ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Երկուշաբթի օրը, Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդութեամբ, անցկացուեցին նոր տարում առաջին բանակցութիւնները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ։
Ինչպէս եւ սպասւում էր, ղարաբաղեան կարգաւորման գործընթացում ճեղքում տեղի չունեցաւ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրով բանակցութիւնների գլխաւոր հանրագումար է անուանել կողմերի համաձայնութիւնը՝ գրաւոր ձեւակերպել հակամարտութեան լուծման վիճելի սկզբունքների իրենց ձեւակերպումները։ Նա նշել է, որ կողմերը «փաստաթղթի ներածականի ընդհանուր ըմբռնում են գտնում», որում պարունակւում են հիմնախնդրի լուծման սկզբունքները, բայց, ըստ այդմ, հրաժարուել է բացել փաստաթղթի մանրամասները, քանի որ դա մնում է որպէս բանակցութիւնների առարկայ։
Նախարարի ընդհանուր, դիւանագիտօրէն սքօղուած եւ կոնկրետութիւնից (յստակութենէ-Խմբ.) զուրկ ձեւակերպումները վկայում են, թերեւս, այն մասին, որ առայժմ հակամարտութեան փոխադարձաբար ընդունելի լուծում չկայ։ Որպէս հետեւանք՝ չկայ եւ առաջադիմութիւն՝ հիմնախնդրի լուծման գործում։ Սոչիի գագաթնաժողովի անարդիւնք լինելու մասին է խօսում նաեւ այն փաստը, որ նրա մասնակիցները հանդէս չեն եկել համատեղ յայտարարութեամբ, որում հռչակուած լինէին բանակցային գործընթացի զարգացման հեռանկարները որոշող ինչ-ինչ սկզբունքներ։
Թէեւ պէտք է խոստովանել, որ նման հռչակումները Ադրբեջանի մեղքով նոյնպէս արդէն քիչ նշանակութիւն ունեն։ Այսպէս, 2008 թուականի Նոյեմբերին, նախագահներ Մեդվեդեւը, Սարգսեանն ու Ալիեւը Մոսկուայում ունեցած հանդիպման արդիւնքներով ստորագրեցին ընդհանուր, այսպէս կոչուած՝ Մայնդորֆեան հռչակագիրը, որը վերլուծաբաններն անուանեցին ճեղքումային փաստաթուղթ։ Ինչը, սակայն, Ադրբեջանի ղեկավարին չխանգարեց գրեթէ մէկ ամիս անց հրաժարուել դրանից՝ վերստին խօսելով հակամարտութեան հնարաւոր ուժային լուծման մասին եւ վերահաստատելով իր համբաւը՝ որպէս բանակցութիւններում անյուսալի գործընկեր։ Այնինչ, Սոչիի բարձր մակարդակով հանդիպման վերաբերեալ անորոշ մեկնաբանութիւնները շաղախուած են կոնկրետութեան պահանջմունքով աչքի ընկնող մի տեղեկատուութեամբ։
Մամուլ է ներթափանցել մի հաղորդում, որում «բանակցային գործընթացին մօտ կանգնած բարձրաստիճան աղբիւրի» վկայակոչումով նշուել է, որ Լաւրովի կողմից յիշատակուած նախաբանում արձանագրուած է ազգերի ինքնորոշման իրաւունքի առաջնայնութիւնը, ինչպէս նաեւ բանակցութիւնների յաջորդ փուլում ԼՂՀի մասնակցութեան անհրաժեշտութիւնը։ Նշենք, որ տեղեկատուական արտահոսքերը դիւանագիտութեան պրակտիկայում (կեանքի մէջ-Խմբ.) նորութիւն չեն, եւ դրանք որոշակի նպատակներ են հետապնդում՝ կապուած, ասենք, այս կամ այն հրատապ հարցի վերաբերեալ հասարակական կարծիքը նախապէս շօշափելու հետ։ Թէ ո՞ւմ է պէտք եղել վերը յիշատակուած հաղորդագրութիւնը տեղեկատուական դաշտ նետելը՝ դժուար է ասել, ինչպէս որ դժուար է դրա հաւաստիութիւնը հաստատելը։ Սակայն այստեղ ուշադրութիւն է գրաւում հետեւեալ հանգամանքը, այն է՝ տուեալ նիւթի մատուցումը՝ որպէս գաղտնիութեամբ քօղարկուած ինչ որ հետաքրքրութիւն գրգռող սենսացիա (զգայացունց լուր-Խմբ.)։ Բայց չէ՞ որ, ըստ էութեան, նոր եւ առաւել եւս սենսացիոն ոչինչ չկայ տուեալ հաղորդագրութեան մէջ. բոլորին յայտնի «գաղտնիք»։ Եւ ահա թէ ինչո՛ւ։
Բանն այն է, որ այդ երկու դրոյթներն էլ՝ ազգերի ինքնորոշման իրաւունքի առաջնայնութիւնը եւ բանակցութիւններին ԼՂՀի մասնակցութեան անհրաժեշտութիւնը, վաղուց են հանդիսանում ղարաբաղեան կողմի դիրքորոշման սկզբունքային բաղադրիչներ։ Եւ Լեռնային Ղարաբաղը երբեք դրանից գաղտնիք չի սարքել։ Ինչպէս եւ այն, որ իր ընտրած ուղուց չի շեղուի եւ ձգտելու է իր Դէ ՖԱԿՏՕ անկախութեան միջազգային իրաւաբանական ճանաչման, անկախ այն բանից՝ ինքը բանակցային գործընթացին մասնակցում է, թէ ոչ։ Այո, ԼՂՀն պնդել է եւ շարունակում է պնդել իր պարտադիր վերադարձը բանակցութիւնների սեղանի մօտ, քանի որ անտրամաբանականութիւն եւ նոյնիսկ անհեթեթութիւն է տեսնում այն բանում, որ առանց իր ուղղակի մասնակցութեան, ի՛ր իսկ ապագայի հարցն է քննարկւում։ Բայց նա գործընթացի մէջ իր վերադարձն է պահանջում ոչ նրա համար, որ սեփական քաղաքական կարգավիճակը քննարկի, առաւել եւս՝ Ադրբեջանի կազմում, ինչին որ Բաքուն է ձգտում։ ԼՂՀի անկախութիւնը բանակցութիւնների առարկայ չէ, եւ առաւել եւս՝ սակարկութեան, բայց ահա Ադրբեջանի հետ յարաբերութիւներին վերաբերող միւս հարցերի քննարկումից Ղարաբաղը չի հրաժարւում։
Ներկայումս ոչ միջնորդները, ոչ Հայաստանն ու Ադրբեջանը չեն հնչեցրել Սոչիի բանակցութիւնների արդիւնքները։ Երեք նախագահների հանդիպումը սոսկ հերթական անգամ հաստատել է լուրջ տարաձայնութիւնների առկայութիւնը բանակցող կողմերի դիրքորոշումներում, տարաձայնութիւններ, որոնք դեռեւս շուտ չեն լուծուելու։ Դատելով ըստ ամենայնի՝ Սոչիում չի յաջողուել որոշել կարգաւորման գործընթացի զարգացման վեկտորը (ուղղութիւնը-Խմբ.)։
Բայց այն, ինչ չի յաջողուել Սոչիում, արդէն յաջողուել է Ստեփանակերտում։ Քանզի կարգաւորման գործընթացը կարող է լինել ինչպիսին որ ասես, միայն թէ՝ Լեռնային Ղարաբաղի շահերին չհակասող։ Այս թեզիսը բազմիցս է հնչեցուել պաշտօնական Ստեփանակերտի կողմից, որի դիրքորոշումը, ի տարբերութիւն այլ երկրների, լիովին համընկնում է տուեալ հարցում ժողովրդական կամքի արտայայտութեան հետ։ Ստեփանակերտը չի կամենում եւ չի սպասելու իր ճակատագրի որոշմանը երրորդ կողմի պարտադրանքով՝ որտեղ էլ որ լինի՝ Մոսկուայում, Փարիզում թէ Սոչիում։ Ստեփանակերտն արդէն վաղուց է որոշել սեփական քաղաքական զարգացման առաջնայնութիւններն ու հեռանկարները։ Եւ դրանց էլ հետեւում է՝ բանակցային գործընթացներից անկախ։
* Լէոնիդ Մարտիրոսեանը «Ազատ Արցախ» օրաթերթի խմբագիրն է: