«ԼՐԱԳԻՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԽՈՒՄԲԻ ԱՆԴԱՄ ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆԻ ՀԵՏ
Կոռուպցիան (Կաշառակերութիւնը-Խմբ.) Համատարած Է

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Կառավարութեան վերջին նիստում Տիգրան Սարգսեանը կոռուպցիայի մասին խօսեց, մատնանշեց կոնկրէտ ոլորտներ՝ առողջապահութեան եւ կրթութեան ոլորտները, նախարարներին 10օրեայ ժամկէտներ տուեց դրա դէմ պայքարելու համար: Ձեր կարծիքով, ինչ էր նշանակում այդ ելոյթը:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Այն, որ կոռուպցիան համատարած բնոյթ կրող, պետական կառավարման համակարգն աւիրող, հասարակական ջանքեր ջլատող երեւոյթ է, նոր չէ, որ իրականութեան մէջ բարձրաձայնւում են: Բնական է, որ այդ ուղղութեամբ ձեռնարկուող իրական ցանկացած գործողութիւն ողջունելի է քաղաքական ուժի, պետական մտածողութեան տէր մարդու համար: Այլ բան, թէ որքանով է ընկալւում կոռուպցիայի իրական պատճառները, որքանով նպատակաուղղուած քաղաքականութիւն է վարւում այդ ուղղութեամբ:
Կոռուպցիայի մասին բազմաթիւ անգամներ յայտարարել ենք նաեւ մենք, կոռուպցիայի դէմ պայքարի մեր ծրագրերի շրջանակներում առաջարկութիւններ ենք ներկայացրել՝ սկսած միջազգային համագործակցութիւնից (օրինակ՝ ԳՐԵԿՕին անդամակցելը) աւարտուած երկրի ներսում կատարուող համակարգային, կառուցուածքային, ֆինանսական բարեփոխումները:
Ցաւօք, իշխանութիւններն ընտրեցին դրանցից մի քանիսը, ոչ ամբողջութեամբ: Արդիւնքում այսօր ունենք հսկայածաւալ ընդունուած փաստաթղթեր՝ հակակոռուպցիոն ռազմավարութիւն, միջոցառումների ծրագիր, օրէնսդրական նախաձեռնութիւնները փորձ է արւում հիմնաւորել հակակոռուպցիոն գործողութիւնների համատեքստում: Սակայն իրականում չունենք որեւէ շօշափելի, դրական արդիւնք: Պատճառն այս չարիքի համընդհանուր բնոյթի լիարժէք գիտակցման եւ պատրաստակամութեան բացակայութիւնն է, որ կոռուպցիան դարձել է երկրի, ազգի զարգացումը կասեցնող վտանգ, սպառնալիք:
Երկրորդ պատճառը՝ փոխանակ կոռուպցիայի դէմ պայքարի անհրաժեշտութեան մասին յայտարարելու, անհրաժեշտ է կոնկրէտ (յստակ-Խմբ.) գործողութիւնների գնալ, որն իր հիմքում պիտի ունենայ թէ նիւթական անհրաժեշտ ապահովուածութիւն, թէ հասարակական կոնսենսուսով (համախոհութեամբ-Խմբ.) ստեղծուած մթնոլորտ: Այս երկուսը չունենալու պայմաններում ցանկացած գործողութիւն կամ յայտարարութիւն կը դառնայ իմիտացիոն (նմանակում-Խմբ.):
Ինչ վերաբերում է կառավարութեան նիստում յարգարժան վարչապետի յայտարարութիւններին, ես կառավարման տեսակէտից ճիշտ չեմ համարում: Բարձրաձայնել այնպիսի ոլորտներում կոռուպցիոն երեւոյթների մասին, որոնք վաղուց յայտնի են, նորութիւն չէ: Իսկ դրանից յետոյ ձեռնարկուած գործողութիւնները ես համարում եմ անարդիւնաւէտ մօտեցում: Միւս կողմից, պէտք է գիտակցենք, որ ցանկացած հակակոռուպցիոն գործողութիւն պէտք է հիմնուի օրինականութեան, արժանապատուութեան, հասարակական գնահատման ու ճիշտ ընկալման, նաեւ՝ նիւթական բաւարար հիմքի վրայ:
Այս առումով այդ յայտարարութիւնը չեմ համարում բաւարար: Աւելին, կարծում եմ՝ առանց այս հիմքերը ստեղծելու, նման ցանկացած յայտարարութիւն աւելի է վատթարացնում իրավիճակը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Այսինքն՝ կարելի՞ է սա քաղաքական շոու համարել:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Ես կարծում եմ՝ առաւելապէս այդպէս կարելի է բնութագրել: Ընդամէնը որոշ ժամանակ առաջ կառավարութիւնը դէմ էր արտայայտւում նոյն ղեկավար աշխատողների աշխատավարձերի բարձրացման օրինագծին, թէեւ դա նիւթական հիմք պէտք է լինի կոռուպցիայի դէմ պայքարի շրջանակներում: Սա նաեւ շեշտւում է հակակոռուպցիոն ռազմավարութեան, կայուն զարգացման ծրագրի մէջ: Դէմ արտայայտուելով նման քայլերին՝ ոչ այլ ինչ է, քան շոուի տարր, որն իրականում որեւէ լուրջ փոփոխութիւն չի կարող մտցնել երկրի կառավարման համակարգում, կոռուպցիայի դէմ պայքարի ծրագրի շրջանակներում:
Ես եղել եւ մնում եմ այն տեսակէտին, որ հակակոռուպցիոն պայքարը պէտք է իրականացուի կոնկրէտ նիւթական հենքի վրայ եւ քաղաքական կամքի համաժամանակեայ դրսեւորման ձեւով: Ինչ է սա նշանակում. լծակներ ունեցող անձանց համար պէտք է ստեղծել նիւթական բաւարար հիմքեր, միւս կողմից գործադրել օրէնքի ողջ խստութիւնը, կոռուպցիոն երեւոյթի դէպքում պատժել խստագոյնս: Եթէ այս երկուսը համաժամանակեայ չեն գործում, ուրեմն՝ մեր պայքարը դառնում է թերի, իմիտացիա, կամ ընդամէնը շոու:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Ձեր կարծիքով, ինչո՞ւ միայն առողջապահութեան եւ կրթութեան ոլորտները մատնանշուեցին այս ելոյթի մէջ, միւս ոլորտներին անդրադարձ չեղաւ, թէեւ՝ դրամաշորթութեան կասկածանքով ձերբակալուել էր ՊՆ Վազգէն Սարգսեանի անուան զօրամասի Ռոժ մականունով յայտնի հրամանատարն ու իր տեղակալը, բնապահպանութեան նախարարութեան տեսչութեան աշխատակիցներից երկուսը նոյնիսկ դատապարտուել են կաշառք վերցնելու մեղադրանքով:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Կոռուպցիան մեր երկրում համատարած բնոյթ է կրում, եւ շատ դէպքերում հասարակութիւնը յոյսն այլեւս կորցրել է բարձրագոյն իշխանութեան մարմինների նկատմամբ, որ նրանք կարող են իրական պայքար տանել կոռուպցիայի դէմ: Խօսելով մասնակի դէպքերի մասին, պատասխանատուները փորձում են ցոյց տալ, թէ արատաւոր դէպքերի դէմ պայքարն իրենց ուշադրութեան կենտրոնում է: Մինչդեռ իրականութիւնն այն է, որ սկսած ամենափոքր լիազօրութիւններով օժտուած անձանցից, աւարտուած ամենաբարձրով, նրանց մօտ այս երեւոյթներն առկայ են՝ թէկուզ առանձին դէպքերում ոչ բացայայտ: Սրան նպաստում է նաեւ հասարակութեան մի ստուար զանգուած, որը չի պատկերացնում որեւէ հարցի լուծում՝ առանց կոռուպցիոն երեւոյթների մէջ մտնելու:
Այստեղ նաեւ արդար դատաքննութեան, դատական համակարգի անկախութեան համակարգային խնդիրները եւս իրենց դերակատարութիւնն ունեն: Ինստիտուցիոնալ (համակարգային-Խմբ.) առումով կոռուպցիայի դէմ պայքարի լաւագոյն ձեւերից մէկը կարող է լինել հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը եւ դրանում, ինչպէս նաեւ կառավարութեան եւ պետական այլ մարմինների նկատմամբ հսկողութեան իրաւասութիւն ունեցող մարմիններում ընդդիմութեան դերակատարութեան մեծացումը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԵԱՆ.- Վարչապետի խիստ ելոյթից յետոյ աշխատանքից ազատուեցին երկու փոխնախարարներ: Որքանո՞վ դա կազդի հասարակութեան վրայ:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Կարծում եմ՝ այդ ամէնն ընդհանուր առմամբ դրական ազդեցութիւն չի կարող գործել: Բոլորն էլ հասկանում են, գիտեն, որ հասարակութեան յատկապէս այն հատուածը, որ ունի պետականամէտ մտածողութիւն, գիտի, որ պրոբլեմը (Խնդիրը-ԽՄԲ.) համակարգի մէջ է: Պարզ է չէ՞, որ մեր երկրում միշտ չէ, որ պաշտօնների նշանակումն ու դրանից ազատումը հիմնուած է ազնուութեան եւ պրոֆեսիոնալիզմի սկզբունքների կամ դրանք խախտելու վրայ: Եւ համակարգը յաճախ ինքն է ստիպում կամ պարտադրում խաղի այն կանոնները, որ մարդը կարող է իրական կամ անիրական առնչուել կոռուպցիային, այլ կերպ ասած՝ տուեալ դէպքում խօսքը ոչ միայն մարդու բարոյական յատկանիշների, այլեւ՝ համակարգային կապերի մասին է: Եթէ համակարգում չկան բաւարար հիմքեր, կարելի է մարդուն պիտակել կոռուպցիոներ, կամ՝ կոռուպցիոներին՝ ազնիւ մարդ: Եթէ մենք ախտաճանաչման երեւոյթն ամբողջովին չենք գիտակցել, այդ ախտաճանաչմանը չեն հետեւել կոնկրետ գործողութիւններ, համակարգային փոփոխութիւններ, մնացած ամէն ինչ դառնում է իրավիճակային լուծում, որը ոչինչ չի կարող տալ: