ԺՈՒԼԻԵԹ ԴԱՒԹԵԱՆ
Արդէն շաբաթներ առաջ էի պատրաստուել Վարդան Պետրոսեանի «Ճակատագրի կատակներ» բեմադրութեան ներկայ գտնուելու:
Վարդան Պետրոսեանի բեմադրութիւններին մասնակցում եմ առանց երկու անգամ մտածելու, քննարկելու, չափել-ձեւելու: Գիտեմ, որ նրանք կը լինեն իմաստալից, կը պարունակեն պատգամ ու կը փոխանցեն արուեստը իր բազմերեսութեամբ:
Եւ այդպէս էլ չէի սխալուել: «Ճակատագրի Կատակներ»ը ոչինչով էր տարբեր Պետրոսեանի նախկին ներկայացումներից, բացի սենարից: Սակայն, որ թէ այնտեղ կար բարձր մակարդակի արուեստ, որ թէ այնտեղ կար մանրակրկիտ ու ամենայն նրբութեամբ ու սրամտութեամբ փոխանցուող պատգամներ, որ թէ այնտեղ էին հայ ժողովուրդը ինքն իր տարբեր խաւերով ու երեսներով, որ թէ այնտեղ էր հայ ժողովուրդը իր հին ու նոր մշակոյթով, որ թէ այնտեղ էր մեր լաւն ու վատը միաձուլուած, որ կարելի էր տխրել ու նոյն ժամանակ հպարտանալ մեր էութեամբ, որպէս հաւաքականութիւն ապա որպէս անձ, որ թէ կարելի էր կուշտ ու կուռ ծիծաղել ու հաճոյանալ ինքներս մեր ու մեր արածների, ասածների, մեր նախագահի ու գաղթականի, մեր լաց ու կոծի, մեր բամբասանքների, մեր երբեմնի տգիտութեան հասնող բացթողումների ու աննրբանկատութիւնների, մեր անզուգական տաղանդների… «…Չգիտեմ թէ Ֆրանսիական Թատերական մշակոյթում ինչպիսին է իմ ներդրումը, բայց որ օղի խմելու կուլտուրա Ֆրանսիական թատրոն ե՛ս եմ մտցրել՝ էտ մէկը հաստատ գիտեմ: Թէ Փարիզում լինէիք ու անցնէիք թատրոններից մէկի մօտով, եւ եթէ յանկարծ լուսամուտներից, ներսից լսէք՝ -այստեղ հնչում է ամբոխից ելած երգի ձայն- դրանք իմ աշակերտներս են…»:
Այնտեղ՝ «Ճակատագրի կատակներ»ում կայ մի կեանք, մի անցեալ ու ներկայ, խոր պատգամ որն իր հետ կարող է տուն տանել ամէն մի հանդիսատես: Այնտեղ մեզանից ամէն մէկի ճակատագիրը կարելի էր փնտռել ու գտնել, բարձրանալ ու իջնել նրա ամէն մի աստիճանի հետ, ապրել ամէն մի հանգրուանում:
…«Մենք մեզ երեւակայում էինք Վան Կոկ, Կոկէն, Պիկասօ: Մենք մեզ երեւկայում էինք Փարիզում: Ամէն ինչ գունեղ էր մեր մօտ: Օդը սէր էր շնչում: Լոյսը կեանքն էր: Մենք բոլորս սիրահարուա՜ծ էինք իրար: Սիրահարուա՜ծ էինք կեանքին: Ամէն վայրկեան, ամէն վայրկեան սէ՜ր էր շնչում»:
Ու յետոյ յանկարծ…
«Փարիզի մետրոյում երգելու իրաւունք ստանալու համար, ա՜յ պէտք է այդ իրաւունքը նուաճել, յատուկ յանձնաժողովի առաջ երգելով, փաստաթղթեր ներկայացնել: Փարիզեան մետրօն պահանջում է յատուկ որակ: Մի խօսքով ահռելի, ահռելի՜ մրցակցութիւն: Ես հագնւում էի յատուկ, արտիստիկ, ըստ երգերիս բովանդակութեան: Եւ դա մարդկանց զարմացնում էր: Եւ որպէսզի ինձ չճանաչեն, անշուշտ հայերը, ես դէմքս ներկում էի սպիտակ, դնում էի գլխարկ, մազերս երեւացող մասը նոյնպէս սպիտակ, ծաղրածուի քիթ: Դէ՜հ: Հպարտութեան հարց չէր, ուղղակի չէի ուզում մարդկանց յուսախաբ անել: Երեւանում արդէն խօսում էին այն մասին որ ես յարաբերում էի Շարլի, Շիրակի հետ: Իսկ ե՛ս, ես երգում էի մետրոյում: Եւ առաջին Երեւանցին որ ինձ տեսաւ անմիջապէ՜ս ճանաչեց…»:
Թէեւ բեմադրութեան ընդհանուր թեման մէկ հոգու, Վարդանի ապրած կեանքն էր առ այժմ, նրա ճաշակած ցաւերը, յուզումները, յուսախաբութիւնները, երազանքները, սիրահարուածութիւնները, ընտանիքը, յաջողութիւններին կից ձախողութիւնները, տխրութիւններին կից ուրախութիւնները: Թէեւ Հայաստան ծնուած ու մեծացած հայի կեանքին աւելի հարազատ դրուագներով՝ «Ճակատագրի կատակներ»ը հայի ճակատագիրն էր իր թափառականի կամ աւելի ճիշտ գաղթականի երեսով սկսեալ մինչեւ իր յամառութեան, աշխատասիրութեան, ձգտելու ու նպատակներ նուաճելու ոյժով: Սովետական համակարգի օրերին ծնուած, հասակ առած ու Ղարաբաղեան շարժում, երկրաշարժ, անկախութիւն ապրած ամէն մի հայի որի կեանքը կարող է մի գիրք լինել, մի պատմութիւն ու ահա Վարդան Պերտրոսեանի ձեւով մի բեմականացուած կատակերգութիւն, բեմականացուած ամբողջ մի կեանքի պատմութիւն…
Ուրեմն սիրելի Վարդան ե՛կ ժամադրուենք գալ տարի, նոր ներկայացումով, նոյն տեղը, նոյն ժամին: Սպասում ենք քե՛զ անհամբեր: