
«ԱԼԻՔ».- Ի վերջոյ, երկխօսութիւնն էր, որ յաղթահարեց եւ նպաստեց «Ռոստոմ» եւ «Արաքս» դպրոցների միաւորման շուրջ երկուստէք առաջացած այն մտահոգութիւնների եւ անորոշութիւնների հանգուցալուծմանը, որի պատճառով՝ արդէն շուրջ երկու ամիս ձգձգւում էր միաւորման գործընթացի վերջնական հանգրուանը:
Սկսենք երէկ կայացած հանդիպման շարժառիթից եւ ընթացիկ մանրամասներից: «Ռոստոմ» աղջկանց դպրոցի ծնողների կողմից 73-74 ստորագրութեամբ մի նամակ նախապէս յղուել էր պատգամաւորական ժողովին, առ այն, որ ժողովի կողմից Յունիսի 1ին կայացած որոշման Ա. կէտը, ուր ասւում է, թէ թեմական խորհուրդը պէտք է ունենայ ծնողների լիովին համաձայնութիւնը՝ դպրոցի միաւորման գործում, պէտք է բաւարարել, քանի որ թեմական խորհուրդը չի շահել ծնողների ամբողջական համաձայնութիւնը: Ելնելով այս փաստից՝ թեմական խորհուրդը հանդիպման է հրաւիրել պատգամաւորական ժողովի դիւանին, ուր միասնաբար որոշում է առնուել հանդիպում կազմակերպել դպրոցի ծնողների հետ, որը առիթ կը լինի մօտակից շօշափելու ծնողների համաձայնութեան փաստացի գոյութիւնը: Ահա թէ որն էր հանդիպման շարժառիթը: Հիմա հանդիպման ընթացիկ մանրամասներից:
Ազգային առաջնորդարանի դահլիճում երէկ երեկոյեան (Երեքշաբթի) ժամը 7ին ի մի էին եկել ազգային իշխանութիւններից՝ պատգամաւորական ժողովի դիւանը եւ կենտրոնի պատգամաւորները, թեմական ու կրթական խորհուրդները եւ ամենակարեւոր տարրը՝ «Ռոստոմ» աղջկանց դպրոցի ծնողները. ինչո՞ւ ամենակարեւոր, որովհետեւ այս հարցում հիմնական հայցուորը իրենք՝ ծնողներն էին՝ հիմք ունենալով այն դրդապատճառը, որ ինչու են ուշ տեղեկացուել դպրոցի վերադասաւորման ծրագրին:
Ծնողներին մէկ անգամ եւս թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանի կողմից լուսաբանութիւններ տրուեցին նախ վերադասաւորման դրդապատճառների, ապա ընթացիկ գործառոյթների մասին: Տարբեր տեսանկիւններից, որոնք են՝ վարչապետաիրաւական եւ ազգային օրէնսդրական կողմերը, հարցի լուսաբանումն ամբողջացրեցին կրթական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Ամիրխանեանը եւ պատգամաւորական ժողովի դիւանի ատենադպիր Էմիլ Մնացականեանը: Առիթ տրուեց նաեւ ծնողներին՝ բարձրացնելու հարցեր, որոնք առաջ են եկել այն երկընտրանքից, թէ արդէօք վերջապէս երեխաներին արձանագրելո՞ւ են «Ռոստոմ»ում թէ ոչ: Նրանց հարցերի ընդմիջից շատ դիւրին էր շօշափել այն փաստացի իրողութիւնը, որ այս ամիսների ընթացքում ազգային իշխանութիւնների հետ նրանց երկխօսութիւնը, միատեղ հարցերի արծարծումը տուել էր իր որոշակի արգասիքները: Ինչի՞ց էր դա ակներեւ, որովհետեւ թէկուզեւ իրենք կրկին բարձրացնում էին բազմիցս կրկնուած իրենց իրաւունքը համարուող այն հարցը, թէ ինչու են այս մասին ուշ տեղեկացուել, սակայն ամիսների ընթացքում ժողովրդական խօսքով ասած՝ հոսած ջրերը իրենց մօտ աւելի պարզեցրել էին արմատային հարցերը:
Ծնողների հարցերին ի պատասխան լուսաբանութիւններ էին տրւում կառոյցների բնագաւառներին համապատասխան ներկայացուցիչների կողմից, որը ծնողին վերջնական եզրակացութեան էր յանգեցնում:
Սկզբում արդէն իսկ շեշտեցինք, որ երկխօսութիւնը միակ երաշխիքը հանդիսացաւ եւ վերացրեց հասարակութիւն-ազգային կառոյցներ երկփեղկուածութեան անջրպետը, քանզի արդէն հանդիպման աւարտին սեպուեց դրական վերջին եզրակացութիւնը՝ կայացած խորհրդակցութիւնների եւ մտքերի փոխանակութեան արդիւնքում՝ ծնողները տուեցին իրենց լիարժէք համաձայնութիւնը, որպէսզի թեմական խորհուրդն անցնի գործնական փուլին եւ սկսի գործադրել «Ռոստոմ» աղջկանց դպրոցը «Արաքս»ին միաւորելու գործընթացը եւ այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ պատգամաւորական ժողովի կողմից հաստատուած Ա. կէտը ի կատար ածուեց՝ իրաւունք վերապահելով գործադիր մարմնին՝ իրագործելու մշակուած ծրագիրը:
Հանդիպման աւարտին «Ալիք»ի թղթակցի հետ առանձնազրոյցում թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը հանդիպման նման հանգուցալուծումից գոհունակութիւն յայտնելով՝ արժեւորեց հանդիպումը՝ որպէս դրական հանդիպում եւ նշեց. «Կարեւոր էր, որ հանդիպմանը ներկայ էին պատգամաւորական ժողովի դիւանը եւ պատգամաւորներ, թեմական եւ կրթական խորհուրդները, քանզի դա ցոյց է տալիս, որ ազգային իշխանութիւններն ընդհանրապէս այս հարցում միասին են եւ չկան տարակարծութիւններ: Կարծում եմ՝ դա նաեւ արդիւնաւէտ եղաւ ու նաեւ տրուած բացատրութիւնները՝ թէ՛ կրթական խորհրդի, թէ՛ պատգամաւորական ժողովի, եւ թէ՛ թեմական խորհրդի կողմից, նպաստեցին, որպէսզի ներկաները կարողանան, մեր կարծիքով գոնէ, ճիշտ կողմնորոշուել»՝ աւելացնելով, որ.
«Յետագայ քայլերը պէտք է լինեն արդէն աշխատանքը ընթացքի մէջ դնելու գործընթացը եւ, բնականաբար, ծնողները պէտք է կողմնորոշուեն, որ իրենց աշակերտներին որտեղ են արձանագրում, այլընտրանքները հիմնականում ազգային դպրոցներից «Արարատ» եւ «Արաքս» դպրոցներն են: Մեր առաջարկութիւնը եղել է «Արաքս» եւ շարունակում է լինել «Արաքս», որովհետեւ ամենամօտ դպրոցն է եւ մեր արժեւորումով նաեւ լաւ դպրոց, բայց, բնականաբար, ծնողը ազատ է իր ընտրութեան մէջ: Երբ յստակեցուեց, թէ աշակերտները որտեղ են գնալու, մնացեալ մանրամասնութիւնները, դրա մէջ ներառեալ՝ տրանսպորտի, երթեւեկի հարցում սերվիսների (ծառայութեանց-Խմբ.) դասաւորման, սուբսիդների (վճարումներու գծով աջակցութիւն-Խմբ.) հարցով մանրամասները, այդ ժամանակ կը ճշտուեն: Սրանց մասին ես չեմ ցանկանում առաւել մանրամասնել կամ յստակեցում մտցնել, որովհետեւ դեռ այդքան վերջնականացուած չէ եւ չեմ ցանկանում մի բան ասել, որ յանկարծ սխալ թոյլ տուած չլինեմ, բայց սրանք յետոյ կը վերջնականանան եւ կարծում եմ, յոյս ունեմ, որ թէեւ կարող է սկզբնական շրջանում մի քիչ հաճելի չլինել, բայց վերջին հաշուով՝ մեր աշակերտների օգտին կը լինի»:
Եթէ սկզբում անկանխատեսելի էր հանդիպման աւարտը, եւ չսպասուող որեւէ պոռթկում կարելի էր նախատեսել, ապա հանդիպման ընթացքը եւ յատկապէս աւարտը եկան ապացուցելու այն համոզմունքը, որ հասարակական խաւերին, տուեալ դէպքում ծնողներին եւ մէկ խօսքով՝ հասարակական մտքի ենթահողի պատրաստումը ամենաազդու եւ հիմնական միջոցը պէտք է ծառայեցուի ապագայ նմանօրինակ գործընթացներում: