ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Վերջին շրջանում հասարակութեան բուռն քննարկման առարկայ է դարձել «լեզուի մասին» օրէնքում կառավարութեան կողմից առաջարկուող փոփոխութիւնները: Բնական է եւ լաւ է, որ հասարակութիւնը միակարծիք չէ: Սա նշանակում է՝ մենք աստիճանաբար յաղթահարում ենք ոչ վաղ անցեալի ժառանգութիւնը: Սակայն ցաւալին այն է, որ օրէնքի փոփոխութիւնների կողմնակիցները ոչ թէ հիմնաւոր առարկութիւններ են բերում իրենց ընդդիմախօսների քաղաքական, իրաւական, տնտեսական, հոգեբանական, մշակութային փաստարկների դէմ, այլ պարզապէս նենգափոխում են հարցի բուն էութիւնը եւ փորձ են անում հարցը ներկայացնել իբր այլատեացութեան դրսեւորում եւ ինքնամեկուսացման ջատագովութիւն:
Նախ իմ նկատառումները յայտնեմ քննարկումների ժամանակ հնչած որոշ մտքերի վերաբերեալ, ապա կ՛անդրադառնամ անձամբ իմ հասցէին հնչած մեղադրանքներին, յատկապէս «Նովը Վրեմիա»յում, «Աթտէլ Փոլիթիքի»ի կողմից, 2010թ. Մայիսի 22ին տպագրուած «Եազիք Տվոյ-Վրակ Մոյ (քու լեզուդ իմ թշնամիս է-Խմբ.) յօդուածին:
Օտարալեզու հանրակրթութեան կողմնակիցների հիմնական կռ-ուանն այն է, որ դա կը նպաստի Հայաստանի մրցունակութեան աճին ժամանակակից աշխարհում, կը խթանի մեր երկրի տնտեսական զարգացումը: Միանգամայն անհիմն պնդումներ: Անդրսահարեան Աֆրիկայի երկրների մեծ մասում կրթութեան լեզուն՝ առաջին դասարանից մինչեւ համալսարան ու Ph.D., անգլերէնն է կամ ֆրանսերէնը: Ֆինլանդիայում, Ճապոնիայում եւ Նիդերլանդներում համապատասխանաբար՝ ֆիններէնը, ճապոներէնն ու նիդերլանդերէնը: Հիմա ազնուօրէն ասացէք, ո՞ր երկրներն են աւելի մրցունակ ու զարգացած: Ուրեմն, խնդիրն ուսուցման լեզուն չէ, այլ կրթութեան բնոյթն ու որակը: Ուրեմն, շեշտը պիտի դրուի ընդհանուր կրթական համակարգի բարելաւման, մասնաւորապէս օտար լեզուների ուսուցման արդիականացման վրայ: Ես հասկանում եմ, որ դա մեծ միջոցներ է պահանջում: Սակայն, եթէ մենք կարող ենք 500 միլիոն դոլար պարտք վերցնել անաւարտ շինարարութիւններն աւարտելու համար, ինչո՞ւ նոյնը չենք կարող անել անկատար կրթական համակարգն արմատապէս բարեփոխելու համար: Ի վերջոյ, կրթութեան ոլորտում ցանկացած ներդրում ապագայում կը հատուցուի տասնապատիկ:
Այսուհանդերձ, պէտք է շեշտել, որ մինչեւիսկ լաւագոյն կրթական համակարգը չի կարող նպաստել երկրի զարգացմանը, քանի դեռ աշխատանքի շուկայում չկայ գիտելիքի ազատ ու արդար մրցակցութիւն: Ո՞վ կարող է հայաստանցի երեք մեծահարուստի կամ երեք մեծապաշտօնի անուն տալ, որոնք յաջողութեան են հասել իրենց խելքի ու գիտելիքի շնորհիւ:
Օտարալեզու հանրակրթութեան կողմնակիցների միւս կռուանն այն է, որ լեզուի ընտրութիւնը մարդու իրաւունքների հարց է եւ ծնողն իրաւունք պիտի ունենայ ինքը որոշելու, թէ ո՞ր լեզուով պիտի ուսուցում ստանայ իր զաւակը: Նախ, կ՛ուզէի իմանալ՝ այդ ո՞ր օրուանից էք այդքան մտածում մարդու իրաւունքների մասին: Յետոյ, մարդու իրաւունքները Կանադայից աւելի յարգողը չլինենք: Կանադայում, ինչպէս գիտէք, կայ երկու պետական լեզու՝ անգլերէն եւ ֆրանսերէն: Սակայն ծնողները մինչեւիսկ ազատ չեն երկու հաւասարազօր պետական լեզուների միջեւ ընտրութիւն կատարելու հարցում: Օրինակ, 1974թ. Քեբեկում ընդունուած Պետական լեզուի ակտով բոլորը պարտաւոր են իրենց երեխաներին տանել ֆրանսալեզու դպրոց: Բացառութիւն է արուած միայն 5 խմբերի՝ հիմնականում բնիկ անգլալեզուների եւ օտարահպատակների համար: Չխորանալով իրաւական նրբութիւնների մէջ՝ ասեմ, որ եթէ քեբեքցի էք եւ ապրում էք Քեբեքում (մեր պարագայում՝ հայ էք եւ ապրում էք Հայաստանում), չէք կարող ձեր երեխային տալ անգլալեզու դպրոց: Որեւէ հիմնաւորում, որ անգլիական կրթութիւնը երեխային աւելի մրցունակ կը դարձնի Միացեալ Նահանգներում կամ Կանադայում աշխատանք գտնելու հարցում, չի անցնում: Քեբեքում հանրակրթական դպրոցն ընկալւում է որպէս ֆրանսախօս ինքնութեան պահպանման հիմնասիւն եւ ոչ թէ աշխատանքի տեղաւորման գրասենեակ: Մասնագիտական գիտելիքի համար կան համալսարաններ:
Հիմա անցնենք «Նովը Վրեմիա»յի վերոյիշեալ յօդուածին: «Աթտէլ Փալիթիքի»ն իմ կողմից այն փաստի վկայակոչումը, որ Եռաբլուրում թաղուածների անհամամասնօրէն մեծ մասն ունի հայկական կրթութիւն, համարել է «Օչըն Պեսթաքթնօ» (Խիստ անկիրթ-Խմբ.): Հիմա զարմանալու հերթն իմն է. Իմ արտայայտած միտքը պարզապէս առկայ իրողութեան բարձրաձայնում է: Արդեօ՞ք դուք կը նեղուէք այն մտքից, եթէ մէկն ասի, որ ցերեկը լոյս է, իսկ գիշերը՝ մութ: Դա փաստ է, իսկ փաստից չեն նեղւում: Փաստերը կարելի է միայն հերքել: Եթէ իմ ասածի նման Եռաբլուրից հարիւր պատահական անուն վերցնէք եւ փաստէք իմ ասածի հակառակը, ես պատրաստ կը լինեմ հէնց ձեր թերթում ներողութիւն խնդրել: Մինչ այդ ես պնդում եմ իմ ասածը: Թուերը չեն խաբում:
Նուիրուածութիւնը սեփական երկրին եւ ժողովրդին ոչ միայն եւ ոչ այնքան գիտակցուած վարքագիծ է, որքան ենթագիտակցական ընտրութիւն, որը խարսխուած է լեզուամշակութային ընկալումների վրայ: Այսուհանդերձ, ես երբեք չեմ պնդել եւ չեմ պնդում, որ առանձին անհատներ, առանց մայրենի լեզուի կամ հայրենի մշակոյթի իմացութեան կամ խորը իմացութեան չեն կարող իրագործել հայրենանուէր գործեր: Ես, մամուլում յիշատակուած Կոմանդոսի (Արկադի Տէր-թադեւոսեան), Քրիստափոր Իւանեանի եւ Մոնթէ Մելքոնեանի անուններին, կ՛ուզէի աւելացնել առնուազն երկու անուն՝ Նորատ Տէր-Գրիգորեանցի եւ Անատոլի Զինեւիչի անունները: Երկու մեծ զինուորական անհատականութիւն, զուտ ռուսախօս, որոնց անուններն այսօր քիչ են յիշւում, սակայն որոնց դերն անուրանալի է հայոց հայրենիքի արեւելեան հատուածի մի մասի ազատագրման գործում: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր զոհուածների յիշատակի եւ բոլոր ողջերի առջեւ: Սակայն ակնյայտ է, որ հէնց այս անունների առանձնանշումը ցոյց է տալիս, որ նրանք բացառութիւններ են, որ հաստատում են լեզուամշակութային կապի անհրաժեշտութիւնը: 1989թ., ՍՍՀՄ զինուած ուժերում աւելի քան 6.000 հայազգի սպայ էր ծառայում՝ ճնշող մեծամասնութիւնը զուտ ռուսախօս: Քանի՞սն եկան իրենց մասնագիտութիւնն ի սպաս դնելու սեփական հայրենիքին: Չէ՞ք կարծում, որ եթէ նրանք լեզուամշակութային ընկալումներով աւելի կապուած լինէին սեփական հայրենիքին, աւելի մեծ թուով կը գային: Չէ՞ք կարծում, որ ԱՄՆում ապրող աւելի քան մէկ միլիոն հայութիւնից, որոնց զգալի մասն այսօր կորցրել է իր հայախօսութիւնը, շատ աւելի մեծ թուով հայեր անմիջական մասնակցութիւնը կը բերէին մեր հայրենիքի ազատագրմանը, եթէ հայախօս լինէին: Համեմատէք, նշեալ փաստերը տասն անգամ աւելի փոքրաթիւ Լիբանանի կամ Իրանի հայախօս համայնքների հետ եւ ասածները լրացուցիչ փաստերի կարիք չեն ունենայ: Նոյն Միացեալ Նահանգների համար նշեմ, որ երբ ԱՄՆ մտաւ Առաջին աշխարհամարտի մէջ (1917թ.), այդ ժամանակուայ փոքրաթիւ ամերիկահայ համայնքից իրենց հայրենիքի ազատագրմանը որպէս կամաւորներ անդամագրուեցին հազարաւոր ամերիկահայեր: Չէ՞ք կարծում, որ դա պայմանաւորուած էր նրանց հայախօսութեամբ: Կրկնում եմ, բացառութիւններ միշտ կան եւ կը լինեն, սակայն մեծ պատկերը յստակ է՝ լեզուամտածողութիւնը զգալապէս պայմանաւորում է ազգային վարքագիծը:
Մէկ այլ հանգամանք: Յօդուածագիրը հարց է տալիս. ի՞նչ լեզուով եմ կարդացել Լիւդուիգ Վիտգենշտեյնի աշխատութիւնները: Ասեմ՝ ռուսերէն: Եթէ ես՝ հայկական դպրոցի շրջանաւարտս, ի վիճակի եմ եղել ռուսերէն կարդալ փիլիսոփայական աշխատութիւններ, ապա դա ինչո՞ւ չեն կարող անել ուրիշները: Եթէ իմ հայախօս ընկերները եւ ես ի վիճակի էինք ՍՍՀՄ միութենական ուսանողագիտական մրցոյթներում մրցանակներ շահել լեզուաբանութեան, փիլիսոփայութեան, քաղաքագիտութեան եւ պատմութեան ոլորտներում, ինչո՞ւ հիմա դա չեն կարող անել ուրիշները, երբ լեզու սովորելու հնարաւորութիւններն անհամեմատ աւելի շատ են: Նորից եկանք նրան, որ դպրոցական կրթութեան լեզուն կապ չունի, այլ, կապ ունի կրթութեան որակը եւ դպրոցներում լեզուների դասաւանդման մակարդակը: Եթէ լեզուների դասաւանդումը չի բարելաւուում հանրակրթական դպրոցներում, ուրեմն չկայ դրա հասարակական պահանջը: Իսկ չկայ, քանի որ գիտութեանը մեր երկրում տրուած է պետական վարչակազմի աղախնի կարգավիճակը: Ի դէպ, քանի որ խօսքը գնաց իմ մասին բերեմ մի օրինակ եւս: Երբ ես ընդունուեցի Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետ, ոչ մի բառ չգիտէի պարսկերէն: Սակայն 3 տարի անց արդէն աշխատում էի որպէս ռուսերէնից-պարսկերէն եւ պարսկերէնից-ռուսերէն թարգմանիչ: Ուզում եմ շեշտել, որ ես բացառութիւն չէի, ինձանից աւելի լաւ լեզու իմացողներ էլ կային: Այսինքն, ճիշտ դասաւանդման եւ ցանկութեան դէպքում միայն համալսարանական տարիներն էլ բաւարար են օտար լեզուներ սովորելու համար:
Եւս մի հանգամանք եւ առայժմ սրանով սահմանափակուենք: Ես երբեք դէմ չեմ եղել եւ դէմ չեմ օտար լեզուների ուսուցմանը Հայաստանում, ես դէմ եմ օտար լեզուով ուսուցմանը Հայաստանում՝ հանրակրթական դպրոցում եւ հայաստանցի հարկատուների հաշուին: Սա է եղել իմ մշտական դիրքորոշումը: Ես լաւ յիշում եմ մեր բոլորիս ոգեւորութիւնը 1980ական թուականներին, երբ բացուեց պարսկերէնի ուսուցման առաջին դպրոցը Հայաստանում: Ես կողմ եմ եղել եւ կողմ եմ մինչեւիսկ թուրքերէնի ուսուցմանը մի քանի դպրոցում, քանի որ կայ դրա քաղաքական, տնտեսական, ռազմական եւ մշակութային անհրաժեշտութիւնը:
Ես աւարտել եմ Երեւանի թիւ 114 հայկական դպրոցը (ներկայումս՝ Խաչիկ Դաշտենցի անուան): Բացի հայերէնից մենք անցնում էինք 2 օտար լեզու՝ ռուսերէն եւ անգլերէն: Ամէն օր ունէինք մէկական դասաժամ անգլերէն, իսկ որոշակի տարիքից յետոյ, իւրաքանչիւր տարի՝ նաեւ շաբաթական մէկական ժամ անգլերէնով պատմութիւն, աշխարհագրութիւն, քերականագիտութիւն եւ տեխնիկական թարգմանութիւն: Այսինքն, Հայաստանում կայ դպրոցում երկու օտար լեզուի լաւ դասաւանդման փորձը, ուրեմն այն կարելի է ընդհանրացնել: Ուրիշ բան, որ դա շատ աշխատատար է եւ թանկ, միաժամանակ պահանջում է գործի իմացութիւն ու նուիրում հայրենիքին, որոնք կարծես չունեն Լեզուի մասին օրէնքում փոփոխութիւններ մտցնել ցանկացողները: Նրանք գնում են դիւրին ճանապարհով, սակայն դիւրինը միշտ չէ, որ ճիշտ ճանապարհն է:
Մեր դիւցազներգութեան հերոսը՝ Սասունցի Դաւիթը, անպարտ էր: Անպարտ էր քանի դեռ պարտութիւն չկրեց սեփական զարմից: Միթէ՞ մենք այնքան անհեռատես պիտի լինենք, որ պարտութիւն կրենք ինքներս մեզնից:
Արա Պապեան «Մոդուս Վիվենդի» կեդրոնի ղեկավարն է
Շատ ճիշտ ասեցիր Արա ջան, ես ամբողջովին համաձայն եմ ձեզ հետ։
Կրթական Մայրենիի փոխելը համազօր է Ցեղասպանութեան, կամ աւելի վատը ազգասպանդի։ Հանել հայերէն լեզուն հայրենիքից, կ՚նշանակի բնաջնջել հայ ազգ։