ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Ոչ նախագահական Օբամա, Սարկոզի, Մեդվեդեւ եռեակը, ոչ հարեւան եւ մեր հանրապետութիւնների պաշտօնեաները լիազօրուած չեն միջազգային իրաւունքի հարցերում որոշումներ ընդունելու կամ վճիռներ կայացնելու: Նրանք միմիայն գոյութիւն ունեցող միջազգային իրաւունքի դաշտում քաղաքական գործունէութիւն ծաւալած պաշտօնեաներ են: Իհարկէ, պաշտօնեաները կարող են սեփական տեսակէտներն արտայայտել եւ դատողութիւններ անել, սակայն միջազգային իրաւունքի հարցերի մեկնաբանութիւնը, ոչ իրենց երկրների օրէնսդրութեամբ եւ ոչ էլ միջազգային իրաւունքով, բնաւ վերապահուած չէ նրանց:
Քանի որ այսօր Արցախի շուրջ հակամարտութիւնը յարաճուն կերպով սկսել է դիտարկուել միջազգային իրաւունքի դաշտում, ապա հակամարտութեան կողմերը եւ միջնորդները, դատողութիւններ անելու փոխարէն եւ իրաւական գնահատականներ ստանալու համար, պիտի դիմեն համապատասխան լիազօր մարմնին:
Ներկայ միջազգային համակարգում միակ կառոյցը, որն իրաւասու է վճիռներ կայացնել միջազգային իրաւունքի հարցերի վերաբերեալ եւ որոշել միջազգային իրաւունքի ոտնահարման առկայութիւնը, ՄԱԿի Արդարադատութեան դատարանն է (International Court of Justice): Արդարադատութեան դատարանի կանոնադրութեան (Statue of the International Law) 36րդ յօդուածի երկրորդ մասն ամրագրել է նման լիազօրութիւններ: Քանի որ, ըստ ՄԱԿի Կանոնակարգի 92րդ յօդուածի՝ Արդարադատութեան միջազգային դատարանը ՄԱԿի հիմնական դատական մարմինն է (The International Court of Justice shall be the principle judicial organ of the United Nations), ապա ՄԱԿի անդամ բոլոր երկրները, ipso facto, ճանաչել են նշեալ դատարանի վերոյիշեալ լիազօրութիւնները:
Արդէն առիթ ունեցել եմ գրելու՝ որպէսզի որեւէ իրավիճակ որակուի որպէս ռազմակալում (օկուպացիայ, occupation), ապա տուեալ իրավիճակը պիտի համապատասխանի մի շարք յատկանիշների: Այսպէս կոչուած տուժող կողմը պիտի փաստի, որ մինչեւ տուեալ իրավիճակի առաջանալը խնդրոյ առարկայ տարածքի վրայ անվիճելիօրէն առկայ է եղել իր պետութեան տիտղոսը, եւ ինքն է իրականացրել տուեալ տարածքի լիակատար վերահսկումը (effective control): Մեր դէպքում, մինչեւ մեղադրանք հնչեցնելը, Ադրբեջանը պիտի դատական կարգով հաստատի, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վերահսկողութեան ներքոյ գտնուող տարածքի վրայ, մինչեւ գոյութիւն ունեցող վիճակի առաջանալը, աներկբայօրէն առկայ է եղել Ադրբեջանի Հանրապետութեան տիտղոսը, եւ Ադրբեջանը խնդրոյ առարկայ տարածքի վրայ իրականցրել է լիակատար վերահսկում (effective control): Հակառակ դէպքում, առանց այս երկու փաստերի առկայութեան հաստատման՝ մերկապարանոց ու անհիմն են Արցախի տարածքի՝ Ադրբեջանի Հանրապետութեանը պատկանած լինելու բոլոր պնդումները, ըստ այդմ՝ օկուպացիայի փաստի առկայութիւնը:
Կարծում եմ, որ եռանախագահողների նախագահները պարզամիտ յայտարարութիւններ անելու փոխարէն ներկայումս պիտի յորդորեն Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան ղեկավարութեանը՝ ՄԱԿի Արդարադատութեան դատարանից պատասխան հայցելու հետեւեալ հարցին.
Արդեօ՞ք, ըստ միջազգային իրաւունքի, Ադրբեջանի Հանրապետութեան տիտղոսն առկայ է ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վերահսկողութեան ներքոյ գտնուող տարածքի վրայ:
Կողմերից մէկի հրաժարուելու դէպքում եռանախագահող երկրները, Արդարադատութեան միջազգային դատարանի կանոնադրութեան 65րդ յօդուածի հիման վրայ, կարող են ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի անունից դիմել նշեալ դատարանին՝ հայցելով խորհրդատուական կարծիք (advisory opinion):
Առանց վերոյիշեալ հարցի պատասխանի՝ հիմնազուրկ են բոլոր բայաթիները (մուղամները, երգերը-Խմբ.) օկուպացուած տարածքի եւ նման բաների մասին: Առանց իրաւասու մարմնի համապատասխան դատական վճռի՝ Ադրբեջանի Հանրապետութիւնը չի կարող որեւէ մէկին մեղադրել օկուպացիայի մէջ. ես էլ Ադրբեջանին եմ մեղադրում, որ նա բոլշեւիկեան 11րդ բանակի օգնութեամբ 1920թ. Ապրիլ-Դեկտեմբեր ամիսներին օկուպացրել է Հայաստանի Հանրապետութեան տարածքները եւ դրանց մի մասն էլ դեռեւս շարունակում է օկուպացուած պահել: Թէ՞ ոմանք կարծում են, որ Լենին-Ստալինի յետագայ գործունէութիւնը օրինականացրել է կամ կարող էր օրինականցնել Հայաստանի Հանրապետութեան տարածքների բոլշեւիկեան օկուպացիան: Եթէ այո, ապա ճանապարհները բացէք՝ ռուսական զօրքերը գալիս են կանգնելու Գերմանիայի սրտում:
Արա Պապեան «Մոդուս Վիւենդի» կեդրոնի ղեկավարն է