ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Ես համաձայն եմ բազմիցս արտայայտուած այն տեսակէտին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իլհամ Ալիեւի քաղաքականութիւնն առաւելապէս պայմանաւորուած է ներքին գործօններով: Իլհամը, ինչպէս նրա հայրը, պատկանում է քաղաքական այն գործիչների թուին, որոնց համար միակ սրբութիւնն իշխանութիւնն է՝ այդ կարգավիճակից ածանցուող հսկայական գումարներ գրպանելու հնարաւորութեամբ: Հետեւաբար, այդ տեսանկիւնից էլ պէտք է քննենք Արցախի ճակատում Ալիեւի կողմից պատերազմ սանձազերծելու հնարաւորութիւնը:
Իւրաքանչիւր պատերազմ լուրջ եւ անկանխատեսելի հետեւանքներ է պարունակում ցանկացած իշխանութեան համար: Իլհամ Ալիեւը, կարծում եմ, չի մոռացել, որ Ադրբեջանում իշխանափոխութիւնները միշտ էլ տեղի են ունեցել Արցախում կրած ռազմական պարտութիւնների պատճառով: Արդեօ՞ք ներկայումս Ալիեւն ունի պատերազմում հայկական կողմին ջախջախիչ պարտութեան մատնելու երաշխիք: Համոզուած եմ, որ ոչ: Աւելին, հաւանականութիւնը, որ պատերազմի դէպքում Ադրբեջանը տարածքային նոր կորուստներ կ՛ունենայ, շատ աւելի մեծ է:
Փորձենք նաեւ հասկանալ՝ ի՞նչ գին է վճարելու Ադրբեջանը Արցախի ճակատում ենթադրեալ յաղթանակի դէպքում: Եթէ մինչեւիսկ պատկերացնենք անհնարինը՝ ասենք ադրբեջանական զինուժին յաջողուի ոչնչացնել հայկական բանակը (անհնարին մի բան պաշտպանական դիրքերում գտնուող բանակի դէպքում) եւ տեղահանել արցախաբնակ ողջ հայութեանը (իրողութիւն է, որ այս պատերազմը ոչ միայն բանակների միջեւ է, այլեւ ժողովուրդների), ի՞նչ վիճակում է յայտնուելու Ադրբեջանը: Ի լրումն տասնեակ հազարաւոր նոր զոհերին, Ադրբեջանը յայտնուելու է տնտեսական բացարձակ կործանման եզրին: Ադրբեջանը որպէս պետութիւն այսօր գոյատեւում է զուտ նաւթի եւ գազի արտահանման շնորհիւ: Դրանց գումարներով է, որ այսօր Ադրբեջանը զինւում է եւ պարբերաբար յոխորտում է Արցախի եւ Հայաստանի դէմ: Այսինքն, նաւթահանքերը, նաւթամուղերը, գազատարները եւ նման այլ ենթակառոյցները, ռազմական նշանակութեան օբյեկտներ (կառոյցներ-Խմբ.) են, հետեւաբար՝ միանգամայն օրինական թիրախներ: Միթէ՞ պարզ չէ, որ պատերազմի առաջին իսկ ժամերի ընթացքում դրանցից միայն ծխացող մետաղակոյտեր կը մնան: Պէտք է նաեւ ընդգծել, որ Ադրբեջանը չի կարող ձեռնարկել համարժէք քայլեր, քանի որ Հայաստանի տնտեսութիւնն իր բոլոր թերութիւններով հանդերձ, անհամեմատ պակաս խոցելի է, քանի որ մենք չունենք 2-3 օբյեկտ, որոնց ոչնչացումը կը յանգեցնի արտահանութեան, հետեւաբար բուն եկամուտի, 90%ի ոչնչացմանը: Բացի այդ, Ալիեւը ոչ միայն սեփական ժողովրդի, այլեւ արտասահմանեան այն բոլոր ընկերութիւնների առջեւ է պատասխանատուութիւն կրում, որոնք հսկայական ներդրումներ են կատարել վերոնշեալ ոլորտում եւ որոնցից շատերը դեռեւս յետ չեն բերել իրենց ներդրած գումարները: Ալիեւի ինչի՞ն է պէտք պատերազմը: Բաքուի էմիրն իր համար նստած կթում է մի ողջ երկրի ընդերքը եւ նոյն այդ երկրի ժողովրդի մեծ մասին, որն է այդ երկրի հսկայական հարստութեան իրաւական սեփականատէրը, պահում է յետին աղքատութեան մէջ: Մոլագար հայատեացութիւնը Ալիեւին պէտք է գողացած իշխանութիւնը պահելու եւ գողօնը պահպանելու համար:
Քանի որ Ալիեւը գող է, որովհետեւ իշխանութեան գողն էլ գող է, ապա նրա սիրտը միշտ էլ դող է: Հետեւաբար, պատերազմը խիստ անհաւանական համարելով հանդերձ, լիովին այն չեմ բացառում: Լարուած իրավիճակում պատերազմները կարող են ծագել նաեւ ինքնաբերաբար: Սակայն որպէս մտածուած քաղաքականութիւն կարծում եմ, որ Ալիեւը միայն մի դէպքում կը գնայ արկածախնդրութեան (ուրիշ բառով դա հնարաւոր չէ կոչել), երբ Ալիեւի դիրքերն Ադրբեջանում այնքան թուլացած լինեն, որ կասկածի տակ դրուի կեղծիքի եւ խաբէութեան ճանապարհով հերթական անգամ իշխանութիւնը զաւթելու Ալիեւի հնարաւորութիւնը:
Այսինքն, Բաքուի էմիրութիւնում բոլոր քաղաքական զարգացումները պէտք է դիտարկել Ալիեւների հարստութիւնը (այս բառի երկու իմաստով) պահպանելու տեսանկիւնից:
Երբ պատերազմն Իլհամ Ալիեւի համար դառնայ իշխանութիւնը պահելու միակ ճանապարհը, նա կը գնայ դրան: Սակայն, քանի որ ներկայումս Ադրբեջանում գրեթէ իսպառ բացակայում է որեւէ ընդդիմութիւն, ապա չեմ կարծում, որ էմիրը որեւէ մէկից դիւզն իսկ վտանգ է զգում: Այսօր Իլհամ Ալիեւն ինքը շահագրգռուած չէ ադրբեջանական բանակի ո՛չ յաղթանակով եւ ո՛չ էլ պարտութեամբ: Արեւելքում չեն ներում պարտուած էմիրներին, միեւնոյն ժամանակ Արեւելքում ոչինչ այնքան վտանգաւոր չէ բռնակալի համար, որքան յաղթանակ տեսած բանակի զինուորն ու զօրավարը:
Արա Պապեան «Մոդուս Վիւենդի» կեդրոնին ղեկավարն է: Ան իր յօդուածը վերնագրած էր «Արցախում պատերազմի հնարաւորութեան մասին»: