ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արմէնփրէս».- ԼՂՀ ռազմագերիներու, պատանդներու եւ անյայտ կորածներու հարցերով պետական յանձնաժողովը Օգոստոս 13ին, տարածած է յայտարարութիւն մը, ուր կ՛ըսուի.
«Քարոզչական կասկածելի շահաբաժիններ ստանալու նպատակով՝ Ատրպէյճանի իշխանութիւնները շարունակում են ռազմագերիների մարդասիրական հիմնախնդրի շահարկումը՝ ստորաբար օգտագործելով ատրպեճանական գերութեան մէջ յայտնուած հայազգի քաղաքացիներին: Նրանք, որ դարձել են Ատրպէյճանի ԶԼՄների թիրախ, պատմում են «հայկական բանակի անտանելի պայմանների եւ Ատրպէյճանում բարեկեցիկ կեանքի մասին»:
«Կասկած չկայ, որ ատրպեճանական յատուկ ծառայութիւնների այդօրինակ ցուցադրական խաղը հանդիսանում է ֆիզիկական եւ բարոյահոգեբանական ճնշումների արդիւնք:
«Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին, Ատրպէյճանի իշխանութիւնները խախտում են միջազգային մարդասիրական իրաւունքի, մասնաւորապէս՝ Ժընեւեան համաձայնագրերի նորմերը (չափանիշները-Խնբ.), որոնք նախատեսում են տուեալ խմբի անձանց հետ վարուեցողութեան որոշակի կանոններ:
«ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով պետական յանձնաժողովը խստօրէն դատապարտում է ռազմագերիների եւ պատանդների բացառապէս մարդասիրական հիմնախնդրի քաղաքականացումը պաշտօնական Պաքուի կողմից»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.