ՌԱՖՖԻ Կ. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Երեւան: Այսօրուայ Թուրքիան մօտ մէկ դար առաջ Օսմանեան կառավարութեան իրագործած՝ հայ ժողովրդի Ցեղասպանութեան ու Մեծ հայրենազրկման ժխտման կրողն է:
Իսրայէլը՝ դրանից մէկ սերունդ յետոյ կատարուած Շոահի կրիչ-պետութիւնը, վաղուց ի վեր անխղճօրէն մեղսակից է եղել հայոց կեանքի եւ հայրենիքի կորստի «ռէալպոլիտիկա» հիմն լուսանցքայնացմանը՝ ընդհուպ մինչեւ մարդկութեան հանդէպ անյարմար ու «դուրս գրուելիք» ոճրագործութիւնների ծանօթագրութիւնների աստիճան:
Թուրք յանցագործը եւ հրեայ զոհը՝ պատմականօրէն տարբեր լինելով հանդերձ, արդի ժամանակահատուածում յաղթահարել են իրենց անզուգաչափութիւնը, որպէսզի դարբնեն ռազմավարական մի դաշինք, որտեղ իրաւունքին զգետնում է ուժը, իսկ ազգային շահը՝ որքան էլ նեղ լինի, մնում է uber alles՝ ամէն ինչից վեր: Նրանք երկուսն էլ դարձել են իրար նման:
Պետական վարքագծին բարեբախտաբար հաւասարակշռում են ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ հրէական աշխարհում ապրող բարեգութ այն քաղաքացիները, ովքեր, չնայած թուրք ազգի անվեհեր մեծութեան կամ Ողջակիզման եզակիութեան մասին ամբարտաւան շարադրանքներին, ըմբռնել են սեփական պատմութեան հետ առերեսուելու, պատասխանատուութիւն ստանձնելու եւ ցեղասպանութեան համամարդկային բնոյթից դասեր քաղելու հրամայականը: Արդարամիտ այս մուսուլմաններն ու հրէաները, սակայն, տակաւին չեն կարողացել գերակայ դառնալ:
Փոխարէնը՝ նէոօսմանեան տարատեսակ էրդողաններն ու դաւութօղլուներն են, որոնց երկդիմի մոլեգնումը պայմանաւորում է տարածաշրջանային վերապնդուած հեգեմոնիայի(ազդեցութեան գօտիի-Խմբ.) եւ կայսերական ներկայութեան նրանց խեղաթիւրուած մտապատկերը: Միայն թէ այս անգամ Ցեղասպանութեան սոյն ուրացողներն իրենց նպատակի խորքերին հասնելու համար չարաշահում են ազատութեան, մարդու իրաւունքների եւ միջազգային օրէնքի հայեցակէտերը:
Իսրայէլի կողմից Գազայի շրջափակումը սխալ է եւ այն հանգուցալուծման կարիք ունի: Պաղեստինը՝ Լեռնային Ղարաբաղի հանգոյն, վաստակել է ինքնիշխան պետութիւն լինելու իր իրաւունքը:
Բայցեւայնպէս նաւատորմիղի հանդէպ իսրայէլական հակազդեցիկ գործողութիւն խթանելու՝ Անկարայում զգուշօրէն մշակուած սադրանքի էութիւնն ու հռետորութիւնը մատնում են Թուրքիայի ղեկավարների իրական մտադրութիւնները, որոնք են՝ ա) տարածաշրջանային խաղաղասիրութեան հաշուին հետապնդել իրենց իսկ ազդեցութեան եւ վեհացման պատրանքը, բ) քօղարկել իրենց կողմից նոյն այն ժողովրդի՝ որպէս շախմատային զինուորի, բուն շահագործումը, որին նրանք ցանկանում էին օգնութեան հասնել յանուն իսլամական համերաշխութեան, գ) յարմարաւէտօրէն կոծկել իրենց կողմից 1993 թուականից ի վեր Հայաստանի անօրինական շրջափակումը:
Նրանք ներկայացնում են մի պետութիւն, որը հայերի դէմ ցեղասպանութիւն գործադրելով՝ ոչնչացրեց մի ողջ քաղաքակրթութիւն, ինչպէսեւ ասորիների, Պոնտոսի յոյների, ապաեւ քրդերի պարագան էր, եւ մինչ օրս իր մէջ չի գտել այն քաղաքական խիզախութիւնը կամ բարոյական ներուժը, որպէսզի դա ընդունի, ապաշխարի եւ արդար հատուցում տայ դրա դիմաց: Մի պետութիւն, որը հեռու լինելով ինքնամաքրման եւ ճշմարիտ հաշտեցման որոնումից, իր բռնարգելքներն ու պատերազմին յատուկ այլ ոճիրներն է բերել Ցեղասպանութիւնից մազապուրծ հայոց մնացորդ հանրապետութեանը: Մի պետութիւն, որը կազմաւորուել է հայերի՝ իրենց ազգաժառանգ հայրենիքից բռնի բացառման արդիւնքում եւ, ի վերջոյ, մի պետութիւն, որն այսօր օրէնքով արգելում է Ցեղասպանութեան որեւէ յիշատակում եւ «խորքային պետութեան» հովանաւորութեամբ մահուան է դատապարտում բոլոր նրանց, ովքեր, ինչպէս Հրանտ Դինքը, փնտրում են խաղաղութիւն եւ հանգուցալուծում՝ ճշմարտութեան ուղիով:
Եւ հիմա բռնապետ դարձած սոյն «չափաւոր իսլամիստները»՝ Իսրայէլի հետ դիրքապայքարելով իրենց իսկ ծրագրերից եւ մանր միաւորների վաստակումից ելնելով, հասցրել են յարուցել օրուայ բուն հարցը:
Հրէական շրջանակներում եւ դրանից անդին հաւաքական խիղճը «թարմացւում է» եւ երեւում է, որ աստիճանաբար վեր է յառնում յիշողութեան Օրուելեան փոսից: Մարդիկ արդէն սկսում են խոստովանել Թուրքիայի՝ ցեղասպան հետագծի վերաբերեալ իրենց յիշողութիւնները: Ինչ վերաբերում է պարադիգմաներին ու դրանց փոփոխութիւններին, ապա սա ողջունելի միտում է. ինչպէս հայկական ասացուածքն է յուշում՝ «չկայ չարիք առանց բարիքի»:
Սակայն որպէսզի դարակազմիկ այս հիմնախնդիրը հանգուցալուծուի պատմութեան հետ լիովին հաշտ՝ դրա պատճառային հիմքը պէտք է լինի ամուր, իսկ իրականացումը՝ ամբողջական:
Երբեւիցէ չպէտք է թոյլ տրուի, որ անցեալ դարի Հայոց ցեղասպանութիւնը եւ դրանից ածանցուող վերապրող-պետութեան անվտանգութիւնը՝ այստեղ գտնուող իր մայրաքաղաքով մէկտեղ, դառնան քաղաքական ֆուտբոլախաղ երկու նախկին դաշնակիցների միջեւ ընտրովի օգտագործման համար՝ պարզաբանելու իրենց յարաբերութիւններն ու իրենց «զգեստապահարանների» փոխադարձ պարունակութիւնը:
Լաւ կը լինի, որ Թուրքիայի ժողովուրդը նախ սանձահարի, այնուհետեւ շրջադարձ ուղղութիւն վերցնել ստիպի երեսպաշտախօս իր արկածախնդիրներին, որոնց ներկայում վարած քաղաքականութիւնը անմիջական շարունակութիւնն է Թալէաթի, Էնուէրի եւ æեմալի՝ երիտթուրքերի այն եռեակին, որը յղացաւ ու կեանքի կոչեց Ցեղասպանութիւնը եւ Հայոց բարձրաւանդակի համապարփակ բռնազաւթումը: Իրականում թուրքերն իրենք պէտք է մտածեն այս հարցի շուրջ:
Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆին, Եւրոպային եւ նոյնիսկ Իսրայէլին, ապա այս ապականուած գործը կարող է լինել նրանց նախավերջին պատեհութիւնը, որպէսզի ազգասպանութիւնը ճանաչեն իր իսկ անուամբ, ոճրագործ պետութեանը պատասխանատուութեան կանչեն եւ վերջապէս երաշխաւորեն զոհերի ու նրանց ապրող ժառանգների հասանելիք իրաւունքների վերականգնումը եւ վնասից փոխհատուցումը:
Սա պէտք է ի կատար ածուի ոչ իբրեւ լաւութիւն կամ ինքնանպատակ լծակների գործիք, այլ որպէս պարզ, ուշացած եւ անպատասխան մնացած ճշմարտութեան ու արդարութեան պահանջ: Եւ ուրիշ ոչինչ:
Րաֆֆի Կ. Յովհաննիսեանը ՀՀ Ազգային ժողովի մէջ կը ներկայացնէ «ժառանգութիւն» կուսակցութիւնը: Այս յօդուածի անգլերէն տարբերակը հրատարակուած է Washinton Timesի Յունիս 10ի թիւին մէջ: