Հայաստանեան ԶԼՄների (զանգուածային լրատուական միջոցներու-Խմբ.) մի խումբ ներկայացուցիչներ, «Հրանտ Դինք» հիմնադրամի հրաւէրով, Սեպտեմբերի 13-19ը Թուրքիայում էին՝ Անկարայում, Ստամբուլում եւ Վանում: Նշենք, որ հանդիպումներ եղան «Ակօս» շաբաթաթերթի, թուրքական «Միլլիէթ» թերթի, CNN-turkի, NTV-ի, թուրքական խորհրդարանի անդամների, մշակոյթի, արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչների եւ այլոց հետ: Այցի շրջանակներում լրագրողները այցելեցին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի:
10րդ դարի հայկական այս եկեղեցին վերականգնելու նպատակով թուրքական կառավարութիւնը ծախսել է 1.5 միլիոն դոլար, սակայն խաչը տեղադրուել է ոչ թէ եկեղեցու գմբէթին, այլ «հանգրուանել» է հարեւանութեամբ: Աշխարհի տարբեր անկիւններից եկած հայազգի զբօսաշրջիկները լուսանկարւում էին խաչի մօտ, որոշ ուխտաւորներ Մուշից արկղերով խաղող էին բերել ու բաժանում էին պատարագի մասնակիցներին: Մի խումբ հայ լրագրողներով պատարագի ժամանակ փայտէ խաչեր բարձրացրինք՝ ի նշան բողոքի խաչը չտեղադրելու որոշման դէմ: Փայտէ խաչերի ակցիան չվրիպեց արտասահմանեան եւ թուրքական ԶԼՄների «աչքից»: Սեպտեմբերի 19ի արարողութեանը մասնակցելու համար Աղթամար էին եկել նաեւ իսլամացած հայեր, որոնցից մի քանիսի հետ զրուցեցինք: Նրանք խօսում էին թուրքերէն կամ քրդերէն, թարգմանում էին ստամբուլահայ մեր հայրենակիցները:
Օրինակ, Ֆարզանդա անունով շէնիկցի պապիկը փնտռում էր Երեւանի իր բարեկամին, որը, նրա խօսքով, ծնուել է Թալինում, անունը Վարդան Վարդանեան է, դասախօսում է երեւանեան բուհերից մէկում: Մուսուլմանացած 70ամեայ այս հայը նշեց, որ իր հօր անունը Ուլիխան էր, ազգանունը՝ Գիւլբադաղ: Ֆարզանդայի քուրդ փեսան՝ Բաշիրը նոյնիսկ հեռախօսահամար թողեց՝ 530 353 49 14, որպէսզի երեւանցի ազգականները կապուեն իր աներձագի հետ:
Ի դէպ, Աղթամարի շրջակայքում հայերէն տեքստերով (բնագրով-Խմբ.) բուկլետներ էին բաժանւում այս կամ այն հիւրանոցի մասին, «Աղթամար» մակագրութեամբ շարֆեր վաճառւում, Սուրբ Խաչի պատկերով էլ՝ նկարներ, երբեմն նոյն վաճառասեղանի վրայ երկու տեսակի Սուրբ Խաչի մակետ էր վաճառւում, մէկը՝ խաչով, միւսը՝ առանց խաչի:
Տալվորիկցի Գէորգ Չալըշը այժմ Ստամբուլում է ապրում: Ասում է՝ Թուրքիայում 5 միլիոն մուսուլման հայ կայ, միւսներն էլ ծպտուած են, վախենում են իրենց արմատների մասին խօսել: Սեբաստացի Աջիթաշն էլ յիշում էր, որ իրենց հայկական ազգանունը Մազմանեան է եղել: Սերգէյ Մանուկեանը Կիսլովոդսկից էր եկել պատարագին մասնակցելու, եղել էր Երեւանում, Էջմիածնում, Գառնի-Գեղարդում, պիտի նաեւ Կարս մեկնէր: Ասում էր՝ նախնիները Մուշից են եղել, յետոյ տեղափոխուել Ալաշկերտ ու Կարս: Մեռնող տատին խոստացել էր, որ երկրից անպայման մի բուռ հող կը տանի գերեզմանին: Որոշ ստամբուլահայեր մեղադրում էին պատարագը բոյկոտած հայերին: «Հարիւր տարի է՝ այս եկեղեցին խաչ չունի: Մարդիկ ուզում էին, որ այս եկեղեցի՞ն էլ չվերանորոգուէր եւ կործանուէր», նեղսրտում էր նրանցից մէկը:
Ինչ վերաբերում է Վանին, նրանից առաջին տպաւորութիւնը օդանաւակայանի մօտ հանդիպած քրդական հարսանիքն էր: Երբ գործընկերներիցս մէկը լուսանկարում էր քուրդ երաժիշտներին, նրանք յամառօրէն «բախշիշ» պահանջեցին, ու մինչեւ չստացան 3 լիրայ (1.5 եւրօ)՝ բաց չթողեցին: Փոշոտ Վանը ճնշող տպաւորութիւն էր թողնում, հայկական շինութիւնները կամ աւերուած-ջնջուած էին երկրի երեսից, կամ ցուցանակ ունէին, թէ տարածքը վաճառւում է: Թուրքերն արդարանում էին, թէ Վանը երկրաշարժային գօտի է, դրա համար են շատ շէնքեր աւերուած: Իսկ ընդհանրապէս, թուրքական դիւանագիտութեան «կանոններով», Սեպտեմբերի 18, 19ին ողջ Վանով մէկ հայատառ պաստառներ էին փակցուած՝ «Բարի գալուստ, հայեր» մակագրութեամբ: Վանի մասին պատմող բրոշիւրներում էլ հայկական ծագման մասին խօսք անգամ չկար, Աղթամարի լեգենդը վերապատմուած էր թուրքավարի՝ Թամարը հայուհի էր, որը սիրահարուած էր քուրդ տղայի: Ըստ այդ բրոշիւրներից մէկի, Վանը հիմնադրել են ուրարտացիները, ովքեր քրդերի նախնիներն են:
«Hotel Garden Van»ում լրագրողներիս մօտեցաւ Սինան Դէմիրբաշ անունով 38ամեայ մի մուսուլման հայ եւ ասաց, որ ուրախ է հայերի հանդիպելու համար: Սինանի պապերը երկաթագործներ են եղել, ինքն այժմ զբաղւում է տրիկոտաժի (հագուստեղէնի-Խմբ.) արտադրութեամբ: Ասում է, որ իր æաֆեր պապը 5 տարի առաջ է մահացել, մահից առաջ կանչել է Սինանի մօրն ու ասել, որ իրենք հայ են, ցոյց է տուել տոհմական լուսանկարներ: Սինանի պապի հօրեղբայրները Սարգսեան ազգանունն են կրել, նրանք ջարդերից փախել են Երեւան: Իսկ պապին, որն օրօրոցի երեխայ է եղել, մի քուրդ ընտանիք է մեծացրել: Հարցին՝ ի՞նչ զգացողութիւն է ունեցել իմանալով հայկական ծագման մասին, Սինանը պատասխանեց. «Սկզբում չընդունեցի, թէ հայ եմ, վախեցայ մի տեսակ: Յետոյ հասկացայ, որ հայը ազգութիւնն է, ոչ թէ կրօնը, մտածեցի՝ ոչինչ, թող ես էլ հայ լինեմ, բայց՝ մուսուլման»: Սինանը պատմում է, որ երբ Հայաստան-Թուրքիա խաղն աւարտուել է հայերի պարտութեամբ, իր թուրք եւ քուրդ ընկերները յատուկ ցաւակցել են իրեն: Մեր զրուցակցի պատմելով, Վանում շուրջ 1000 մուսուլման հայեր կան, շատերն իրենց ծագումը գաղտնի են պահում: Սինանը եւս մտադիր է Երեւանում փնտռել իր ազգականներին: Զրոյցին ներկայ էր նաեւ Վան-Աղթամար տուրի կազմակերպիչներից Իսահ Եաւուզ անունով թուրքը, ով հետաքրքրւում էր՝ եթէ Սինանը գտնի իր քրիստոնեայ ազգականներին՝ պահանջելու են, որ կրօնափո՞խ լինի:
«ԱՌԱՒՕՏ»