Մարդու իրաւունքների, պէտքարտուղարութեան զեկոյցի եւ մեր ապագայի մասին
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Օրերս հրապարակուեց ԱՄՆ պետնախարարութեան Հայաստանի մասով Մարդու իրաւունքների զեկոյցը՝ 63 էջ: Ի դէպ, Թուրքիայի մասը ընդամէնը 46 էջ է, որը նշանակում է, որ աւելի քիչ բան կար գրելու: Սա այն դէպքն է, որ ինչքան քիչ գրեն՝ այնքան լաւ: Ընդհանուր ակնարկը ցոյց է տալիս, որ ամերիկացիների գրածը ճիշդ է: Գուցէ ուրիշներն այլ շեշտադրումներ անէին քան ամերիկացիները, այսուհանդերձ զեկոյցի փաստական մասը եւ գնահատականները ճիշդ են: Հիմա ոմանք դէմքերին նորից զարմանքի արտայայտութիւն են տուել: Ինչո՞ւ: Ի՞նչ է. մենք չգիտէինք թէ ի՞նչ է կատարւում մեր իրաւապահ համակարգում, բանակում, խօսքի ազատութեան ոլորտում կամ գործարարութեան դաշտում: Մենք ամերիկացիներից աւելի լաւ գիտէինք եւ գիտենք, պարզապէս նրանց խօսքն աւելի ծանրակշիռ է եւ բնականաբար ազդեցութիւնն աւելի զօրեղ: Սա իրողութիւն է, որը ժամանակակից աշխարհում որեւէ իշխանութիւն չի կարող անտեսել:
Հիմա, ուզում եմ անդրադառնալ որոշ յարակից հարցերի, որոնք էական են հէնց զեկոյցի ընկալման համար: Ձայներ են հնչում, որ որեւէ պետութիւն իրաւունք չունի միջամտելու այլ պետութեան ներքին գործերին: Համաձայն եմ, սակայն մարդու իրաւունքները վաղուց արդէն պետութիւնների ներքին գործը չեն: Ներկայումս մարդու իրաւունքերն ունեն համաշխարհային ընդգրկում եւ բնոյթ: Պատահական չէ, որ այդ իրաւունքները կոչւում են՝ Մարդու համընդհանուր իրաւունքներ: Բացի այդ, գրեթէ բոլոր երկրները, այդ թւում նաեւ Հայաստանը, ստորագրել են մարդու իրաւունքներին վերաբերող բազմաթիւ միջազգայնագրեր, ըստ այդմ իրենց պարտաւորութիւններին տուել են իրաւական ձեւակերպումներ եւ ստանձնել են անսակարկ յանձնառութիւններ: Եթէ երկրներ էլ կան, որ չեն ստորագրել նման փաստաթղթեր, թէեւ ես նման բան չեմ յիշում, միեւնոյն է, բոլորն են պարտաւոր դրանք յարգել, քանի որ մարդու իրաւունքները յարգելու նորմն արդէն միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունք է:
Միւս առարկութեան ձեւն էլ այն է, որ սկսւում են մեր երկիրը համեմատել հարեւանների հետ կամ ընդհանրապէս համեմատութիւններ անել տարբեր երկրների միջեւ: Նախ, մարդու իրաւունքները յարաբերական չեն, այլ բացարձակ արժէք են: Յետոյ, եթէ ոմանց թւում է, որ մեզ խիստ են մօտենում եւ, եթէ դա ճիշդ է, ուրեմն պէտք է բողոքել ոչ թէ խստութեան դէմ, այլ պահանջել, որ նոյն խստութիւնը պահպանուի այլ երկրների նկատմամբ եւս:
Հիմա ամենակարեւորի մասին: Ցաւօք սրտի մեզանում չկայ այն ընկալումը, որ մարդու իրաւունքների հարցը Հայաստանի համար, գուցէեւ ի տարբերութիւն շատ այլ երկրների, կենսական կարեւորութեան հարց է: Պարզաբանեմ միտքս: Օրինակ, վստահաբար Սոմալիում կամ Չադում մարդու իրաւունքերի վիճակն աւելի վատ է: Սակայն մեր եւ նրանց միջեւ կայ հսկայական տարբերութիւն, քանզի մեր առջեւ ծառացած խնդիրներն են ուրիշ: Նշածս երկրները կարող են մի յիսուն տարի եւս այս վիճակում գոյատեւել այն յոյսով, որ ի վերջոյ յետոյ լաւ կը լինի: Մենք այդ յիսուն տարին չունենք: Մենք երեսուն տարի էլ չունենք: Մեր երկիրն արագօրէն մարդաթափ է լինում, կայ բնակչութեան ծերացում, սաստկանում է բնակչութեան եւ կապիտալի արտահոսքը երկրից, ծայահեղօրէն մաշուած են ենթակառուցուածքային բոլոր համակարգերը, խորանում է իշխանութիւնների նկատմամբ անվստահութիւնը, մարդիկ խորթանում են սեփական երկրից, եւ այլն, եւ այլն:
Քսան տարուայ ընթացքում մենք արդէն սպառել ենք մեր ժառանգութիւնը: Գտնուելով նման աշխարհաքաղաքական վիճակում, ինչի մէջ ենք մենք եւ լինելով փաստացի պատերազմի վիճակում, այս ամէնը կարող է ճակատագրական լինել ոչ միայն մեր պետութեան ապագայի, այլեւ հայ ժողովրդի հաւաքական գոյութեան համար: Կան բազմաթիւ բռնապետական երկրներ, որոնք նաւթ ու գազ ծախելով կարող են երկիր պահել: Մենք դրա հնարաւորութիւնը չունենք: Մեր միակ ուղին օրէնքի գերակայութեան եւ անխախտ ժողովրդավարութեան միջոցով մարդկանց եւ կապիտալի (դրամագլուխի-Խմբ.) ներհոսքի ապահովումն է երկիր: Մարդկանց ստեղծագործ գործարարութեան բացայայտման համար պայմանների ստեղծումը: Այդ դէպքում գուցէեւ կը կարողանանք դիամակայել ահագնացող վտանգներին: Սակայն քանի դեռ մեր իշխանութիւնները եւ ընդհանրապէս հասարակութիւնը մարդու իրաւունքերի պահպանումը չի ընկալել որպէս կենսաապահովման միջոց եւ երկրի կառավարման ամենաարդիւնաւէտ ձեւ, այլ արեւմտեան թիթիզութիւն կամ մութ ուժերի կողմից մեր դէմ պարզած դագանակ (գաւազան-Խմբ.), մենք չենք կարողանայ ապահովել առաջընթաց:
Ինչ մեղքս թաքցնեմ: Ես ինքս հեշտութեամբ չեմ եկել այս եզրայանգմանը: Առաջ մտածում էի, որ հասարակութեան զարգացման որոշակի փուլում յանուն ընդհանուր շահի կարելի է սահմանափակել մէկ անհատի իրաւունքները: Սակայն փորձը ցոյց տուեց, որ այդպէս չի լինում: Քանի որ հասարակութիւնը բաղկացած է անհատներից, ուստի մէկ մարդու իրաւունքների ոտնահարումը ի վերջոյ բերում է ողջ հասարակութեան իրաւունքների ոտնահարման:
Մարդու իրաւունքների անշեղ իրականացումն է մեր ազգային եւ հասարակական բոլոր իղձերի, մեր դարաւոր երազանքների կենսագործման անսասան հիմքը: Մենք պարզապէս այլընտրանք չունենք, քանզի առանց մարդու իրաւունքների պահպանման մենք պարզապէս ապագայ չունենք:
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ Մոդուս Վիվենդի կեդրոնի ղեկավարն է: