՂՀ զինուած ուժերում:
Պատերազմի աւարտից յետոյ երկու երկրները, բնականաբար, ակտիւ զինւում էին: Հայաստանի համար ռազմական տեխնիկայի ներկրման կարեւորագոյն աղբիւրը Ռուսաստանն էր, որոշ բաներ էլ ձեռք է բերուել Արեւելեան Եւրոպայից: Բացի այդ, Հայաստանը այսօր դարձել է խորհրդային «սմեր»չից արտատպուած չինական WM-80 համազարկի ռէակտիւ համակարգերի միակ գնորդը:
Բաքուի համար սպառազինութիւնների հիմնական մատակարար դարձաւ Ուկրաինան: Ադրբեջանը յայտարարում է իր զինուժում 381 տանկի, 181 ՀՄՄ, 404 հրետանային համակարգերի, 75 ինքնաթիռի եւ 15 ուղղաթիռի առկայութեան մասին:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, դատելով ԵՍՍՄՊին նրա տրամադրած տուեալներից, նրա զինուած ուժերը երկար ժամանակ մնում են կայուն: Ընթացիկ տարուայ Յունուարի 1ի դրութեամբ Երեւանը յայտարարում է 110 տանկ, 140 ՀՄՄ, 239 հրետանային համակարգերի, 16 ինքնաթիռ եւ 8 ուղղաթիռ ունենալու մասին:
Ինչ վերաբերում է ԼՂՀ զինուած ուժերին, ապա, ադրբեջանական տուեալներով, նրանք ունեն 316 տանկ, 324 ՀՄՄ, 322 հրետանային համարգ: Այս տուեալները, ճիշտ է, միջինացուած են, եւ դուրս են բերուել այն տուեալների հանրահաշուական համադրմամբ, թէ որտեղ են 90ականների հաշուառուած խորհրդային տեխնիկան: Միեւնոյն ժամանակ չեն ներկայացւում պատերազմի ընթացքում եղած կորուստները (դրանք պարզապէս անյայտ են) եւ աւարը (դրանք նոյնպէս անյայտ են):
Ադրբեջանն այսօր հասել է նրան, որ Հայաստանին գերազանցում է տանկերի թուով 4 անգամ եւ ռազմական ինքնաթիռների թուով՝ 5 անգամ: Ի հարկէ, ԼՂՀ զինուած ուժերն այստեղ չեն հաշուարկւում: Հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղի ցամաքային զօրքերը չեն զիջում հայկականին: Հետեւաբար՝ Ադրբեջանի առաւելութիւնը ցամաքում, եթէ անգամ լինի էլ, ապա աննշան է: Բացի այդ, հայերի կողմից է աշխարհագրութիւնը: Սպառազինութիւնների որակը նոյնն է՝ կողմերի զինուժը համալրուած է բացառապէս խորհրդային տեխնիկայով: Հետեւաբար՝ արդիւնաւէտ յարձակման համար ադրբեջանական ներուժը խիստ անբաւարար է:
Ադրբեջանը միայն օդում ունի առաւելութիւն: Հայաստանն ունի 1 Միգ-25 (աշխարհում այլեւս չկայ երկիր, որի օդուժը մէկ կործանիչ ունենայ): Ադրբեջանը այդ նոյն Միգ-25ից 32ն ունի: Ճիշտ է՝ դրանց օգտակարութիւնն աւելի մեծ չէ, քան Հայաստանի ունեցած մէկինը: Բանն այն է, որ Միգ-25ը շատ իւրայատուկ ինքնաթիռ է: ԽՍՀՄ Հակաօդային պաշտպանութիւն (ՀՕՊ) զօրքերում այն նախատեսուած էր ԱՄՆի ռազմավարական ռմբակոծիչների եւ հետախոյզների դէմ պայքարի համար, այլ ոչ՝ օդային մարտերում մանեւրելու: Մարտավարական նպատակների համար այն ընդհանրապէս անպէտք է:
Փոխարէնը մարտադաշտի վրայ փայլուն կռւում են Սու-25 գրոհիչները, որոնցից երկու կողմն էլ ունեն 15ական հատ: Միեւնոյն ժամանակ Ադրբեջանը ցամաքային թիրախներին հարուածելու համար ունի նաեւ 5 Սու-24 ռմբակոծիչ եւ այդքան էլ Սու-17 գրոհիչ: Իսկ մանեւրային օդային մարտերի համար առկայ են 5 Միգ -25 եւ 13 Միգ-29:
Բայց բոլոր դէպքերում ադրբեջանական ՌՕՈՒ հզօրութիւնն այդքան մեծ չէ, որպէսզի ցամաքում պատերազմի ընթացքը բեկի (կարելի է միայն ենթադրել, որ օդաչուների պատրաստութեան մակարդակը նոյնպէս ամենաբարձրը չէ աշխարհում): Բացի այդ, Հայաստանն ու ԼՂՀն ունեն ցամաքային ՀՕՊ, որը լեռներում շատ արդիւնաւէտ է:
Ուստի կարելի է վստահաբար պնդել, որ այսօրուայ դրութեամբ ռազմական ռեւանշի (վրէժխնդրութեան-Խմբ.) հասնելու Ադրբեջանի շանսերը (հնարաւորութիւնները-Խմբ.) խիստ անիրական են, պատրանքային: