Գրքի անուն՝ «Կարօտի Ճամբաներով».
Հեղինակ՝ Պօղոս Արմենակ Լագիսեան.
Տպագրութեան վայր՝ «ԱՀԱ Պոլիգրաֆ», Երեւան, 2008թ.
1925 թուականին Մուսա Լեռ ծնուած, 1947ին իր ծնողների հետ Հայաստան բնակութիւն հաստատած եւ ապա 1994ին Ամերիկա գաղթած Պօղոս Արմենակ Լեգիսեանը, Հայաստան ժամանած շրջագայութիւնների տպաւորութիւններն ու յուշերը գրի է առել եւ ի մի բերել ստուար հատորի մը մէջ: Յուշերի բնութագրումները խորապէս զգացական են եւ յուզական: Հեղինակն իր «Դէպի Երասխաւան» յուշագրի մէջ նկարագրում է.
«Ինքնաշարժը հովիկների ծփանքին յենած՝ սահում է դաշտով, կանաչ թեւիկներից կախ ընկած ձմերուկի ու սեխի բանջարանոցներն էին: Բնութեան հեքիաթային հրաշք չէ՞ արդեօք, որ այդ վտիտ ոստերից հսկայ ձմերուկներ ու սեխեր են յառնել: Համեղ է ձմերուկը հայոց աշխարհի, ճեղքում ես, ցաւից ճաքում է, սակայն սեւորակ աչուկներով ժպտում քեզի, այդ ժպիտից կաթում են հատիկ-հատիկ անուշահամ բիւրեղներ, ինչո՞ւ են այստեղի ձմերուկների աչուկները մարել: Ծիածանագոյն երկար սեխերը հողին թիկնած՝ զուարթացած արեւին էին ժպտում, հասունանում էին այն ժամանակ, երբ փոքր Մասիսի գագաթը թօթափում էր սպիտակը»:
Գիրքը նկարազարդուած է նաեւ հին ու նոր ժամանակների հարուստ լուսանկարներով: Հեղինակը չի մոռացել մեր դասական բանաստեղծների ստեղծագործութիւններից հատուածներից մէջբերում կատարել:
Այս կապակցութեամբ, մէկ-երկու մէջբերում անենք. «Ոչ մի ուրիշ ցեղի բանաստեղծ այնպէս կարօտ չէր մնացել իր հայրենիքին, ինչպէս օտար տիրակալից փախած քերթող Աւետիքը.
Իմ սիրտն այնտեղ է, ուր աստեղամերձ
Լեռներն են կանգնել հագած կուռ զրահ,
Ուր եղջերուն է ոստնում քերծից քերծ,
Արծիւը ճախրում վիհերի վրայ:
Իմ սիրտն այնտեղ է, ուր նախնիքը մեր
Կերտել են շքեղ կոթողներ յաւերժ.
Ուր ժողովուրդը վսեմ վէպը մեր
Պատմում է դարձեալ հաւատով անշէջ:
Մայր իմ ժողովուրդ դէպի քեզ կը գամ,
Կը գամ դէպի քեզ, հայրենի աշխարհ:
Կամ Շիրազի՝
Հազար ու մի սիրտ բացեցի,
Ոչ մի անմեռ սէր չգտայ,
Ծովից խորունկ սէր զգացի,
Երբ մայրիկիս սիրտը մտայ:
Մօր սրտում է Աստուած քնած՝
Լոկ մօր սրտի մէջ է զարթնում,
Աւաղ, առանց Աստծոյ մնաց
Իմ մօր կեանքը անյոյս կեանքում:
Գրքի բովանդակութիւնը բաղկացած է չորս գլուխներից՝ Կարօտի Ճամբաներով, Չխամրող Փառքի Քառուղիներով, Զանազան եւ բանաստեղծութիւններ:
Ս.Բ.
————————————————————————————————————————————————————————–
Գրքերի անուններ՝ « Յոյսի Մոմեր», «Հեքիաթներ», «Քանդակագործ Փիսիկը», «Մանկական Պարտէզ».
Հեղինակ՝ Ֆիրա Զեֆա Ակեան.
Ֆիրա Զեֆա Ակեան ծնուել է Երեւանում. նրա գրչին են պատկանում երեւելի ժողովածուներ՝ բանաստեղծութիւններ, հեքիաթներ ու հանելուկներ, մանկական բանաստեղծութիւններ, երգեր ու պարեր: Նա փորձառու մանկավարժ է եւ «Խնկօ Ապոր» անուան ազգային մանկական գրադարանի տնօրէնը գրաւոր շնորհակալութիւն է յայտնել հեղինակի կողմից գրադարանին նուիրուած նրա աշխատութիւնների առաքման համար, որտեղ եւ բարձր է գնահատել նրա գրական վաստակը:
Իր «Մանկան պարտէզ» ժողովածուի կապակցութեամբ, ԿԱԻ նախադպրոցական եւ տարրական կրթութեան բաժինը հետեւեալ կարծիքն է յայտնել.
«Ֆիրա Զեֆա Ակեանի «Մանկան Պարտէզ ժողովածու»ն երգերի, բանաստեղծութիւնների ու հանելուկների մի հեքիաթային աշխարհ է, որտեղ թագաւորում են սէրը, բարութիւնը, շիտակութիւնը, աշխատասիրութիւնը, «հումոր»ը, ժպիտն ու ծիծաղը: Նշուած նիւթերը բարդ չեն, համապատասխանում են նախադպրոցական տարիքային առանձնայատկութիւններին:
Հեղինակի կողմից ներկայացուած իւրաքանչիւր բանաստեղծութիւն շատ պատկերաւոր է, բովանդակային առումով՝ հետաքրքիր եւ ուսանելի: Դրանք ապահովում են երեխաների իմացական-ճանաչողական կարողութիւնների ձեւաւորումն ու զարգացումը:
Հեղինակը շօշափել է դաստիարակչական լուրջ խնդիրներ, որոնք այսօր արդիական են եւ կարող են պարարտ հող հանդիսանալ երեխաների համակողմանի զարգացման համար: Գրքում զետեղուած թեմաները բազմազան են՝ սէր հայրենիքի, Երեւանի նկատմամբ, մայրիկի ու հայրիկի քնքշանք, տարուան եղանակներ, բնութիւն ու ծաղիկներ, խաղալիքներ, մրգեր, կենդանիներ:
Ֆիրա Ակեանի ժողովածուն ուսանելի է եւ ճանաչողական: Համոզուած ենք, որ այն կը համալրի մանկական գրականութեան շարքերը եւ սիրով կ՛ընդունուի բազմահազար մանուկների կողմից: Ժողովածուն կարող է երաշխաւորուել գործածութեան՝ իբրեւ ուսումնաօժանդակ նիւթ»:
Ուշագրաւ է նաեւ Ֆիրա Ակեանի բանաստեղծութեան գրքոյկը: Չնայած այն բանին, որ նա իր ստեղծագործութիւններով մեծապէս ճանաչուած է իբրեւ մանկագիր, սակայն նրա բանաստեղծութիւնները եւս բացայայտում են զգացումային ու խոհական ընդարձակ աշխարհ: Բանաստեղծութիւնների գրքոյկը վերնագրուած է «Յոյսի Մոմեր». անիկա չորս ենթավերնագրերի ներքոյ պարփակում է 60ից աւելին բանաստեղծութիւններ: Իւրաքանչիւր բաժնից, կրճատումներով ընտրենք մէկական օրինակ.
Բացուիր, առաւօտ, լոյսով ու յոյսով,
Քաղցր խօսքերով, սիրոյ երգերով,
Մոռանանք թախիծը կեանքից ժառանգած,
Ապրենք նոր լոյսով եւ սիրով արբած:
Ա՜խ, ինչ անուշ է առաւօտը զով,
Կեանքը լցւում է ջերմ անուրջներով,
Արեւը վերից նայում է ժպտում,
Անչա՛փ չքնաղ ես առաւօտ սիրուն:
Վարդագոյն ցօղով պարուրուած ու լուռ՝
Ես քո պատկերն եմ երազում տեսնում,
Սպիտակ շղարշով, ծաղկով արբեցած՝
Իբրեւ ջրահարս իմ առջեւ կանգնած:
Նայում էիր թախծոտ աչքերով
Ու տխուր արտասւում,
Մեր սիրոյ անուշ օրերն էիր դու յիշում,
Ես մենակ չէի, դու ցաւում էիր ու զղջում
Կորսուած սիրոյ յուշերն էին քեզ տանջում:
Ափսո՜ս-ափսոս…
Ինչո՞ւ այդպէս վարուեցիր,
Կորցրիր սէրդ, տխուր, մենակ մնացիր: