ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ
Կը ներկայացնենք ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆի խօսքը՝ Մայիսի 27ին, ՀՅԴ «Արամ Մանուկեան» երիտասարդական կեդրոնի բացման արարողութեան ընթացքին:
Ուշացումով ենք այս կենտրոնատեղիի բացումը կատարում, որովհետեւ օրուայ անհրաժեշտութիւնները պարտաւորեցրին մեզ կենտրոնանալու այլ՝ արտաքին քաղաքական հարցերի վրայ: Սակայն երիտասարդութիւնը մեր հասարակութեան ամենակարեւոր շերտն է:
Երիտասարդութիւնը Դաշնակցութեան յոյսն է, որովհետեւ երիտասարդութիւնը մաքուր է, բիւրեղ է, անմեղ է ու համարձակ է, սկզբունքային է: Երիտասարդութեան համար կարելիութիւններ ստեղծել՝ նշանակում է նրանց հնարաւորութիւն տալ կազմակերպուելու, ինքնակազմակերպուելու, ինքնաղեկավարուելու: Սա Դաշնակցութեան կարեւորագոյն գործերից մէկն է: Սակայն, կրկնում եմ, ձեզ յայտնի պատճառներով ուշացանք: Ուշացանք, բայց, ինչպէս ասում են՝ լաւ է ուշ, քան՝ երբեք: Օրուայ անհրաժեշտութիւնները այսօր էլ դեռ կան:
Այսօր էլ բաւականին սուղ են մեր պայմանները նիւթական մեծ ծախսումներ կատարելու համար: Սակայն այս շէնքը մենք ապահովեցինք, ու այդ ապահովման գործում մեր համահայկական կառոյցին անդամակցող ամէն ընկեր իր լուման ունի, իր աշխատանքն ունի: Այս շէնքի վերանորոգման, վերակառուցման, արդիականացման, կահաւորման հարցում մեզ օգնեցին մեր բարեկամները: Եւ մեծապէս հէնց նրանց շնորհիւ է, որ մենք կարողացանք, թէկուզ ուշացումով, այս շէնքի բացումը այսօր կատարել: Առաջին հերթին Խաչիկ եւ Էլոյ Մուրադեաններ: Նրանք են այս շէնքի ամենամեծ նուիրատուները, ովքեր բազմազբաղութեան պատճառով, այսօր, ցաւօք, ներկաների մէջ չեն: Նուիրատուների շարքում պէտք է կարեւորութեամբ յիշատակել Ժիրայր, Ցօլինէ Խաչատուրեաններին եւ Յարութ, Անի Մնչըրեաններին: Ցաւով նշում եմ, որ Ժիրայր Խաչատուրեանը եւ Յարութ Մնչըրեանը կեանքից վաղաժամ հեռացան եւ այսօր մեզ հետ չեն: Սակայն նրանց տիկնայք, որդիներն ու թոռներն են այստեղ, ում էլ ուղղում ենք շնորհակալանքի մեր խօսքերը: Շնորհակալ ենք նաեւ բոլոր այն նուիրատուներին, ովքեր կատարեցին իրենց պարտքը շէնքի բացումը կայացնելու համար, բայց չուզեցին, որ իրենց անունները յիշատակուեն:
Կենտրոնը կոչւում է Արամ Մանուկեան: Արամ Մանուկեանը հայ ժողովրդի պատմութեան բացառիկ դէմքերից մէկն է: Մեր պատմագրութիւնը դեռ պէտք է արժեւորի Արամ Մանուկեանին:
Ցաւօք, մինչ այսօր, նոյնիսկ նորանկախ Հայաստանի Հանրապետութեան պայմաններում Արամ Մանուկեանն իր արժանի գնահատանքին չի արժանացել: Բայց նա այն դէմքն է, որ իր մէջ միատեղել է հայ ազգային-ազատագրական պայքարի մարտիկի, զինուորի, հրամանատարի, ֆիդայու, կազմակերպչի, ղեկավարի եւ նաեւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի, ժամանակի փայլուն հայ քաղաքական գործչի կերպարները:
Նա ամենաօրինակելի դէմքը պէտք է հանդիսանայ մեր երիտասարդութեան համար, քանի դեռ մեր հայրենիքը ամբողջական չէ, քանի դեռ մեր պետականութիւնը չի կարողացել ամբողջապէս թօթափել իր գոյութեան վտանգները: Հետեւաբար, շէնքը կոչելով Արամ Մանուկեանի անունով, մենք դրանով նաեւ ամէն մի հայ երիտասարդի ուզում ենք ասել՝ Արամ Մանուկեանը պէտք է լինի այն օրինակելի անձը, ում պէտք է նմանուել կեանքում:
Մայիսի 28ի եւ այս շէնքի բացման առիթով ցանկանում եմ առանձնացնել երեք կարեւոր իրողութիւն, որոնց գոյացման համար Դաշնակցութիւնը վճռորոշ դերակատարութիւն է ունեցել:
Առաջին՝ ինըդարեայ ստրկութիւնից, ինըդարեայ ստրկութեան հետ համակերպումից յետոյ Դաշնակցութիւնը կարողացաւ հայ ժողովրդին վերադարձնել պայքարի, մարտունակութեան ոգին, նա կարողացաւ մեր մարտական ուժը ոտքի հանել, կարողացաւ մեր ժողովրդի ոգուն պայքարի տրամադրութիւն փոխանցել: Այդ մարտունակութիւնն այսօր միայն մարտական իմաստով չպէտք է հասկանալ: Այդ մարտունակութիւնն այսօր առաջին հերթին համարձակութիւնն է:
Այսօրուայ երիտասարդութիւնը պէտք է կարողանայ համարձակ, առանց վարանելու ազդեցութիւն դառնալ մեր երկրում, պէտք է կարողանայ սխալի ու անարդարութեան դէմ պայքարել, կարողանայ մեր երկիրն ու մեր հասարակութիւնը փրկել այն արատներից, որոնք խոչընդոտ են դէպի զարգացում տանող մեր ժողովրդի ճանապարհին:
Երիտասարդութիւնը մեր հասարակութեանը այս նոր շունչը պէտք է բերի: Դրա համար էլ ասում ենք, որ երիտասարդութեան ինքնակազմակերպումը թիւ մէկ խնդիր է մեր հասարակութեան համար:
Երկրորդ՝ դարեր շարունակ ապրելով օտարների լծի տակ ու հայրենիքի բաժան-բաժան եղած պայմաններում՝ հայ ժողովրդի տարբեր հատուածներն արդէն օտարուել էին միմեանցից: Ժողովրդի տարբեր հատուածներից մէկ ազգ ձեւաւորելու պատմական առաքելութիւնն ստանձնեց ու իրականացրեց Դաշնակցութիւնը: Արեւելահայը պայքարեց Արեւմտահայաստանի ազատագրութեան համար, արեւմտահայ ֆիդային Կովկասում պայքարեց՝ դիմագրաւելու հայ-թաթարական պատերազմի վտանգը:
Մեր ազգի միասնականութիւնը պայքարով ձեւակերպուեց, ազգի միութիւնն առաջին անգամ ներկազմակերպական դրուածքով իրականութեան դարձաւ: Եւ այսօր այն հասկացողութիւնը, որ մենք մէկ ազգ ենք եւ մէկ հայրենիք ունենք, պէտք է ականջի օղ դառնայ իւրաքանչիւր հայ երիտասարդի համար: Ամէն մի հայ երիտասարդ, որտեղ էլ ապրում է, ինչ պայմանների մէջ էլ որ ապրում է, պէտք է զգայ, որ նոյն պատասխանատուութիւնն է կրում ողջ հայ ժողովրդի համար, հայ ժողովրդի աշխարհասփիւռ հատուածների համար: Սա կարեւոր է, եւ երիտասարդները պէտք է նաեւ կարողանան ըմբռնել, որ իրենք պարտաւոր են հոգի ի բռին ընդդիմանալ բոլոր այն քայլերին ու միջոցառումներին, արարքներին ու քարոզչութեանը, որոնցով փորձ է արւում սեպ խրել հայ ժողովրդի տարբեր հատուածների միջեւ, տարբեր մասերի բաժանել մեր ժողովրդին:
Պէտք է միշտ յիշեն, որ Դաշնակցութիւնը հիմնական սկզբունք է դրել այս ամէնի հիմքում՝ մէկ ազգ, մէկ հայրենիք, եւ շարունակում է իր երթը այդ հասկացողութեամբ:
Եւ վերջապէս երրորդ՝ Դաշնակցութիւնն իր երեսնամեայ պայքարով հիմք դրեց Հայաստանի Անկախ Հանրապետութեանը: Պետականութիւն ունեցանք մենք: Չլինէր Մայիսի 28ը, չլինէր Հայաստանի Առաջին հանրապետութիւնը, մենք այսօր, ամենամեծ հաւանականութեամբ չէինք ունենայ Հայաստան կոչուող միջազգային իրաւունքի որեւէ սուբյեկտ, ընդունուած ու ճանաչուած որեւէ միաւորում: Հայաստանի Առաջին հանրապետութեան հռչակումով վերջ դրուեց ինըդարեայ անկումային ընթացքին:
Մեր այսօրուայ պետականութիւնը, որ ազգային պետականութիւն է եւ հայրենիք է միաժամանակ, պէտք է լինի ողջ հայ ժողվրդի, հայ ժողովրդի բոլոր հատուածների աչքի լոյսի պէս կարեւոր մի իրողութիւն: Այս պետականութեան անվտանգութիւնը, այս պետականութեան համար զարգացման հնարաւորութիւններ ստեղծելը, այս պետականութեան մէջ անարդարութեան դէմ պայքարելը պէտք է դառնան մեր երիտասարդութեան հիմնական խնդիրները: Հէնց այդ առումով մեր նորաբաց կենտրոնը չպէտք է վերածուի միայն ներմիութենական աշխատանքների վայրի, չպէտք է դառնայ ժողովատեղի: Այս կենտրոնը մեր հասարակութեան երիտասարդ շերտի հետ, ուսանող երիտասարդութեան հետ յարաբերուելու, հայ ուսանողութեանը մեր շուրջը համախմբելու, մեր երիտասարդութեան համար ինքնակազմակերպման դաշտ ապահովելու հնարաւորութիւն պէտք է դառնայ:
Բոլորիդ շնորհաւորում եմ այս առիթով եւ յուսով եմ, որ, իր տեսակի մէջ առաջինը լինելով հանդերձ, այս կենտրոնը վերջինը չի լինի, եւ մենք այսպիսի նորամուտներ դեռ կ՛ունենանք: