ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ
2011ից ի վեր արաբական աշխարհում սոցիալ-քաղաքական ուղղուածութեամբ հակակառավարական հուժկու միտինգներն ու ցոյցերը, Թունիսում եւ Եգիպտոսում վարչակարգերի տապալումը եւ յեղափոխական գործընթացների շարունակականութիւնն իրենց ազդեցութիւնն ունեցան նաեւ ոչ արաբական երկրներում: Մասնաւորապէս, յեղափոխութիւնների շղթայական ալիքը որոշակի մտահոգութիւն առաջ բերեց Ադրբեջանի իշխող վերնախաւում եւ նոր թափ հաղորդեց հասարակական-քաղաքական դիսկուրսներին (քն-նարկումներուն-Խմբ.): Այս երկրի շուրջ հետաքրքրութիւնն աւելի մեծացաւ, երբ «The Wall Street Journal» թերթը հրապարակեց այն երկրների վարկանիշային աղիւսակը, որոնցում սոցիալական ցնցումներն ու յեղափոխութիւններն աւելի հաւանական են. դրանում Ադրբեջանը յայտնուեց առաջին տասնեակում:
Այն, որ արաբական առանձին երկրների ու Ադրբեջանի պետական եւ սոցիալ-քաղաքական համակարգերի միջեւ որոշակի նմանութիւններ կան, անժխտելի է: Պատահական չէ, որ քաղաքագիտական գրականութեան մէջ շրջանառութեան մէջ է դրուել Սիրիա-ադրբեջանական մոդելի մասին դրոյթը: Թէ՛ Սիրիայում Հաֆեզ Ալ-Ասադի (19712000) եւ թէ՛ Ադրբեջանում Հէյդար Ալիեւի (19932003) մահից յետոյ իշխանութեան եկան վերջիններիս որդիները՝ իշխանութիւնը դարձնելով «դինաստիական» (ժառանգական-Խմբ.), որտեղ կարեւոր դեր է վերապահուած «անհատի պաշտամունքին»:
Ինչպէս արաբական առանձին երկրներին, այնպէս էլ Ադրբեջանին տիպական են աւտորիտարիզմը, կեղծուած ընտրութիւնները, կոռուպցիայի, գործազրկութեան, գնաճի բարձր ցուցանիշները, սոցիալական բեւեռացուածութիւնը, մարդու իրաւունքների ոլորտում առկայ բազմաթիւ խնդիրները եւ վերջապէս՝ էներգետիկ ռեսուրսներից ստացուած եկամուտների ոչ համաչափ բաշխումը:
Անշուշտ, Ադրբեջանին եւ արաբական երկրներին միաւորող ընդհանրական իրողութիւն է նաեւ իսլամը: Ճիշդ է, իսլամի նկատմամբ մօտեցումներն աշխարհիկ Ադրբեջանում միանգամայն այլ են, քան արաբական աշխարհում, սակայն այստեղ նոյնպէս բնակչութեան մեծ մասն իսլամադաւան է: Իսլամն ադրբեջանական ինքնութեան թէեւ ոչ առաջնային, սակայն կարեւոր բաղադրիչներից է: Շատ փորձագէտների համոզմամբ՝ Ադրբեջանի անկայունացումը կարող է պայմանաւորուել հէնց իսլամական գործօնի հնարաւոր ակտիւացմամբ (աշխուժացմամբ-Խմբ.):
Յատկանշական է, որ վերջին տարիներին իսլամն Ադրբեջանի հասարակական-քաղաքական կեանքում սկսել է էական դեր խաղալ, իսկ կրօնականացուածութիւնը բնորոշ է դարձել ադրբեջանական հասարակութեան մի հատուածին, որի շրջանում խորքային հաւատացեալների թիւը հաշւուում է 7-9 տոկոս:
Նշենք, որ Ադրբեջանում կարեւոր դեր է խաղում նաեւ միջազգային իսլամական գործօնը: 2006ից ի վեր այստեղ սկսեցին բաւական հիւանդագին արձագանգել այն իրողութիւններին, որոնք կապուած էին առհասարակ իսլամական աշխարհի հետ: 2006ին Ադրբեջանում կազմակերպուեցին բողոքի ակցիաներ (ցոյցեր-Խմբ.) ընդդէմ Մուհամմադ մարգարէի ծաղրանկարների: Փետրուարին Բաքուից ոչ հեռու գտնուող եւ շիական արմատական տրամադրութիւններով յայտնի Նարդարանում անկախ Ադրբեջանի պատմութեան մէջ առաջին անգամ այրուեցին ԱՄՆի, Իսրայէլի, Դանիայի, նաեւ՝ Հայաստանի ու Շուէյցարիայի դրօշները: 2006թ. ամռանը բողոքի ցոյցեր կազմակերպուեցին ընդդէմ Լիբանանում իսրայէլական պատերազմի եւ ի պաշտպանութիւն «Հիզբալլահի»: Նմանատիպ ցոյցեր եղան նաեւ 2008թ. Դեկտեմբերին՝ այս անգամ արդէն ընդդէմ Ղազայում սկսուած իսրայէլական ներխուժման:
Ադրբեջանցի յայտնի վերլուծաբան, արաբագէտ Արիֆ Իւնուսովի կարծիքով՝ իսլամը ձգտում է լրացնել քաղաքական այն վակուումը (պարապութիւնը-Խմբ.), որ վերջնականապէս ձեւաւորուեց 2005ի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, երբ իշխանութիւնները քաղաքական դաշտից դուրս բերեցին արեւմտամէտ ընդդիմութեանը: Ըստ վերլուծաբանի՝ հէնց իսլամն է Ադրբեջանի ներկայ իշխանութիւնների ամենահիմնական եւ իրական ընդդիմութիւնը:
Սակայն պէտք է նկատի առնել, որ ադրբեջանական հասարակութեան հիմնական հատուածն աշխարհիկ է, որը ձգտում է ոչ թէ իսլամականացման, այլ՝ ժողովրդավարացման: Այն դժգոհ է Արեւմուտքից, որն աչք է փակում ժողովրդավարական սահմանափակումների առջեւ՝ յանուն տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական հետաքրքրութիւնների:
Հարկ է նշել նաեւ, որ իսլամական դաշտն Ադրբեջանում միատարր, առաւել եւս՝ միասնական չէ եւ ներկայացուած է իրանամէտ, թուրքամէտ եւ արաբամէտ ուղղութիւններով: Իսլամական ակտիւիստների (գործիչներու-Խմբ.), պաշտօնական իսլամից դուրս գործող կրօնական գործիչների նկատմամբ շարունակական հետապնդումների եւ, ի վերջոյ, իսլամի ներսում առկայ երկփեղկուածութեան հետեւանքով այդ դաշտում ներկայումս առկայ են բազմաթիւ խնդիրներ: Սակայն որպէս հասարակական իդէալ Ադրբեջանում աւելի պոպուլեար (ժողովրդականութիւն ունի-Խմբ.) է քաղաքական իսլամի թուրքական մոդելը, որը Թուրքիայում ներդրուեց Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան իշխանութեան գալուց (2002թ.) յետոյ եւ իսլամի ու ժողովրդավարութեան համադրում է ներկայացնում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում արմատական իսլամիզմին (որն, ի դէպ, աւելի շատ կապուած է արտաքին գործօնի ազդեցութեան հետ) եւ այդ երկրի քաղաքական գործընթացներում դրա հնարաւոր դերակատարութեանը, ապա պէտք է նշել, որ իշխանութիւնների իրականացրած կոշտ քայլերի արդիւնքում նման սպառնալիք գոնէ ներկայ փուլում չկայ: Համաձայն առանձին տեսակէտների՝ թէ՛ արաբական աշխարհում եւ թէ՛ Ադրբեջանում իշխանութիւնները, որպէս կանոն, ուռճացնում են իսլամիզմից եկող մարտահրաւէրները: Իսկ նման մօտեցումը շահեկան է, քանի որ հնարաւորութիւն է տալիս Արեւմուտքից ստանալ համապատասխան, այդ թւում՝ ֆինանսական միջոցներ ոչ միայն կրօնական ծայրահեղականութեան, այլեւ հասարակական-քաղաքական ցանկացած ակտիւութեան դէմ պայքարելու համար:
Արաբական զարգացումներին Ադրբեջանում հետեւեցին մեծ լարուածութեամբ: Իշխող վարչակարգը շտապեց հանդէս գալ յայտարարութիւններով՝ նշելով, որ տն-տեսական, քաղաքական եւ կրօնական առումներով Ադրբեջանը խիստ տարբերւում է արաբական աշխարհից, ուստիեւ բացառւում է արաբական երկրներում տեղի ունեցած գործընթացների որեւէ առնչութիւն Ադրբեջանի հետ: Տեղեկատուական դաշտում այնպիսի տպաւորութիւն ստեղծուեց, թէ անցկացւում են բարեփոխումներ, տարւում է հակակոռուպցիոն պայքար (մի քանի բարձրաստիճան պաշտօնատարներ նոյնիսկ ազատուեցին աշխատանքից): Կովկասի մուսուլմանների վարչութեան ղեկավար, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Շէյխ ուլ իսլամ Ալլահ Շիւքիւր Փաշազադեն նոյնպէս բացառեց Ադրբեջանի անկայունացումն արաբական յեղափոխական ալիքի վրայ:
Հարկ է նշել, որ բացի ընդհանրութիւններից, Ադրբեջանի եւ արաբական երկրների միջեւ, բնական է, կան նաեւ տարբերութիւններ: Օրինակ, Ադրբեջանի սահմանադրութեան համաձայն՝ երկրի նախագահը կարող է վերընտրուել ընդամէնը մէկ անգամ: Արաբական մի շարք երկրներում գոյութիւն ունի կրօնաքաղաքական ընդդիմութիւն, որը հակակառավարական պայքարի կարեւոր դերակատարներից է, իսկ Ադրբեջանում նման ինստիտուտ գոյութիւն չունի:
Ամէն պարագայում, արաբական երկրներում տեղի ունեցած գործընթացները ոգեւորեցին Ադրբեջանի ընդդիմութեանը եւ քաղաքականապէս ակտիւ հասարակական շերտերին՝ որոշակի աշխուժութիւն մտցնելով Ադրբեջանի գրեթէ անկենդան քաղաքական կեանքում: Ընդդիմութիւնը նախեւառաջ պահանջեց հանել Հոսնի Մուբարաքի արձանը Բաքուի Բարեկամութեան այգուց, որը սկսեց խստօրէն հսկուել ոստիկանութեան կողմից:
Զգալիօրէն աշխուժացաւ «Հասարակական պալատ» քաղաքացիական շարժումը, որը կազմաւորուել է 2010թ. Դեկտեմբերի վերջին՝ ի պատասխան Նոյեմբերի 7ին Ադրբեջանում հերթական անգամ կեղ-ծուած խորհրդարանական ընտրութիւնների: Շարժմանն անդամակցում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ հասարակական ակտիւիստներ:
Հէնց «Հասարակական պալատի» շրջանակներում ընդդիմադիրները (որոնց մէջ հանգուցային դեր ունի «Մուսաւաթը») կոչ արեցին իշխանութիւններին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ, երկրի ռեսուրսներն (հարստութիւնը-Խմբ.) օգտագործել արդարացիօրէն՝ հակառակ դէպքում չբացառելով թունիսեան եւ եգիպտական սցենարների կրկնութիւնը: «Մուսաւա»չ կուսակցութեան առաջնորդ Իսա Ղամբարը, որը լաւատես է փոփոխութիւնների հարցում, կարծում է, որ իշխանութիւնն արաբական աշխարհում տեղի ունեցածից պէտք է դասեր քաղի: «Հասարակական պալատը» մշակեց նաեւ բողոքի ակցիաների ժամանակացոյց: Սակայն շատերը, նաեւ ընդդիմութեան շրջանում, գիտակցում են, որ շտապելը եւ հասարակութեան յեղափոխական պոտենցիալը (կարողականութիւնը-Խմբ.) ճիշդ չգնահատելը կարող է կործանարար լինել:
Բացի այդ, Facebook սոցիալական ցանցում մի շարք ակտիւիստներ ստեղծեցին «Մարտի 11- Ադրբեջանի ժողովրդի մեծագոյն օրը» խումբը (ինչպէս դա եղաւ Եգիպտոսում), որին մի քանի հազար այցելու են միացել: Նախաձեռնութեան կազմակերպիչները Մարտի 11ի ընտրութիւնը պայմանաւորում են երկու ամիս առաջ հէնց այդ օրը Հոսնի Մուբարաքի հրաժարականով:
Ֆրանսիայում ուսանած եւ ներկայումս Ստրասբուրգում ապրող լրագրող Էլնուր Մաջիդլին, որը սոցիալական ցանցում ստեղծուած խմբի կազմակերպիչներից է, նշել է, որ նման նախաձեռնութիւնը նպատակ ունի վերջ դնել անելանելի իրավիճակի զգացողութեանը, որ տարածուած է Ադրբեջանի քաղաքացիների շրջանում եւ կամք դրսեւորել՝ իրականացնելու ժողովրդավարական փոփոխութիւններ:
Ինչ վերաբերում է վարչակարգին, ապա վերջինս, ըստ ամենայնի, գիտակցում է, որ թէ՛ աշխարհիկ, թէ՛ կրօնական դաշտում վերահսկողութեան թուլացումը կարող է յանգեցնել անկայուն իրավիճակի եւ մտադիր չէ իրականացնել արմատական ժողովրդավարական բարեփոխումներ:
Սակայն ակնյայտ է, որ իշխանութիւններն անհանգստացած են. նրանք փորձում են բոլոր հնարաւոր միջոցներով վիժեցնել երիտասարդական նախաձեռնութիւնները: Ասուածի ապացոյցն են Մարտի 11ի բողոքի ակցիայի ձախողումը, ինչպէս նաեւ՝ վերջին շրջանում մի շարք, այդ թւում՝ սոցիալական ցանցի ակտիւիստների ձերբակալութիւնները:
Այս ամէնին արդէն քննադատօրէն արձագանգել են միջազգային իրաւապաշտպան մի շարք կազմակերպութիւններ, այդ թւում՝ Freedom House-ը:
Իսկ թուրքական մամուլում հրապարակուած տեղեկութիւնների համաձայն՝ լարուածութիւնը թուլացնելու համար Ալիեւը փորձում է էլ աւելի թէժացնել ղարաբաղեան հակամարտութեան թեման:
Այսպիսով, արաբական աշխարհում տեղի ունեցող յեղափոխական գործընթացների առաջին ալիքը դեռեւս շօշափելի հարուած չի հասցրել Ադրբեջանին: Ճիշդ է, հասարակութիւնը դժգոհ է իշխանութիւններից, սակայն հնարաւոր փոփոխութիւնների հարցում առկայ անվստահութիւնը, ընդդիմադիրների նկատմամբ կիրառուող բռնութիւնները, ընդդիմութեան զգալիօրէն թոյլ եւ խոցելի դիրքերը, վերջիններիս շրջանում միասնականութեան, ինչպէս նաեւ խարիզմատիկ (իր շուրջ հաւաքելու կարողութեամբ օժտուած-Խմբ.) եւ բոլորի կողմից ընդունելի գործիչների պակասը, նաեւ տարաբնոյթ այլ գործօններ թոյլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանում տեսանելի ապագայում հազիւ թէ յեղափոխական գործընթացներ տեղի ունենան:
Սակայն զարգացումները Միջին Արեւելքում դեռեւս շարունակւում են, իսկ դրանց ալիքը տարածում է ստանում: Եւ չնայած իշխանութիւնները վերահսկում են իրավիճակը, դժուար է ասել, թէ յետագայ իրողութիւններն ինչպէս կ՛անդրադառնան Ադրբեջանի վրայ:
Ա. Իւնուսովի կարծիքով՝ Ադրբեջանում դէպքերը կարող են զարգանալ եգիպտական սցենարով: Արաբագէտ Զարդուշտ Ալիզադէի համոզմամբ՝ յետխորհրդային տարածաշրջանում իրական բարեփոխումներ կ՛իրականանան միայն այն դէպքում, եթէ դրա նախադէպը ստեղծուի Ռուսաստանում, որն ամենավճռորոշ դերակատարութիւնն ունի տարածաշրջանում: Իսկ ըստ մէկ այլ տեսակէտի, որին շատ դէպքերում հակուած են նաեւ ադրբեջանցի փորձագէտները, Ադրբեջանի վրայ շօշափելի կը լինի ոչ այնքան արաբական կամ ռուսական, որքան իրանական գործօնի ազդեցութիւնը:
«Գլոբուս Էներգետիկ եւ տարածաշրջանային անվտանգութիւն», թիւ 2, 2011
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ «Նորավանք» Գիտահետազօտական կեդրոնի փորձագէտ է: