ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

Երկու շաբաթ առաջ Թուրքիայի վարչապետ Ռեչեփ Թայիպ Էրտողան պաշտօնական այցով մեկնել էր Ուկրանիա, եւ ըստ նախնական պայմանաւորուածութեան, պէտք է յարգանքի տուրք մատուցէր Գոլոդոմորի (Ուկրանիայում 20ական թուականներին սովամահ եղած մարդկանց) զոհերի յիշատակին կառուցուած յուշահամալիրում, սակայն Թուրքիայի վարչապետը հրաժարուեց այցելել այդ յուշահամալիրը եւ նրա պաշտօնական այցը փոխուեց է աշխատանքայինի:
Էրտողանի նման քայլը հաւանաբար Ռուսաստանին սիրաշահելու նպատակ ունէր, որովհետեւ Ուկրանիան Գոլոդոմորը համարում է սովետական իշխանութիւնների կողմից կատարուած յանցագործութիւն, եւ պնդում է, որ Ռուսաստանը՝ որպէս ՍՍՀՄի իրաւայաջորդ, ընդունի այդ ոճրագործութիւնը:
Բայց սա Ուկրանիայի եւ Ռուսաստանի խնդիրն է: Մենք նայենք այս խնդրին ուրիշ տեսանկիւնից:
Երբ պետութեան ղեկավարները պաշտօնական այցերով մեկնում են ուրիշ պետութիւններ, նման արարողակարգերը նախապէս համաձայնեցւում են համապատասխան կառոյցների կողմից:
Իմ կարծիքով, Թուրքիայի վարչապետի հրաժարումը խիստ վիրաւորական է Ուկրանիայի համար, որովհետեւ դա Ուկրանիայի ո՛չ միայն ժողովրդի վիշտն է, այլ նրա անցեալը:
Թուրքիա այցելող պաշտօնական անձանց տանում են Աթաթուրքի յուշարձանի մօտ, որպէսզի նրանք յարգանքի տուրք մատուցեն իրենց երկրի հիմնադրին, որի խղճին է հազարաւոր հայերի անմեղ արիւնը, որ թափուեց առաջին համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ:
Փաստօրէն, անմեղ զոհերի Գոլոդոմորի յիշատակը չի կարելի յարգել, իսկ արիւնարբու ղեկավարին պէտք է յարգանքի տուրք մատուցել: Այստեղ չի կարելի չյիշել, թէ ինչպէ՛ս Հիլըրի Քլինթընի այցը Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, ամերիկեան կողմը ներկայացրեց իբր մասնաւոր այց: Պետական պաշտօնեան մասնաւո՜ր այց է կատարում պետութեան կողմից կառուցուած յուշահամալիր:
Աբսուրդ թատրոնի սցենարի նման աբսուրդ է տեղի ունենում նաեւ մեր տարածաշրջանում, երբ պաշտօնական անձինք այցելում են Երեւան եւ Բաքու: Ստացւում է այնպէս, որ պաշտօնական անձինք եւ յատկապէս պետութիւնների նախագահները այցելելով Երեւան՝ յարգանքի տուրք են մատուցում Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին, եւ մէկ երկու օր յետոյ նման մօտեցում են ցուցաբերում Եղեռն իրականացնողների նկատմամբ, այցելելով Բաքւում «Շահիդների ծառուղի»ն: Ծառուղի բառը նոյնիսկ չի կարելի օգտագործել փողոցային խուժանի, յանցագործների համար, որոնք 1992թ. Յունուարին, իրագործեցին Բաքուի հայերի ջարդերը: Ստացւում է այնպէս, որ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից թոյլատրուած (ի հարկէ) ոճրագործութիւնների համար յուշահամալիր են կառուցել, որպէսզի ամէն տարի այցելեն եւ հպարտանան իրենց «քաջագործութիւններով», ու դա ներկայացնեն պաշտօնական անձանց, իբր՝ սովետական զոհերի (որոնք ի միջի այլոց, ըստ Գորբաչովի, ինչպէս Սումգայիթում, մի երկու ժամ ուշացած հայկական ջարդերը կանխելու համար) դէմ կռուած ազատութեան մարտիկների յուշահամալիր:
Ես ողջունում եմ ԵԱԽՀում մեր պատգամաւորական ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբեանի յորդորը՝ եւրոպական երկրների ղեկավարներին, որպէսզի նրանք Բաքու կատարուելիք այցերի ժամանակ չայցելեն շահիդների (նահատակներու-Խմբ.) գերեզմաններին, եւ այս հարցը Հայաստանի տարբեր պաշտօնատարներ պէտք է հնչեցնեն ամենատարբեր ամբիոններից՝ բացատրելով, որ շահիդների գերեզմաններ այցելողները, փաստօրէն, խրախուսում են ջարդեր կազմակերպողներին եւ իրականացնողներին:
Մեր ձայնը, բողոքը պէտք է ուղղենք այն անձանց հասցէին, ովքեր նպատակ ունեն կամ այցելում են Թուրքիայում Աթաթուրքի, կամ Ադրբեջանում հայկական ջարդեր իրականացնողների գերեզմաններին:
Քաղաքական անբարոյականութիւն է մի երկրում այցելել անմեղ զոհեր իրականացնողների գերեզմաններ, իսկ մի այլ երկրում՝ անտեսել անմեղ զոհերի յիշատակին կառուցուած յուշահամալիրը: