ՍՏԵՓԱՆ ԹՕՓՉԵԱՆ

Արցախում ինքնապաշտպանական մարտերի նշանակալի յաջողութիւնները չխանգարեցին, որ ՌԴ պրեզիդենտ (նախագահ-Խմբ.) Բ. Ելցինի միջնորդական նախաձեռնութեամբ եւ Անկարայում Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբէյի ու Հայաստանի նախագահ Լ. Տէր-Պետրոսեանի հանդիպման ժամանակ պայմանաւորուածութեամբ որոշուի 1993ի Մայիսի 29ի ժամը 00.01ից սկսած Քելբաջարից հեռացնել ԼՂՀ զօրքը։ Լ. Տէր-Պետրոսեանը պնդեց, որ նախաձեռնութիւնը «ընձեռում է տարածաշրջանում խաղաղութեան պայմաններ ստեղծելու առաջին լուրջ հնարաւորութիւնը»։ Իսկ ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ ժ. Լիպարիտեանն իր հերթին գտաւ, թէ փաստաթուղթը համապատասխանում է մեր մէկ տարուայ քաղաքականութեանը, «այնքան լաւն է, որ մենք կրնայինք գրած ըլլալ» )տես Բ. Ուլուբաբեան, Արցախեան գոյամարտի տարեգրութիւն, Ե., 1997, էջ 679(։ Քելբաջարից ԼՂՀ զօրքը հանելու թուրքաշահ փաստաթղթով հիացած ժ. Լիպարիտեանին հեռուստաաշխատակիցը հարցրեց. «…Եթէ Ղարաբաղը չկատարի այդ պահանջը, ի՞նչ կը լինի։
…Շատ ծանր բաներ. նախ՝ աշխարհին չենք կարող համոզել, որ մենք խաղաղութեան կողմ ենք։ Ապա կը կորցնենք այն վճռական քայլով կայուն հրադադարի հասնելու կարելիութիւնը… ուրիշ ելք չունենք» )նոյն տեղում, էջ 681(։ Գուցէ երբեւէ ճշտուի՝ Հայաստանի Հանրապետութեան (ՀՀ) ղեկավարները հակահայ իրենց ո՞ր տէրերի հրահանգով էին գործում։ Յամենայնդէպս Լիպարիտեանի վկայակոչած «աշխարհին» չէր հետաքրքրում ո՛վ է խաղաղութեան ու հրադադարի, ո՛վ պատերազմի կողմնակիցը, եւ ինչպէս ցոյց տուեց ժամանակը ոչ մի «շատ ծանր բաներ» չէին սպասւում ազատագրուած այս կամ այն տարածքից ԼՂՀ զօրքը չհեռացնելու դէպքում։ Ուստի, հայկական ուժերի յաղթական ընթացքով նորանոր տարածքներ կորցնելու վտանգի տակ ընկած, Ադրբեջանի հայութեան հերթական ցեղասպանութիւնն արեան մէջ թաթախուած թշնամուն Քելբաջարը նուիրելու ձգտումը այլ բան չէր, քան զազրելի ազգադաւութիւն։

Վերջերս Թուրքիայի վարչապետը փորձեց Ալիեւին համոզել, որ Ադրբեջանին առայժմ յանձնուեն ոչ թէ հինգ, այլ երկու շրջան՝ Քելբաջարն ու Ֆիզուլին։ Այդպիսով Արցախը Հայաստանին կը կապուի միայն Լաչինով )այն նոյնպէս յանձնելու եւ մի նեղ «միջանցքով» բաւարարուելու ակնկալիքով(, իսկ Ֆիզուլիի յանձնումով կը սկսուի Արցախի եւ Իրանի ներկայ յոյժ կենսական ընդհանուր սահմանի կրճատումը, ապա եւ լիակատար վերացումը- իմաստուն առաջարկ ինչպէս Քելբաջարի, այնպէս եւ Իրանի հետ սահմանի հսկայական նշանակութիւնը չհասկացող ապուշների համար։ Նախ ողջ Արցախի ապա եւ Հայաստանի տարածքների անվերապահ «տէրտիրական», թուրքերի մէջ «ամենաիմաստուն» Ալիեւը չհամաձայնեց։ Նա եւ երկու պետութիւնների թուրքերը որոշ հայազգիների նման ապուշներ չեն, որ ոգեւորուեն ինչ-որ մադրիդեան, հելսինկեան, աքուիլեան այլ առաջարկներով, տարածքային այս կամ այն զիջումներով։ Նրանց ամբողջն է պէտք, միանգամի՛ց եւ հիմա՛։ Չտրուի խաղաղութեամբ, կը ստանան պատերազմով։ Ի տարբերութիւն հայկական կողմի կրաւորական-պարտուողական քաղաքականութեան, երկու թուրքական պետութիւնների ղեկավարները բռնագրաւուած հայկական հսկայական տարածքները իրենց անառարկելի սեփականութիւնը համարելով, պահանջում են պատմական Հայաստանից մնացած վերջին բեկորները՝ Երեւան եւ Ստեփանակերտ մայրաքաղաքների վրայ ադրբեջանական դրօշներ ծածանելու անտեղիտալի վճռականութեամբ, նեղութիւն չքաշելով հարցնել գոնէ այն «միջազգային հանրութեան» կարծիքը, որին սիրաշահելու համար հայկական կողմը ընդունեց այսպէս կոչուած «փոխզիջումների» աղէտաբեր քաղաքականութիւնը։
Իսկ ի՞նչ է սպասւում մարդու իրաւունքների պաշտպանի փետուրներով զարդարուած, իրապէս էներգակիրների եւ այլ շահաւէտ գործարքներով տարուած այդ «հանրութիւնից»։
Գերմանիայի արտաքին քաղաքականութեան խորհրդի Ռուսաստանի ու ԱՊՀ տարածքային ծրագրերի տնօրէն Ա. Ռաար. «Եւրոպային այդ ամէնը շատ հեռու է թւում, ԼՂն ոչ ոքի չի հետաքրքրում։ Քիչ կարոր է, թէ ով այնտեղ կը շահի կամ կը կորցնի, կարեւոր է միայն տարածաշրջանի կայունութիւնը։ Այժմ որոշւում է Նապուկոյ հարցը, եւ Եւրոպան ուզում է լաւ յարաբերութիւններ ունենալ Ադրբեջանի հետ» )«ժամանակ», 29 Յունիսի, 2010(։ Գերմանիայի միջազգային եւ անվտանգութեան հարցերով ինստիտուտի առաջատար փորձագէտ Ուվէ Հոլբախ. «Անցեալ երկու տարիներին ես լսել եւ կարդացել եմ եւրոպացի քաղաքական գործիչների վերլուծաբանների բաւականաչափ մտքեր, որոնք կարորել են… Կովկասի՝ դէպի Եւրոպա եւ տարածաշրջանի միւս պետութիւնների միջեւ միջանցքի՝ ռազմավարական նշանակութիւնը… տեսնում եմ Եւրոպայի որոշակի անօգնական վիճակը. ինչպէ՞ս կարգաւորել տարածաշրջանային հակամարտութիւնները, ինչպէ՞ս յարաբերուել այս առումով նաեւ Ռուսաստանի հետ», այս վիճակը նա պատճառաբանում է ոչ թէ յատկապէս ԼՂ, այլ Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի «չկարգաւորուած» խնդիներով, քանզի յայտնում է նա. «Չեմ կարծում, թէ Մադրիդեան սկզբունքները կորցրել են իրենց տրամաբանութիւնն ու արդիականութիւնը։ Եթէ այդ սկզբունքները հնարաւոր չի կեանքի կոչել )այդ թւում հայկական ուժերի դուրսբերումը ԼՂի շրջակայ տարածքներից(, ես այդ դէպքում չգիտեմ, թէ ինչպէս պէտք է կարգաւորել այս հակամարտութիւնը»։ Ապա եւ՝ «ԱՄՆը ցանկանում է բարելաւել Բաքուի հետ երկկողմ յարաբերութիւնները, որոնք վերջերս վնասուել էին Երեւանի եւ Անկարայի միջեւ յարաբերութիւնների հարցում Վաշինգտոնի դիրքորոշման եւ այլ պատճառներով… Վաշինգտոնը ազդանշան տուեց, որ չի ցանկանում կորցնել Ադրբեջանը՝ որպէս կասպեան տարածաշրջանում իր գործընկերոջ» )«ժամանակ», 12 Յունիսի, 2010(։ ԱՄՆի ԱԳ փոխնախարար Ֆիլիպ Գորդոն. «Էներգակիրների հարցերը, գերակայ են բոլորի համար այս կամ այն ձեւով, բոլոր երկրներում, ուր պիտի այցելի արտաքին գործոց նախարարը։ Կովկասում էներգակիրների հարցը շատ կարեւոր է եւ քննարկման առանցքային տարր պիտի լինի։ Ադրբեջանի հետ քննարկուող հարցերի մէջ էներգակիրներինը առանցքային հարցերից են։ Հայաստանի հետ յարաբերութիւնների օրակարգի վրայ նաեւ տարածաշրջանային հարցերն են» )«Ասպարէզ», 1 Յուլիս, 2010(։
Երբ բարոնուհի Կոքսը 1992ին դիմեց «բրիտանական կառավարութեանը՝ պահանջելով զսպել մարդու իրաւունքները կոպտօրէն ոտնահարող ադրբեջանցիներին, արտաքին գրասենեակի բարձրագոյն մի պաշտօնեայ պատասխանեց. «Ոչ մի երկրի մէկ այլ երկիր չի հետաքրքրում. հետաքրքրում են միայն շահերը, իսկ մենք Ադրբեջանում նաւթային շահեր ունենք» )Բ. Ուլուբաբեան, նշ. աշխ., էջ 766(։
Յունիսի 18ի գիշերուայ ադրբեջանական դիւերսիոն խմբի յարձակումից, չորս զոհ, չորս վիրաւոր )մէկը ծայրայեղ ծանր վիճակում( տալուց յետոյ, հայկական կողմը վերստին զարմանքով պիտի ընդունէր «միջազգային հանրութեան», առաւել եւս՝ միջնորդ երկրների անհեթեթ կոչերը։ Եւրոմիութեան արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան գերագոյն ներկայացուցիչը «ափսոսանք» յայտնելով միջադէպի համար, Ադրբեջանի անվերջանալի ագրեսիւ (յարձակողապաշտ-Խմբ.) գործողութիւնները դատապարտելու փոխարէն «երկու կողմերին» կոչ արեց «…յարգել զինադադարի պայմանները, զերծ մնալ զէնքի եւ ցանկացած սպառնալիքի կիրառումից եւ շարունակել ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղուած ջանքերը» )«Ասպարէզ», 24 Յունիս, 2010(։ Յարձակուողին եւ պաշտպանուողին նոյնացնող կոչերով հանդէս եկան իրականութիւնը սեփական շահերին ստորադասող միջազգային պաշտօնական դէմքեր ու կառոյցներ։ Պատահական չէ, որ նրանք առ այսօր անտեսել են ԼՂ խաղաղ բնակչութեան դէմ Ադրբեջանի սանձազերծած արիւնահեղ նուաճողական պատերազմը, հայերի ցեղասպանութիւնը երկրի տարբեր վայրերում, էթնիկական զտումները։ Օրինաչափօրէն, դրանք պէտք է դառնային ԼՂ խնդրի կարգաւորման հիմունքներից։ Մինչդեռ, ընդունուած ներկայ սկզբունքերի հիմքում դրուած է Թուրքիայով Եւրոպա էներգակիրների անարգել հոսքի ապահովումը եւ Հայաստանի կամայ թէ ակամայ չքացումը աշխարհի քարտէզից։ Քանի դեռ Ադրբեջանի գնդակոծումներն ու յարձակումները չեն խանգարել Բաքուից մղուած էներգակիրների անխափանութեանը, նոյն միալարութեամբ կը շարունակուեն «երկու կողմերին» ուղղուած հաւասարազօր կոչերն ու յորդորները։ Խաղաղութիւնը նրանց հարկաւոր է դրա համար եւ ոչ թէ հայ-ադրբեջանական սահմանում գտնուող մարդկանց անվտանգութեան։ Ֆիլիպ Գորդոնին, բրիտանական բարձր պաշտօնեային եւ միւսներին արժէ շնորհակալութիւն յայտնել միամիտ մարդկանց աչքերը բացելու համար։ Այո, Էներգակիրների հարցերը, գերակայ են, այո, հետաքրքրում են միայն շահերը, եւ ոչ թէ ինչ-որ երկրների, ինչ-որ մարդկանց իրաւունքներ։ Նաւթի իրաւունքը անհամեմատ բարձր է բազում երկրների մարդկանց կեանքի իրաւունքից։ Կը կոտորուե՞ն, չե՞ն կոտորուի- քաջ Նազարի դարակազմիկ արտայայտութեամբ՝ «æհաննամը կոտորուեն»։ Այս «բացարձակ» ճշմարտութիւնը անուշադրութեան մատնող քաղաքականութիւնն ու դիւանագիտութիւնը կը կանգնի փակուղու առաջ։ ՀՀ ներկայ իշխանութիւնները բաւարար ուշադրութեան արժանացնում
են այդ հանգամանքը թէ ոչ, իրենց խնդիրն է։ Առաջին Հանրապետութեան ղեկավարները դրա նշանակութիւնը լիովին գիտակցում էին առնուազն սեփական դառը փորձով։
Որքան հրատապ էր երէկ, նոյնքան հրատապ է այսօր ու վաղը նոյնպէս, Աւետիս Ահարոնեանի խորհրդածութիւնը. «Մենք դէպի Բաքու ենք գնում, զուր տեղը հայերը մեր ճամփան փակում են», ասում էին թուրք գերիները՝ առանց ըմբռնելու իրենց խօսքերի ծանրակշիռ իմաստը։ Բաքու եւ նաւթ… Համաշխարհային պարերազմի խոշոր ազդակն էր այս գարշ նիւթը, որին համահաւասար արիւն էր թափւում ովկիանոսից ովկիանոս… եւ թշուառ այս ասկեարը կարծում էր, թէ իրենք հէնց այնպէս գնում են Բաքու, որովհետեւ կռիւ է եւ մի տեղ պիտի գնալ, մէկին պէտք է զարկել։ Նաւթի տիրապետութեան զուգադիպում էր նաեւ զուտ թուրք քաղաքականութեան գաղտնի ծրագիրը- թուրանի ճամփայ բանալ Հայաստանի սրտի վրայով։
…եւ այսպիսով նաւթը սպառնում էր մի ամբողջ ցեղի գոյութեանը»
)«Հայրենիք», Բոստոն, 1932, էջ 95(։
Ասուած է՝ Վրաստանն ունի ծով, Ադրբեջանը նաւթ )աւելացնենք՝ եւ Թուրքիա(, Հայաստանը՝ սփիւռք, որի ջանքերը կենտրոնացած են հիմնականում ցեղասպանութեան միջազգային ճանաչման վրայ, որի ուղարկած միջոցները հայրենիք գլխաւորապէս կուտակւում են վերնախաւի փոքրաթիւ մի խմբի գրպանում, էականօրէն չթեթեւացնելով ժողովրդի ծանր վիճակը։ Մինչ Թուրքիա-Ադրբեջանը քայլ առ քայլ նախապատրաստում է հայ ժողովրդի վերջին ցեղասպանութիւնը, Հայաստան-Արցախի վերացումով Թուրանի ճամփան բանալու, թուրքական անծայրածիր-աշխարհասասան կայսրութիւնը հիմնելու սեւեռուն նպատակով։