«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»

Միջազգային հանրակցութեանը եւս մէկ յիշեցում՝ 1990 թուականին Բաքւում տեղի ունեցած արիւնալի ողբերգութեան մասին:
Յունուար 13ին լրանում է Բաքւում հայերի ջարդերն սկսուելու հերթական տարելիցը: Իրենց դաժանութեամբ ու բարբարոսութեամբ աներեւակայելի իրադարձութիւններն ադրբեջանական մայրաքաղաքի փողոցներում շարունակուեցին Յունուարի 13ից մինչեւ 19ը, որոնց արդիւնքը դարձան հարիւրաւոր անմեղ մարդկանց գազանային սպանութիւնն ու Ադրբեջանի բնիկ հայ բնակչութեան վերջին ներկայացուցիչների վտարումը: Այն արիւնալի շաբաթից արդէն 21 տարի է անցել, սակայն այդ ողբերգութիւնը դեռեւս ցաւով է արձագանգւում նրանց սրտերում, ովքեր անձամբ են ապրել դա, եւ մեր այն բոլոր հայրենակիցների սրտերում, ովքեր այն ընկալել են որպէս իրենց սեփականը:
Բաքուի հայերի ջարդերն ու կոտորածը դարձան Ադրբեջանի իշխանութիւնների վարած բազմամեայ հակահայ քաղաքականութեան ապոթէոզը: Դրանք հանդիսացան հերթական օղակ ցեղասպանական գործողութիւնների այն երկար շղթայի մէջ, որը ծայր է առել 20րդ դարի սկզբին եւ ձգուել մինչեւ դարավերջ: 1905ը, 1918ը Բաքւում, 1920ը Շուշիում, 1988ը Սումգայիթում, Կիրովաբադում ու Բաքւում, 1990ը՝ դարձեալ Բաքւում… Այս բոլոր հրէշաւոր չարագործութիւնների պլանաւորուած բնոյթն ամենայն պարզորոշութեամբ խօսում է ադրբեջանական իշխանութիւնների ռասիստական էութեան մասին, որն ամբողջ մէկ դարի ընթացքում այդպէս էլ ոչ մի փոփոխութիւն չի կրել:
Բաքուի 1990 թուականի յունուարեան ողբերգութիւնը հերթական անգամ հաստատեց, որ մարդատեաց, ուղղակի ասենք, ֆաշիստական գաղափարախօսութիւնն Ադրբեջանի քաղաքականութեան հիմքն ու էութիւնն է դարձել: Եւ կարեւոր չէ, թէ ով է այդ երկրում իշխանութեան գլուխ կանգնած՝ կոմունիստները՞, ժողովրդական ճակատի, այսպէս յորջորջուող՝ ժողովրդավարները՞, ովքեր եղել են հայկական ջարդերի գլխաւոր կազմակերպիչներից ու կատարողներից մէկը, թէ՞ ներկայիս բացայայտօրէն միապետական կառավարման ներկայացուցիչները, որոնք Լեռնային Ղարաբաղի ոչնչացմանն ուղղուած պատերազմն են սանձազերծել: Այդ քաղաքականութեան առանցքը ծայրայեղ ազգայնականութիւնն է:
Սակայն 1990ի Յունուարի ողբերգականութիւնը նրա արիւնալիութեան մէջ չէ միայն: Նրա մէջ է նաեւ, որ նոյնիսկ աւելի քան երկու տասնամեակ անց այն ժամանակուայ չարագործական ոճրագործութիւններն այդպէս էլ միջազգային հանրակցութեան իրաւական, քաղաքական եւ նոյնիսկ բարոյական պատշաճ գնահատականը չստացան: Նման անտարբերութիւնն, իհարկէ, ոճրագործին նոր ոճիրների է խրախուսում, ինչն էլ հաստատեց պատերազմը Լեռնային Ղարաբաղի դէմ, որն Ադրբեջանն սկսեց «Բաքուից» յետոյ ոչ լրիւ երկու տարի անց: Բա ո՛նց: Չէ՞ որ Ադրբեջանի իշխանութիւններին, թւում է, յաջողուել է «լուսաւորեալ» արեւմտեան աշխարհին համոզել այն բանում, որ Յունուարի 20ին խորհրդային զօրքերը Բաքու մտցնելը կատարուել է…ադրբեջանական ժողովրդի ժողովրդավարական շարժումը ճնշելու նպատակով, եւ այն իրադարձութիւնները երեսպաշտօրէն ներկայացնել որպէս նրա պայքարը յանուն անկախութեան: Նման սուտը համաշխարհային հանրակցութեան կողմից մասամբ «մարսուել» է նաեւ այն պատճառով, որ խորհրդային ստորաբաժանումները Մոսկուան մտցրել է (ի դէպ, ինչպէս եւ սումգայիթեան իրադարձութիւնների ժամանակ՝ մեծ ուշացումով) ոչ այնքան Բաքուի հայ բնակիչներին պաշտպանելու, որքան որ Ադրբեջանում կոմունիստական ռեժիմը պահպանելու համար, որը ցնցւում էր Ժողովրդական ճակատի հարուածների տակ:
Աւաղ, կատարուած չարագործութեան՝ Ադրբեջանի հայ բնակչութեան զանգուածային կոտորածների եւ վտարումների համար զղջումի խօսքեր մենք այդպէս էլ չլսեցինք եւ հազիւ թէ լսենք, քանզի ազգայնականութեան եւ այլատեցութեան ներկայիս գաղափարախօսութեամբ են դաստիարակւում արդէն ադրբեջանցիների նոր սերունդները: Աւելին, պաշտօնական Բաքուն շարունակում է ցինիկօրէն խեղաթիւրել ճշմարտութիւնը. Յունուարի 20ին, որն Ադրբեջանում անուանուած է «սեւ», այստեղ ըստ աւանդոյթի մեծարելու են 1990ի արիւնալի խրախճանքի ողջ եւ ննջեցեալ «հերոսներին», կոկորդիլոսի արցունքներ են թափելու իրենց ցեղակից՝ այսպէս կոչուած, «խորհրդային ռեժիմի զոհերի» համար: Եւ ոչ մի բառ չի ասուի 21ամեայ վաղեմութիւն ունեցող ողբերգութեան իսկական զոհերի՝ Բաքուի հայերի մասին, որոնց ձեռքերով է կառուցուել ճակատագրի դաժան հեգնանքով նրանց գլխին չարիք բերած քաղաքը:
Կազմակերպուած բռնութեան ակտերը, որոնք Ադրբեջանում կատարուել են բնիկ պետականակազմաւորիչ հայ բնակչութեան՝ որպէս էթնոսի, դէմ միջազգային իրաւունքով միանշանակ որակւում են որպէս ցեղասպանութիւն: Կարծում ենք՝ տուեալ հանգամանքը պէտք է հասկանան եւ ուշադրութեան առնեն այն պետութիւնների քաղաքական գործիչներն ու ղեկավարները, որոնք ներգրաւուած են ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում, եւ, ամէնից առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆի ու Ֆրանսիայի: Ժամանակը հաստատել է, որ Ադրբեջանն ամենեւին մտադիր չէ գիտակցել իր մեղքն ու պատասխանատուութիւնը կատարածի համար, աւելին, նա չի հրաժարւում Լեռնային Ղարաբաղն ուժով զաւթելու գաղափարից՝ նրա բնակչութեան հանդէպ նոր ցեղասպանութիւն գործելու համար: Այս պայմաններում երկու ժողովուրդների հնարաւոր պատմական հաշտութեան մասին բոլոր խօսակցութիւնները պարզապէս իմաստազրկւում են:
Հարկ է, որ Հայաստանի եւ ԼՂՀ դիւանագիտութիւնը հրատապ դարձնեն Ադրբեջանից հայ փախստականների հարցը, որը պէտք է առանցքայիններից մէկը լինի բանակցութիւնների գործընթացում: Դա անհրաժեշտ է ե՛ւ հայ փախստականների իրաւունքների, ամէնից առաջ՝ Ադրբեջանում թողած ահռելի չափերով ունեցուածքի համար փոխհատուցում ստանալու իրաւունքի վերականգնման տեսակէտից, ե՛ւ հարիւրաւոր զոհուածների յիշատակի առաջ մեր բարոյական պարտքի տեսակէտից: