ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Եւ ծանիջիք զճշմարտութիւնն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ:
Աւետարան ըստ Յովհաննու, գլուխ Ը (32)
Հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրութիւնները հայ հասարակութեան մէջ էապէս մեծացրել են հետաքրքրութիւնն մեր հարեւան Թուրքիայի նկատմամբ ընդհանրապէս եւ նրա նորագոյն պատմութեան նկատմամբ՝ մասնաւորապէս: Հաշուի առնելով, որ ներկայիս Թուրքիայի հասարակական-քաղաքական կեանքում Մուստաֆա Քեմալի (Աթաթիւրք) դերը նոյնքան է, որքան անձի պաշտամունքի տարիներին Լենինի եւ Ստալինի դերը միասին վերցրած, ապա նրա կեանքին վերաբերող ցանկացած դրուագ եւ այդ դրուագի մեկնաբանումը կամ կոծկումը ձեռք է բերում առանձնակի կարեւորութիւն:
Թէեւ Աթաթիւրքի մասին գրուած են հարիւրաւոր գրքեր եւ հազարաւոր յօդուածներ, սակայն նրա կեանքի ոչ բոլոր փաստերն են արտացոլուած դրանցում: Սա միանգամայն հասկանալի է, քանի որ Մուստաֆա Քեմալի կեանքի որոշ դրուագների բացայայտումը կարող է քրէական պատասխանատուութեան յանգեցնել Թուրքիայում:
Այդպիսի դրուագներից է Մուստաֆա Քեմալի խայտառակ գերեվարումը բրիտանացիների կողմից եւ նրա ինքնասպանութեան փորձը (1918թ. Հոկտեմբեր-Նոյեմբեր): Այս պատմութիւնը վկայուած է Միացեալ Նահանգների քաղաքացի Ելիզաբեթ Հարրիսի (Elizabeth Harris) կողմից եւ հրապարակուել է դը Նիւ Եորք թայմս (The New York Times) հանդէսի կողմից տպագրուող Քարընթ հիսթըրի (Current History, Ժամանակակից պատմութիւն) հանդէսի 1922թ. Նոյեմբերի համարում՝ Ինչպէս Մուստաֆա Քեմալը ձեւաւորեց իր բանակը (How Mustapha Kemal Formed His Army) յօդուածի մէջ:
Ելիզաբեթ Հարրիսը 1919թ. Փետրուարից 18 ամիս անց է կացրել Կիլիկիայում: Այդ ժամանակ Կիլիկիայում էին գտնւում (մինչեւ 1919թ. Նոյեմբերը) բրիտանական զօրամիաւորումները: Սրանք հէնց այն զօրամիաւորումներն էին, որ գեներալ Ալլընբիի (Allenby) գլխաւորութեամբ 1918թ. ազատագրել էին Պաղեստինն ու Սիրիան: Հէնց այս զօրամիաւորումների սպաներից էլ Ելիզաբեթ Հարրիսը առաջին անգամ լսել է Մուստաֆա Քեմալի մասին, որոնց մեծ մասը անձնապէս է ճանաչել նրան, քանի որ գեներալ Մուստաֆա Քեմալը, մինչեւ զինադադարի հաստատումը (Մուդրոսի զինադադար, 30 Հոկտեմբերի 1918թ.) եղել է նրանց ռազմագերին (Most of the British officers had known Kemal Pasha personally, for he had been their prisoner until the armistice with Turkey.)
Ահա բառացիօրէն ինչ է գրում Ելիզաբեթ Հարրիսը. «Հէնց այս սպաներից էլ մենք լսեցինք Մուստաֆա Քեմալի կողմից Հալէպի յանձնման պատմութիւնը: Երուսաղէմի անկումից յետոյ, Բրիտանական բանակի հիւսիս շարժուելու հետ, քաղաքը քաղաքի ետեւից ընկնում էր բրիտանացիների ձեռքը: Դէպի հիւսիս նրանց ռազմերթի պատմութիւնը նման է Հին կտակարանի պատմութեան: Երուսաղէմն ընկաւ, յետոյ Դամասկոսը, Հոմսը եւ Համման. եւ բրիտանացիները հասան Հալէպի դարպասներին, որը պահում էր Քեմալ փաշան 8000 հոգիանոց բանակով: Երբ բրիտանական բանակն առաջացաւ այդքան հիւսիս, այն այնքան էր հիւծուած հիւանդութեան պատճառած մահերից, որ միայն մօտ 1500 մարդ էր մնացել, որոնք էլ տառապում էին ճահճատենդից (մալարիա), արնալուծից (դիզենտերիա) եւ այլ հիւանդութիւններից, որոնք սովորական են եւրոպացիների համար արեւելեան երկրներում: Բանակն, յիրաւի, այնպիսի խեղճ վիճակում էր, որ հրամանատարը վախենում էր յարձակման անցնել եւ բանակը ճամբար խփեց քաղաքից մի քանի մղոնի վրայ: Այսուհանդերձ, Մուստաֆա Քեմալը չգիտէր նրանց տկարութեան մասին. նա գիտէր միայն այն յաղթական բանակը, որը մինչ քաղաքի դարպասներին հասնելը, սրբել-տարել էր իր առջեւ կանգնած ամէն ինչ, եւ նա յանձնուեց առանց մի կրակոցի: Երբ նա բացայայտեց իրական վիճակը, այնքան էր նուաստացած, որ նա ինքնասպանութեան փորձ արեց, սակայն դա կանխուեց: Հէնց որ բրիտանական զինուորական իշխանութիւնների կողմից նա ազատ արձակուեց, իսկոյն ձեռնամուխ եղաւ «անհաւատներին» Թուրքիայից քշելու իր շարժմանը»:
«Through these officers we heard the story of the surrender of Aleppo by Kemal Pasha. As the British Army moved north after the surrender of Jerusalem, city after city fell into its hands. The story of its march north is like a story from the Old Testament. Jerusalem fell, then Damascus, Hams and Hamma; and the British reached the gates of Aleppo, which Kemal Pasha was holding with an army of 8,000 men. When the British Army got north as far as that point it was so depleted from the death by disease that there were only about 1,500 men of them suffering from malaria, dysentery or other diseases common among Europeans in Eastern countries. The army, indeed, was in such poor condition that the commander was afraid to attack, and the troops camped a few miles outside the city. Kemal Pasha, however, did not know of their weakness; he knew only that victorious army which had swept everything before it was at the gates of the city, and he surrendered without firing a shot. When he discovered the actual conditions he was so humiliated that he attempted suicide, but was prevented. As soon as he was released by the British military authorities he began his movement to drive the «infidels» out of Turkey.»
Կարծում եմ, որ որպէս հարեւան երկիր, մեր պարտքն է օգնել Թուրքիային բացայայտելու իր ճշմարիտ պատմութիւնը: Այն պատմութիւնը, որ սարքովի չէ եւ յարմարեցուած չէ որոշ քաղաքական խմբերի իշխանութեան պահպանմանը:
Արա Պապեան «Մոդուս Վիվենդի» կեդրոնին ղեկավարն է