ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Ինչպիսին էր անցնող տարին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ներքին՝ ինչպէս քաղաքական, այնպէս էլ սոցիալ–տնտեսական կեանքի տեսակէտից, ինչո՞վ էր յիշարժան:
Եթէ խօսենք ներքաղաքական կարեւոր իրադարձութիւնների մասին, ապա, նախեւառաջ, անհրաժեշտ է յիշատակել ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի՝ Մայիսին տեղի ունեցած ընտրութիւնները, որոնք անցկացուել են ինչպէս համամասնական, այնպէս էլ մեծամասնական համակարգով: Հարկ է նշել, որ ընտրութիւնների ընթացքին, ինչպէս սովորաբար, հետեւում էին միջազգային անկախ դիտորդներ, որոնք, ամբողջութեամբ վերցրած՝ արձանագրել են քուէարկութեան ընթացակարգի օբյեկտիւութիւնը (առարկայականութիւնը-Շմբ.) եւ դրական գնահատական տուել նրան:
Իհարկէ, դիտորդների դրական կարծիքը ԼՂՀի համար, որը ձգտում է իր պետական անկախութեան միջազգային ճանաչմանը, արտակարգ կարեւոր է ժողովրդավարական պետութիւն կառուցելու՝ ղարաբաղցիների մտադրութիւնը հաստատելու առումով, պետութիւն, որտեղ քաղաքացիների ազատ կամարտայայտութեան հիման վրայ են ձեւաւորւում պետական իշխանութեան մարմինները: Բայց ընտրութիւնները շատ աւելի կարեւոր են մեր հանրապետութեան հասարակական-քաղաքական կեանքի եւ, մասնաւորապէս, ժողովրդավարական համակարգի զարգացման տեսակէտից: Ահա եւ վերջին ընտրութիւնները, որոնք անցկացուեցին նորացուած Ընտրական օրէնսգրքի հիման վրայ եւ պառլամենտարիզմի զարգացման արդի միտումների հաշուառումով, որոնք նախատեսում են խորհրդարանի ձեւաւորում գերազանցապէս համամասնական համակարգի սկզբունքներով, կարեւոր փուլ դարձան, ամբողջութեամբ վերցրած՝ ժողովրդավարական ինստիտուտների եւ, մասնաւորապէս, մեր պետականութեան կատարելագործման ու ամրապնդման ճանապարհին:
Պետական քաղաքականութեան առաջնային ուղղութիւններից մէկն է մնացել տնտեսութեան յետագայ ամրապնդումն ու տնտեսական կայունութեան ապահովումը՝ որպէս հանրապետութեան առաջընթաց զարգացման պարտադիր պայման: Այս տեսակէտից կարեւոր է նշել համախառն ներքին արդիւնքի (ՀՆԱ) աճի դրական դինամիկան (զարգացումը-Խմբ.): Եթէ հետեւենք 2005 թուականից մինչեւ 2009 թուականը ՀՆԱի ծաւալների մեծացմանը, ապա կարելի է նկատել, որ հինգ տարուայ ընթացքում այն գործնականում կրկնապատկուել է՝ 51 միլիարդ 379.4 միլիոն դրամից հասնելով 102 միլիարդ 338.7 մլն դրամի:
2010 թուականի վերջնական արդիւնքներն առայժմ ամփոփուած չեն, սակայն Սեպտեմբեր ամսուայ դրութեամբ ՀՆԱի վերաբերեալ վիճակագրական տուեալները թոյլ են տալիս լաւատեսօրէն գնահատել նրա աճի միտումը. նախորդ տարուայ նոյն ժամանակամիջոցի համեմատութեամբ՝ համախառն ներքին արդիւնքի ծաւալն աճել է 5%ով: Ընդ որում արդիւնաբերական արտադրանքի արտադրութեան աճն այդ նոյն ամսին, 2009 թուականի Սեպտեմբերի համեմատութեամբ, կազմել է 3.3 %, սպառման ապրանքներինը՝ 11.8 %, կապիտալ շինարարութեան ծաւալը՝ 23.2 %: Թերեւս, սոսկ գիւղատնտեսութեան, իսկ աւելի ճշգրիտ՝ հողագործութեան մէջ է, որ չի յաջողուել, հիմնականում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, հասնել արտադրութեան աճի. 2009 թուականի Սեպտեմբերի համեմատութեամբ՝ գիւղատնտեսական համախառն արտադրանքի ծաւալը կազմել է 83 %:
Տնտեսական կայունութեան ապահովման կարեւոր բաղադրիչ է հանդիսանում էներգետիկան (ուժանիւթը-Խմբ.): Անցնող տարում էներգետիկական ենթակառուցուածքի յետագայ զարգացման նպատակով շարունակուել է փոքր հէկերի (ջրելեկտրակայաններու-Խմբ.) կառուցման ծրագիրը. շահագործման է յանձնուել երկու կայան, նախատեսւում է յաջորդ տարում շարք մտցնել եւս չորսը: Մասնագէտների գնահատմամբ, էներգետիկական ծրագրի իրացումը թոյլ կը տայ առ 2012 թուականն արտադրել մինչեւ 300 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը լիովին կը բաւարարի հանրապետութեան էլեկտրաէներգիայի պահանջարկը: Այլ խօսքով՝ կապահովուի ԼՂՀի էներգետիկ անվտանգութիւնը:
Մեծածաւալ ծրագրեր են իրացուել հանրապետութեան բնակավայրերի ջրապահովման ոլորտում, ինչն ունի սոցիալական կարեւոր նշանակութիւն, քանի որ նպաստում է մեր քաղաքացիների կեանքի պարամետրերի (մակարդակ-Խմբ.) բարելաւմանը: Հարկ է այդ ծրագրերի թուին դասել Ստեփանակերտի բնակչութեանը շուրջօրեայ ջրամատակարարմամբ ապահովմումը: Ինչպէս յայտնի է, Նոյեմբերին տեղի ունեցած՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնի նպատակներից մէկը ԼՂՀ իշխանութիւնների առաջարկութեամբ եղել է հէնց նուիրատուութիւնների հաւաքումը Արցախում ջրամատակարարման՝ ռազմավարական առումով կարեւոր ծրագրի իրականացման համար:
ԼՂՀի համար յիրաւի կենսական նշանակութիւն ունեցող ծրագրերի թուին է պատկանում ժողովրդագրական իրադրութեան բարելաւումը:
Այն ներառնում է ծնելիութեան եւ բազմազաւակութեան խթանումը, սոցիալական ենթակառուցուածքի զարգացումը, բնակարանային շինարարութեան ծաւալների աճը, բնակարան ձեռք բերելու համար արտօնեալ հիփոթեքային վարկերի տրամադրումը երիտասարդ ընտանիքներին, եւ ամէնից առաջ՝ գիւղական վայրերում: Այս բոլոր ուղղութիւններով յետագայում էլ իշխանութիւնները ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ, որոնց իրականացման համար բաւարար չափով միջոցներ են նախատեսուած ԼՂՀ 2011 թուականի պետական բիւջէում, որն ունի յստակ արտայայտուած սոցիալական ուղղուածութիւն: Բնակչութեան անապահով խմբերի, մասնաւորապէս՝ Ղարաբաղեան պատերազմում զոհուածների եւ հաշմանդամների ընտանիքների սոցիալական աջակցութեան քաղաքականութիւնը շարունակուելու է նաեւ յաջորդ տարում:
Իհարկէ, արդէն իրացուած եւ իրացուելիք ծրագրերի բերուած թուարկումն ամենեւին էլ ամբողջական չէ: Դրանք բոլորն էլ այս կամ այն չափով, լինեն սոցիալական, թէ տնտեսական ուղղուածութեան, կարեւոր են հէնց այն իմաստով, որ թոյլ են տալիս ապահովել հանրապետութեան առաջընթաց զարգացումը եւ նրա քաղաքացիների կեանքի որակի բարելաւումը: