ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Աշխարհի բնակչութիւնն ընդհանուր առմամբ գնալով ծերանում է՝ իր հետ բերելով աննախադէպ հետեւանքներ: Տնտեսական առումով սա նախ եւ առաջ նշանակում է, որ աւելի շատ մարդիկ աւելի երկար տարիներ ստիպուած պիտի լինեն աշխատել՝ իրենց գոյութիւնը պահպանելու նկատառումով: Բազմաթիւ երկրներ պարզապէս ստիպուած են վերանայելու աշխատաւորներին հանգստի կոչելու վերաբերեալ օրէնքները: Ծննդաբերութիւնները զգալիօրէն նուազել են, մարդկային կեանքի տեւողութիւնն անհամեմատ երկարել է՝ առողջապահութեան եւ կեանքի պայմանների համեմատական բարելաւման արդիւնքում:
Նախկինում մարդկանց մտածելակերպին յատուկ էր այն միտումը, թէ վաթսուն կամ վաթսուներկու տարեկանում թոշակի կ՛անցնեմ եւ կը վայելեմ վաստակած հանգիստս: Հանգամանքների կտրուկ փոփոխութիւնը ստիպում է անհատական մակարդակով որոշակի ճշգրտումներ մտցնել, օրինակ՝ վաթսունն անց անձինք արդէն տասը չափում, մէկ կտրում են, երբ հարցը վերաբերում է թոշակին՝ հիմնականում նախընտրելով պահել իրենց աշխատանքը, թէկուզ օրը մէկ կամ երկու ժամով: Սա կարող է եւ անդրադառնում է արտադրութեան որակի, ինչպէս նաեւ արտադրողականութեան վրայ:
Մասնագէտները զգուշացնում են, թէ նման զանգուածային փոփոխութիւնն իր հետ բերելու է որոշակի հետեւանքներ, ոչ անպայման բացասական. պարզապէս հարկ է այս նոր պայմաններին սթափ աչքերով նայել եւ ըստ արժանւոյն գնահատել իրավիճակը: Աշխարհի բնակչութիւնն ընդհանուր առմամբ կանխատեսուածից աւելի նուազ արագութեամբ է աճում: Միտում կայ, որ թոշակի անցած մարդիկ իրենց զաւակների հետ մէկ յարկի տակ ապրեն, որպէսզի կարողանան դիմանալ բազմաթիւ նոր առաջացող դժուարութիւններին: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստ.
Ռուսաստանն արդէն իսկ բնակչութեան թիւի կտրուկ նուազման վառ օրինակ է հանդիսանում, իսկ Հարաւային Կորէային նոյն ճակատագիրն է սպասում 2020ին, նմանատիպ ցուցանիշ կը գրանցի Չինաստանը 2030ին:
Եթէ Ասիայում 65 տարեկանն անց բնակիչների թիւն է ամենաբարձրը, ապա Եւրոպան «ամենատարեցն» է: ՄԱԿի տուեալներով մինչեւ 21րդ դարի 50ական թուերին, ամէն վաթսունհինգամեայ եւրոպացուն բաժին կ՛ընկնի աշխատանքային տարիք ունեցող երկու անձ, մինչդեռ Ասիայում այդ ցուցանիշը կը լինի 4ը 1ի դիմաց:
Միացեալ Նահանգների բնակչութիւնը նոյնպէս ծերանում է: Ի տարբերութիւն աշխարհի մնացած մասի, սակայն, Միացեալ Նահանգներում գրանցւում է բնակչութեան աճ, ինչը կը թեթեւացնի իրավիճակը:
Շատ երկրներում տարեց տղամարդիկ աւելի քիչ են աշխատում, քան նախկինում, իսկ կանայք, ընդհակառակն, աւելի շատ: Այնուամենայնիւ դեռ միլիոնաւոր մարդիկ բաւականին երիտասարդ կ՛անցնեն թոշակի, որոշ դէպքերում իրենց ընտրութեամբ, որոշ դէպքերում աշխատատեղերի պակասի պատճառով: Բայց գոյութիւն ունի միտում, համաձայն որի մարդիկ աւելի երկար են աշխատում:
Չնայած իրավիճակը մարտահրաւէրներ է ստեղծում, հիմնական միտումը դրական է:
Օրինակ՝ շատերը երկար ապրելը «խնդիր» չեն համարի: Ոչ շատ վաղուց գիտնականներն անհանգստանում էին Մալտուսի «բնակչութեան ռումբ»ի հեռանկարի կապակցութեամբ, ինչը սպառնում էր մոլորակին: Իհարկէ բնապահպանական աղէտների վտանգը չի վերացել, սակայն ՄԱԿը կանխատեսում է, որ աշխարհի բնակչութեան աճը մօտ 50 տարում կանգ կ՛առնի եւ դրանից յետոյ կը սկսի նուազել: Բացի այդ ոչ բոլոր մարդիկ կը հիասթափուեն, եթէ ստիպուած լինեն տարեց հասակում աշխատել: Մի բան պարզ է, շատ երկրներ հնարաւորութիւն չեն ունենայ որեւէ կերպ ազդել իրավիճակի վրայ, քանի դեռ այն ամբողջ թափով չի դրսեւորուել: Հետազօտողները նշում են, որ կեանքի պայմանները կը վատթարանան, եթէ աշխատուժն աւելի արդիւնաւէտ չսկսեն կիրառել: Կարեւոր է «մարտահրաւէրը» որպէս «հնարաւորութիւն» ընկալել եւ հասկանալ, որ ստեղծագործական մտածելակերպը կարող է լուծում տալ կենսաթոշակների, առողջապահութեան եւ աշխատատեղերի քաղաքականութեան ոլորտների խնդիրներին:
Միանգամայն նոր մօտեցումներ են հարկաւոր, որպէսզի մեր հասարակութիւնը ըստ արժանւոյն հաշուի նստի թոշակի անցնելու տարիքի անխուսափելի բարձրացման հետ. 2020 թուականից սկսեալ այս փոփոխութիւնների հետեւանքները շատ աւելի ակնառու կը լինեն, քան այսօր, պնդում են որոշ տնտեսագէտներ: Օրինակ, եթէ պատրաստւում էք երիատասարդ սերնդի հետ մէկ յարկի տակ ապրել, անխուսափելիօրէն ազատութեան զգալի սահմանափակում կը զգաք, եւ պէտք չէ այս ամէնից վախենալ կամ անհանգստանալ: Արդէն վաղուց ժամանակն է, որ բացարձակ ազատութեան քարոզիչները հասկանան, որ այն նոյնքան վտանգաւոր կարող է լինել, որքան ազատութեան սահմանափակումը, եւ երկու սերնդի՝ մէկ յարկի տակ ապրելը կարող է շատ աւելի օգտակար լինել, օրինակ բարի աւանդոյթների, ազգային սովորութիւնների յարատեւման եւ փոխանցման առումով: Իհարկէ, այստեղ արդէն շեղւում ենք տնտեսական թեմայից եւ թափանցում այլ ոլորտներ, բայց մեր ակնարկներին հետեւողները չպէտք է զարմանան, քանի որ այս ակնարկների հրապարակման առաջին իսկ օրից փորձել ենք ձեզ տալ ընթացիկ տնտեսական պատկերի լուսաբանութիւնները իրենց հետեւանքների հետ մէկտեղ:
Գրէք ինձ:
khachigmelekyan@aol.com