Մարտի 20ին ներկայ էի մի ոգեշնչող ու խանդավառ երեկոյթի: Թաւրիզահայութեան հայրենակցական գործադիր մարմինը, նպատակ ունենալով ի մի հաւաքել թաւրիզահայութեանը, վերյիշել եւ ծանօթացնել Իրանի Ատրպատական նահանգի եւ Թաւրիզ քաղաքի ազգային պատմամշակութային արժէք ներկայացնող անցեալը ներկայ սերունդին եւ հայ համայնքին, կազմակերպել էր սոյն անմոռանալի երեկոն: Գործադիր մարմնի նուիրեալ մասնակիցների անվերապահ ջանքերի շնորհիւ, այս ձեռնարկը գնահատելի եւ բացառիկ երեւոյթ է:
Ներկայ եմ եղել երեկոյթներին ու հիացած եմ տեսնելով կազմակերպութեան ծիլարձակման ու նպատակասլաց բարգաւաճման արագընթացը (ընդամէնը հինգ տարում): Սրտանց ցանկանում եւ մաղթում եմ յարատեւ ուժ ու կորով՝ իրագործելու յիշեալ ազգանուէր ու վսեմ նպատակները:
Ձեռնարկը տեղի ունեցաւ Գլենդէյլի «Սիւիկ Ադիթորեոմ»ում, երեկոյեան ժամը 6ից մինչեւ ուշ գիշեր, շուրջ 550 հիւրերի ներկայութեամբ, ուրախ ու խանդավառ մթնոլորտում:
Առաջին երկու ժամը յատկացուած էր նկարների ցուցադրման: 3000 նկարները աւելի քան 150 տարուան թաւրիզահայութեան ազգային, մշակութային եւ պանծալի անցեալի վկաներն են, որը բաւական հետաքրքիր եւ ուսուցանող երեւոյթ է:
Ձեռնարկը գնահատուած էր Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի կողմից: Յովնան արք. Տէրտէրեանը Ս. Էջմիածին գործուղման մէջ լինելով՝ ներկայ չէր. ներկայ էին Գլենդէյլի Ս. Գէորգ եկեղեցու հոգեւոր հովիւ Մամբրէ Քեսաբեանը եւ Յովնան սրկ. Վարդանեանը: Ներկայ էին նաեւ առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանը եւ Ս. Աստուածածին եկեղեցու հոգեւոր հովիւ Կոմիտաս Թորոսեանը, որոնց մեծարգոյ ներկայութիւնը հոգեւոր ներշնչանք էր ոչ միայն յանձնախմբի, այլ բոլոր մասնակիցների համար:
Երեկոն բացուեց հոգեւոր հայրերի Տէրունական աղօթքով, որից յետոյ անոնք դրուատանքով արտայայտուեցին թաւրիզահայութեան փայլուն անցեալին եւ հայրենասիրութեան մասին:
Ձեռնարկի հիմնական նպատակներից էր հայրենիքի Սիսեան քաղաքում հիմնել մարզամշակութային կենտրոն՝ երջանկայիշատակ Ներսէս արք. Մելիք Թանգեանի անուամբ՝ յաւերժացնելու այն ազգանուէր հոգեւորականի յիշատակը, որը իր ամբողջ կեանքը նուիրաբերել է հայութեան բարօրութեան, հայրենիքին եւ Հայց. եկեղեցուն: Այս հայրենանուէր գործը արժանացել է Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի ուշադրութեան, որը Սիսեան քաղաքում շէնք մը տրամադրել է այս ծրագրի իրագործման:
Ուշադրութեան արժանի է նաեւ այն հանգամանքը, որ առաջին եւ երկրորդ տարիների հաւաքները կարծէք, թէ հետաքրքիր էր միայն Թաւրիզում ծնուած եւ մեծացած տարէցներին:
Բացակայում էր նոր սերունդը: Տարեց տարի այդ ուրախ ու շէնչող մթնոլորտը՝ ազգային ուրախ երգն ու երաժշտութիւնը, խանդավառ պարերն ու ջերմ ընդունելութիւնը գրաւեց առաւել երիտասարդների եւ ընտանեկան խմբերի: Հաճելի էր նաեւ երեխաների ներկայութիւնը:
Ներկաների մէջ էին չորս ընտանիք իրենց չորս սերունդներով (հայրեր, զաւակներ եւ թոռներ ու ծոռներ), որոնց մեծ-մեծ պապերը եւս իրար հետ մտերիմներ եւ ազգականներ են եղել Փայտակարանի Սարդու գիւղում. եւ ահաւասիկ այս վերահանդիպումը կրկին ջերմացրեց պապ ու պապերի երբեմնի մտերմութիւնը եւ գծեց գերդաստանների 5-6 սերունդների «Կենաց ծառը»՝ փոխանցելով գալիք սերունդներին ազգային ոգի, որպէսզի նրանք եւս միասնական ջանքերով պահեն մեր պապերի վարքն ու բարքը, նրանց անկոտրում ոգին ու կուռ հայրենասիրութիւնը՝ «Մի ազգ, մի մշակոյթ եւ մի հայրենիք» լօզունգով:
Չմոռանալ յիշելու այն սիրելի թաւրիզեցիներին, որոնք ամէն տարի հասցնում են ներկայ գտնուել այդ ջերմ երեկոյթին՝ Ամերիկայի տարբեր նահանգներից, Եւրոպայից, հայրենիքից որոնց հանդիպումը հաճելի անակնկալներ են մեր բոլորի համար:
Ուշագրաւ էր Գլենդէյլի քաղաքապետ Ֆրանք Քուենթերոյի ներկայութիւնը եւ յատկապէս նրա մտերմիկ ու անմիջական մասնակցութիւնը հայկական պարերին: Նա այդ երեկոյթի մասին հեռուստատեսութեամբ քաղաքապետարանի հերթական ժողովի բացման խօսքի մէջ արտայայտուեց, որպէս շատ հետաքրքիր ձեռնարկ, որը ոչ մի փոքրամասնութեան կողմից նախադէպը չունեցող աշխատանք համարելով՝ արժեւորեց՝ 160 տարուայ Թաւրիզ քաղաքի հայերի մշակոյթն ու անցեալը ներկայացնող մօտ 10 հազար (իր տպաւորութեամբ) լուսանկարների գոյութիւնն ու ցուցադրումը:
Ուրախ երգ ու պարերին առընթեր, եղան անվճար վիճակախաղեր, նուիրատուների կողմից յատկացուած թանկարժէք հինգ նուէրներով. նաեւ գնահատելի էր խոշոր նուիրատուութիւնը ոմն թաւրիզեցուց:
Եղաւ հաշուետուութիւն նախկին չորս տարիների նիւթական հասոյթի վերաբերեալ: Առաջին եւ երկրորդ տարիների 2006-2007ի օգուտը ամբողջութեամբ յանձնուել է «Արարատ» մասնաճիւղի վարչութեան: 2008 եւ 2009ին տեղի ունեցած ձեռնարկներից գոյացել է 27,000 դոլար, որը կազմում է առ այս ունեցած ընդհանուր դրամագլուխը:
Կային վաճառքի դրուած պատմական նմանահանութեամբ վերատպագրուած գրքեր Թաւրիզին վերաբերող, եւ ամերիկեան նամակադրոշմներ Ատրպատականի պատմական վանքերի եւ Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցու պատկերներով, ու գինիներ՝ «æան Թաւրիզ» վերտառութեամբ:
Ժողովուրդը, չմոռանալով կատարել ազգային միասնական «Քոչարի»ն՝ հեռացաւ առաւօտեան ժամը 2ին, իրեն հետ տանելով վառ յուշեր, գարնանամուտին նորից վերահանդիպման ոգեշնչումով:
ՆԵՐԿԱՅ ՄԸ