ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
«Նրանք (թուրքերը) ի յայտ բերեցին բանականութեան կատարեալ բացակայութիւն եւ Արեւմուտքի լիակատար թիւրըմբռնում: Նրանք երեւակայում էին, որ (Փարիզի խաղաղութեան) վեհաժողովը պատմութիւն չգիտի եւ պատրաստ է կուլ տալու (իրենց) հրէշաւոր կեղծիքները»: (ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոն, 26 Յունիսի 1919թ., Փարիզ)
Չնայած բազմաթիւ բողոքներին եւ դժգոհութիւններին՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն, այնուամենայնիւ, արժանացաւ Վաշինգտոնի «Վուդրօ Վիլսոն» հետազօտական կենտրոնի մրցանակին: Եթէ այս իրադարձութիւնը հայերիս համար կարելի է գնահատել որպէս միջադէպ՝ ցաւալի ու անցանկալի, սակայն այնուամենայնիւ միջադէպ, ապա այն լուրջ հարուած է ամերիկեան վերլուծական կենտրոնների վարկին:
Ցանկացած վերլուծական կենտրոնի հիմնական արժանիքը նրա ինքնուրոյնութիւնն է, այսինքն՝ անկախ վերլուծութիւններ եւ անաչառ կանխատեսումներ անելու ունակութիւնը: Ծախուած լինելն ամենավատ բնութագրականն է որեւէ վերլուծական կենտրոնի համար: Մրցանակ շնորհելով Դաւութօղլուին՝ «Վուդ-րօ Վիլսոն» կենտ-րոնն ընդունեց, որ պարզապէս աճուրդով վաճառել է մրցանակը, կամ ինչպէս իրենք էին փաթեթաւորել գեղեցիկ բառերով, «մրցանակի յանձնումը մաս է կազմում իրենց դրամահաւաքի ջանքերին»:
Իհարկէ «Վուդրօ Վիլսոն» կենտրոնը իրաւականօրէն որեւէ պարտաւորութիւն չունի Միացեալ Նահանգների 28րդ նախագահի հայեացքներն ու քաղաքական մօտեցումներն արժեւորելու առումով: Այսուհանդերձ, այդ անունը որոշակի բարոյական պատասխանատուութիւն է դնում կենտրոնի վրայ: Վիլսոնն առաջինն էր պետութեան ղեկավարներից, ով համաշխարհային մակարդակով բարձրացրեց ժողովուրդների ինքնորոշման հարցը: Ինչպէ՞ս կարելի է մրցանակ տալ մի երկրի արտգործնախարարին, որն արդէն տասնամեակներ արեան մէջ խեղդում է քրդերի ինքնորոշման իրաւունքը: Թուրքիան, տրորելով քրդերի ինքնորոշման իրաւունքը, ոտնահարում է Վիլսոնի քաղաքական ժառանգութիւնը: Ցաւօք, Վուդրօ Վիլսոնի ժառանգութեան եւ ամերիկեան արժանապատուութեան ոտնահարման գործին մասնակից դարձաւ նաեւ Միացեալ Նահանգների արդարամիտ նախագահ Վուդրօ Վիլսոնի անունը կրող վերլուծական կենտրոնը:
Արա Պապեան «Մոդուս Վիւենդի» կեդրոնին ղեկավարն է
18 Յունիսի 2010թ.