ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆ
Արդեօ՞ք Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի եւ Թուրքիայի զօրեղ բանակի միջեւ տիրող հակամարտութիւնը կը բարդացնի եւ կը յետաձգի բազում տարիների ընթացքում այդ երկրի քաղաքականութեան ամենահամարձակ նախաձեռնութիւնը՝ հայերի եւ քրտերի հետ եղած տասնամեակների լարուածութիւնը մեղմելու փորձը:
Թուրքիայի բանակի դերի վերասահմանումը կենսական նշանակութիւն ունի, սակայն եթէ երկիրը չկարողանայ հետեւողական գտնուել հայկական եւ քրտական խնդիրների լուծման հարցում, ապա կը վատթարանայ երկրի ներքին իրադրութիւնը, կը սրուեն Թուրքիայի յարաբերութիւնները հայերի եւ քրտերի հետ, ինչպէս նաեւ կ՛աճի գոյութիւն ունեցող լարուածութիւնը Կովկասում: Տարածաշրջանում առկայ մի քանի թէժ օճախներից, որոնց թւում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտութիւնը Հարաւային Օսեթիայի եւ Աբխազիայի շուրջ, հայերի եւ Ազրպէյճանի միջեւ լարուածութիւնը Ղարաբաղի շուրջ, ամենավտանգաւորներից է:
Ռուսաստանի եւ Վրաստանի հակամարտութեան դէպքում, մի կողմի անհամեմատելի մեծութիւնը, կշիռն ու ուժը բաւարար են, որպէսզի յետ պահեն ուժային գործողութիւնների դիմելու փորձի կրկնութիւնից: Այդ հարցում նաեւ չկան իրադրութիւնը բարդացնող, խճողուած դաշինքներ: Վրաստանը ՆԱԹՕի անդամ չէ, եւ Միացեալ Նահանգներն ակնյայտօրէն Ռուսաստանի հետ պատերազմի չի գնայ Վրաստանի համար:
Հայ-ատրպէյճանական հակամարտութիւնն աւելի խճճուած է: Երկու փոքր նախկին խորհրդային հանրապետութիւնների միջեւ պայքարից այն վերածուել է Հայաստան-Թուրքիա-Ատրպէյճան եռանկիւնու մի մաս: Այդ եռանկիւնին անմիջական արդիւնքն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգաւորման գործընթացի, որը սկիզբ առաւ երկու երկրների նախագահների հանդիպումից ֆութպոլային խաղին:
Այդ գործընթացի առանցքն այսօր դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու վերաբերեալ արձանագրութիւններն են, որ ստորագրուել են երկու երկների կառավարութիւնների կողմից, բայց չեն վաւերացուել խորհրդարաններում: Գործընթացի աւարտն ուղղակիօրէն եւ անուղղակիօրէն կախուած է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացից:
Այս եռակողմ վէճը կարող է բազում վտանգների յանգեցնել, եթէ զգուշութեամբ չհանգուցալուծուի: Թուրքիան, որ արդէն գրեթէ երկու տասնամեակ բացայայտօրէն յայտարարում է իր աջակցութիւնը Ատրպէյճանին, անսքօղ պայմանաւորում է Հայաստանի հետ մերձեցումը Հայաստանի կողմից Ատրպէյճանին արուող զիջումներով:
ՆԱԹՕի անդամ Թուրքիան այսպիսով այս հակամարտութեան մաս է կազմում, եւ ռազմական գործողութիւնների որեւէ բռնկում Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ կարող է ներքաշել նրան, որն իր հերթին կարող է բերել Ռուսաստանի մասնակցութեանը կա՛մ Հայաստանի հետ երկկողմ պարտաւորութիւնների հիման վրայ, կա՛մ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի շրջանակով, որին անդամակցում են Ռուսաստանն ու Հայաստանը:
Հաշուի առնելով ուժանիւթի ապահովութեան վերաբերեալ մտահոգութիւնները, Ատրպէյճանին առնչուող որեւէ հակամարտութիւն լուրջ ազդեցութիւն կ՛ունենայ նաեւ Եւրոպայի վրայ: Իրանը եւս զերծ չի մնայ դրա ազդեցութիւնից՝ տարածաշրջանում ունեցած իր դիրքի եւ շահերի պատճառով:
Արդէն 15 տարի է Հայաստանն ու Ատրպէյճանը ռազմական բախումներ չեն ունեցել, սակայն դա եղել է երկու երկրների ռազմական ուժերի ենթադրեալ հաւասարակշռութեան շնորհիւ եւ ընթացող բանակցութիւնների յաջողութեան ակնկալիքով:
Այսօր երկու գործօններն էլ փոխուել են: Նախ փոխուել է ռազմական հաւասարակշռութեան ընկալումը: Վերջին տարիներին Ատրպէյճանն ահռելի գումարներ է ծախսել սպառազինութիւնների վրայ, որը նրան կարող է առիթ տալ համարելու, որ այժմ ուժերի հաշուեկշիռը փոխուել է յօգուտ իրեն: Միեւնոյն ժամանակ, նուազել են ակնկալիքները բանակցային գործընթացից, որը կարծես մտել է փակուղի հիմնականում հայ-թուրքական կարգաւորման հետ այն կապելի պատճառով, որն իր հերթին անորոշութեան մէջ է:
Դիւանագիտական արձանագրութիւնները, որոնք սպասում են իրենց վաւերացմանը Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններում, կողմերի սխալ հաշուարկների զոհ են դարձել: Հայերը ենթադրում էին, որ Թուրքիան կը կարողանայ հաշտեցնել Ատրպէյճանի շահերն ու հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը եւ բացել սահմանը Հայաստանի հետ անկախ ղարաբաղեան կարգաւորման գործընթացի զարգացումից: Սակայն խնդիրն այն է, որ Թուրքիան ի սկզբանէ փակել էր սահմանը հէնց Ղարաբաղի, այլ ոչ թէ որեւէ այլ երկկողմ խնդրի պատճառով:
Թուրքիան իր հերթին կարծում էր, որ ստորագրելով արձանագրութիւնները Հայաստանի հետ եւ ցուցադրելով սահմանը բացելու իր պատրաստակամութիւնը, կը կարողանայ համոզել կամ ճնշել հայերին՝ աւելի արագ լուծում տալ ղարաբաղեան հակամարտութեանը կամ զիջել Ղարաբաղի մերձակայ տարածքները: Սակայն դա միշտ քիչ հաւանական է եղել, քանի դեռ չկայ համապարփակ կարգաւորում, որը կը փարատի հայկական կողմի մեծագոյն մտահոգութիւնը անվտանգութեան խնդիրը, եւ կը բաւարարի հայերի հիմնական քաղաքական պահանջը՝ Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը:
Երկու կողմերն էլ կարծես զարմացած են միւս կողմի ակնկալիքների վրայ: Անշուշտ, գնալով մեծանում է մտահոգութիւնը, որ ղարաբաղեան հարցի հանգուցալուծումն աւելի հեռու է, քան երբեւէ, քանզի Թուրքիայի բացայայտ աջակցութիւնը մեծացրել է Ատրպէյճանի ակնկալիքները: Հայկական կողմն էլ կասկածում է, որ հարեւանների դաւադիր պայմանաւորուածութիւնը կարող է յանգեցնել անկայուն լուծման:
Եկել է Թուրքիայի լրջանալու պահը: Հայ-թուրքական դիւանագիտական գործընթացը մտել է փակուղի, նաեւ արգելակուել է Թուրքիայի կառավարութեան փորձը հաշտութեան գալ քրտական մեծ համայնքի հետ: Թուրքերի եւ քրտերի միջեւ վստահութեան նուազումը արեւելեան Թուրքիայում կը բերի վերջերս ձեռք բերուած փխրուն կայունութեան կորստին: Իր հերթին ղարաբաղեան հանգուցալուծման ակնկալիքի կորուստը կարող է վտանգել Հայաստանի եւ Ատրպէյճանի փխրուն ռազմական հանդարտութիւնը:
Սակայն իրավիճակը դեռ կարելի է շտկել: Անվերջանալի հրապարակային մարտերը մամուլում հայ եւ թուրք պաշտօնատարների միջեւ անպտուղ են: Ժամանակն է, որ երկու երկրների ղեկավարները խօսեն իրար հետ, առանձին եւ անմիջականօրէն, ըմբռնելով, որ սկսուած կարգաւորման ձախողումը կը յանգեցնի իրավիճակի յետագայ ապակայունացման:
Հետեւաբար, անգամ երբ Թուրքիան փորձում է կարգի բերել իր պատմութեան հետեւանքները երկրի ներսում եւ վերասահմանել բանակի դերը հասարակութիւնում, այն պէտք է նոր մեկնարկ տայ իր չարչրկուած յարաբերութիւններին Հայաստանի հետ:
Միացեալ Նահանգների Քոնկրեսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից ընդունուած վերջին բանաձեւը, որը կոչ է անում Միացեալ Նահանգների նախագահին ապահովել, որ Միացեալ Նահանգների արտաքին քաղաքականութիւնն արտացոլի համապատասխան զգայնութիւն եւ նրբանկատութիւն Հայոց ցեղասպանութեան հանդէպ, պէտք է ծառայի որպէս սթափուելու ազդանշան Հայաստանի եւ Թուրքիայի կառավարութիւններին առ այն, որ հայերը մտադիր չեն կասկածի տակ դնել Ցեղասպանութեան պատմական ճշմարտացիութիւնը:
Երկու կողմերն էլ պէտք է կանգ առնեն, սթափ քննեն իրավիճակը, ընդունեն արձանագրութիւնների թերութիւնները, բաւարարեն դիմացի կողմի նուազագոյն պահանջները՝ միաժամանակ ընդունելով, որ մէկ փաստաթուղթ չի դարմանի բոլոր վէրքերը եւ չի ցրի բոլոր մտահոգութիւները:
Միջազգային հանրութիւնը պէտք է աջակցի այս ջանքերին: Չի կարելի խնդիրը յանգեցնել հին հաշիւներին ու պատմութեանը: Խաղաքարտի վրայ է դրուած մի տարածաշրջանի ապագան, որը կարեւոր է Եւրասիայի խաղաղութեան համար: