ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Քուինիպիաք համալսարանի (Quinnipiac University) անցկացրած հարցման արդիւքները ցոյց են տուել, որ ամերիկացիների 60%ը համաձայն է կառավարութեան վարած այն նոր հարկային քաղաքականութեան հետ, ըստ որի $250,000 տարեկան եկամուտ ունեցողների հարկերը կարող են բարձրանալ: Հարցուածների աւելի քան 70%ը, որոնց մեծամասնութիւնը հանրապետականներ են, կողմ են այն գաղափարին, որ $1 միլիոն եկամուտ ունեցողների նկատմամբ շատ աւելի բարձր հարկային դրոյքաչափեր է պէտք սահմանել: Հարցումը նաեւ պարզել է, որ ամերիկացիների 80%ը ընդունելի չի համարում նշուածից ցածր տարեկան եկամուտ ունեցողների համար հարկերի բարձրացումը, ինչպէս նաեւ անձեռնմխելի է համարում Մեդիքեր (Medicare) եւ սոցիալական ապահովութեան (Social Security) ծրագրերը, չնայած դրանք բաւականին մեծ նախահաշուային միջոցներ են պահանջում: Սակայն տնտեսագէտների կարծիքով միայն ծախսերի կրճատումը թոյլ չի տայ զգալիօրէն կրճատել Միացեալ Նահանգների նախահաշուի պակասուրդը եւ հարկաւոր կը լինի հարկատուների աւելի լայն շրջանակի նկատմամբ հարկերի բարձրացում կիրառել: Այս տարի Կոնգրեսը պէտք է անդրադառնայ հարկային օրէնսդրութեանը:
Միացեալ Նահանգների Կոնգրեսը նոր հնարաւորութիւններ է ստեղծել ուսանողներին յատկացուող պետական կրթական վարկերի ներման համար: Արդէն իսկ գործում են ծրագրերը, որ տարածւում են ներքաղաքային դպրոցներում դասաւանդող, բանակում կամ խաղաղապահ ուժերում որպէս կամաւոր ծառայող վարկառուների վրայ: Նոր հնարաւորութիւններ են ստեղծուել պետական ծառայողների համար, որոնց թուին են պատկանում ուսուցիչները, ոստիկանները, հրշէջները, սոցիալական աշխատողները եւ այլոք. պարտքի չվճարուած մասը ներւում է 10 տարիների ընթացքում կանոնաւոր կերպով մուծումներ կատարելու դէպքում: Այսպիսի հնարաւորութիւն ունեն նաեւ պետական ոլորտում չաշխատած մասնագէտները, սակայն նրանց դէպքում ներումը շնորհւում է 25 տարի կանոնաւոր մուծումներից յետոյ: Ուսանողական վարկերի վերաբերեալ վերջին բարեփոխումների շրջանակներում ամենամսեայ վճարումները կրճատուել են մինչեւ ամսեկան մաքուր եկամտի 10%ը, իսկ ներումը շնորհւում է 20 տարի յետոյ, սակայն այս փոփոխութիւնները կը տարածուեն 2014 թուականի Յուլիսի 1ից յետոյ վարկեր վերցնող ուսանողների վրայ: Այս ամէնը, սակայն, չպէտք է ստիպի խուսափել ուսանողական վարկի մարումից, քանի որ վարկատու կազմակերպութիւնները կարող են այն գանձել աշխատավարձից, հարկերի վերադարձումից եւ նոյնիսկ սոցիալական ապահովութեան վճարներից:
Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի ուսումնասիրութիւնների համաձայն 19րդ դարից մինչ օրս առաջին անգամ Կալիֆորնիայի բնակչութեան կէսից աւելը տեղում ծնուածներն են կազմում: Այս տուեալը զարմանալի է, քանի որ 10ամեակներ շարունակ Լոս Անջելեսը եղել է ներգաղթողների հանգրուանը, սակայն իրավիճակը փոխուել է համաշխարհային ճգնաժամի ազդեցութեան ներքոյ, երբ նահանգ ներգաղթողների թիւը կրճատուել է, իսկ բազմաթիւ ներգաղթածներ լքել են նահանգը՝ աշխատանք չունենալու պատճառով: Տուեալների համաձայն Կալիֆորնիայից դուրս ծնուած բնակիչների թիւը 2007ին կազմել է 27.4%՝ 1980ի 15.1%ի փոխարէն, իսկ 2010ի մարդահամարի ընթացքում կազմել է 26.6%: Նահանգում ծնուած բնակչութիւնը 1980ին կազմում էր 45.5%, իսկ 2010ին կազմել է 54%: Այս ցուցանիշը դրական կարելի է համարել, քանի որ տեղում ծնուածները աւելի բարձր արդիւնքներ են ցուցաբերում դպրոցում, աւելի լաւ են խօսում անգլերէն, աւելի բարձր եկամուտ ունեն, քան իրենց ներգաղթած ծնողները: Բացի այդ նրանք աւելի կապուած են նահանգին եւ 3 անգամ աւելի հաւանական է, որ մշտապէս բնակուեն այնտեղ:
Միացեալ Նահանգներում ընդունուած է, որ կրթական աստիճան ունեցողն աւելի հեշտութեամբ է աշխատանք գտնում, սակայն վերջին տուեալները հակասում են այդ մտքին: Բազմաթիւ կրթութիւն ունեցող ամերիկացիներ, իրենց պարտքերը մարելու համար, ստիպուած են լինում դիմել ցածր որակաւորում պահանջող աշխատանքների, եւ այդ ճանապարհին իրենց կրթական աստիճանը արգելք է հանդիսանում: Գործատուները տեսնելով գերորակաւորուած մասնագէտի կարծում են, որ նա աւելի մեծ գումար կը պահանջի եւ ընտրում են որակաւորում չունեցող դիմորդին: Այնպէս ինչպէս Մեծ ճգնաժամից յետոյ մարդիկ հակուած էին մթերք կուտակել, Մեծ անկումը կարող է ստիպել մարդկանց պահպանել իրենց աշխատատեղը նոյնիսկ այն դէպքում, երբ այն չի համապատասխանում իր որակաւորման աստիճանին: Այս տուեալների կողքին կարելի է նշել երկու դրական ցուցանիշ. բարձրագոյն կրթութիւն ունեցողների շրջանում գործազրկութեան մակարդակը կազմում է ընդամէնը 5% (աւագ դպրոցի շրջանաւարտների 10.5%ի համեմատ), բացի այդ որոշ մասնագիտութիւնների գծով (մասնաւորապէս ինժեներների) բարձր պահանջարկը եւ աշխատավարձերը պահպանւում են:
Զարգացող երկրներում ընդունուած է վարկեր վերցնել ոչ շահութաբեր կազմակերպութիւններից, իսկ Միացեալ Նահանգներում այս ոլորտը դեռեւս նոր է զարգանում: Համաշխարհային ճգնաժամը խթանում է այդ զարգացումը, քանի որ աւելի շատ գործարարներ կան, որոնք չեն կարող վարկ ստանալ բանկերից եւ ստիպուած են դիմել նմանատիպ միկրօ (փոքր-Խմբ.) վարկեր տրամադրող ընկերութիւնների: Ի տարբերութիւն զարգացող երկրներում գործող իրենց գործընկերների, որոնք անտոկոս վարկեր են տրամադրում գործարարներին եւ թոյլ են տալիս դրանք վճարել միջոցների առկայութեան դէպքում, ամերիկեան միկրովարկեր տրամադրող ընկերութիւնները տոկոսադրոյքներ են գանձում եւ պահանջում, որ գումարը վերադարձուի ճիշտ ժամանակին: Նախկինում այս տարբերակով վարկ էին վերցնում հիմնականում այն գործարարները, որոնք շուկայում նորեկ էին, իսկ այժմ այդ խնդրի առաջ են կանգնած նոյնիսկ տարիներ շարունակ աշխատողները: Միկրովարկեր տրամադրող կազմակերպութիւններն աւելի շահագրգռուած են, որ վարկառուն յաջողութեան հասնի, քանի որ վերջինիս մօտ խնդիրների առաջացման դէպքում ընկերութիւնը ստիպուած կը լինի նրա փոխարէն վճարել վարկը: Այդ իսկ պատճառով կազմակերպութիւնները ոչ թէ մրցակցում են, այլ՝ համագործակցում բանկերի հետ:
Վերջին 60 տարիների ընթացքում Դուբայը անապատից վերածուել է աշխարհի ամենազարգացած քաղաքներից մէկին: Այս վերելքի ընթացքում այնտեղ զարկ է տրուել շինարարութեանը, ինչի ծաւալները, սակայն, հասնելով իրենց գագաթնակէտին սկսել են նուազել: Ներկայումս տնտեսութեան այս ոլորտում նորից աշխուժութիւն է գրանցուել, եւ մասնագէտները ակնկալում են, որ մինչեւ 2012-2013թթ. բոլոր կառուցուած շէնքերը արդէն վաճառուած կը լինեն: Սա տեղի կ՛ունենայ այն պատճառով, որ Դուբայի անշարժ գոյքի նկատմամբ պահանջարկ են ներկայացնում ոչ միայն արեւմտեան ներդրողները, այն նաեւ ասիացի եւ արաբական աշխարհի գործարարները:
Նեսթլէ/Nestle ընկերութիւնից յայտարարել են, որ ջրի համաշխարհային պահանջարկը ապագայում 40%ով կը գերազանցի մատակարարման հանրաւորութիւնները: Ներկայումս ամբողջ աշխարհը խիստ անհանգստացած է կլիմայի փոփոխութեամբ եւ հանածոյ վառելիքի պաշարների կրճատմամբ: Այս ընթացքում կարծես անուշադրութեան է մատնուել խմելու ջրի պաշարների նուազումը, չնայած դրանք աւելի արագ կը սպառուեն, քան վառելիքի պաշարները: 2030 ջրային ռեսուրսների խմբի (2030 Water Resources Group) նպատակն է ապահովել ջրի պակասի դէմ պայքարի միջոցներ փնտռելու հարցում հասարակական եւ մասնաւոր հատուածների միջեւ համագործակցութիւնը: Համաձայն նրանց գնահատականի, մօտակայ 20 տարիների ընթացքում ջրի համաշխարհային պահանջարկը կ՛աւելանայ 50%ով: Ներկայումս ջրի 70%ը սպառւում է գիւղատնտեսական, իսկ 16%ը արդիւնաբերական նպատակներով (որի կէսը օգտագործւում է էլեկտրաէներգիայի արտադրութեան համար): Այս ծաւալները կրճատելու համար հարկաւոր է կիրառել վարելահողերի հերբիցիտային (առանց վարելու) մշակում, ջրահեռացման համակարգի բարելաւում եւ լաւագոյն սերմերի օգտագործում, ինչը հնարաւորութիւն կը տայ աւելի շատ բերք ստանալ: Քայլերը պէտք է կիրառուեն հնարաւորինս շուտ, քանի որ յապաղման դէպքում մինչեւ 2030 թուականը երկրագնդի բնակչութեան 1/3ը, որը հիմնականում կենտրոնացուած է զարգացող երկրներում ստիպուած կը լինի բաւարարուել ներկայումս իր կողմից օգտագործուող ջրի ծաւալների կէսով:
Pepsi ընկերութեան տնօրինութիւնը որոշում է ընդունել ամբողջ աշխարհի դպրոցներում շրջանառութիւնից հանել իր արտադրութեան բարձր կալորիականութեամբ ոչ ալկոհոլային խմիչքները, իսկ տարրական եւ միջնակարգ դպրոցներում դրանց վաճառքը կը դադարեցուի մինչեւ 2012 թուականը: Ինչպէս յայտնի է, վերջին տարիներին Միացեալ Նահագների բնակչութիւնը անցում է կատարում աւելի առողջ սննդի՝ յատկապէս երեխաների շրջանում, իսկ առաջին տիկին Միշել Օբաման ղեկավարում է երեխաների գիրութեան յաղթահարման նախաձեռնութիւնը: Pepsi-ի ղեկավարութիւնը նշել է, որ բացի այս պատճառներից նաեւ հաշուի է առել ծնողների պահանջը՝ աւելի առողջ սնունդ եւ խմիչք առաջարկել իրենց երեխաներին: Դեռ 2006ին Pepsi եւ Coca-Cola ընկերութիւնները ընդունել էին դպրոցում վաճառուող խմիչքներին ներկայացուող չափանիշները, որոնք American Beverage Association-ի տուեալներով զգալի արդիւքների են յանգեցրել. դպրոցներում մատուցուող խմիչքներում պարունակուող կալիորիաների ընդհանուր քանակը կրճատուել է 88%ով: Միացեալ Նահագների դպրոցներում կտրուկ կրճատուել է շաքար պարունակող խմիչքների սպառումը, ինչն էլ դրդել է Pepsiին նմանատիպ որոշում ընդունել: