Թուրքիոյ Պետութիւնը Պատրիարքարանի Բռնագրաւուած Կալուածներէն Հազիւ Հինգ Առ Հարիւրը Վերադարձուցած Է

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Սրբազա՛ն, եթէ կարելի է, սկսենք Պոլսոյ հայոց պատրիարքութեան մասին համառօտ պատմական ակնարկով:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Երբ 1453 թ. սուլթան Մեհմեդ Ֆաթիհը գրաւեց Պոլիսը, 8 տարի յետոյ՝ 1461 թ., ըստ աւանդութեան՝ իր սիրելի բարեկամին՝ Բուրսայի եպիսկոպոս Յովակիմին, բերեց Պոլիս ու պատրիարք հռչակեց եւ հիմնեց Պոլսոյ հայոց պատրիարքարանը: Միեւնոյն ժամանակ սուլթանը գաւառներից բերել տուեց հազարաւոր հայերի, որոնց բնակեցրին Պոլսի պարիսպների շուրջ, որովհետեւ սուլթանի համար հայերը վստահելի ժողովուրդ էին, եւ այդ պատճառով է, որ հայերին շնորհուեց «Միլլեթի սադըքա» («Հաւատարիմ ժողովուրդ») անուամբ մի ֆերման (հրովարտակ): Այս տարի՝ 2011 թ., լրանում է պատրիարքութեան ուղիղ 550 ամեակը: Տարելիցի տօնակատարութիւններն սկսելու ենք ս.թ. Ապրիլից եւ շարունակելու ողջ տարի:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Այդ 550 տարիների ընթացքում ինչպիսի՞ դերակատարութիւն է ունեցել Պոլսոյ հայոց պատրիարքարանը հայ ժողովրդի կեանքում:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Եթէ հայեացք գցենք պատմութեանը, կը տեսնենք, որ Պոլիսը եղել է մշակոյթի կենտրոն: Բազմաթիւ գրողներ, իրաւաբաններ, երեսփոխաններ՝ բոլորը սերել են այստեղից ու մեծ դեր կատարել հայ ժողովրդի պատմութեան մէջ: Պոլսոյ դերը 550 տարուայ պատմութեան մէջ մեծ յեղաշրջում է կատարել հայ ժողովրդի կեանքում: Մինչ օրս էլ Պոլսոյ համայնքն իսկապէս գործուն համայնք է: Որքան էլ որ առայժմ չունենանք քաղաքական ձայն, այնուամենայնիւ մենք՝ հայերս, մեծագոյնն ենք փոքրամասնութիւնների մէջ՝ լինելով 70 հազար: Պատմութեան ընթացքում մեծ դեր կատարած բոլոր հայերը եղել են Պոլսից:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Կարելի՞ է ասել, որ հէնց Պոլսոյ հայոց պատրիարքարանն է համախմբում այստեղի հայերին իր շուրջը:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Անշուշտ, եթէ պատրիարքարանը գոյութիւն ունի, ուրեմն գոյութիւն ունի նաեւ հայ համայնքը, եւ մեր համայնքը՝ իր բոլոր հաստատութիւններով, շրջապատել է հայոց պատրիարքարանը եւ գործում է վերջինիս հովանու ներքոյ: Մենք քաղաքական հարցերի շուրջ իրաւունք չունենք հրահանգներ անելու որեւէ հաստատութեան, քանի որ թաղային խորհուրդները եւ նման այլ բոլոր հաստատութիւնները գործում են պետութեան վաւերացմամբ: Սակայն հայկական կազմակերպութիւնները բարոյապէս կապուած են մեզ: Այսօր առանց պատրիարքարանի որոշման ոչ մի թաղային խորհուրդ, հոգաբարձու կամ խնամակալ ինքնագլուխ գործողութիւններ չի անում: Քանի որ մենք կրօնաազգային համայնք ենք, հայերը սերտ կերպով կապուած են պատրիարքարանին:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Դուք նշեցիք, որ հայկական համայնքի թիւը կազմում է 70 հազար: Դա պաշտօնակա՞ն թիւն է:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Պատրիարքարանը չունի 70 հազար հայերի անունների գրանցումները, բայց իւրաքանչիւր թաղամաս ունի իր գրանցամատեանները, որոնց շնորհիւ էլ տեղեկանում ենք, թէ որ թաղի մէջ քանի հայ է բնակւում: Պէտք է նշել, որ հայերի թիւն իրականում 70 հազարից աւելի է, սակայն կան իրենց գաղտնի պահող հայեր, որոնց թիւը համարում եմ 100 հազար: Հետեւաբար՝ կան մօտ 170 հազար հայեր: Այդ 100 հազար հայերը գիտեն իրենց հայ լինելու մասին, բայց քանի որ ապրում են շրջաններում, վախենում են, որ իրենց կը վռնդեն աշխատավայրերից, թաքցնում են իրենց ինքնութիւնը:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Որքանո՞վ են այդ վախերն արդարացուած:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Թուրքիային անդրադառնալիս պէտք է տարբերակենք արեւելեան եւ արեւմտեան շրջանները: Արեւմտեան շրջաններում ժողովուրդը համեմատաբար աւելի զարգացած է: Մի կողմ թողնենք այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Պոլիսը, Անկարան, Իզմիրը եւ Անթալիան, եւ նկատի առէք Սասունը, Կարսը, որտեղ ժողովուրդը թաքցնում է իր ինքնութիւնը, որովհետեւ եթէ, օրինակ, որեւէ նման հայ ուսուցիչ է, եւ եթէ յայտնի դառնայ նրա հայ լինելու մասին, աշխատանքից կը հեռացնեն: Եթէ որեւէ պետական գրասենեակում է աշխատում, կը պաշտօնազարկեն՝ նրա հայկական արմատների մասին իմանալու դէպքում: Նման դէպքեր շատ են գրանցուել: Այսինքն՝ Պոլսի եւ այլ արեւմտեան քաղաքաների կեանքը լրիւ տարբերւում է արեւելեան շրջանների կեանքից:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Արդեօք նկատւո՞ւմ են նման հայերի՝ Թուրքիայի արեւելեան շրջաններից դէպի արեւմտեան շրջաններ գաղթելու միտումներ՝ այդ խնդիրներից խուսափելու նպատակով:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Եթէ նրանք կալուածներ ունեն այդ քաղաքների մէջ, չեն կարող դրանք թողնել-գալ այստեղ, որովհետեւ այդ կալուածնքերը շատ դժուար է վաճառելը: Նոյնիսկ եթէ ծախել են, ապա՝ չնչին գնով: Այս պայմաններում նրանք, բնականաբար, չեն ցանկանում գրեթէ ձրի լքել իրենց կալուածքները, սակայն նրանք, ովքեր նման կալուածներ չունեն, փորձում են գալ այստեղ: Նրանք դիմում եմ պատրիարքարան, որպէսզի դառնան հայ քրիստոնեայ:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Պոլսի համայնքից դուրս քանի՞ բացայայտ հայ կայ շրջաններում:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Վերոնշեալ 70 հազարից 66-67 հազարը բնակւում է Պոլսում: Գաւառաբնակ հայութեան թիւը չի անցնում 3000ից: Անկարայում են բնակւում աւելի քան 500 հայեր: Սեբաստիայում ունենք 70 հոգի: Խարբերդում կայ մօտաւորապէս 20 հայ ընտանիք: Մալաթիայում ապրում են մօտ 50 հայեր: Իսքենդերունում, որտեղ ունենք 3 հայկական եկեղեցի, բնակւում է մօտ 300 հոգի:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Իսկ Պոլսոյ հայկական համայնքը համալրւո՞ւմ է արտասահմանից եկող հայերով:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Մենք այդ 70 հազարի մէջ նկատի չունենք հայաստանցի հայերին, որովհետեւ իրենք տեղացի չեն: Բոլորն էլ, չեմ ուզում ասել՝ փախստական, բայց անօրինական են մնում: Քանի որ իրենք թուրքահպատակ չեն, ապա չեն կարող ընդգրկուել վերոյիշեալ թւում: Այնուամենայնիւ, պատրիարքարանը փորձում է, իր հնարաւորութիւնների սահմաններում, օգտակար լինել նրանց: Դժբախտաբար, դժուար է լուծել նրանց պսակադրութեան եւ մկրտութեան խնդիրները: Նրանք այստեղ կարողանում են միայն քաղաքացիական ամուսնութիւն կնքել, բայց ոչ՝ եկեղեցական պսակադրութիւն: Հետեւաբար՝ եկեղեցին նրանց զաւակներին ընդունում է որպէս ապօրինի երեխաներ: Մենք չենք ցանկանում, որ այդ մանուկները մնան չմկրտուած, հետեւաբար՝ մտորում ենք այդ հարցի լուծման ուղիները գտնելու շուրջ:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ի՞նչ խնդիրներ եւ դժուարութիւններ ունի Պոլսոյ հայ համայնքը:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Մենք երբ խօսում ենք հայկական համայնքի խնդիրների մասին, նկատի ունենք մեր հաստատութիւնները: Պատրիարքարանին հետաքրքրում է ոչ թէ առանձին հայ անհատների, այլ՝ համայնքի ընդհանուր շահը: Օրինակ՝ ունենք կալուածներին առնչուող խնդիրներ: Այս իշխանութիւնների օրօք մի փոքր մեղմացել են այդ հարցերը: Քանի որ այս կառավարութիւնը համեմատաբար աւելի կրօնամոլ է ու յարգանք է տածում միւս կրօնների հանդէպ, սկսեց մեր կալուածները կամաց-կամաց վերադարձնել, որովհետեւ մեր եկեղեցիները, դպրոցները եւ միւս հաստատութիւնները կանգուն են մնում հէնց այս կալուածքների շնորհիւ: Թէեւ պետութիւնն սկսել է կամաց-կամաց վերադարձնել կալուածքները, բայց դեռ ընդամէնը 100ից 5ն է յետ տրուել: Մենք դեռ շատ կարեւոր կալուածներ ունենք, որ պահանջում ենք պետութիւնից, եւ տակաւին կան վիճելի կալուածքներ: Չգիտենք, թէ նրանցից քանիսը յետ կը տան: Եթէ պետութիւնը շուտ չի վերադարձնում կալուածքները, մենք դիմում ենք դատարան: Եթէ դատարանն էլ է մերժում մեր հայցը, դիմում ենք եւրոպական դատարան՝ պահանջելով մեր իրաւունքը:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.-Կարելի՞ է ասել, թէ Թուրքիայի բոլոր հայկական դպրոցները գտնւում են պատրիարքարանի ենթակայութեան տակ:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Այո՛, բայց հովանու տակ: Դպրոցները գործում են անկախ, բայց բարոյապէս ենթակայ են պատրիարքարանին եւ ի նկատի են առնում մեր հրահանգներն ու դիտողութիւնները:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Քանի՞ հայկական կրթօջախ կայ Թուրքիայում:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Նախ՝ նշենք, որ Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ունենք նաեւ հայ կաթոլիկ եկեղեցի եւ համայնք, որի անդամների թիւը չի անցնում 3000 հոգուց: Հայ կաթոլիկ եկեղեցին ունի 3 դպրոց ու 10 եկեղեցի: Հայ բողոքական համայնքի անդամների թիւը չի հասնում 1000 հոգու: Այս համայնքը չունի որեւէ դպրոց: Եթէ Հայ առաքելական եկեղեցու ունեցած դպրոցներին միացնենք նաեւ հայ կաթոլիկ եկեղեցու դպրոցները, ապա կունենանք 15 հայկական դպրոց: Պոլսոյ հայոց պատրիարքարանի հովանու տակ գործում են 12 հայկական դպրոցներ, որոնցում սովորում են աւելի քան 3000 աշակերտներ: Այս թիւը խիստ նուազ է: Երեխաների եւ պատանիների մեծ մասը նախընտրում է յաճախել տեղական դպրոցներ կամ արտասահմանեան քոլեջներ: Ոմանք քոլեջներն աւելի յարմար են գտնում, որովհետեւ այնտեղ աւելի որակեալ ուսում են ստանում: Ոմանք հայկական դպրոցներ չեն ուղարկում իրենց երեխաներին, քանի որ իրենց տանը մօտ որեւէ հայկական դպրոց չի լինում: Հէնց այս պատճառով էլ վերջին տարիներին մեծացել է խառն ամուսնութիւնների թիւը:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում պատրիարքարանը ձուլման քաղաքականութեան դէմ:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Պետութիւնը մեղաւոր չէ այս հարցում: Նշածս բոլոր խնդիրներն էլ մեր համայնքի հոգսերն են: Դրանք ի յայտ են գալիս նաեւ մի շարք ընտանիքների՝ սեփական մշակոյթի, եկեղեցու, դպրոցի նկատմամբ անտարբերութեան հետեւանքով:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Քանի՞ հայկական եկեղեցի կայ Պոլսում եւ շրջաններում:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Պոլսի մէջ ունենք ընդհանուր թուով 37 եկեղեցի: Մի գործող հայկական եկեղեցի ունենք Կեսարիայում, 3ը՝ Իսքենդերունում, որոնցից մէկը՝ Վաքըֆ գիւղում, 2ը՝ Տիգրանակերտում, 1ն էլ՝ Մարդինում՝ Դեւրիքում: Այսինքն՝ ընդհանուր թուով 44 հայկական եկեղեցի:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Դուք ասացիք, որ Իսքենդերէնում ապրում է 3000 հայ, եւ գործում 3 եկեղեցի: Կարելի՞ է ասել, որ հէնց եկեղեցիների թուով է պայմանաւորուած վայրի հայաշատ լինելը:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Դարեր շարունակ հէնց այդպէս էլ եղել է: Ըստ իս՝ առանց եկեղեցու համայնք չի կարող գոյութիւն ունենալ: Եկեղեցու առկայութիւնը մեծ դեր է խաղում՝ ձուլումը կանխելու առումով: Մեր ժողովուրդը Իսքենդերունում բնակւում է այդ եկեղեցիների շուրջ: Ամառները Վաքըֆ գիւղն ունենում է բազմաթիւ հայ այցելուներ, ովքեր գալիս ու մկրտւում են տեղի եկեղեցում: Ինչ վերաբերում է Տիգրանակերտի եկեղեցուն, ապա վերջինիս տանիքը փուլ էր եկել: Այն, դժբախտաբար, չի գործում, թէեւ այնտեղ ունենք փոքրաթիւ համայնք ու թաղային խորհուրդ: Կեսարիայում համայնք չունենք. այստեղ բնակւում է ընդամէնը 2 ընտանիք: Դեւրիքում կայ ընդամէնը մէկ ընտանիք:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Մեծ դժուարութիւնների հանդպո՞ւմ էք արդեօք նոր եկեղեցիներ կառուցելու հարցում:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Առ-անձնապէս հեշտ չէ: Օրինակ՝ ասորիները, ովքեր մօտ 20 հազար են, ունեն իրենց պատկանող ընդամէնը մէկ եկեղեցի, իսկ միւս եկեղեցիները վարձում են: Նրանք դիմել են նոր եկեղեցի կառուցելու համար, պետութիւնը խոստացել է, բայց արդէն քանի տարի է՝ սպասում են: Մեմք նման կարիք չունենք: Եթէ կարողանանք լաւ վիճակում պահել մեզ պատկանող եկեղեցիները, դա էլ է մեզ հերիք: Թուրքիայի սահմաններում ամենամեծ եկեղեցին Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին էր՝ եօթը խորաններով, մօտ 1400 քմ.: Տիգրանակերտի եկեղեցու վերանորոգումը պահանջում է բաւականին մեծ գումար, որի կէսն անգամ դեռ չենք կարողացել հաւաքել: Մենք չենք կարողանում մեր եկեղեցիները մեր ուզած ձեւով վերանորոգել:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ասացիք, որ այս տարի նշուելու է Պոլսոյ հայոց պատրիարքարանի 550 ամեակը: Ինչպիսի՞ միջոցառումներ են նախատեսւում այդ տարելիցի կապակցութեամբ:
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆ.- Դեռ կոնկրէտ ամսաթուերը չենք որոշել: Տօնակատարութիւնները պէտք է սկսուեն պատարագով: Նախատեսւում են բանախօսութիւններ, որոնցով հանդէս են գալու նաեւ արտասահմանից հրաւիրուած հիւրեր, համերգներ, գեղարուեստական հանդիսութիւններ, ինչպէս նաեւ՝ մեծ ընդունելութիւն, որին մասնակցելու են թէ՛ բարձրաստիճան պաշտօնեաներ եւ թէ՛ հայկական համայնքի ներկայացուցիչներ: Շատ ուրախ միջոցառումներ չենք կազմակերպելու, որովհետեւ, ինչպէս գիտէք, մեր պատրիարքը ծանր եւ անբուժելի հիւանդ է: